ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

19.02.2019 20:15 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Պատկերացնո՞ւմ եք, ինչքան էլ զարմանալի լինի, հավատացող կա, որ կառավարությունը զբաղված է օլիգարխների դեմ պայքարով: Եվ դա ոչ թե շարքային զոմբի է, այլ բավականին հայտնի գործարար ՓԱՅԼԱԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ: Իսկ հիմա կարդալիս պինդ բռնվեք: Նրա խոսքերով` ճիշտ է, այդ ուղղությամբ հեղափոխությունից հետո մեծ աշխատանք է կատարվել, բայց դեռ տեղ կա «Հողը որքան էլ քաղհանում ես, մեկ է, մոլախոտեր աճում են: Բայց պետք է ասեմ, որ մեր պետությունը 50 տոկոս շահել է, որ այդ բաշիբոզուկները հեռացել են: Որ եղածը չեն թալանում, հայ ժողովուրդն արդեն շահած է դուրս գալիս, որ ժողովրդի ունեցածի մեջ 50 տոկոս փայ չեն մտնում, արդեն շահած է դուրս գալիս ժողովուրդը: Մնում է մենք բոլորս դիվանների վրայից վեր կենանք ու գնանք աշխատելու: Եթե բոլորս այսպես մտածենք, Հայաստանը մեկ-երկու տարում մեծ առաջընթաց կունենա: Այս նոր կառավարությունը ինչ ասում եւ ինչ անում է` ես հավատում եմ, մենք մեծ սպասելիքներ ունենք»,- ասաց Հայրապետյանը եւ հավելեց. «Երբ մենք փոքր էինք, մայրս մեզ միշտ ասում էր, որ 2000 թվականին Քրիստոսը գալու է, լավ է լինելու: Ես իմ մոր ասած 2000 թիվը հիմա համեմատում եմ այսօրվա իրավիճակի հետ: Փաշինյանն այն Քրիստոսն է, որ հետ է եկել Հայաստանը փրկելու: Այ, այսպիսի համեմատություն եմ ես անում»:

ԶԱՐՄԱՆՔ

Նիկոլին Քրիստոսի հետ համեմատող այդ վայ-գործարարից հետո արդեն մի տեսակ շատ մեղմ է ընկալվում առողջապահության նախարար ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ֆեյսբուքյան գրառումը, որը Ֆեյսբուքի օգտատերերի կողմից արժանացել է ծաղրի ու բազում կատակների. «Այո՛. կայսր Նապոլեոն Բոնապարտի հաղթական ոգին քո մեջ է, Նիկոլ: Չէ՛, դու ավելի հզոր ես, Նիկոլ: Բոնապարտի 1805թ. Աուստեռլիցի ճակատամարտի հաղթանակը ոչինչ է թավշյա հեղափոխության քո փայլուն հաղթանակի կողքին: Viva la revolucion, Viva la Nikol»: Դե, մարդը սահմանափակվել է ընդամենը Բոնապարտի հետ համեմատելով: Բայց չզարմանաք, Արսեն Թորոսյանի այս գրառման մեջ նաեւ պոզիտիվ կա: Վերջերս «ուրիշ մասնագետները» բողոքում են, որ նոր սերնդից քչերն են իրենք իրենց Նապոլեոն հռչակում, քանզի պարզապես չգիտեն, թե Բոնապարտն ով էր: Այն, որ Թորոսյանը գիտի ե՛ւ Բոնապարտի, ե՛ւ Աուստեռլիցի մասին, արդեն լավ է:

ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, այս կիրակի ոստիկանները բռնել էին Հ1-ի ՀԱՂՈՐԴԱՎԱՐԻ` թմրանյութի համար: Հիշեցնենք, որ հաղորդավար 35-ամյա Արման Մարգարյանն ու դիզայներ 32-ամյա Հովհաննես Վահրամյանը բերման են ենթարկվել: Նշվում է, որ Վահրամյանի մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է 1.7 գ կշռով դեղնականաչավուն զանգված եւ 1,5 գ ընդհանուր կշռով ապակե կաթոցիչ գլանակ, որի մեջ եւս առկա է եղել դեղնականաչավուն զանգված: Եվ կարծում եք ինչ, նա զղջացե՞լ է իր արարքի համար: Ամենեւին էլ ոչ, ընդամենը մատնանշել է, որ ինքը 35 տարեկան չէ, մեկ էլ տարածել հայտարարություն. «Ամբողջ աշխարհը լցված է մարիխուանայով, դրանով բյուջե են լցնում»: Փաստորեն, ինչքան էլ զարմանալի լինի, Հանրային հեռուստատեսության հաղորդավարը մարիխուանայի քարոզչություն է անում:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА