o C     17. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հրամանատար Վուրգի» սխրանքն անմահ է

02.04.2019 21:28 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Հրամանատար Վուրգի» սխրանքն անմահ է

«Հայրենիք» հասկացությունն ունի աշխարհագրական և հոգևոր իմաստ: Աշխարհագրական իմաստով՝ հայրենիքն այն տարածքն է, որը պատմականորեն պատկանում է տվյալ հավաքականությանը, իսկ հոգևոր տեսակետից՝ այն բնատարածքն է, որը տվյալ ազգի կամ էթնիկ հանրույթի անհատներն ընկալում են որպես իրենց ազգային կամ էթնիկ ինքնության անքակտելի մաս: Այս իմաստով՝ ազգը և հայրենիքը անբաժանելի ամբողջություն են: Հայրենիքն աղերսվում է հայրերի՝ նախնիների հետ. այդ առումով ունի նաև զգայական ենթատեքստ. ենթադրում է մայր հայրենիքի հանդեպ հատուկ, սրբազան զգացմունք, որը զուգակցվում է սիրո, պարտքի գիտակցմանը, նվիրվածությանը և հայրենասիրությանը:

Այսօր ապրիլյան պատերազմի անմահ հերոս, մայոր Հայկ Թորոյանի ծննդյան օրն է

Հայրենիքը փոխանցվում է սերնդեսերունդ: Հայրենիքը սրբություն է:«Հայրենիք», «պետություն», «ծննդավայր» հասկացություններն ունեն տարբեր բովանդակություններ: Որևէ ազգի կամ էթնոսի անդամը կարող է ծնվել ու ապրել իր հայրենիքից դուրս՝ այլ տարածքում, լինել ոչ իր հայրենի պետության քաղաքացին: Այդուհանդերձ, նրա հայրենիքն իր նախահայրերի բնօրրանն է: Այս գիտակցության աղավաղումը հանգեցնում է ազգային-էթնիկ ինքնագիտակցության երկփեղկմանը, որն էլ անխուսափելիորեն տանում է ուծացման և ձուլման` օտար հավաքականությունների մեջ:

Դարերի ընթացքում Հայոց Աշխարհում ծնվել են այնպիսի քաջազուններ, ովքեր առանց կյանքը խնայելու պայքարել են հայրենիքը շենացնելու, բարգավաճելու ու արտաքին թշնամուց պաշտպանվելու համար: Եվ ահա այսպիսի քաջորդիներից է ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից ՎՈՒՐԳ ՈՍԿԱՆՅԱՆԸ:

Այսպիսով, մարտի 31-ին` Վուրգ Ոսկանյանի մահվան օրը հեղինակային երգի կատարող, մեծ հայրենասեր Անի Մարգարյանը «Նարեկացի» արվեստի միությունում  կազմակերպվել էր հուշ-երեկո: «Հրամանատար Վուրգ» խորագիրը կրող հուշ-երեկոյին ներկա էին հերոսածին մայրեր, ազատամարտիկներ, և ի վերջո, տարբեր մասնագիտությունների, սերունդների ներկայացուցիչներ ու բոլոր նրանք ովքեր ճանաչել են ազատամարտիկին: Հուշ-երեկոն վարում ու միևնույն ժամանակ հայրենասիրական թեմաներով ասմունքում էր ասմունքող-հաղորդավար Թագուհի Ղազարյանն, ով բոլորին տեղափոխեց դեպի 90-ական թվականներ, այսինքն` այն ժամանակները, երբ ապրեց, արարարեց ու հանուն հայրենիքի պայքարեց ազատամարտիկ ու Սիսիանի 62-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ Վուրգ Ոսկանյանը:

Միջոցառումը բաղկացած էր երկու մասից՝ առաջին մասում հայրենասիրական երգերի ու ասմունքների  ելույթներով հանդես եկան Անի Մարգարյանը, Թագուհի Ղազարյանը, աշուղ Նազելին, Արմինե Եղիազարյանը, Կարեն Մշեցին բանաստեղծուհի Անահիտ Դանիելյանը, ասմունքող Նարեկ Մարգարյանը: Իսկ երկրորդ մասում` ցուցադրվեց ռեժիսոր ազատամարտիկ Սամվել Թադևոսյանի «Խոնարհ հերոսներ» ֆիլմը՝ նվիրված Վուրգ Ոսկանյանին ու նրա ժամանակակիցներին ու հերոսներին:

Նախքան ֆիլմի ցուցադրությունը խոսեց ռեժիսոր, սցենարի հեղինակ Սամվել Թադևոյանը՝ ներկայացնելով այն ու դրա ստեղծման պատմությունը: Միջոցառման վերջում ելույթով հանդես եկավ սիրված հերոսի որդին՝ Սուրեն Ոսկանյանը, շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին ու բոլոր նրանց, ովքեր այդ օրը հարգել ու եկել էին հուշ-երեկոյին` ազատամարտիկի հիշատակը վառ պահելու համար: Վուրգ Ոսկանյանը և նրա սխրանքը հավերժ կմնա մեր ու գալիք սերնդի հիշողություններում: Եվ իրոք, ճիշտ է ասված, որ ոչ ոք չի մոռացվելու, ոչինչ` չի մոռացվելու:

Արցախյան պատերազմի մասնակից, հերոս Վուրգ Ոսկանյանը ծնվել է  1941 թվականին, մայիսի 28-ին ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի Բռնակոթ գյուղում: Եղել է Սիսիանի թիվ 1 դպրոցի զինղեկը։ Վուրգն Սիսիանում կազմակերպել է «Ղարաբաղ» կոմիտեի գործունեությունը։ 1989 թվականին նրա մտահղացմամբ և «Ղարաբաղ» կոմիտեի աջակցությամբ Սիսիանի Սուրբ Հովհաննես եկեղեցու հարևանությամբ կառուցվել է Հայոց ցեղասպանության 74-րդ տարելիցը խորհրդանշող հուշարձանը։ Վուրգ Ոսկանյանը Արցախի ազատագրման պայքարի առաջին օրերից երկրապահ կամավորների ջոկատով միացել է պայքարին՝ կռվելով Զանգեզուրի, Տավուշի, Արցախի պաշտպանական դիրքերում։Արցախի ազատագրման պայքարի առաջին օրերից երկրապահ կամավորների ջոկատով մասնակցել է ռազմական գործողություններին։ Կռվել է Զանգեզուրի, Տավուշի, Արցախի պաշտպանական դիրքերում։ Վուրգ Ոսկանյանը զոհվել է 1993թ. մարտի 31-ին Լաչինի Բիչանիս (Վակունիս) գյուղի մարտական հենակետում: Վուրգ Ոսկանյանի անվամբ է կոչվում Սիսիանի թիվ 4 դպրոցը, Արցախի Վուրգավան գյուղը: Վակունիսում բացվել է հուշահամալիր 11 սիսիանցի ազատամարտիկների, այդ թվում՝ Վուրգ Ոսկանյանի հիշատակին։ 2001 թվականին Վակունիսի դպրոցը վերանվանվել է Վուրգ Ոսկանյանի անվամբ։ 2012 թվականին Սիսիանի Ազատամարտիկների հրապարակում տեղադրվել է Վուրգի հուշարձանը (քանդակագործ՝ Գետիկ Բաղդասարյան):

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА