ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երևանի քաղաքապետարանը ստեղծեց «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն»

12.02.2019 23:04 ԹԵՄԱ
Երևանի քաղաքապետարանը ստեղծեց «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն»

Երեւանի ավագանին այսօր կայացած նիստում որոշեց ստեղծել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպություն (ՀՈԱԿ) եւ հաստատեց այդ կազմակերպության կանոնադրությունը:

Խոշոր հրդեհ՝ Երևանի «Տաշիր Պիցցա» սննդի կենտրոններից մեկում

Քաղաքապետարանը համարում է, որ թափառող շները Երեւանի բնակիչների համար իսկապես դարձել են խնդիր: Միայն վերջին ամսում դրա վերաբերյալ ստացվել է ավելի քան 700 ահազանգ: Թափառող կենդանիների սպանդը քաղաքային իշխանությունների համար ընդունելի լուծում չէ եւ որոշվել է գնալ նրանց ստերջացման ճանապարհով: Բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանի փոխանցմամբ, հաշվառված է մոտ 6 հազար էգ շուն, որից 4 հազար 500-ին նախատեսվում է ստերջացնել առաջին տարվա ընթացքում:

 Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը կունենա անասնաբուժական կլինիկա եւ կացարան: Միջազգային լավագույն փորձը տեղայնացնելու համար Երեւան կհրավիրվեն նաեւ օտարազգի մասնագետներ: Մայրաքաղաքի տարբեր հատվածներից մասնագիտացված մեքենաները շներին կտեղափոխեն կենտրոն: Տեղում մասնագետները կզննեն, կպատվաստեն, կբուժեն եւ կստերջացնեն կենդանիներին: Անասնաբույժի ցուցումով շները կացարանում կմնան մի քանի ժամից մինչեւ մի քանի օր: Այնուհետ կհամարակալվեն եւ կհանձնվեն տարբեր ընտանիքների ու կազմակերպությունների խնամքին կամ բաց կթողնվեն նույն վայրեր:
Բնապահպանության վարչության պետը, անդրադառնալով յուրաքանչյուր կենդանու հաշվարկով նախատեսող ծախսերին մասնավոր կազմակերպությունների հետ համեմատությամբ, նկատեց, որ նախկինում իրականացված աշխատանքների արդյունավետությունը վիճահարույց է, իսկ քաղաքապետարանի ենթակայությամբ ստեղծվող այս կենտրոնում գործառույթները պետք է իրականացվեն ինքնարժեքով:

Ակնկալվում է, որ թափառող շների խնդիրը Երեւանում լուծված կլինի առաջիկա 6-8 տարիների ընթացքում: Խաչիկ Հակոբյանը կարեւոր համարեց, որ այդ խնդիրները զուգահեռաբար լուծվեն նաեւ հարակից համայնքներում, որպեսզի այնտեղից ներհոսք չլինի:

Ինչ վերաբերում է նոր ստեղծվող կենտրոնի աշխատակազմին ու ֆինանսավորմանը, բնապահպանության վարչության պետից տեղեկացանք, որ աշխատակազմի քանակի վերաբերյալ դեռ որոշակիություն չկա, իսկ բյուջեն կազմում է 50 միլիոն դրամ: Նա հավելեց, որ այդ թիվը նախնական է եւ նախատեսվում է ավելացնել: Կենտրոնը ֆինանսավորվել է համայնքային բյուջեից:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА