o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԳԱԶԻ ԳՆԻ ՇՈՒՐՋ ԻՆՏՐԻԳԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՆՈՐ ԽՆԴԻՐՆԵՐ Ի ՀԱՅՏ ԲԵՐԵԼ

17.04.2019 21:40 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԳԱԶԻ ԳՆԻ ՇՈՒՐՋ ԻՆՏՐԻԳԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՆՈՐ ԽՆԴԻՐՆԵՐ Ի ՀԱՅՏ ԲԵՐԵԼ

Մինչ Հայաստանում մեծ ու փոքր այս օրերին համառորեն որոնում են վարչապետ Փաշինյանի բացած 51 հազար աշխատատեղերը, սկսեցին շրջանառվել շատ ավելի կոնկրետ լուրեր՝ ընդհանուր հաշվով, մոտ 2000 նոր պոտենցիալ գործազուրկի մասին: Մասնավորապես, ըստ հրապարակային տեղեկությունների, գործազրկության շեմին են կանգնած նաեւ «Գազպրոմ Արմենիա» ընկերության տեսուչները, համենայնդեպս՝ նրանց մի մասը:

Այսպես, ըստ աղբյուրի, սահմանին գազի գնի 15 դոլարանոց թանկացումը ընկերությունը կփորձի լուծել, մասնավորապես, զանգվածային կրճատումների միջոցով ընդ որում, շրջանցելով չաղլիկ աշխատավարձեր ստացող վերնախավին եւ հարվածի տակ առնելով ամենաստորին օղակը՝ տեսուչներին: Ընկերությունը եւս, ըստ էության, հաստատել է, որ նման հեռանկար կարող է լինել՝ պարզաբանելով. «Ներկայումս աշխատանքային քննարկումներ են ընթանում համալիր հարցերի շուրջ, այդ թվում՝ դիտարկելով նաեւ համակարգի ծախսերի կրճատման, աշխատողների քանակի վերանայման եւ հաստիքների կրճատման հարցերը»:
Այսպիսով, ի՞նչ է ստացվում. Փաշինյանը դեռ անցած տարի համառորեն խոստանում էր, որ Հայաստան մտնող գազը, եթե անգամ չէժանանա, հաստատ չի թանկանա: Բայց չկարողացավ խոստումն ապահովել, եւ տարեվերջին երկիրը կանգնեց փաստի առաջ: Այնուհետեւ, գազամատակարար ընկերությունն էլ իր հերթին, չկարողանալով հասնել նոր իրողությանը, համապատասխան ներքին սակագնի է գնում` մարդկանց կրճատելու ճանապարհով: Հանրագումարում. ինչ-որ տարօրինակ իրավիճակ է գազի ներքին գնի շուրջ, կան կոնկրետ մեղավորներ, սակայն իրենց օրվա հացը կարող են կորցնել բազում անմեղ մարդիկ:
Սակայն սա դեռ հարցի մի կողմն է: Մյուս կողմն էլ այն է, որ այդպես էլ հոդաբաշխ բացատրություն չի ներկայացվում հանրությանը, թե գազի գործող սակագները որքանո՞վ են արդար: Օրինակ, որքանո՞վ էր ճիշտ՝ ընկերության տարիների ներդրումները ներառել սակագնի մեջ, այսինքն՝ փաթաթել սպառողի վզին, երբ դրանք պետք է որ ետ վերադառնային, ասենք, նույն ներդրումների արդյունքում ընկերության կապիտալիզացիայի սպասելի աճի միջոցով: Մեկ պարզ օրինակ. նույն «Գազպրոմը» սեփական կամ ներգրավված միջոցների հաշվին ներդրումներ է անում դեպի Գերմանիա կամ Թուրքիա բազմամիլիարդանոց գազատար կառուցելու մեջ: Բայց չէ՞ որ չեն տանում ու այդ ներդրումները փաթաթում գերմանացի կամ թուրք սպառողի վզին: Նման ներդրումներ արվում են շուկաների, այսինքն՝ բիզնեսի ընդլայնման համար, եւ երբ կվաճառեն ավելի շատ գազ, դրա հաշվին ետ կվերցնեն ներդրումները: Հայաստանում նույնպես ներդրումներ արվել են մասնավորապես ներքին ցանցի ընդլայնման, նոր սպառողներ ունենալու համար, որի արդյունքում ավելի շատ գազ են վաճառում, ավելի մեծ շահույթ ստանում: Բայց թե ինչ տրամաբանությամբ են բիզնեսի ընդլայնման ծախսերը մտցրել սակագին, մնում է հարցականի տակ:
Սա էլ մի կողմ, եթե հերթը հասնի աշխատակիցների կրճատման հաշվին խնայողություններ ունենալուն, ապա սա արդեն բոլորովին այլ հարց է առաջ քաշում: Այսինքն, եթե մի 1000-2000 մարդ կրճատվի, եւ դրանից ընկերության գործունեությունը շարունակվի, ու սպառողի համար ոչ մի բան չփոխվի, ապա առաջ կգա այս հարցը. իսկ ո՞ւմ էին պետք այդ աշխատողները: Նկատենք. ընկերության աշխատողների թիվը, աշխատավարձերը սակագնի հաստատման կարեւոր բաղադրիչներից են: Եվ հիմա, եթե պարզվի, որ պայմանականորեն նույն աշխատանքը հնարավոր է կատարել 8 աշխատակցով, սակայն ունեցել են 10-ը, ապա գալու ենք այս պարզ հետեւությանը՝ 2 աշխատողն ավելորդ էր: Այդ դեպքում կստացվի, որ այդ 2 աշխատակցի հաշվին սակագինն արհեստականորեն ուռճացվել է: Ընդ որում, չի կարող գործել բացատրությունը, թե մարդկանց աշխատանքով ենք ապահովել, նպատակը սոցիալականն էր. «Գազպրոմ Արմենիան» ընդամենը կոմերցիոն կառույց է, պետք է գործի օպտիմալության շրջանակներում, ու նրա խնդիրը չէ պետության ներսում սոցիալական հարցերի լուծումը, այն էլ՝ մյուս բոլորի գրպանի հաշվին: Սոցիալական խնդիր լուծողը կառավարությունն է: Դրանից զատ. եթե աշխատատեղերը կրճատվեն, եւ այդ կերպ հիմնավորվի, որ ընկերությունն ունեցել է ոչ օպտիմալ աշխատակազմ, ապա պակաս կարեւոր հարց չի լինի նաեւ, թե այդ դեպքում նման բոլոր դրվագներն օպտիմալացնելու եւ միայն դրա արդյունքում օպտիմալ սակագին սահմանելու պարտավորություն ունեցող Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այդ ինչո՞ւ է ոչ ծայրահեղ անհրաժեշտ աշխատակիցներին ներառել սակագնային հաշվարկների մեջ: Ավելին, նույն հարցադրումը կառաջանա նաեւ ընկերության մնացած բոլոր ծախսերի կրճատման դեպքում: Այսինքն, եթե գործող սակագինն օպտիմալ է` խիստ անհրաժեշտ ընկերության նորմալ կենսագործունեության համար, ապա անգամ մեկ դրամի կրճատում անել ոչ միայն հնարավոր չէ, այլեւ՝ անթույլատրելի է. հակառակ դեպքում վտանգի տակ կհայտնվի ռազմավարական նշանակության համակարգը: Իսկ դա նշանակում է, որ եթե հնարավոր են կրճատումներ, ապա դա արդեն իսկ կհիմնավորի, որ ունեցել ենք ուռճացված սակագներ, ինչը, հասկանալի է, շարքային քաղաքացու գրպանի հաշվին է: Իսկ այդ դեպքում նման ուռճացված սակագներ հաստատողները պետք է միանգամայն տեսանելի եւ ընկալելի պատժի ենթարկվեն, եթե անգամ իրավապահ համակարգում բարձրաստիճան բարեկամներ ունենՄի խոսքով, դեռ սպասենք՝ կլինե՞ն աշխատատեղերի կրճատումներ, որի պարագայում այս բոլոր հարցերը կդառնան օրակարգային:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА