o C     18. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպես հասկանանք Փաշինյանի եւ Տոնոյանի այդքան տարբերվող հայտարարությունները

30.03.2019 17:23 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ինչպես հասկանանք Փաշինյանի եւ Տոնոյանի այդքան տարբերվող հայտարարությունները

Դժվար չէ նկատել, որ Ալիեւ-Փաշինյան հանդիպումից հետո բոլոր մասնակիցներըհանդես են գալիս հույժ դրական տոնայնությամբ: Նախ՝ Փաշինյանը, ապա՝ ՄԽ համանախագահները, այդ թվում՝ ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին հատուկ ընդգծեց. «Երկար, հագեցած, արդյունավետ»։ Ապա հանդիպումը գովերգեց նաեւ Ալիևը. «Բանակցություններն անցել են կառուցողական միջավայրում: Սա երկարատև ընդմիջումից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած առաջին պաշտոնական հանդիպումն է: Նախորդ հանդիպումներն առավել ճանաչողական բնույթ էին կրում»: Բայց ի՞նչն է այդքան ոգեւորել: Ի վերջո Ալիեւն ընդգծում է, որ բանակցային գործընթացում նոր փուլ է սկսվել, սակայն ձևաչափը չի փոխվել: Այսինքն, այն գլխավոր պահանջը, որը մշտապեսառաջ էր քաշում Փաշինյանը՝ Իրան կատարած այցի ժամանակ ներկայացնելով, որպես այս հանդիպման հիմնական օրակարգը, այն է՝ Ստեփանակերտի ներգրավվածության խնդիրը լուծված չէ: Ուրեմն, ինչո՞ւ է Փաշինյանն այդքան ոգեւորվել: Հաջորդը. Ալիեւն էլ մշտապես խոսել է, որ Արցախի ինքնորոշման իրավունքը բացառվում է: Եթե այդ հարցում չունի լուծում, նա ինչո՞ւ է ոգեւորվել, թե՞ մտածենք, որ լուծում տեսնում է:

ՍԴ նախագահը Փաշինյանի գնահատականները քաղաքական է համարում և հրաժարվում է մեկնաբանել. (տեսանյութ)

Սակայն ամենացնցողը ՄԽ-ի հայտարարությունն է. «Երկու ղեկավարներն ընդգծել են խաղաղությանը նպաստող միջավայրի ստեղծման և բանակցային գործընթացում հետագա հստակ և զգալի քայլեր ձեռնարկելու կարևորությունը՝ հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նպատակով: Վերհիշելով իրենց զրույցը Դուշանբեում՝ առաջնորդները հաստատել են իրենց հավատարմությունը հրադադարի ամրապնդմանը և անմիջական շփման մեխանիզմների բարելավմանը: Նրանք համաձայնել են նաև հումանիտար ոլորտում մի շարք գործընթացներ զարգացնել»: Չէ, ցնցողը սա չէ, այլ այն, որ այն պահին, երբ երկու ղեկավարներն ընդգծում էին «խաղաղությանը նպաստող միջավայրի ստեղծման» եւ «հրադադարի ամրապնդմանը» անհրաժեշտությունը, ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ամերիկահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց. «Որպես պաշտպանության նախարար ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը ես այսօր վերաձևակերպել եմ՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ»... Ոչ մի բան չի զիջվելու։ Հնարավոր են կոմպրոմիսներ... Մենք խրամատային վիճակից, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք և ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»։ Ու ինչ է ստացվում. Փաշինյանը խոսում է «խաղաղությանը նպաստող միջավայրի ստեղծումից» եւ «հրադադարի ամրապնդումից», նրա նախարարը՝ հարձակողական ստորաբաժանումներն ավելացնելուց: Իհարկե, Տոնոյանի ասածն ավելի խելքին մոտ է, քանի որ Ալիեւին վստահելն ինքնասպանության պես մի բան է: Բայց նաեւ՝ Տոնոյանն ինչո՞ւ որոշեց նման հայտարարություն հնչեցնել ԱՄՆ-ում, այն էլ՝ Ալիեւ-Փաշինյան այդ ոգեւորության ֆոնին... Մի խոսքով, այն տպավորությունն է, որ ինչ-որ խորքային խաղ է ընթանում, որից դեռ գլուխ հանել է պետք:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳԱՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА