ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

13.02.2019 21:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Անձի պաշտամունքը շատ վատ բան է, իսկ կռապաշտությունն արդեն պարզապես զարհուրելի է: Այսպես, իշխող խմբակցության պատգամավոր ՔՐԻՍՏԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԸ խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասել է. «Պարոն վարչապետ, ուզում եմ ասել, որ Ձեր հանդեպ իմ վստահությունն այնքան խորը արմատներ ունի, որ անգամ եթե Դուք բերեիք կառավարության ծրագիր, որտեղ գրված կլիներ մեկ նախադասություն` «ամեն ինչ շատ-շատ լավ է լինելու», ես կողմ կքվեարկեի այդ ծրագրին»: Այստեղ, երեւի թե, հարկ է ասել` շնորհակալություն քեզ, Փաշինյան Նիկոլ, որ ԱԺ ծրագրի փոխարեն չես բերել, ասենք, բուրումնավետ պարունակությամբ գիշերանոթ: Թե չէ, էլի հանգիստ կքվեարկվեր-կընդունվեր:

ԶԱՐՄԱՆՔ

Շատերը տարակուսում են, թե ինչու արտերկրյա ներդրումներ չկան: Եվ ահա բացահայտվեց դրա գաղտնիքը: Պինդ բռնվեք` Նիկոլենք ոչ թե չեն կարողանում ներդրումներ ներգրավել, այլ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ, որպեսզի երկիրը օտար ներդրողները չստրկացնեն: Կուսակցության եւ կառավարության օրգան «Հայկական ժամանակում» լույս է տեսել «Ներդրումների պակասի լույսն ու ստվերը» վերնագրով հոդված, որից ստացվում է, որ ներդրումները շատ վատ բան են: Հիացեք. «Հայաստանում օտարերկրյա ներդրումների` ակնկալվածից պակաս ծավալի հիմնական պատճառն այն է, որ նոր իշխանությունները սեփական երկիրն անխնա շահագործելու «թույլտվություն» չեն տվել: Նախկինները, օրինակ, ոչ միայն տվել էին այդ թույլտվությունը, ոչ միայն վայելում էին իրենց փայաբաժինը, այլեւ դա ներկայացնում էին որպես մեծ նվաճումՈւ կարելի է չկասկածել` որ պահին նոր իշխանություններն ընդունեն «օտարերկրյա ներդրումներ» կոչվող խաղի կանոնները, նույն պահին ներդրումների ծավալները կտրուկ կավելանան: Այլ հարց է` արժե՞ արդյոք գնալ այդ ճանապարհով»: Բայց, խոշոր հաշվով, այնքան էլ պետք չէ զարմանալ ՔՊCC-ի գլխավոր թերթում այդպիսի մտքերի հայտնությունից, քանզի վոժդը անձամբ հայտարարեց, որ թոշակները 1000 դրամով բարձրացնելու համար, պետք է ոչ ավել- ոչ պակաս 6 մլրդ դրամ: Հիմա ի՞նչ, մեր երկրում 6 միլիոն թոշակառու կա՞: Ո՛չ, պարզապես ժողվարչապետի օտար լեզուների, մասնավորապես ռուսերենի դասատուին ոչ բարի խոսքով հիշելուն պետք է հավելել հիշոցներ նրա հանրահաշվի դասատուի հասցեին...

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ այժմ հիացեք ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ մեկնաբանությամբ, թե ինչու այդքան գերուժեղացվել է նրա թիկնազորը. «Շատերը դա ուղղակի կապում են իմ անվտանգության հետ: Բայց ես ուզում եմ ձեզ ուղիղ խոստովանել, որ դա միակ ճանապարհն է կասեցնել նվերների հոսքը դեպի վարչապետի կաբինետ: Ուրիշ ոչ մի տարբերակ չկա: Մարդիկ գալիս են, սկզբում գալիս է գիրք, հետո ոսկեղեն, թանկարժեք ինչ-որ բաները, կուլոնները, մատանիները, խաչերը, ականջօղերը: Հնարավոր չէ կանխատեսել, թե ով ինչ կանի: Դրա համար այսօր նույնիսկ օդանավ մտնելիս մարդիկ այդքան խիստ հսկողություն չեն անցնում, որքան վարչապետի կաբինետ մտնելիս, որովհետեւ դա միակ տարբերակն է: Խնդրելով, աղաչելով, համոզելով, չես կարա անընդհատ մարդկանց վիրավորես, ասես` վեկալ նվերդ, այստեղից գնա: Նրանցից մեկը պոտենցիալ ներդրող է, ո՞նց կարելի է վիրավորելով դուրս վռնդես»: Դե ինչ, աթոռից պինդ բռնվեք, որ ծիծաղից չընկնեք: Եվ եթե հանկարծ ձեր կաթսայի մեջ  հավ է եփվում, Նիկոլի ելույթի այդ հատվածը հանկարծ չմիացնեք, մեղք է այդ եփած հավը:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА