ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

30.04.2019 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Երեւան է ժամանել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, ու ճիշտն ասած, մի տեսակ այնքան էլ նրան չենք նախանձում: Որովհետեւ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ նրան որպես «ամենապատվավոր հյուրի» ընդունել է իր կառավարական առանձնատանը, այլ ոչ թե նստավայրում. «Հարգելի Դմիտրի Անատոլիի, ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանում` Երեւանում, իմ տանը: Հայաստանում նախորդ տարի տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո սա Ձեր առաջին այցն է, ինչը յուրահատուկ նշանակություն է հաղորդում այս այցին: Հայաստանում ընդունված է ամենաթանկագին հյուրերին ընդունել տանը, ես շատ ուրախ եմ, որ ունեմ նման հնարավորություն: Կարծում եմ, որ նախորդ տարվա ընթացքում մեր հարաբերությունները զարգացել են ըստ նախատեսվածի, իհարկե, դա չի նշանակում, որ չեն եղել հարցեր: Կարծում եմ, որ այժմ մեր հարաբերություններում շատ կարեւոր պահ է եւ ես վստահ եմ, որ ի հեճուկս հոռետեսների...»: Թե էլ ինչ է ասել Նիկոլը` ընթերցողի գլուխը չտանենք, բայց կարելի է պատկերացնել հայտնի ուղիղ եթերներից մեզ ծանոթ տեսարանները` թե ինչպես է փոքրիկ Արփին հարցնում, թե երբ կգա Աշոտը, եւ այլն, եւ այլն... Կարճ ասած` համբերություն պարոն Մեդվեդեւին:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ ինչ վերաբերում է ԱՇՈՏ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ, ապա այժմ ակտիվորեն շրջանառվում է լուսանկարը, թե նա ինչպես է հերթ կանգնած Ստեփանակերտի «Տաշիր պիցայում»: Եվ մի բան էլ իշխանական քարոզչամիջոցները դա փորձում են դրական լույսի ներքո մատուցել, թե տեսեք ինչքան բարեկիրթ է: Բայց զարմանալի է, այդ ինչո՞ւ հարցնող չկա, թե ինչ գործ ունի զինվորը այդ հանրային սննդի օբյեկտում, երբ համաձայն բոլոր կանոնակարգերի, պետք է գտնվեր զորանոցում:

Ինչ վերաբերում է «Քաղաքացու օր» տոնելուն, ապա ԲՀԿ խմբակցության պատգամավոր ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ իրավամբ վրդովվում է. «Ժողովուրդ, խնդրում եմ ինտրիգ չփնտրել, բայց մի՞թե նա էր քաղաքացու տոնի խորհուրդը, որ մարդիկ իրենց անձնական միջոցների հաշվին փողոցում խորոված սարքեն ու ծխախեղդ նկարվեն: Բա չէր կարելի՞ տոնի առթիվ մի քանի վաստակաշատ մարդու քաղաքակիրթ պայմաններում, օրինակ` Պատվավոր քաղաքացու կոչում շնորհել կամ, ասենք` մի քանի մեծանուն գիտնականի կամ արվեստագետի հրապարակային պատվել... Էտ ու՞ր հասանք, որ քաղաքացու տոնն իմաստավորում ենք փողոցային խորովածի բույրով... Սա է՞ նոր Հայաստանը... Բա 124 միլիոնը, բա հպարտությունը, բա քաղաքի մաքրությունը...»: Էլ ո՞ւր մնաց հպարտությունը, փողոցի երթեւեկելի մասում լափողից էլ ինչ հպարտ:

Քաղաքագետ ԱՂՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՆ էլ շեշտում է այն զարմանալի իրողությունը, որ քաղաքացիներին նաեւ ֆինանսական առումով երկարականջ կենդանու տեղ դրին. «ՀՀ հպարտ քաղաքացին հասկացավ, որ Քաղաքացու օրվա մասով իրեն հարիֆացրին, ֆեյք ԱՁ-ներ բացեցին, 124 մլն դրամը դրին ջեբները ու վերջում քացով հետեւներին խփեցին: Շնորհավո՛ր տոնդ, ՀՀ անպե՛տք քաղաքացի»:

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА