o C     17. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Երկու անգամ կրակողը վեց անգամ էլ կկրակեր․․». ինչու Յոնջլախցի Նորոն իր կատարած սպանության գործով նիստերին չի մասնակցում

13.04.2019 20:20 ԻՐԱՎՈՒՆՔ
«Երկու անգամ կրակողը վեց անգամ էլ կկրակեր․․». ինչու Յոնջլախցի Նորոն իր կատարած սպանության գործով նիստերին չի մասնակցում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ շարունակվեց Նորայր Ղազարյանի գործի դատական քննությունը:

Ավարտվել է Գյումրիում ռուս զինծառայողի կողմից 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործի նախաքննությունը

Այս գործով երկու ամբաստանյալ կար, երկրորդ ամբաստանյալը՝ ազատության մեջ գտնվող Արտակ Հ.-ն, անցած տարվա վերջին մահացել է, մահվան հիմքով նրա մասով քրեական գործի վարույթը դատարանի որոշմամբ կարճվել է:

Հիշեցնենք, որ 45-ամյա Նորայր Ղազարյանին, ով հայտնի է «Յոնջլախցի Նորո» մականունով և նախկինում 7 անգամ դատապարտված է եղել, մեղադրանք է առաջադրված դիտավորյալ սպանության և ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով:

Արտակ Հ.-ին մեղադրանք էր առաջադրված տուժողի նկատմամբ բռնություն գործադրելու, առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածք պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:

Նորայր Ղազարյանի խափանման միջոցը կալանավորումն է:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի սեպտեմբերի 2-ին, ժամը 21-ի սահմաններում Անդրանիկի փողոցում գտնվող՝ իր կիսակառույց տան առաջին հարկում Նորայր Ղազարյանը գումարային հարցերի շուրջ վիճաբանության ու ծեծկռտուքի ժամանակ ատրճանակով կրակել ու կրծքավանդակի աջ մասում մահացու վնասվածք է պատճառել Արագածոտնի մարզի Թթուջուր գյուղի 29-ամյա բնակիչ Վահե Գևորգյանին:

Դեպքից հետո հրազենային վնասվածք ստացած տուժողին «Աստղիկ» բժշկական կենտրոն էին տեղափոխել: Վիրահատության ժամանակ երիտասարդ տուժողը, ում առաջնեկը ամիսներ առաջ էր ծնվել, մահացել է:

Դեպքից հետո կալանավորվել էր Երևանի բնակիչ Արտակ Հ.-ն: Նա տվել էր կցկտուր խոստովանական ցուցմունք, նաև՝ ցույց էր տվել սպանության գործիք ատրճանակի տեղը: Իրավապահները նրա ցույց տված տեղում հայտնաբերել ու առգրավել էին ամերիկյան արտադրության ատրճանակը, որից արձակված կրակոցից սպանվել էր Վ. Գևորգյանը:

Արտակ Հ.-ին ծանր մեղադրանք էր առաջադրվել՝ խուլիգանական դրդումներով դիտավորյալ սպանություն, և նա այդ ծանր մեղադրանքն ընդունել էր:

Սակայն ամիսներ անց կատարվել է նոր բացահայտում՝ պարզվել է, որ Արտակ Հ.-ն… սպանության հետ կապ չունի:

2016 թվականի նոյեմբերի 30-ին ձերբակալվել է Արտակի բարեկամը՝ «Յոնջլախցի Նորոն», ում սկզբում մեղադրանք է առաջադրվել խուլիգանական դրդումներով սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասով: Նախաքննության ավարտին մեղադրանքը փոքր-ինչ թեթևացվել է, նոր մեղադրանք է առաջադրվել պարզապես դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ տեղեկությունների՝ գումարային վեճի արմատները դեպքից որոշ ժամանակ առաջ տեղի ունեցած վթարի հետ են առնչվում: Վթարի կողմերը ԱՊՊԱ չէին կանչել, մեղավոր կողմը պայմանավորվել էր, որ վնասված մեքենան կնորոգի: Եվ խնդիրը վերաբերել է ընդամենը 300 դոլարի:

Վթարի մեղավոր ու տուժող կողմերն ընդհանուր ծանոթ են ունեցել: Մեղավոր կողմը, ի դեմս Արտակ Հ.-ի, այդ ընդհանուր ծանոթին` գործով որպես վկա անցնող Սենիկին է տվել 300 դոլար, որ նա փոխանցի տուժողին: Բայց գումարը չի փոխանցվել:

Արտակը այդ մասին իմանալով՝ դեպքի օրը՝ դեպքից մի քանի ժամ առաջ, մտել է Սենիկի օբյեկտն ու «բարոյական ապտակ» է հասցրել նրան:

Վիրավորված Սենիկը, ըստ պաշտպանի, հավաքել է իր ծանոթ՝ մոտ 2 տասնյակ երիտասարդների, նրանք 5-6 մեքենայով գնացել են «Յոնջլախցի Նորոյի» տուն, որի առաջին հարկում տեղի է ունեցել «խայտառակ ծեծկռտուք»:

Ըստ պաշտպանական կողմի՝ Նորոյի տանը, բացի տանտիրոջից եղել են Արտակ Հ.-ն ու ևս մի Արտակ, երեքով կռվել են բազմաթիվ հարձակվողների դեմ:

Ահա այդ կռվի ընթացքում «Յոնջլախցի Նորոն» ատրճանակով կրակել է տուժող կրծքավանդակին…

Ընդ որում՝ տուժող երիտասարդը բուն վեճի առարկայի հետ որևէ առնչություն չի ունեցել, որպես ծանոթ՝ միացել է Նորոյի տուն գնացածներին և, ինչպես հաճախ պատահում է խմբակային կռիվների ժամանակ, տուժել է պարզաբանվող խնդրի հետ առնչություն չունեցող երիտասարդը…

«Յոնջլախցի Նորոն» չի ընդունում դիտավորյալ սպանության մեղադրանքը: Իր դիրքորոշումը հայտնելով՝ նա դատարանում ասել է. «Դիտավորյալ սպանություն չի կատարվել… Քսանչորս հոգով էկել էին իմ տուն՝ որ ի՞նչ անեն՝ պարզ ա՝ մեզ քյոթակեն…»:

Դատարանը վկաների հարցաքննության փուլում է: Նախորդ դատական նիստերից մեկում կիսատ էր մնացել սպանված Վահեի եղբոր՝ Գարիկի հարցաքննությունը: Հարցաքննության ժամանակ կրքերը բորբոքվել էին, ամբաստանյալը դրսևորել էր ոչ պատշաճ վարքագիծ, դատարանը նրա նկատմամբ սանկցիա էր կիրառել ու 10 ժամով հեռացրել էր դատական նիստերի դահլիճից:

Հրապարակվել է Դանիել Իոաննիսյանն ընդդեմ Նարեկ Մալյանի գործով որոշումը

Այդ նիստից հետո, մինչև ներկա նիստը, մի քանի նիստ չի կայացել՝ դատարանը չէր կարողանում շարունակել վկայի հարցաքննությունը, քանի որ վկան դատարան չէր ներկայանում:

Տուժողի իրավահաջորդը՝ սպանված երիտասարդի ու վկա Գարիկի հայրը, նրա ներկայացուցիչ, փաստաբան Անուշ Հակոբյանը դատարանին տեղեկացնում էին, որ աղմկոտ հարցաքննությունից հետո վատացել է Գարիկի հոգեբանական վիճակը:

Դատական այս նիստին Գարիկ Գևորգյանը ներկայացավ դատարան, դատարանն ավարտեց այս վկայի հարցաքննությունը:

Դատական նիստին չէր ներկայացվել ամբաստանյալ Նորայր Ղազարյանը: Դատարանի սանկցիայով սահմանված տասը ժամը դեռ չի լրացել, նա զրկված է նիստին մասնակցելու իրավունքից, նիստին ներկա էր ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը:

Վկա Գարիկը նշեց, որ կրակոցներին ու սպանությանն ականատես եղած իր բարեկամ Նվերը «ահավոր վախեցած էր, մի բան էր ընկնում գետնին, նա վեր էր թռնում»:

Կրակոցների պահին Գարիկը դրսում է եղել: Դեպքից հետո տված ցուցմունքում ինչպես Գարիկը, այնպես էլ Նվերը ասել են, թե մեկ կրակոց էր եղել:

Որոշ ժամանակ անց նրանք փոխել են ցուցմունքները. Նվերը նշել է, որ երկու կրակոց է եղել, այդ հանգամանքը նա պնդել է նաև Նորայր Ղազարյանի հետ առերես հարցաքննության ժամանակ: Գարիկ Գևորգյանը ևս նշել է, որ երկու կրակոց է եղել…

Դատավարության կողմերը հարցեր ուղղեցին վկային՝ երկու կրակոց հնչելու վերաբերյալ ինչո՞ւ անմիջապես չի հայտնել նախաքննական ցուցմունքում, այլ դա արել է որոշակի ժամանակ անց: Վկան նշեց, որ երկու կրակոցի մասին հիշել է Նվերի հետ խոսելուց հետո, իսկ այդ խոսակցությունը տեղի է ունեցել դեպքից տևական ժամանակ հետո: Նվերի պատմելուց հետո, ըստ վկայի, ինքն էլ է հիշել, դրանից հետո գնացել է քննիչի մոտ ու լրացրել է ցուցմունքը: Նույնն արել է նաև Նվերը:

Վկան ասաց, որ Նվերը դեպքից հետո տևական ժամանակ ընդհանրապես չի խոսել դեպքի մասին. «Ինչի՞ էր վախեցած, չեմ կարա ասեմ»: Վկան նշեց, որ դեպքից հետո ո՛չ ինքը, ո՛չ Նվերը Նորայր Ղազարյանի հետ չեն հանդիպել, նրա կողմից սպառնալիքներ չեն լսել, բայց, այնուամենայնիվ,վախ է եղել ու հոգեբանական ծանր, սթրեսային վիճակ:

Գարիկը հայտնեց, որ դեպքից հետո եղբորը՝ վիրավոր Վահեին հիվանդանոց տեղափոխող անձին նախկինում չի ճանաչել: Ինքը Վահեին տեսել է մուտքի դռան մոտ ընկած: Վկան, դրսում գտնվելով, չի տեսել Նորայր Ղազարյանին ու Արտակ Հ.-ին:

Սենիկի հետ Նորայր Ղազարյանի տուն գնալու վերաբերյալ վկա Գարիկն ասաց, թե իր իմանալով՝ գնում էին, որ վիճաբանած կողմերն իրար հետ խոսեն: Ինքը չի պատկերացրել, որ Սենիկի կողմից այնտեղ կգնան 18-20 հոգի:

Ամբաստանյալի շահերի պաշտպանը հարցրեց. «Նորայր Ղազարյանը կամ Արտակը գիտեի՞ն՝ դուք քանի հոգով եք գնալու»: Վկան հարցով պատասխանեց. «Մենք գիտեի՞նք՝ նրանք քանի հոգով են լինելու»:

Պաշտպան Ե. Սարգսյանը հիշեցրեց Արտակի խոսքերը, որ նա ասել էր՝ Սենիկին ու կողմնակիցներին տեսնելով. «Էս ի՞նչ մի գալ եք էկել»: Պաշտպանը հարցրեց. «Շատ էիք, դրա համա՞ր էր այդպես ասում»:

Վկան ասաց՝ չեմ կարող պատասխանել:
Հարցին՝ Նվերը երկու կրակոց հնչելու վերաբերյալ ինչո՞ւ ավելի վաղ չի հայտնել, Գարիկը պատասխանեց. «Երևի վախեցել ա, մտածել ա՝ բան կլինի…»: Այնուհետև վկան պարզաբանեց. «Երկու հատ կրակողը վեց հատ էլ կկրակեր… Ես չեմ կարա բացատրեմ Նվերի ներսի կատարվածը, բայց ես իրան հասկանում եմ, իրա աչքի առաջ սպանություն ա էղել… Ես հիմա էլ եմ ասում՝ երկու կրակոց ա էղել: Դեպքից հետո իմ ուշքումիտքը էդ չէր… Էն հոգեվիճակում չեմ եղել, որ ամեն ինչ հիշեմ, հիմա պնդում եմ՝ ես երկու կրակոց եմ լսել…»:

Հիշեցնենք, որ դեպից անմիջապես հետո կատարվածի պատասխանատվությունը վերցրել էր Արտակը, իսկ Նորայր Ղազարյանը երկու ամսից ավելի եղել էր ազատության մեջ… Նա կալանքի տակ էր առնվել նոյեմբերի վերջին…

Վկայի հարցաքննությունը հայտարարվեց ավարտված:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը միջնորդեց, որ դատարանը թույլատրի Նորայր Ղազարյանին՝ վերադառնալու դատական նիստերի դահլիճ՝ տասը ժամը չլրացած. «Դա կբխի արդարադատության շահից»,- ասաց պաշտպանը:

Մեղադրող Ա.Մարգարյանն ու տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Ա. Հակոբյանը առարկեցին միջնորդության դեմ՝ նշելով, թե համոզված չեն, որ ամբաստանյալը պատշաճ վարքագիծ կդրսևորի: «Ինքը երևի վարքագծի հետ խնդիրներ ունի»,- ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը:

Ընթանում է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը

Դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը՝ նշելով, որ պաշտպանական կողմը զրկված չէ նույն միջնորդությամբ ավելի ուշ հանդես գալու հնարավորությունից, եթե հիմնավորի, որ դատարանում կատարվող կոնկրետ հարցաքննությանը կամ կոնկերտ գործողությանը ամբաստանյալի մասնակցությունն անհրաժեշտ է կամ նա հարցեր ունի տալու հարցաքննվող վկային:

Պաշտպանի միջնորդությունը մերժելով՝ դատարանը հաշվի առավ, որ վկաների հարցաքննության փուլն է դեռևս, ամբաստանյալը արդեն հարցաքննված վկաներին առանձնապես շատ հարցեր չի տվել, հիմնականում վկաներին հարցաքննել է նրա պաշտպանը՝ միաժամանակ նաև սաստել է իր պաշտպանյալին, ու չնայած դրան՝ Նորայր Ղազարյանը «պատեհ-անպատեհ խոչընդոտել է վկաների հարցաքննությունները», հարցաքննությունները այդ պատճառով երկարաձգվել են, նաև՝ տասը ժամվա հեռացման սանկցիայից հետո դեռ երկու ժամ էլ չի անցել…

Դատարանը դատավարության կողմերի հետ քննարկեց դատարան չներկայացող վկաներին դատարան ներկայացնելու հնարավորությունների հարցը, կայացրեց նրանց բերման ենթարկելու, ինչպես նաև վկաների վերաբերյալ հարցումներ անելու որոշումներ:

Հաջորդ դատական նիստին՝ մայիսի 17-ին, դատարանը կշարունակի վկաների հարցաքննությունը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА