ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ինչն օրենքով է, որեւէ մեկը չի կարող խոչընդոտել». Վահան Բաբայանը կառաջադրվի՞ Արցախի նախագահի թեկնածու

22.02.2019 23:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
«Ինչն օրենքով է, որեւէ մեկը չի կարող խոչընդոտել». Վահան Բաբայանը կառաջադրվի՞ Արցախի նախագահի թեկնածու

Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ հայտարարել էր, որ պատրաստվում է կուսակցությանն առաջարկել՝ քննարկել առաջիկա ընտրություններին իրենց կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ առաջադրման հարցը Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում: «Իրավունքի» հետ զրույցում Վ. Բաբայանն ինքն էլ չհերքեց, որ իսկապես նման քննարկում կա. «Բայց այն դեռեւս քննարկման մակարդակում է, քանի որ, որքանով տեղյակ եմ, պետք է լինի նաեւ իրավական որոշակի հնարավորություներ` Արցախի ընտրություններին մասնակցելու հետ կապված: Այնպես որ, եթե լինի նման հնարավորություն, կմտածենք: Միշտ այն կարծիքին եմ եղել, որ պետք է թարմացվի կառավարման համակարգը ե՛ւ Արցախում, ե՛ւ Հայաստանում, ե՛ւ տարբեր ոլորտներում, որտեղ մարդիկ հոգնել են նույն դեմքերից»:

«Մի պաշտոնն ի՞նչ է, տվեք այս մարդուն, թող հանգստանա». Վ. Բաբայանը՝ Լ. Շիրինյանին

Թե ինչպես են վերաբերում Արցախում, որ ՀՀ-ում բնակվող քաղաքական գործիչն իր կուսակցության հետ քննարկում է գալիք տարի կայանալիք Արցախի նախագահի ընտրություններում թեկնածու առաջադրվելու հարցը, պարզեցինք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ, Արցախի Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ տեսակետը:

- Խնդիրն այն է, որ ամեն ինչ պետք է արվի, ըստ Արցախի հանրապետության գործող օրենքների եւ օրենսդրության: Սա շատ պարզ եւ ակնհայտ ճշմարտություն է: Ցանկացած մարդ իրավունք ունի առաջադրվելու Արցախի հանրապետության թեկնածու կամ պատգամավոր, եթե այդ ամենը արվում է օրենքի շրջանակներում: Այսինքն՝ եթե համապատասխանում է բոլոր պահանջներին: Իսկ եթե չեն համապատասխանում, բնական է, որ այդ մարդիկ չեն կարող առաջադրվել:

- Մասնավորապես՝ ի՞նչ խոչընդոտներ կարող են լինել՝ առաջադրման հետ կապված:

- Հստակ պահանջներ կան, որ, օրինակ, վերջին տասը տարին պետք է ապրի Արցախի հանրապետությունում, լինի Արցախի հանրապետության քաղաքացի: Դուք կարող եք մտնել Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայք եւ այնտեղ ամեն ինչ կա գրված: Ինչ վերաբերում է խոչընդոտներին, այն, ինչն օրենքով է, որեւէ մեկը չի կարող խոչընդոտել: Բոլորը պարտավոր են հետեւել օրենքին:

- Պարոն Բաբայան, ռեֆորմիստները հղում են կատարում ՀԽՍՀ Գերագույն խորհրդի եւ ԼՂ Ազգային խորհրդի 1989թ. ընդունված համատեղ որոշման վրա, որի հիմա վրա էլ 1998թ. ԼՂՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցեց ՀՀ նախագահի ընտրություններին եւ արդյունքում ընտրվեց ՀՀ 2-րդ նախագահ: Նույն սկզբունքով չի՞ կարող ՀՀ քաղաքացին դառնալ Արցախի հանրապետության նախագահ:

- Կրկնում եմ՝ ամեն ինչ պետք է լինի, ըստ օրենքի: Այս մասին պետք է համապատասխան մարմիններն ասեն, բայց կա հստակ պահանջ, որը գրված է Արցախի հանրապետության Սահմանադրությունում: Իսկ այլ օրինակներ բերելը չեմ կարծում, որ ճիշտ է: Պետք է, պարզապես, հետեւել Սահմանադրությանը եւ օրենքներին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА