o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊԵԿ-ի ղեկավարությունը խոստովանեց, որ իրենց ցանկացած աշխատող երեք ամսից դառնում է միլիոնատեր

19.02.2019 12:42 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՊԵԿ-ի ղեկավարությունը խոստովանեց, որ իրենց ցանկացած աշխատող երեք ամսից դառնում է միլիոնատեր

«Ակնկալում եմ, որ այս պրոցեսին զուգընթաց հանրության, քաղաքացու և Պետական եկամուտների կոմիտեի հարաբերությունների փոփոխություն տեղի ունենա ,ու ՊԵԿ-ը, նրա ղեկավար կազմը և ընդհանրապես ողջ անձնակազմն ամեն ինչ անի, որպեսզի հանրությանը ներկայանա բոլորովին նոր կերպարով, և այդ կերպարը չլինի ուղղակի, այսպես ասած, փիառ գործիք, այլ լինի խորը բովանդակային վերլուծության, քննադատությունների, խորը հաշվառման և արդարացի քննադատությունների  արձագանքման տրամաբանության մեջ:

Ոստիկանությունը փաստացի խոստովանեց, որ երկակի ստանդարտ է կիրառել

Սա չափազանց կարևոր է, և սա կարող եք ընկալել որպես իմ ուղիղ հանձնարարականը»,- փետրվարի 16-ին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ-ի ղեկվարության հետ հանդիպելիս:

ՔԵՌԻՆ, ՄՈՐՔՈՒՐԸ ԵՎ ԱՅԼՔ

Սակայն Փաշինյանի հանձնարարության թանաքը դեռ չչորացած` ՊԵԿ-ի ամենասկանդալային  ղեկավարներից մեկի` առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի շուրջ պայթեց նոր սկանդալ, երբ վերջինիս 23-ամյա որդուն, որն անգամ մագիստրատուրայի կրթություն չունի, չգիտես որ արժանիքների համար, եւ, օրենքի պահանջված 25 տարին չլրացած, նշանակեցին Երեւանի կայազորի դատախազ, ու այնուհետեւ պարզվեց, որ այդ 23 տարեկան երիտասարդը ունի հսկայական հարստություն` ընդ որում, ինչպես ֆինանսական, այնպես էլ հարազատական կապերի առումով: Այսպես. Հարություն Մաշադյանի քեռին Արման Պողոսյանն է, որը անցած տարվա օգոստոսին նշանակվել է ՀՀ քնչական կոմիտեի նախագահի տեղակալ, իսկ ինքը` Ռաֆիկ Մաշադյանը, Նիկոլ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի հետ հարազատական կապի մեջ է: Գուցե հենց այստեղ է թաքնված Ռաֆիկ Մաշադյանի  «հին»  Հայաստանից «նոր» Հայաստան կատարած թռիչքային անցումը, իսկ հիմա նաեւ իր որդու անհավանական կարիերային աճը:

Մի խոսքով, Նիկոլի հանձնարարությունը` փոխել ՊԵԿ-ի իմիջը, տապալվեց, ինչպես տապալվեցին մինչ այդ հռչակած հեղափոխական կարգախոսները արդարության եւ հավասարության մասին: Ավելին, բացահայտվեց եւս մի քանի հետաքրքիր դրվագներ. նախ պարզվեց, որ Ռաֆիկ Մաշադյանը միլիոնների մասին խոսելով` պատկերացնում է բացառապես դոլարային միլիոնները, եւ երբ իրեն հարցնում են` ինչի հաշվին է իր դեռ շատ երիտասարդ որդին միլիոնատեր, նա պատասխանում է. «Միլիոնատերը ո՞րն է, ինչո՞ւ եք ասում` միլիոնատեր, որտե՞ղ է հայտարարագրված այդ միլիոնը»: Եվ երբ նրան պարզաբանում են, որ իր որդին ունի հայտարարագրված 12 մլն դրամ, չհաշված 130 հազար դոլարը, Մաշադյանը գլխի է ընկնում. «Ա՜, ա՜, դա նկատի՞ ունեք»

Սակայն  դրանով Մաշադյանի  անկեղծ խոստովանությունները չեն սահմանափակվում: Հիշեցնենք, որ Նիկոլը հանձնարարել էր նաեւ, որ ՊԵԿ-ը իրենց այնպես պահի ժողովրդի հետ, որ ժողովրդի մոտ կարծիք չձեւավորվի, որ ՊԵԿ-ը այդքան ճոխ ապրում է հենց ժողովրդի հաշվին: «Շատ կարևոր է, որ, ի վերջո, կարողանանք փոխել հանրության որոշակի մասի ընկալումը, եթե շատ պատկերավոր ասեմ, կներեք այս պատկերավոր ձևակերպման համար, թե Պետեկամուտների կոմիտեն ապրում է իրենց հաշվին և իրենց շահերի հաշվին: Շատ կարևոր է, որ հանրությունը տեսնի և զգա, որ Պետական եկամուտների կոմիտեն անհաղորդ չէ իր հասցեին հնչող քննադատությունների վերաբերյալ` սկսած շարժուձևից, աշխատանքի ոճից, ընդհանուր բովանդակությունից և կեցվածքից», - պահանջել էր Նիկոլը իր կնոջ ազգականից: Սակայն պատասխանելով իր որդու առասպելական հարստությունների մասին հարցին` Մաշադյանը պարզապես ցնցող մտքեր է հայտարարում. «Պետեկամուտների կոմիտեի ցանկացած աշխատող... երեք ամսից միլիոնատեր է դառնում, որովհետեւ այդքան են վաստակում»: Այ քեզ բան: Այս խոստովանությունը կարելի է միանգամից  դնել ե՛ւ Նիկոլի, ե՛ւ Արթուր Վանեցյանի առաջ: Այսինքն` ինչպե՞ս Հայաստանի պետական համակարգում կա կոմիտե, որտեղ ցանկացած աշխատող երեք ամսում դառնում է միլիոնատե՞ր, եւ սա՞ է ՊԵԿ-ի նոր իմիջը: Սակայն  ո՞ւմ հաշվին, պարոնայք ՊԵԿ-ի ղեկավարներ: Եվ սա ի՞նչ է, եթե ոչ պետական բյուջեի թալա՞ն, իսկ գուցե կոռուպցիա՞: Ահա այստեղ է, որ պետք է մի փոքր հետ անդրադարձ կատարենք Ռաֆիկ Մաշադյանի հետ կապված իրադարձություններին :

Իսկ ո՞վ էր Մաշադյանը հեղափոխությունից առաջ

Ի դեպ, հարց է ծագում, իսկ ո՞վ էր Մաշադյանը հեղափոխությունից առաջ: Նա ՊԵԿ համակարգում է 1996թ.-ից: Ընդ որում, ղեկավարել է մի շարք տարածքային բաժիններ, որից հետո անցել ՊԵԿ կենտրոնական ապարատ: Թե ի՞նչ էր կատարվում ՊԵԿ տարածքային բաժիններում 90-ականների վերջին եւ 2000-ականների սկզբին, ձեզ կարող է վկայել ցանկացած գործարար: Այսպիսի գործարարներից մեկը մեզ պատմեց, թե 2002-03թթ. ինչպիսի բեսպրեդել էր տիրում Մաշադյանի ղեկավարած Քանաքաեռ-Զեյթուն հարկայինում: «Ինձ պարզապես հետապնդում էին: Չէին թողնում աշխատել: Մաշադյանը անձամբ ամեն ինչ անում էր , որպեսզի իմ ՍՊԸ-ն փակվի: Ստուգումը` ստուգման վրա: Ես խանգարում էի հարկայինին, քանի որ ներմուծում էի այնպիսի ապրանքներ, որոնք պետք է լինեին մի քանի հոգու ձեռքում»,- պատմում է գործարարը: Առաջին ստուգումից հետո, որը, ի դեպ, ապօրինաբար ձգձգել են 4 ամիս, գործարարի վրա խոշոր գումարի ակտ էին գրել: Այդ 4 ամսվա ընթացքում հարկայինի այդ ճնշումների մասին հայտնի է դառնում ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին, որոնք բարձրաձայնում են հարցը եւ գործարարին հրավիրում են Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմ: Իսկ գործարարը  հարկայինի ակտը  բողոքարկել է Առաջին ատյանի դատարան, որտեղ շահել է դատը, սակայն հարկայինին շատ էր պետք փակել այդ խանգարող ՍՊԸ-ն: Նա ստանում է վարչապետի հանձնարարականով կրկնակի ստուգում իրականացնելու հնարավորությունը: Հարկայինը նույնիսկ չէր վերադարձրել գործարարի փաստաթղթերը նախորդ ստուգումից հետո մնացած եւ, նշանակելով նոր մեծ տուգանքներ, ըստ էության, փակել է ՍՊԸ-ն: Ահա այսպես էր Մաշադյանը խեղդում փոքր բիզնեսին` տեղ բացելով մոնոպոլիստների համար: Թե ինչո՞ւ հատկապես Մաշադյանը դարձավ ՊԵԿ-ի առաջին տեղակալ, կարելի է միայն ենթադրել: Գուցե հարազատական կապերը իրենց անդիմադրելի դերն ունեցան, իսկ գուցե «նոր» Հայաստանում շատ են պետք հին «քյարթու» հարկայիններ:

Կոպտորեն խախտվում են աշխատողների իրավունքները

«Երբ որ Մաշադյանը ՊԵԿ խոշոր հարկ վճարողների տեսչության պետն էր` նրա կողմից սպասարկվող հարկատուների ցանկում կային կարգոների կոռուպցիոն սխեմաներում ներառված տնտեսվարողներ, որոնց կողմից պետությանը չվճարված հարկերը` Մաշադյանի իմացությամբ տասնյակ միլիոնավոր դոլարների են հասնում, իսկ հիմա նա կառավարության նիստում խոսում է լրացուցիչ 38 միլիոն դրամ հաշվարկված եկամտի մասին։

Մինչև ատամները կոռումպացված ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը զբաղվում է սաբոտաժով` միաժամանակ պարտակում է չարամտորեն հարկերից խուսափող հարկատուների հանցագործությունները։
Մաշադյանը ամենաուղղակի ներգրավվածություն է ունեցել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կոռուպցիոն հանցագործություններին»։ 
Այս մասին 28.06.2018թ.գրում էր օգտատեր Ռոբերտ Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում:

Նշենք նաեւ, որ հին իշխանությունները 2017թ.  Մաշադյանին հեռացրին ՊԵԿ-ի խոշոր հարկ վճարողների վարչության պետի պաշտոնից եւ, ըստ էության, պաշտոնի իջեցմամբ նշանակեցին փոքր հարկ տվողների վարչության պետ: Բանն այն  է, որ հարկերի 80 տոկոսը տալիս են խոշոր հարկատուները, որոնց հետ աշխատանքը այլեւս Մաշադյանին չվստահվեց, եւ 2017թ.-ին Մաշադյանի հեռացվելուց հետո խոշոր հարկ տվողների մուծած հարկերը կտրուկ աճ ունեցան, ինչը ենթադրում է, որ Մաշադյանի, այսպես կոչված, պայմանավորվածությունների մեթոդով աշխատանքը շատ բացասական էր ազդում ՀՀ պետբյուջեի վրա:

Մաշադյանի ունեցվածքի վերաբերյալ Ձեր տեղեկատվությունը, մեղմ ասած, չափազանցված է

Մաշադյանը ՊԵԿ փոխնախագահ նշանակվեց սուպերմարկետների հետ կապված աղմկոտ բացահայտումից հետո, երբ նա եւս վկայի կարգավիճակով կանչվեց ԱԱԾ՝ հարցաքննության:

Հարցին, թե ինչու Մաշադյանը փոխնախագահ նշանակվեց, եթե կային նման կասկածներ, Վանեցյանը նշեց.

«Դա չի նշանակում, որ եթե մարդը նշանակվել է պաշտոնին, ուրեմն ինքը դառնում է անձեռնմխելի։ Եթե մարդը արել է ինչ-որ արարք, պետք է պատասխան տա»։

Հարցին՝ «Երբ 11 սուպերմարկետներին արտոնություն է տրվել, ներկա եղե՞լ եք», Պեկ փոխնախագահի աթոռին արդեն տեղավորված Մաշադյանը պատասխանեց. «Որեւիցե կազմակերպության արտոնություն չի տրվել: ՊԵԿ-ում տարբեր հանդիպումներ են լինում, քննարկումներ: Այո, այն ժամանակ ես ի պաշտոնե մասնակցել եմ քննարկումներին»:

Հիշեցնենք, ըստ մամուլի հրապարակումների, Ռաֆիկ Մաշադյանը հարցաքննվում էր, քանի որ ներկա է եղել հայտնի բանակցություններին և պայմանավորվածություններին, երբ որոշվել է սուպերմարկետներին տալ հնարավորություն 20% եկամտահարկի փոխարեն վճարել 5% հարկ:

Այդ օրերին «Իրավունքը» գրում էր. «Հա, ի դեպ, էն 11 սուպերխանութպանների գործը ի՞նչ եղավ: Բա ասում էիք` վայ-վայ խաբեցին, հարկերը չտվեցին, բա ո՞նց է, որ դրանց տները ԱԱԾ-ն չի գնում, թե՞ անցավ, գնաց: Էն Մաշադյանների ու իր նմանների իմացած ու հին Հայաստանից «նոր» Հայաստան տեղափոխված մեթոդներով հարցերը լուծվեցին, թե՞ ԱԱԾ-ն, ասենք, ՍԱՍ-ի Արտակի տան տեղը չգիտի: Իսկ գուցե Լֆիկի միամիտ դեմքին նայելով` հավատացե՞լ է նրան, թե փող չունի: Իսկ դուք ասում եք 7 միլիոն դրամի տուշոնկա: Չէ, չենք ասում, որ տուշոնկի գողը գող չի, ասում ենք` դրանից մեծ գողերի ու մեծամեծ թալանչիների վրա, երբ աչք եք փակում, այդտեղ է, որ այդ ամենը դառնում է «Մասկի շոու»»: 

«Նոր» Հայաստանում պաշտոնի բարձրացում ստանալուց հետո Մաշադյանը սկսել է իր ծանոթ-բարեկամներին տեղավորել ՊԵԿ-ում: Մասնավորապես՝ 2018թ. հուլիսի 13-ին հրաման է ստորագրվել Ալբերտ Ալեքսանյանին ՊԵԿ կազմակերպման եւ հսկողության վարչության պետի տեղակալ նշանակելու մասին: Ալբերտ Ալեքսանյանը Ռաֆիկ Մաշադյանի եղբոր փեսան է: Մինչեւ դա նա ՊԵԿ-ում ընդամենը տեսուչ էր աշխատում:

  Իսկ 2018թ. օգոստոսի 8-ին «Իրավունքը» գրում էր.

Ըստ ադրբեջանական մամուլի հայ զինվորը գտնվում է իրենց մոտ

«Օպերատիվ հետախուզության վարչության մրցույթին  մասնակցել է նաեւ  փոքր հարկ վճարողների վարչության պետ ՏԻԳՐԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻ որդին` ՆԱՐԵԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ: Ընդ որում` վերջինիս կնքահայրն է ՊԵԿ նախագահի տեղակալ եւ միաժամանակ ընդունելության հանձնաժողովի նախագահ ՌԱՖԻԿ ՄԱՇԱԴՅԱՆԸ»:

Ի դեպ, ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսպես է արձագանքել  ֆեյսբուքյան օգտատերերից մեկի քննադատությանը, որի համաձայն՝ կոմիտեի բարձրաստիճան նշանակումները փաստում են, որ համակարգը նախորդներից ռեկորդային է լինելու կոռուպցիոն մակարդակով. «Մաշադյանի ունեցվածքի վերաբերյալ Ձեր տեղեկատվությունը, մեղմ ասած, չափազանցված է»:

Իսկ ունեցվածքը, ըստ 2017թ. հայտարարագրի (2018-ինը, չգիտես ինչու բացակայում է), մի 100 հազար դոլար է եւ մի 5 մլն դրամ, մեկ առանձնատուն, մեկ բնակարան, մի երկու հողամաս, որը նա ստեղծել է 1996թ.-ից բացառապես ՊԵԿ-ում քրտնաջան աշխատանքով:

Ա. Հովհաննիսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА