ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՍՊԱՍՈՒՄՆԵՐԻՑ ԳՈՆԵ ՄԵԿԸ, ՈՐՈՆՔ ՈՒՆԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԴԱՐՁԵԼ»

01.05.2019 20:50 ՀԱՆԴԻՊՈՒՄ
«ՍՊԱՍՈՒՄՆԵՐԻՑ ԳՈՆԵ ՄԵԿԸ, ՈՐՈՆՔ ՈՒՆԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԴԱՐՁԵԼ»

Ի՞նչ ձեռքբերումներ եւ բացթողումներ ունեցանք իշխանափոխությունից մեկ տարի անց, ինչո՞ւ է դատաիրավական համակարգը շարունակում ընտրովի արդարադատություն իրականացնել: Այս ամենի, ինչպես նաեւ Արցախի հարցի հետ կապված տարատեսակ քննարկումների վերաբերյալ  «Իրավունք TV-ի» տաղավարում զրուցեցինք «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԻ հետ, ով, նախ ամփոփելով իշխանփոխության մեկ տարին, ասաց.

«Բադասյանի ֆանտազիան կարող է հերիքի նաեւ Դոնալդ Թրամփին փոխելու հարցը բարձրացնել»

Ուղիղ մեկ տարի առաջ ասում էին, որ մարդկանց դեմքին ժպիտ է հայտնվել, մարդիկ ուրախ են: Հիմա պարզվեց, որ 365 օրից մեկ օրը տվեցին քաղաքացուն, եւ հետաքրքիր է՝ այդ օրը ժպտացող քանի՞ մարդ կար Երեւանի փողոցներում: 124 միլիոն դրամ էլ ծախսել էին այդ օրվա համար, որի հետ կապված հարկավոր է նախ` կոպեկ առ կոպեկ հաշվետվություն պահանջել, թե այդ գումարը ուր է գնացել: Թող ժողովրդին ներկայացնեն, թե ինչքան խորոված են արել, ով է այդ խորովածը կերել եւ ուրիշ էլ ինչ տեղեր են ծախսվել: Բայց հետաքրքիր է, որ այդ օրը նույնիսկ խորոված ուտողների մեջ ժպտացողներ չկայինԱյսինքն, դրական առումով կարծես ոչինչ չի փոխվել: Բացասական առումով, կարծում եմ, այս եթերային ժամանակահատվածը չի բավականացնի՝ դրանք թվարկելու համար: Որովհետեւ այն սպասումներից գոնե մեկը, որոնք ուներ հասարակությունը, իրականություն չի դարձել: Իսկ սպասումները բավականին շատ էին, բավականին ցանկալի էին, մարդկանց մեջ հույս կար, բայց...

Ամեն դեպքում, կարող եմ ասել, որ թե՛ սոցիալ-տնտեսական, թե՛ քաղաքական առումով որեւէ առաջընթաց չունենք, իսկ որոշ տեղերում անգամ հետընթաց ենք արձանագրել: Այս մեկ տարվա ընթացքում միակ դրական բանն այն է, որ մեզանից յուրաքանչյուրը ճանաչեց իր դիմացինին. այդ առումով թավշյա հեղափոխության եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի դերակատարությունը անչափ մեծ է: Հիշում եմ բոլոր մարդկանց այն քանակը, ովքեր իրենց քաղաքական կենսագրության առումով բացառապես պարտական են եղել Սերժ Սարգսյանին: Եվ եթե Սերժ Սարգսյանն այցելում էր մի տեղ, նման մարդկանց նպատակն էր՝ անպայման երեւալ նրա աչքին: Հիմա էլ այդ մարդկանցից շատերն իրենց ապահով են զգում թե՛ քաղաքական կենսագրության, թե՛ ֆինանսական առումով: Միայն թե դարձել են Նիկոլ Փաշինյանի ամենաերդվյալ պաշտպանները՝ հարձակվելով նրանց վրա, ովքեր քննադատում են: Այ, այդ կարգի մարդկանց դեմքը բացահայտվեց, եւ նրանք շատ-շատ են: Այդ առումով ես շնորհակալ եմ Նիկոլ Փաշինյանին, որ թույլ տվեց ճանաչել մեր դիմացիններին: Որովհետեւ, եթե կյանքը շարունակվեր ինչպես որ կար, մենք չէինք ճանաչի եւ մեզ միշտ կթվար, որ այդ մարդիկ նվիրված են, հավատարիմ են: Այսինքն` մենք քաղաքական, սոցիալ-տնտեսական, դեմոգրաֆիկ, արժեհամակարգային բոլոր բնագավառներում ունենք սարսափելի նահանջ, բայց մարդկանց ճանաչողության առումով այս տարին բավականին հարուստ էր:

 

«ՓԱՇԻՆՅԱՆԸ ՏԱՌԱՊՈՒՄ Է ՇՐՋԱՊԱՏԻ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ»

Բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել իշխանափոխությունից: Սակայն շատերը մեծ գումարներ տալով` կա՛մ ազատվեցին, կա՛մ խափանման միջոցներ փոխվեցին: Իսկ Ռոբերտ Քոչարյանը եւ Մանվել Գրիգորյանը շարունակում են մնալ անազատության մեջ:

- Մարդիկ ուզում են հասկանալ՝ իրենք Քաջ Նազա՞րն են, թե՝ չէ, որ իրենք ում ուզենան, կարող են նստեցնել, ում չուզենան՝ ոչ: Այսօր մարդասպանին կարող են արդարացնել, անմեղին՝ մարդասպան դարձնել: Այսինքն, սա պետական մտածողություն չունեցող մարդկանց դրսեւորումն է իրական կյանքում: Այսօր մարդիկ մտածում են, որ եթե իրենք իշխանություն են, ուրեմն ամենակարող են: Այնպես որ, խոսել արդարադատության մասին կամ ասել, թե ինչու այս դեպքում այսպես վարվել, մյուս դեպքում՝ ոչ, անիմաստ է: Փաշինյանն էլ տառապում է շրջապատի վարակիչ հիվանդությամբ:

 

«ԱՐՑԱԽԸ ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՄԵՆԱԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է»

Անդրադառնանք նաեւ Արցախի հարցին, հաշվի առնելով, որ վերջին շրջանում շատ է շահարկվում հող հանձնել-չհանձնելու թեման:

- Արցախի հարցին ես ընդհանրապես խուսափում եմ անդրադառնալ, որովհետեւ դե ֆակտո գոյություն ունի կայացած պետություն՝ իր բոլոր պետական ինստիտուտներով: Այդ պետությունն ունի քաղաքացիներ, որոնք հարգում են իրենց սահմանադրությունը, օրենքները, ունեն իրենց պետական կառուցները, որոնք այսօր իրենց օրվա հացը վաստակում են իրենց հայրենիքում` Արցախ աշխարհում: Ժողովուրդն իր խոսքը ասել է դեռեւս 1988-89թթ.ին, ապա նաեւ՝ պատերազմի տարիներին, եւ մի քանի օր հետո էլ նշելու ենք Մայիսյան եռատոնը Արցախում: Այսինքն, ժողովուրդն իր անելիքը արել է, այլեւս մնում է, որ դե ֆակտո մեր իշխանությունները կարողանան դե յուրե ֆիքսել այդ արածը, եւ այդ ֆիքսումը տարածել ամբողջ աշխարհով: Ես դեռեւս 2009 թվականին «15 հարց, 15 պատասխան. ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վերնագրով գրել եմ փոքրիկ հարցերի եւ պատասխանների ժողովածուն: Արդեն երեք անգամ տարբեր մարդկանց միջոցով ուղարկել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, չգիտեմ հասել է, թե՝ ոչ: Պարտավորվում եմ ինչ-որ առիթով անձամբ իրեն տալ այդ գիրքը, որտեղ Արցախին վերաբերող բոլոր հարցերի պատասխանները կան: Մասնավորապես՝ զիջե՞լ, թե չզիջել, փոխզիջումը ո՞րն է, կարելի՞ է դրան գնալ, թե՝ ոչ: Այդ բոլոր հարցերի պատասխանները հայերեն, ռուսերեն, անգլերեն: Այդտեղ ասված է ամեն ինչ, ավելացնելու ոչինչ չկա: Արցախը կայացած պետություն է, Արցախը մեր տարածաշրջանում ամենաժողովրդավարական պետությունն է, եւ միակը, որը ոչ թե անվտանգություն սպառող է, այլ անվտանգություն արտադրող է: Այսինքն, ինքն իր գոյությամբ կայունություն է ապահովում մեր տարածաշրջանում ամբողջությամբ: Հիմա ոնց կարելի է այս կայունությունն ապահովող այս տարածաշրջանային միավորի հետ կապված որեւէ փոփոխության գնալ, որի հետեւանքները դժվար է հետո պատկերացնել: Իհարկե, մենք հայ իրականության մեջ ունենք մարդիկ, ովքեր ինչ-որ հողեր տալու մասին են խոսում, որոնք քնել ու զարթնել եւ նման բան են մտածել: Բայց ամեն ինչ լավ կլինի, Արցախը կայացած պետություն է, գնալով շատ ավելի է կայանալու:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА