ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայոց բանա՜կ, քեզ միայն հաղթանակներ` ապագա դարերում...

16.02.2019 21:31 ԹԵՄԱ
Հայոց բանա՜կ, քեզ միայն հաղթանակներ` ապագա դարերում...

ՀԱՅՈՑ ԲԱՆԱ՜Կ, ՔԵԶ ՄԻԱՅՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ`

Պետք է հասնել նրան, որ հրավառությունը թույլատրվի միայն պետական տոներին. Արսեն Թորոսյան

ԱՊԱԳԱ ԴԱՐԵՐՈՒՄ...

(Նվիրվում է Հայոց բանակի ծննդյան 27-րդ տարեդարձին)

1989-91 թվականներին Հայաստանի և Արցախի վտանգված սահմանները պաշտպանելու ելած հայ կամավորականների անզուգական սխրանքներով և թափած արյամբ միայն կարողացանք պաշտպանել մեր հայրենիքը` գորբաչովյան ստահակների դավադիր տանկային շարասյուների ու մահմեդական շնագայլերի ոհմակների հարձակումներից:

1991թ. աշնանից սկսած, Հայաստանի ղեկավարությունը մարտնչող մարտական հրամանատարների և հայ զինվորականության հետ միասին, խիստ գաղտնիության պայմաններում կազմակերպեցին Հայոց բանակի ամենաարագ կերպով ստեղծման գաղափարը, որի ծննդյան սկիզբը ազդարարվեց 1992թ. հունվարի 28-ով և նշված օրը դարձավ Հայոց բանակի ծննդյան օրը: Այս մեծ և համաժողովրդական տոնի կապակցությամբ, որպես Արցախյան պատերազմի մասնակից` հազարավոր ազատամարտիկներից մեկը, ցանկանում եմ շնորհավորել Հայոց բանակի ողջ անձնակազմին` զինվորներին, սպաներին և գեներալներին, ու ցանկանալ նրանց քաջառողջություն և հաղթանակներ: Շնորհավորում եմ նաև Արցախյան պատերազմի մասնակից ՌԴ և Հայաստանի գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցին, Շուշիի ազատագրման կազմակերպիչ գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանին (Կոմանդոսին): Միաժամանակ հավերժ փառք եմ ցանկանում Արցախյան պատերազմում և 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված բոլոր զինվորների ու սպաների հիշատակին, ինչպես նաև այն հայազգի գեներալների հիշատակին` հանձինս ջավախեցի գեներալներ Գ.Դալիբալթայանի և Մ.Աբրահամյանի, արցախահայ գեներալ Ք.Իվանյանի և ռուսահայ գեներալ Հ.Անդրեասյանի, որոնք Արցախյան պատերազմի ծանր օրերին հասան մեզ օգնության Հայոց բանակի կազմավորման գործում և ղեկավարեցին պատասխանատու ռազմական օպերացիաներ, ապահովելով միայն հաղթանակներ:

Վերջին 15-20 տարիների ընթացքում, հայատանյան մամուլում բավականին հոդվածներ եմ տպագրել` Հայոց բանակի առաջնեկ ՀՀ ՊՆ առաջին դեսանտագրոհային զորամասի կազմավորման ու մարտական ուղու մասին և այսօր անհրաժեշտություն չկա նորից կրկնելու արդեն տպագրված նյութերն ու պատմություն դարձած դրվագները, միայն հարկավոր է կենտրոնացնել նյութերն ու միջոցները, մեկ միասնական գիրք տպագրելու համար` «Այսպես կազմավորվեց ՀՀ ՊՆ առաջին դեսանտագրոհային զորամասը» վերնագրով: Պարզապես, որպես նախկին ռազմաճակատային սպա և Զորավար Անդրանիկի, լեգենդար Դրոյի ու Սպարապետ Նժդեհի գաղափարներով դաստիարակված զինվոր, չեմ կարող անտարբեր մնալ հայոց ազատամարտի հուշերի նկատմամբ, հատկապես եթե նորօրյա Արցախյան գոյամարտին են վերաբերվում այդ հուշերը և նորօրյա Հայոց բանակի ծննդյան հետ են կապված...

Ուստի Հայոց բանակի ծննդյան օրվա առթիվ միշտ էլ ցանկանում եմ հետաքրքիր հուշեր տպագրել Արցախյան պատերազմից, չէ որ հայ ժողովրդի հոգու խանդավառությամբ մենք կազմակերպեցինք ՀՀ ՊՆ առաջին դեսանտագրոհային զորամասը, հայ ժողովուրդը շռայլ առատաձեռնությամբ մեզ դիմավորեց Երևանում և ամենուրեք` 1992թ. մարտից մինչեւ հունիսի 5-ը և նշված ժամանակից մինչև նոյեմբերը, Լաչինի ճակատում մարտնչելիս` Գորիս քաղաքի և մարզի բնակչությունը հոգատար կերպով կերակրեց ու պահեց մեր զորամասի մարտնչող վաշտերի զինվորներին:

Ես հպարտ եմ ապրում, որովհետև իմ ժողովրդի մեջ ազատ եմ և անկաշկանդ, նույնիսկ որդեկորույս մայրերը` համոզված եմ, որ ինձ չեն անիծում, որ ես նրանց որդիներին տարել եմ ռազմաճակատ, որովհետև նրանք իմացել են, որ ես լինելով չորս մանկահասակ երեխաների հայր, 45-ամյա մայորս` 3 ամիս և ավել մարտական դիրքերում կանգնել եմ հայ զինվորի կողքին` կրակակետերում և ոչ թե թաքնվել կանանց թիկունքում: Կարծում եմ, որ մարդու ամենամեծ հարստությունը նրա անունն ու պատիվն է, որի մասին մեր ժողովրդի իմաստությունն ասում է.

Ինչ էին «կորցրել» հակաեկեղեցականները ՌԴ-ում

– Ուղտին նստած չես կարող կուզեկուզ ման գալ,- այսինքն` ժողովուրդը բոլորիս էլ լավ է ճանաչում:

– Մարդուս վերջը բարի լինի,- այսինքն` մարդիկ պետք է խիղճ ու բանականություն ունենան, որպեսզի տարբերվեն գազաններից, այլապես նրանց սպասվում է Աստծո երկնային ահեղ դատաստանը:

Ահա այսպիսի բարյացակամ գաղափարներով ես ապրում և ստեղծագործում, քանի որ մեր ժողովուրդը զգոն է և ուշադիր, սակայն վախկոտ չէ` չարի հանդեպ, պարզապես անպաշտպան է, երբեմն` անարդարությունների դեմ մարտնչելիս...

Ես արդեն 72 տարեկան եմ և վերջին 30 տարին (1987-2018թթ.) քայլում եմ ռուսական բանակային սպայի համազգեստով, որից վերջին 5 տարին` ռուս-կազակական գնդապետի համազգեստով և ի լուր աշխարհի հայտնում եմ, որ Հայաստանի բոլոր բնակավայրերում ինձ հետ վերաբերվում են հարգանքով: Թե որքան ուշադիր է մեր ժողովուրդը, այդ մասին բերեմ վերջերս տեղի ունեցած մի փաստ, որը ինչքանով զարմանալի է` նույնքան էլ ուրախալի... Հերթական ստեղծագործություն-բրոշյուրներով կապոցը ձեռքիս, մետրոյով Երիտասարդականից գնում եմ Երևանի երկաթգծի կայարան, որտեղից ավտոբուսով մեկնում եմ քաղաք Աբովյան:

Մետրոյում հանդիպած, անծանոթ բարեկիրթ կեցվածքով տղամարդը դիմում է ինձ, թե Ձեզ կարելի է մի րոպե: Մտածում եմ, թե ով է և ինչ գործ պետք է ունենա ինձ հետ, և ի զարմանք ինձ` հնչում է հետևյալ նախադասությունը.

– Դուք այն սպան եք, որ հաճախ մամուլում Զորավար Անդրանիկի մասին հոդվածներ եք գրում...

Ես հիացմունքով նայում եմ անծանոթին և հիանում նրա մարդ կերպարով և ուրախանում եմ, որ մեր իրականության մեջ ապրում են նման մարդիկ... Այլապես, մեր հասարակության մեջ երբեմն հանդիպում ես մարդկանց կղզիացած խմբերի, նույնիսկ, որ պարզ չէ, թե ինչով է ապրում և դեպի ուր է գնում այդ «կոսմոպոլիտ հայերի» մերօրյա քարավանը: Ակամայից հիշեցի հայոց մեծ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի 1970-ականների սկզբին գրված «Քարավանները դեռ քայլում են» աշխատությունը: Այսօր էլ հեռացող քարավանները մեզանից տանում են երիտասարդներին, որը թուլացնում է մեր ազգին ու երկրին, թե տնտեսապես և թե գաղափարապես:

Քննադատությունը թողնենք մի կողմ, և այս տոնական տրամադրությամբ գրենք հուշեր Հայոց բանակի ծննդյան օրվա առթիվ և հատկապես նրա առաջնեկի` Նուբարաշենի ՀՀ ՊՆ առաջին դեսանտագրոհային զորամասի մասին:

1989-91թթ. ընթացքում ես ծառայում էի Կոտայքի շրջսովետի գործկոմի քաղպաշպանության շտաբի պետի պաշտոնում և մասնակցում էի շրջանի կամավորական ջոկատի կազմակերպչական աշխատանքներին: «Գետաշենի արյունը չպետք է գետնին մնա» հոդվածում մանրամասն նկարագրել եմ, թե ինչպես 1991թ. մայիսի 1-ի լույս գիշերը, տագնապով վեր բարձրացրին մեզ` երևանամերձ 15-16 կամավորական ջոկատների, և ժամը 6:30-7:00-ին արդեն շարված էինք Երևանի Շահումյանի պալատի ընդարձակ հրապարակում: Եվ այնուհետև, մայիսի 1-7-ին ինչպես եմ հայտնվել Հատուկ գնդի 1-ին վաշտի հրամանատար, հետագայում` հետմահու Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի մոտ և նրա հրամանատարությամբ մասնակցել Տավուշի և Իջևանի շրջանների սահմանների մարտական գործողություններին, այս մասին ես բավականին հոդվածներ եմ տպագրել հայկական մամուլում:

«Որքան էլ ասենք՝ հիշում եւ պահանջում ենք, դրանից բան չի փոխվելու». Արամ Սարգսյան (Տեսանյութ)

Հետաքրքիր է, որ կամավորական կռիվների տարիներին` շատերս հոգեբանությամբ սկսեցինք ապրել, կարծես «հայդուկային-նվիրական» կյանքով, ավելի ընկերասեր ու ազգասեր էինք, երևի երկիրն ու ազգը պաշտպանելու բնազդը մեզ միավորում էր միասնական մեծ ընտանիքի մեջ` անկախ ապրուստի պայմաններից: Անկախ մեր կամքից ցանկանում էինք մեր քաջությամբ ու հայրենասիրությամբ նմանվել հայդուկապետեր Սերոբ Աղբյուրին, Զորավար Անդրանիկին, Գևորգ Չավուշին, Դրոյին, Նժդեհին, Մախլուտոյին և մյուսներին:

Ավելի զգուշավոր էինք վերաբերվում հոգևոր արժեքների հետ, առանձնակի հարգանք էինք դրսևորում հայոց եկեղեցու և քրիստոնեական վանքերի նկատմամբ: Մարտի գնալուց առաջ գնում էինք եկեղեցի, մասնակցում եկեղեցում կատարվող ծիսակատարությանը, մարտից վերադառնալուց նույնպես գնում էինք եկեղեցի: Կամավորական կռիվների տարիներին, ես հաճախ էի այցելում Գեղարդի վանք, իհարկե, ընկերներիս հետ միասին և վանահորը խնդրում էի, որ օրհնի մեր պայքարը և մարտադաշտ ուղարկելուց առաջ` մեզ անմահություն ու հաղթանակ ցանկանա:

Այդ տարիներին ես 3 դուստրերի հայր էի և տղա դեռ չունեի, իսկ 1991թ. մայիսին, երբ մեկնում էի մարտական գործողությունների, տիկինս հղիության վիճակում էր և եղբայրներիս, տիկնոջս ու մյուս հարազատներիս պատվիրեցի, որ եթե զոհվեմ և ինձ որդի ծնվի` նրան կանվանեք Գևորգ Չավուշ և կնունքը կկատարեք մեր Գեղարդի վանքում, որտեղ ես կնքվել եմ 1955 թվականին: Անվանումը պայմանավորված էր նրանով, որ մեկ տարի առաջ փոքր եղբորս տիկինը տղա երեխա էր ծննդաբերել և նրան անվանակոչել էինք Անդրանիկ, ու դա կապված էր Զորավար Անդրանիկի ծննդյան 125-րդ տարեդարձի միջոցառումների հետ: Բարեբախտաբար մարտական գործողություններից ես ողջ վերադարձա: Հոկտեմբերի 12-ին տղաս ծնվեց, որին աշխատանքային ընկերներիս խնդրանքով Լևոն անվանակոչեցինք, սակայն շրջապատում առավել հայտնի է որպես Գևորգ Չավուշ:

1992թ. հունիսի 9-ին, Արցախյան ռազմաճակատ մեկնեցի արդեն Հայոց բանակի մայորի ուսադիրներով` ՀՀ ՊՆ առաջին դեսանտագրոհային գնդի 1-ին գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոնում: Այդ ժամանակ տղաս ընդամենը 8 ամսական էր և հարազատներս հանդիմանում էին, ասելով հետևյալ խոսքերը. «Ինչպես ես թողնում մանկահասակ չորս երեխաներիդ և միակ փոքրիկ տղայիդ` մի քանի ամսական ընդամենը»:

Ես լուռ էի, տղամարդկային արժանապատվությունս չէր թողնում, որ խոսեի, ուղեկցող չորս ավտոմատավոր զինվորներիս էի միայն կարգադրում, որ շուտ իմ տան իրերը, որ բերել էինք Աբովյան քաղաքի իմ բնակարանից` արագ իջեցնեն ինձ համար հատկացված զինվորական «Վիլիս» մեքենայից և տեղավորեն կենսաթոշակառու մորս և նկարիչ եղբորս` Ռուբեն Բաբայանի Գառնիի բնակարանում:

Հասկանալի է կարծեմ, որ տիկնոջս ու չորս մանկահասակ երեխաներիս անորոշ ժամանակով թողնում էի ծնողներիս և եղբորս տանը ու մեկնում էի ռազմաճակատ: Ինձ հետ էին անբաժան չորս ընկերներս, որոնցից սույն զինվորական լուսանկարում են ձախից` Արթուր Գասպարյանը և աջից Կարեն Հարությունյանը` երկուսն էլ նստած վիճակում, մյուս երկուսը մեր զորամասի բեռնատարների վարորդներն են Էջմիածնից:

«Այս պայքարը երբեք ժամկետանց չէ». Վիգեն Սարգսյան (Տեսանյութ)

Լուսաբացից առաջ` 4:30-ից 5:00-ի սահմաններում պետք է հասցնեինք զինված մեր շարասյանը Արարատի վաշտի մոտ` Երասխում, որտեղից զինված պահպանությամբ ուղեկցեցինք մինչև Գորիսի վաշտ, իսկ Լաչինի մեր զորքերի տեղակայման դիրքեր հասանք հաջորդ օրվա գիշերվա 2:30-ի սահմաններում:

ՀՀ ՊՆ դեսանտագրոհային զորամասի մասին որևէ նյութ, հոդված գրելիս հնարավոր չէ չնշել այդ չորս անբաժան ընկերների մասին և չներկայացնել նրանց ռազմաճակատային լուսանկարը: Քանի որ այդ չորս անբաժան ընկերներն էին առաջինը` 1991թ. դեկտեմբերի կեսերին կամավոր ներկայացել Նուբարաշենում ձևավորվող զորամաս և իրենց հետ բերել էին 15-20 իրենց ընկերներին: Դրանք էին` Արարատ ավանից Արթուր Գասպարյանը և Մասիս ավանից` Կարեն Հարությունյանը, Վրեժ Հակոբյանը և Վիտալի Մանուչարյանը, որոնք մեր զորամասի կազմավորման առաջին օրերից հանդիսացան առաջին վաշտի միջուկը, իսկ մարտական գործողությունների ճակատում` կռվող վաշտերի մարտական ոգին ու հարվածային բռունցքը:

Հետաքրքրության համար մեկ անգամ ևս վերհիշենք մեր Հայոց նորօրյա բանակի առաջնեկի` Նուբարաշենի ՀՀ ՊՆ առաջին դեսանտագրոհային զորամասի հիշարժան տարեթվերն ու դրվագները: Այսպես. 1991թ. դեկտեմբերի 24-ին, Երևանի Կինոյի տանը կայացավ նորանշանակ ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հանդիպումը զինակոչիկների ծնողների հետ, որտեղ նորանշանակ պաշտպանության նախարարը պատասխանեց զինակոչիկների ծնողներին հետաքրքրող և հուզող հարցերին:

1992թ. հունվարի 22-ին, Նուբարաշենում ձևավորվող մեր զորամաս այցելեց պաշտպանության նախարար Վ.Սարգսյանը` թիկունքային ծառայության սպաների և 20 զինվորների հետ, որոնք Արարատից և Վեդիից էին, այսինքն` սպարապետի հավատարիմ համերկրացիները: Այդ օրը պաշտպանության նախարարը կարգադրեց մեզ.

1. Ներկայացված առաջին զինվորների խմբաքանակը իրենց իրերի հետ միասին տեղավորել համապատասխան զինկացարանում, վաղ առավոտից ընդգրկել համապատասխան ուսուցման պարապմունքների դասընթացներում:

2. Վաղվանից նախապատրաստել առաջին գումարտակի ճաշարանն ու զինկացարանը և ս/թ. փետրվարի 25-ին զեկուցել, որ պատրաստ է և կարող ենք առաջին զորակոչի կատարումը սկսել:

3. Ներկայումս` անձնակազմի եղած ուժերով սկսել խորհրդային բանակի ՆԳ լքված զորամասի տարածքի մաքրման աշխատանքները...

Կատարելով նախարարի հրամանը, ժամանակին հասցրեցինք վերանորոգման աշխատանքները և զորամասի տարածքից 70 բեռնատար մեքենա աղբ թափեցինք` մաքրելով տարածքը: Փետրվարի 13-ին ընդունեցինք զորամասի տեխնիկան, սպառազինության ու հանդերձանքի պահեստները և առաջին վաշտի ուժերով կազմակերպեցինք օբյեկտների զինված պահպանությունը (կարաուլ):

Փետրվարի 20-ին, մեր զորամասի սպաների և ենթասպաների մի մասը նորաստեղծ Պաշտպանության նախարարությունում անցնելով մանդատային հանձնաժողովով` ստացավ համապատասխան կոչումներ և հրամանագրվեց պաշտոնների: Մարտի 1-ի նախօրյակին, երբ զեկուցեցինք զորակոչին պատրաստ լինելու մասին, կատարվեց հետաքրքիր հետևյալ միջադեպը.

Սպարապետ Վազգեն Սարգսյանը մեր զորամասի հրամանատար փոխգնդապետ Ա.Պետրոսյանին հանձնարարել էր, որ զորակոչի հարցում նկատի ունեցեք նաև մայոր Բ.Բաբայանի կարծիքը, թե զորակոչը որ շրջաններից է նպատակահարմար սկսել, քանի որ ինձ ճանաչում էր 1991թ. մայիսի 1-10-ի Տավուշի և Իջևանի շրջանների սահմանի կռիվներից: Շնորհակալութուն հայտնելով Սպարապետ-նախարար Վ.Սարգսյանին` այդքան կարևոր հարցով իմ կարծիքը հարգելու համար, Աշոտ Պետրոսյանի միջոցով հայտնում եմ.

Ի հիշատակ Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի. Մխիթարյանի գրառումը

– Նպատակահարմար եմ գտնում զորակոչը սկսել Թալինի, Աշտարակի և Ապարանի շրջաններից, քանի որ այնտեղ ազգաբնակչության մեծամասնությունը մշեցիներ ու սասունցիներ են, և պապական արյան կանչով նրանք կելնեն թուրքերի դեմ կռվի:

Մարտի 1-ին, հրամանատարի տեխգծով տեղակալ, մայոր Աշոտ Դանիելյանի հետ միասին 90-100 զինակոչիկ տեղափոխեցինք Թալինի շրջանից Նուբարաշենի մեր զորամաս և համալրեցինք ևս մեկ ժամանակակից մոտոհրաձգային վաշտ:

Պատասխանատու և ծանր օր էր մեզ համար 1992թ. մայիսի 24-ը. երբ մեր զորամասն ընդունեց «զինվորական երդումը», այն վերածվեց համաժողովրդական տոնի և ոչ պակաս կարևոր էր նաև մայիսի 28-ի զորահանդեսը, որին մասնակցեց նաև մեր զորամասը:

Տոնակատարությունն այնքան խանդավառ էր ու ժողովրդական, որ մեզ զվարթ և ուրախ հայացքներով դիմավորում էին բոլորը` ծանոթ և անծանոթ, պաշտոնյաներ ու հասարակ ժողովուրդը...

Նշված միջոցառումներին և առհասարակ զորամասի բոլոր կարևոր հարցերի համար գիշերուզօր կանգնած էր մայոր Աշոտ Դանիելյանը, որը ոչ մի անգամ չէր ասում, որ ինքը ղարաբաղցի է, բայց գործով էր օգնում բանակին ու Ղարաբաղի պաշտպանությանը: Այսօր ես հպարտանում եմ, որ Աշոտ Դանիելյանի նման մարտական նվիրյալ ընկեր եմ ունեցել, որը, իրոք, կռվել է թուրք զավթիչների դեմ, պայքարել Ղարաբաղի ազատության համար: Գնդապետ Աշոտ Դանիելյանը ինչ պաշտոնների էլ, որ հասել է Հայոց բանակում, ապա հասել է իր աշխատասիրության ու նվիրվածության շնորհիվ:

1992թ. հունիսի 9-ից մինչև հուլիսի վերջը` գտնվելով Լաչինի ճակատում, հաճախ էի ընկել հակառակորդի հրետակոծության ու ռեակտիվ «Գրադ» և «Ուռագան» կայանքների համազարկերի տակ, կարելի է ասել` հրաշքով ողջ մնացած ճակատային սպա էի, և վերջապես օգոստոսի սկզբին արձակուրդ եկա ընտանիքիս մոտ:

Պատկերացրեք, թե ինչպիսի ապրումների ու կարիքի մեջ էին ընտանիքս ու երեխաներս, սակայն օգոստոսի 10-ին նորից գործուղեցին ռազմաճակատ, հասկանալի է, թե ովքեր էին մեզ ղեկավարում, բայց պարզապես տղամարդկային արժանապատվությունը թույլ չէր տալիս խորանալու շատ հարցերում: Ոմանց իրոք` հայրենասիրության ու Ղարաբաղի փրկության ցավն էր բերել ռազմաճակատ, ոմանք էլ եկել էին պղտոր ջրերում ձուկ բռնելու, այսինքն` շահադիտական հարցերով:

1992թ. օգոստոսին` Լաչինի ճակատի հրամանատար գեներալ-մայոր Արտյուշ Հարությունյանի օգնականն էի և նախապատրաստվում էինք Լաչինի խորհրդակցությանը, որը տեղի ունեցավ օգոստոսի 16-ին, կիրակի օրը, խորհրդակցությունը վարում էր պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը: Լաչինի խորհրդակցության մասին ես մի քանի անգամ ծավալուն հոդվածներ եմ գրել, թե ինչ էր կատարվում Լաչինի կայազորում` նշված թվականի օգոստոսին:

Նիսի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին իր ծուխով վերադառնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո

1992թ. օգոստոսի 20-ին, Լաչինի ճակատ եկան մեր բրիգադի հրամանատար գնդապես Աշոտ Պետրոսյանն ու շտաբի պետ, մայոր Կարեն Մարգարյանը: Աշոտ Պետրոսյանն ինձ կարգադրեց վերադառնալ Երևան և մեր զորամասում շարունակել 3-րդ մոտոհրաձգային գումարտակի կոմպլեկտավորման աշխատանքները, քանի որ այդ գործում ես բավականին մեծ փորձ ունեի: Ես նոր էի հասել զորամաս, երբ զորամասի հրամանատարի տեղակալ` մայոր Աշոտ Դանիելյանի հետ ստացանք հրամանատար Ա.Պետրոսյանի հեռագիրը, որ պատրաստվեք զորամասում դիմավորելու` զոհեր ունենք: Դեռ թաղման արարողությունը չավարտած, հայտնվեց գաղտնի հեռագիր, որ զինվորների մի մեծ խումբ լքել է մարտական դիրքերը Լաչինում, ոմանք զենքերը հանձնել են Լաչինի շտաբում, մի մասն էլ ավտոմատ հրացանները տուն են բերել` հասցնելով Թալինի և Աշտարակի շրջաններ: Նշված շրջանների ոստիկանության աշխատակիցների հետ միասին` կարճ ժամկետում կարողացանք հայտնաբերել զենքերը և կարգի հրավիրել օրինազանց զինծառայողներին:

Մի քանի օր էր անցել արդեն, ես մեր զորամասի տարածքում, ավելի կոնկրետ` շարահրապարակում, համապատասխան պարապմունք էի անցկացնում զինվորների հետ, և հանկարծ զայրացած հայացքով ինձ է մոտենում հրամանատար Ա.Պետրոսյանը և մատնացույց անելով մոտակա սպային, ասում է հետևյալը.

– Պարոն Բաբայան, բացատրեք այս վայ-մայորին, թե ինչ տառապանքներով ենք ձմռան ցրտին զորամաս ստեղծել, զինվոր սովորեցրել, իսկ սա մեկ վեդրո ծիրանով պայմանավորված զինվոր է կարճատև արձակուրդ թողնում տուն, և զինվորը գնում է Արմավիրի շրջան ու չի վերադառնում:

Ես անխոս ու զարմանքով նայեցի նման սպայի վրա, իսկ խիստ զայրացած հրամանատարը շարունակեց հետևյալ խոսքերով, անպատվել տվյալ սպային:

– Համազգեստդ հանձնիր պահեստ և արագ հեռացիր զորամասի տարածքից, քանի դեռ հրաման չեմ տվել` քեզ ձերբակալելու մասին:

Գրագետ ու բանիմաց, բավականին սկզբունքային բարձրաստիճան սպա էր գնդապետ Աշոտ Սեդրակիչ Պետրոսյանը, որի հետ կարճ ծառայողական ու մարտական ճանապարհ անցա ես:

1993 թվականին արդեն հայտնվեցի Մայրաքաղաքային զորամասում, քանի որ դեսանտագրոհային մեր զորամասը ներգրավվեց Ղափանի և մյուս զորամիավորումների կազմում, իսկ գնդապետ Ա.Պետրոսյանը նշանակվեց բանակի թիկունքի պետի պաշտոնում: Ճիշտն ասած, 1992թ. աշնանը լսելով որոշ ղեկավարների կարծիքը, որ շուտով կավարտվի ղարաբաղյան պատերազմը, և ավելի լավ է անցնել մասնագիտական աշխատանքի, և քանի որ ես քաղաքացիական կյանքում 10 տարի աշխատել էի ՀԽՍՀ դատախազությունում, որպես քննիչ, և այդ պահին զինդատախազի մոտ` օգնականի ազատ տեղ կար, իսկ զինդատախազը ինձ ճանաչում էր ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետից, և ռազմաճակատում խիստ հսկողություն էի իրականացրել զենքի և տեխնիկայի պահպանության ուղղությամբ, համապատասխան նյութեր ներկայացրել զինդատախազությանը, ուստի ընդառաջելով և գնահատելով իմ մարտական ծառայությունները` ՀՀ ՊՆ դեսանտագրոհային բրիգադի թիկունքի շտաբի պետի պաշտոնից` 1992թ. դեկտեմբերի 1-ին ինձ տեղափոխեցին Հայաստանի Հանրապետության զինդատախազի օգնականի պաշտոնին` առաջին դասի իրավաբանի կոչում ունեի, այժմ ստանալով նաև արդարադատության մայորի կոչում:

Ուկրաինայի հայկական եկեղեցիներում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի աղոթք կհնչի

Մինչև 1993թ. մարտի սկիզբը աշխատելով նոր պաշտոնում, ես զգացի, որ այլևս չեմ կարող որպես իրավաբան աշխատել, առավել ևս դատախազության համակարգում, քանի որ 1978-85թթ. աշխատելով Թալինի շրջանի դատախազության քննիչի պաշտոնում, ես այնքան էի կարդացել Հայոց ցեղասպանության ու Արևմտյան Հայաստանի կոտորածների մասին, այնքան էի լսել մշեցի ու սասունցի ծերունիների պատմությունները Էրգրի մասին, հայդուկապետներ Արաբոյի, Աղբյուր Սերոբի, Գևորգ Չավուշի, Զորավար Անդրանիկի, Դրոյի, Մախլուտոյի և մյուսների մասին, որ արդեն իմ մեջ ձևավորվել էր վրիժառու հայդուկապետի հոգեբանություն և ես այժմ ցանկանում էի հասնել մարտադաշտ, կռվի բռնվել թուրք շնագայլերի ոհմակների հետ: Չէ՞ որ ես 1987թ. փետրվարի 1-ից մինչև ապրիլի 1-ը` Կիրովաբադի դիվիզիայի Ստեփանակերտում տեղակայված 18920C զորամասում սպայական կուրսերի քննությունները գերազանց հանձնելուց հետո` ստացել էի կապիտանի կոչում, վաշտի հրամանատարի պաշտոն` հետևակի ԲՄՊ-2 մարտական մեքենաների վրա, և 300 ռուբլի պարգևատրում, գերազանց գիտեի ժամանակակից պատերազմի և մարտական գործողություններ վարելու կանոնները, ուստի ես լավ գիտեի իմ տեղը մարտական շարքում:

Հանրապետության դատախազին դիմում գրեցի, որ ցանկանում եմ վերադառնալ Հայոց բանակ, որ իմ տեղը` մարտական շարքում եմ ես տեսնում, և ընդառաջեցին` 1993թ. մարտի 2-ից արդեն Մայրաքաղաքային գնդի կազմում էի, իսկ ապրիլի սկզբին արդեն գործուղեցին Լաչինի ռազմաճակատ: Ապրիլի վերջին գնդի հրամանատարի հրամանով ես վերադարձա և մարտերում ստացած որոշ վնասվածքներ բուժելուց հետո` շարունակեցի ծառայել զորամասի շտաբի պետի օգնականի պաշտոնում և մինչև աշուն ղեկավարեցի զորամասի սպառազինության ու մյուս պահեստների զինված պահպանությունը:

Ես նշված ժամանակահատվածում հասկացա, որ այդ զորամասում չկար կարգուկանոն, վաշտապետերը ոչ մի կանոնագրքով (ուստավներով) չէին ղեկավարվում, շատ նման էին նրանք 1918-20թթ. մաուզերիստ-խմբապետներին, որոնցից յուրաքանչյուր անգրագետ` իրեն մեծ «զորավար» էր կարծում կամ էլ պատկերացնում: Այդ օրերին ստիպված գնացի Պաշտպանության նախարարություն, գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանի մոտ և խնդրեցի ինձ համար որևէ գրագետ աշխատանքի հարց լուծի, քանի որ անձնակազմի գծով պաշտպանության նախարարի տեղակալն էր ինքը: Արկադի Իվանիչը նախ, որպես ռուսախոս գեներալ` ռուսերենով հարցրեց. «Պաչեմո՞ւ նե խոտիտե սլուժիտ վ էտոյ չաստի», ես նրան պատասխանեցի. «Տովարիշչ գեներալ, վ էտոյ չաստի նետ վոյեննոյ օրգանիզացիի»: Ռուսախոս գեներալը ավելացրեց, որ վսյո պոնյատնո ի բոլշե վապրոսով նետ: Վերջում ասաց, որ իր մոտ էլ լուրջ վիճակ է և չի կարող ինձ համապատասխան` մի գրագետ աշխատանքի տեղավորել:

Ես ստիպված էի տեղափոխվել Հայաստանի ԱԱՆ սահմանապահ զորքերի վարչություն, որտեղ ինձ նշանակեցին դեմարկացիայի և ռեդեմարկացիայի բաժնի պետի պաշտոնում, որը մոտ էր իրավաբանական ծառայությանը:

1994թ. ապրիլ ամսից մինչև սեպտեմբերը ծառայեցի սահմանապահ զորքերի վարչության ուսումնական կենտրոնի պետի տեղակալի պաշտոնում: Նշված պաշտոնում ուսուցանում էինք կրտսեր սպաներին և ենթասպաներին, իսկ ուսումնական կենտրոնը գտնվում էր Մասիսի շրջանի համապատասխան տարածքում: Սեպտեմբերի վերջին` կուրսերի հաջող ավարտից հետո, սահմանապահ հերթափոխի անձնակազմի հետ գործուղվեցի հատուկ ուղղության սահմանապահ զորքերի կոմենդանտուրա-կայազոր, որը ազատագրված Զանգելանի շրջանում էր գտնվում:

Բուլղարիայի ԱԳ փոխնախարարը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին` հատուկ ուղղության սահմանապահ զորքերի պարետի օգնականի պաշտոնում էի ծառայում, իսկ 1994թ. դեկտեմբերի 1-ից մինչև 1995թ. փետրվարի 1-ը` ծառայել եմ ՀՀ ԱԱՆ սահմանապահ զորքերի հատուկ ուղղության պարետի պաշտոնում: Այդ ժամանակաընթացքում կինս և 4 մանկահասակ երեխաներս Աբովյան քաղաքում ապրել էին ծայրահեղ ծանր նյութական պայմաններում, երեխաներս վերադարձիս գանգատվում էին. «Հայրիկ, քո բացակայության ընթացքում հացի խանութը մի քանի օրով հաց չէին տալիս` մինչև որ աշխատավարձդ ստանայինք ու մեզ հասցնեյին զորամասից»: Իսկ վարչության պետի տեղակալ գնդապետ Վ.Մխիթարյանը հերթական ծառայողական խումբը սահման ուղարկելիս` իր հանդիսավոր ելույթում հայտարարում էր.

– Ձեր ընտանիքներն այս ժամանակահատվածում, այսինքն` ձեր բացակայության ժամանակ կլինեն մեր վարչության և համապատասխան զինկոմիսարիատների ուշադրության կենտրոնում:

Սակայն մեր սահման մեկնելուց հետո զրո ուշադրություն էր տիրում: Փաստացի նկարագրեմ իրական վիճակը:

1994թ. դեկտեմբերի 31-ին, որպես պատասխանատու պարետ, 7 ուղեկալների անձնակազմերին Նոր տարվա քաղցրավենիք ու համապատասխան սննդամթերքով ապահովելուց հետո, ժամը 23:00-ի սահմաններում ծառայողական մեքենայով բարձրացա Կապան քաղաք և փոստից զանգահարեցի տուն, որ հրամայված է մնալ սահմանում, այսինքն` Նոր տարին կդիմավորեք առանց ինձ: Տիկնոջս համար դա նորություն չէր, ուստի նա հեռախոսափողը փոխանցեց փոքրիկ Լևոնիս.

– Հայրիկ, բա այսպիսի Նոր տարի է լինում, սեղանիս ոչ լիմոնադ կա, ոչ էլ կոնֆետ:

Ես տխրեցի և զայրացա, որ անսիրտ ու անշնորհք հրամանատար ու ղեկավարներ ունեինք, սակայն տղայիս հանգստացրեցի` ասելով.

– Բալիկ ջան, սահմանապահ զինվորները գիտեն քո և քույրիկներիդ մասին, նրանք իրենց հասանելիք քաղցրավենիքներից բավականին մեծ բաժին են ուղարկել ձեզ, առավոտյան անպայման կստանաք,- և ավարտեցի խոսակցությունս Նոր տարվա բարեմաղթանքներով...

Անցել են երկար տարիներ, երեխաներս մեծացել են և ամուսնացել, սակայն վատ գործերը չեն մոռացվում, երբ հիշելով ամեն անգամ ասում ես, թե աշխարհում ինչու են վատ մարդիկ այսքան շատ:

Սակայն Կապանի հյուրասեր ժողովուրդը չթողեց, որ ես դատարկաձեռն ու քաղցած վերադառնամ ուղեկալ` մոտ 50-60 կմ հեռավորության վրա: Սահմանամերձ գոտում ղափանցի ռազմական ավար փնտրող «լավ տղաների» խումբը փնտրել էր ինձ և հայտնաբերեց հենց փոստում: Բացի նշված տղաներից, մի քանի ճանաչված անձինք էլ` հրավիրեցին իրենց տուն, սակայն մերժեցի, ասելով, որ մեկ ժամով եմ թողել պարետատունը, պետք է շտապ վերադառնամ սահման: Բայց «Սեռի» մականունով հեղինակությանն ու նրա 4 ընկերներին չէի կարող մերժել, քանի որ նրանք` ընկերներով, ազատագրված շրջանների` Զանգելան, Ղուբաթլու, Ֆիզուլի և Հորադիզի շրջաններով շրջող «գայլ» էին, և մեզ օգնում ու աջակցում էին շատ հարցերում:

Այսպիսի հետաքրքիր հուշեր մնացին Ղափանի Նոր տարվա գիշերվանից: Նշված տղաների մասնակցությամբ Նոր տարի էինք անում, նրանցից երևի Սամվելենց տանը, որի հայրը ճանաչված պաշտոնյա էր Կապանում: Ես առանց ուղեկցողի ու թիկնապահի էի գնացել նշված տղաների հետ և վստահելով նշված կապանցի հայ տղաներին, մարտական դեսանտային ավտոմատս կախել էի պատից` իմ գլխավերևում, և նստած էի սեղանի վերևի մասում, կողքիս նաև «Մակարով» մակնիշի ատրճանակ կար, և այդ պայմաններում զվարճանում էինք` Նոր տարվա սեղանի շուրջ, սակայն ես չէի մոռանում իմ պատասխանատու ծառայության պաշտոնում լինելու մասին:

Վնասել են Հայոց ցեղասպանության հուշարձանի մասին ազդարարող ցուցատախտակը

Ցանկանում եմ նշել հայ կնոջ ոգու քաջության և հարգանքի մասին, որ հայ կանայք ու մայրերը որքան հարգանքով են եղել հայ զինվորների ու զորավարների հանդեպ և այդ ավանդույթները պահպանվել են հատկապես Սպարապետ Նժդեհի` Սյունյաց աշխարհում:

Կեսգիշերն անց էր, խնջույքը շարունակվում էր, սակայն ես անհանգիստ էի և սպասում էի համապատասխան մեքենային, որ հասցներ ինձ ծառայության վայր, ուր սահմանում ամեն րոպե օպերատիվ վիճակը կարող էր սրվել: Այդ պահին, հարևան սենյակից անսպասելի կերպով մեր սեղանին է մոտենում տանտիրուհին և զարմացած հայացքով նայելով ինձ, ասում է հետևյալ խոսքերը.

– Աստված իմ, որ մենք Նժդեհի պես այսպիսի սպաներ ունենք, բա ինչո՞ւ եք մեր խոխեքին (երեխաներին) տանում թուրքերի դեմ կռվի:

Մինչ ես հիանում էի այդքան հարգալից վերաբերմունքից` տիկինը ամուսնուն ասաց հետևյալը.

– Չխանդես, թույլ տուր եղբորս հետ մեկ բաժակ կոնյակ խմենք այս Նոր տարվա օրով` Հայոց բանակի կենացը...

Անցել են երկար տարիներ և մնացել են այսպիսի մաքուր և անաղարտ հիշողություններ` Սյունյաց աշխարհի մարդկանց մասին:

Քիչ անց, այդքան բարյացկամ ու հյուրասեր տղաները` իրենց մեքենայով ինձ հասցրեցին Արաքսի ափին գտնվող մեր պարետատուն` Զանգելան քաղաքում, որտեղ բարեբախտաբար ամեն ինչ խաղաղ էր` ըստ պատասխանատու հերթապահի և ժամապահների տված ծառայական զեկույցների:

1995թ, փետրվարի 1-ին վերադարձա սահմանից, ուր Աբովյան քաղաքում սպասում էին երկու ամիս բազում զրկանքներով անցած երեխաներս ու տիկինս: Մի քանի օր անց փոքրիկներս խնդրում են. «Հայրիկ, մեզ տար Ռոզա տատիկենց տուն», որովհետև գիտեին, որ ամեն Նոր տարուն տիկին Ռոզա Ծառուկյանն էր օգնում երեխաներիս, նրանց դրամական օգնություն, սննդամթերք ու քաղցրավենիք էր նվիրում: Եվ ահա փոքրիկներս` 10-ամյա Արմենուհին, 5-ամյա Լևոնս, ուրախ կերպով վազվզելով հասնում են տիկին Ռոզա Ծառուկյանի մոտ, որտեղ ստանում են համապատասխան նվերներ, իսկ մեծ բարերար Գագիկ Ծառուկյանն ինձ հարգանքով դիմավորում է որպես Արցախյան ազատամարտիկի և 100 դոլար նվիրում փոքրիկ տղայիս` Լևոնին: Այստեղ անհրաժեշտ եմ համարում խոստովանել, որ այսպիսի մարդկանցով է հայ ազգը գեղեցիկ և այսպիսի մարդկանց համար արժե կռվել ատելի թուրքի դեմ...

1995թ. սեպտեմբերի 21-ին, ՀՀ ԱԱ նախարարի հրամանով ինձ շնորհվեց փոխգնդապետի կոչում և շարունակեցի ծառայել իմ պաշտոնում: Շուտով հրավեր ստացա Նուբարաշենի բրիգադի հրամանատարից, ով ինձ ճանաչելով Հայոց բանակի կազմավորման օրերից, այսինքն` 1992 թվականից, այժմ 1995թ. աշնանը հանդիպելով Մայրաքաղաքային գնդի երդման արարողության ժամանակ, հայտնում է, որ տեղակալի ազատ պաշտոն ունի և կցանկանար, որ ես ծառայեի իր տեղակալի պաշտոնում:

Արգենտինական «Սան Լորենսո» թիմը խաղից առաջ ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Տեղափոխության համար լրացվեցին համապատասխան երկկողմանի փաստաթղթեր, սակայն 6-7 ամիս ոչ մի ընթացք չտրվեց, և 1996թ. հունիսին ինձ զորացրեցին սահմանապահ վարչությունից, և ոչ մի պատասխան չտալով, թե ինչի համար են զորացրում, կամ որ օրենքով են ղեկավարվում: Շուտով ձերբակալվեց ԱԱ սահմանապահ վարչության կադրերի վարչության պետը և հեռացվեց աշխատանքից սահմանապահ վարչության պետը, իսկ 1999թ. հոկտեմբերի 27-ին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի զոհվելու փաստը` խորապես ազդեց իմ տրամադրության և գաղափարների վրա, և ես չբողոքեցի, մտածելով, որ արդյունքի չեմ հասնելու. «Քանի որ ապրում էինք մի երկրում, որտեղ թագավորը հեռու էր, իսկ Աստված` բարձր»:

Եվ այսպես, 1998թ. օգոստոսի 11-ից հանդիսանում եմ Հայոց բանակի պահեստազորի սպա, իսկ 2004 թվականից զինվորական կենսաթոշակ չեմ ստանում, այն դադարեցվել է սուբյեկտիվ պատճառաբանություններով, ստանում եմ քաղաքացիական կենսաթոշակ, 2010 թվականից` ամսական 36000 դրամի չափով: Ինձ հետ կատարված սուբյեկտիվ անարդարությունները շուտով կստանան իրենց օրինական լուծումը, քանի որ եկել է արդարության հաստատման ժամը և պետք է խոսի Աստծո ահեղ դատաստանը...

Սա բոլորովին այլ հարց է, որը չեմ ցանկացել խառնել իմ ստեղծագործական կյանքի հետ, և այդ անարդար վերաբերմունքը չի կարողացել իմ մեջ կոտրել հայրենասիրությունն ու տղամարդկային արժանապատվությունը:

Զորացրվելուց հետո, վերջին 15-20 տարիների ընթացքում ես հայաստանյան մամուլում տպագրել եմ 60-ից ավելի ռազմահայրենասիրական հոդվածներ և 20-ից ավելի բրոշյուրներ հայոց ազատագրական պայքարի մասին, և այն ընդգրկում է 1890-ականներից մինչեւ մեր օրերի պատերազմները: Տպագրության եմ նախապատրաստում Զորավար Անդրանիկի հերոսապատման հոդվածների ժողովածուն «Հայոց ազատամարտի անվեհեր ասպետը» վերնագրով, Հոյաց բանակի մեր զորամասի մասին նշել եմ, և «Հայ քաջորդիները Մեծ հայրենականում» հոդվածներիս ժողովածուն` նույնպես նախապատրաստվում է տպագրության: Այնպես որ, ռազմահայրենասիրական ստեղծագործությունը դարձել է իմ կյանքի նպատակը և այսօր էլ` 72 տարեկան հասակում, ինձ տեսնում և զգում եմ մարտական շարքում, պատրաստ եմ ցանկացած պահի կանգնել հայ զինվորի կողքին և զորամասը տանել սվինամարտի ու գրոհի` այսքան ատելի թուրքական շնագայլերի ու բորենիների ոհմակների դեմ:

2000 թվականներից տնտեսական վիճակս այնքան էլ լավ չէր, հիմնականում երեխաներիս պահում էի սուղ պայմաններում, 13000 դրամ զինկենսաթոշակ էի ստանում, որը 2004թ. հունվարից դարձավ 20000 և փետրվարի 1-ից կտրեցին: 2004թ. մինչև 2009 թ. հաճախ էի շրջաններում զբաղվում տպագրված հոդնածներիս թերթերի վաճառքով և ուրախանում էի, որ մեր ժողովուրդը կարդում է իր ազատամարտի հերոսների մասին:

2009թ. տղաս զորակոչվեց Հայոց բանակ և մեկ րոպե անգամ չուշացավ, Գյուղակադեմիայի 2-րդ կուրսից մեկնեց, և 2 տարի ծառայելով սահմանամերձ զորամասում, 2011թ. դեկտեմբերին զորացրվեց: Տուն գալով և տեսնելով մեր տնտեսական ծանր վիճակը, մի օր էլ այսպես տղաս հանդիմանեց ինձ. «Հայրիկ, այսքա՜ն գնահատեցին քո ծառայությունները հայրենիքի հանդեպ», ու 2013-ի փետրվարին ընկերների հետ միասին մեկնեց Ռուսաստան աշխատանքի:

«Սրտի խորը ցավով ենք հետևում Փարիզում տեղի ունեցող ողբերգությանը». Գարեգին Բ

Ես հասկացա, որ տղաս խիստ վիրավորված է Հայաստանի և Աբովյանի ղեկավարությունց, քանի որ ինքը գիտեր, թե ինչպիսի աղքատ ու դառը օրեր է անցկացրել, սպասելով` հայրը կվերադառնա, թե մի օր էլ` իր հոր զոհվելու լուրը կգա, իսկ երկու ավագ քույրերին վայ-դասախոսները 2-րդ կուրսից դուրս էին թողել ուսման վարձը մուծել չկարողանալու պատճառով: Զգում էի, որ 20-ամյա տղաս հիասթափված հեռանում է Հայաստանից, ոչ մի հույս չկապելով ո՛չ ազգի, ո՛չ երկրի և ո՛չ էլ բարեկամների հետ, իսկ հայրը` Բաբկեն Բաբայանը, երդվել էր նախնյաց հիշատակով, որ ոչ մի պատճառով չի թողնի Հայաստանը:

2013թ. աշնանը Լևոնը վերադարձել էր Հայաստան և բավականին բարելավեց Աբովյանի մեր բնակարանը, հյուր գնացինք Գառնի` 92-ամյա Աննա տատիկին տեսնելու և հոկտեմբերի 22-ին, Լևոնի մեկնելուց մի քանի օր անց, մահացավ սիրելի մայրիկս, իր թոռների սիրելի: Ներկայումս Լևոնս հազարավոր, եթե ոչ միլիոնավոր մյուս հայերի բանակների, բրիգադների ու ջոկատների հետ միասին կառուցում է մեծ, հզոր և անպարտ Ռուսաստանը, իսկ նրա հայրը մտածում է, թե ապագայում կկարողանանք օսմանյան այս վայրագ ցեղերից պաշպանել Մեծ Հայքի առանց այն էլ ծվատված ու բզկտված տարածքների 1/10-րդ մասը: Կուզեմ ասել, որ Հայաստանի պաշտպանության ցավը անբուժելի է, նույնքան էլ անորոշ է Արցախի հարցը: Ուստի ծերանալս այնքան սարսափելի չէ, պարզապես ցանկանում եմ մինչև կյանքիս վերջին ժամն էլ մի օգտակար գործ կատարեմ մեր ժողովրդի համար:

Այդ նպատակով` 2013թ. գարնանը միացա Դոնի Ռոստովի Կազակների միությանը, որպես դաշնակից, դարձա այդ միության` ԱՌԿՕ անդամը, որը նշանակում է` Արմյանո-Ռուսսկոյե Կազաչեե Օբյեդինենիե` APKO: Քանի որ ես լավ գիտեմ, թե ինչ հերոսական կռիվներ են մղել կազակները թուրք զավթիչների դեմ` Արևմտյան Հայաստանում, ուստի տպագրության ներկայացրեցի և հայաստանյան մամուլում տպագրվեց հոդվածս` «Զորավար Անդրանիկի և ռուս կազակների մարտական բարեկամությունը» վերնագրով, և նշանակվեցի մեր կազմակերպության Աբովյան քաղաքի և շրջանի ստորաբաժանման լրատվական բաժնի պետ: Անցած 5 տարիների ընթացքում բավականին հոդվածներ եմ տպագրել հայ կամավորների և ռուս կազակների համատեղ կռիվների մասին` թուրք բռնակալական բանակի ու «համիդիե» քրդական զորքերի դեմ, մերոնց տարած հաղթանակների մասին նաև:

2018թ. դեկտեմբերին, մեր կազմակերպության համապատասխան նիստի ժամանակ, Մոսկվայից ժամանած մեր նոր ատամանին` Կազակական զորքերի գեներալ-լեյտենանտ Սամվել Աբրահամյանին, տեղեկացրի, որ ցանկանում եմ Կոտայքի շրջանում` հենց Աբովյան քաղաքում և Հատիս լեռան լանջերին ստեղծել հայ-ռուսական կազակական զորամաս, անձնակազմում ընդգրկելով Հայոց բանակից զորացրված 20 տարեկանից մինչև 50 տարեկան առողջ ու գրագետ տղամարդկանց, և դա պետք է լինի պայմանագրային զորամաս: Հայտնեցի նաև, որ զորամաս կոմպլեկտավորելու փորձ ունեմ` 1992-93 թվականներից, ՀՀ ՊՆ առաջին դեսանտագրոհային և Մայրաքաղաքային գնդերի կոմպլեկտավորմանն եմ մասնակցել, և 1994-95թթ. ՀՀ ԱԱ նախարարության սահմանապահ վարչության կրտսեր սպաների և ենթասպաների կոմպլեկտավորման գործերին եմ մասնակցել: Բացատրեցի, որ նպատակս է ստեղծել հայ-ռուսական կազակական միասնական գումարտակ, մեր շարքերում նաև ընդունել Ռոստովից, Կրասնոդարից, Պոլտավիայից և Ստավրոպոլից մեզ մոտ ծառայել ցանկացող ռուս կազակների:

Զորամասի ծածկանունը լինելու հետևյալը` ՀՆԼՀԳ, այն ունենալու է 550-600-ոց անձնակազմ: Բացազատված կարդում ենք` Հատուկ նշանակության լեռնահրաձգային գումարտակ, որն օգնության է հասնելու Տավուշի, Իջևանի և Գեղարքունիքի տարածաշրջանի վտանգված զորամասերին: Այս մասին լսելով իմ բացատրությունն ու ցանկությունը, ատաման Ս.Աբրահամյանը հավանություն տվեց, և 2018թ. նոյեմբերի 29-ի հրամանով ինձ նշանակեց Աբովյան քաղաքի և Կոտայքի շրջանի ստորաբաժանման հրամանատար-ատաման և թույլատրեց անցնել կազմակերպչական աշխատանքների:

ԼԳԲՏ-ների դեմ պայքարելու առաջարկը ԵԿՄ բանաձեւում տեղ չգտավ (Տեսանյութ)

Ես կարծում եմ, որ այս հարցում Աբովյանը և Կոտայքի շրջանը կհասնեն լուրջ արդյունքի, չէ՞ որ հայ-ռուսական դարավոր բարեկամության արմատները գալիս են 1828-29թթ. ռուս-պարսկական պատերազմի ժամանակներից` Արևելյան Հայաստանի և Երևանի բերդի ազատագրումից, որի մասին կենդանի հուշարձան է կանգնած Աբովյանի քաղաքապետարանի դիմաց: Կենդանի վկա է պատմական բարեկամության համար հինավուրց Քանաքեռ բնակավայրը, Կոտայքի, Աբովյան քաղաքի հայ-ռուսական բարեկամության թանգարանը, որը պետք է նոր բեղմնավոր գործունեություն ծավալի:

Աստված մեզ պահապան` այս մարտական եղբայրության սրբազան գործի իրականացման համար:

Սույն հոդվածը ցանկանում եմ եզրափակել երջանկահիշատակ գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի մասին մի հետաքրքիր դրվագով, որը տեղի ունեցավ Եռաբլուրում: Գեներալ-մայոր Գ.Դալիբալթայանի մասին ես լայնածավալ հոդված եմ տպագրել Ջավախքի «Ասպնջակ» թերթի էջերում, որպես նվիրյալ ջավախեցու, ով Արցախյան պատերազմին հասավ մեզ` կամավորներիս, օգնության:

Տարբեր հոդվածներում ես գեներալ Դալիբալթայանի մասին հետաքրքիր դրվագներ եմ տպագրել, երբ դեռևս 1990թ. գարնանը նրան տեսա զոհված սպայի թաղմանը` Քանաքեռի գերեզմանատանը, մի քանի օր անց նրան տեսա նաև Աբովյանի շրջանի Բյուրեղավանի գերեզմանատանը, մեր զոհված ազատամարտիկ ընկերոջ թաղման ժամանակ: Եվ լուրջ ու երկար մտածեցի, որ սա արդեն իսկական մարտական մկրտություն անցած գեներալ է ու նրա մասին գրեցի, որ շատ բանիմաց, գրագետ ու ժողովրդական մարդ է: Ավելի մոտիկից ծանոթացա գեներալ Գ.Դալիբալթայանի հետ 1991թ. մայիսի 1-7-ի կռիվներից հետո, երբ ես Տավուշի և Իջևանի սահմաններում տեղի ունեցած բախումներից հետո վերադարձա Երևան և անմիջապես ներկայացա գեներալ Դալիբալթայանին, որի աշխատանքային սենյակը Նորքի 2-րդ մասիվում` կուսշրջկոմի շենքի 1-ին հարկում էր:

Այդ համեստ, գրագետ ու քաղաքավարի մարդը մոտ 10-15 րոպե համբերատար լսեց ինձ, իսկ այդ ընթացքում ես հասցրեցի զեկուցել գեներալին, որ Տավուշի Պառավաքարի խաղողի այգիների մեջ կանաչ վիշապի պես քողարկված կանգնած են խորհրդային բանակի մեկ տասնյակից ավելի տանկեր և 8 հետևակի մարտական մեքենա` ԲՄՊ-2, իսկ մեր` 86 հոգուց բաղկացած հատուկ գնդի Ջիվան Աբրահամյանի 1-ին վաշտը ուներ 17 ավտոմատ հրացան, մնացածը` որսորդական ու «ՏՕԶ» մակնիշի հրացաններ էին: Ես հասկացա, որ խորհրդային հրամանատարությունը չէր ցանկանում մեր վրա ուղիղ նշանառությամբ կրակ բացել, նրանց գնդացիրները խոցող կրակով խփում էին ընկուզենիների ու կեռասենիների կատարներին, որը նշանակում էր` կասեցնող կրակ է դա (զագրադիտելնիյ ագոն), քանի որ փոխգնդապետ հրետանավոր, 62-ամյա Դ.Բաղդասարյանը, Ջիվան Աբրահամյանը և ես խորհդային բանակի սպայի համազգեստով էինք և նրանք մեզ խնայեցին, որպես նախկին դաշնակիցների:

Ես խոսքս եզրափակեցի հետևյալ նախադասությամբ, որ պարոն գեներալ, հարկավոր է շտապ գնալ բանակցությունների Մոսկվայի հետ, թե չէ մեզ կճզմեն տանկերի թրթուռների տակ, մենք նախ հակատանկային զենք չունենք, և երկրորդ` ռուսական զորքը դա Կիրովաբադի դիվիզիայի զորամասերն են, իսկ նրանց թիկունքում կանգնած են ազերի օմոնականները:

Գեներալը լուռ համաձայնությամբ ինձ գլխով արեց և հետո բարձրաձայնեց հետևյալ նախադասությունը.

Կյանքում ամենաթանկ բանն առողջությունն է. Ընտրե՛ք միայն որակյալ պրեպարատներ

– Այս պահին ինձ զանգահարում են Գորիսից, որ շրջանի տարածքի վրա 8 ռազմական ուղղաթիռներ են պտտվում, գնացեք և միառժամանակ քաղաքացիական հագուստ հագեք և մարդաշատ վայրերում մի երևացեք:

Ես լսեցի գեներալի խորհուրդը և հեռացա Կոտայքի լեռներ ու մի քանի ամիս չերևացի Երևանում և մարդաշատ վայրերում:

1992թ. մայիսին արդեն գեներալ-մայոր Դալիբալթայանը լայն ճանաչում ստացավ Արցախյան պատերազմում, որպես Շուշիի օպերացիայի կազմակերպիչ, իսկ հետագա տարիներին նա ստանձնեց բանակային պատասխանատու մի քանի պաշտոններ և 2000 թվականներին արդեն գեներալ-գնդապետի ուսադիրներ էի կրում:

Չմոռանամ նշել նաև, որ գեներալ Գ.Դալիբալթայանը Արցախյան պատերազմ էր շտապել մարտական դիվիզիայի հրամանատարի պաշտոնից, մինչ այդ նա ծառայել էր Մերձբալթիկական օկրուգում և 1969-70թթ. սովետա-չինական սահմանային պատերազմի մասնակից գեներալ էր: Ես գեներալ Դալիբալթայանին տեսա զորքերում` 1998թ. վաղ գարնանը, երբ նա տեսչական ստուգումներ էր անցկացնում 2-րդ ԲԿ-ի Գեղարքունիքի տարածքի զորամասերում, մի տեսնեիք ինչպիսի պատասխանատու ջանասիրությամբ էր ստուգում` դասակ, վաշտ ու գումարտակ, և բոլոր հրամանատարները պատասխանատու ու ձիգ կեցվածքով էին կանգնում գեներալ-լեյտենանտ Գ.Դալիբալթայանի առջև, քանի որ ինքն էր մարտական հագուստը` հագուկապը տեղին պահում, նույնիսկ հակագազն էր սահմանված կարգով կրում գեներալական հագուստի հետ միասին:

Ես նախանձով էի նայում գեներալ Գ.Դալիբալթայանին և ափսոսում էի, որ ժամանակին չեմ հանդիպել նրան, որպեսզի ծառայեի նրա հովանավորությամբ, իսկ արդեն շատ ուշ էր` նրա մոտ ծառայելու համար, քանի որ գեներալը շուտ հայտնվեց ՀՀ նախագահի ապարատում: Բայց որպես նախկին ռազմաճակատային սպա, երևի բարոյական իրավունք ունեմ` իմ գնահատականը տալու այդ մեծ մարդուն` հեղինակավոր վաստակաշատ գեներալին, որին հանդիպելիս` զինվորական կարգով պատվի էի առնում, իսկ նա ուրախանում էր և ժպտալով հետևյակն էր ասում ռուսերենով. «Մոլոդեց, պոդպոլկովնիկ, պրոխադի միմո, չեստ դավայ, ա տո նաշի ֆիդայինի խոդյատ բեզ ռեմնյա ի ֆուրաժկի, նելզյա պազորիտ նաշու արմիու»:

Ես սպայական համազգեստ էի կրում, ինչպես ասում են, պահպանելով «ուստավնոյ» բոլոր կանոնները, և դա դուր էր գալիս նախկին խորհդային բանակի հայ գեներալին: Հասկանալի է, որ գեներալ-գնդապես Գուրգեն Դալիբալթայանը մեծ ծառայություններ մատուցեց հայոց նորաստեղծ բանակին, որպեսզի մեր բանակը կանգնի աշխարհի առաջավոր ու ժամանակակից բանակների շարքում:

Թե որքան ազգասեր ու ժողովրդական էր գեներալ Գուրգեն Դալիբալթայանը` վկայում է մեր հոդվածի վերջնամասում տեղակայված լուսանկարը, որ Եռաբլուրում սփյուռքահայերը խնդրեցին համատեղ նկարահանվել հայազգի գեներալի հետ և, մեծարգո գեներալը չմերժեց պոլսահայերի մեծ խմբին ու արդյունքում ծնվեց այս պատմական լուսանկարը:

ԲԱԲԿԵՆ ԲԱԲԱՅԱՆ

ԱՄՆ Ալաբամա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Արցախյան պատերազմի մասնակից,

Կազակական զորքերի գնդապետ,

Աբովյան քաղաքի և Կոտայքի շրջանի ատաման

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА