ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

08.02.2019 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Աչքներս լույս` առողջապահության նախարար ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ կառավարության օրակարգ է բերել  հակածխախոտային այնպիսի այլանդակ օրենք, որ փողոցում մարդ ծեծելը ավելի էժան կնստի, քան, ասենք, սրճարանում գլանակ ծխելը: Եվ մինչ օրենքի ընդունումն էլ նա հայտարարում է. «Այսօրվանից այլեւս չեմ այցելելու որեւէ հանրային սննդի հաստատություն, որտեղ թույլատրված է ծխելը, մինչեւ մեր օրենքի նախագծի ընդունումը եւ ուժի մեջ մտնելը: Կոչ եմ անում բոլոր ռեստորաններին, սրճարաններին, փաբերին եւ մնացած հանրային սննդի հաստատություններին դառնալ մաքուր օդով ու ծխից զուրկ: Մեր բոլոր քաղաքացիներին էլ կոչ եմ անում որոշում կայացնելիս, առողջությունը համարել առաջնահերթություն: Ինքս գովազդելու եմ մեր երկրի մաքուր օդով հաստատությունները մինչեւ բոլորը դառնան այդպիսին»: Ինչքան էլ զարմանալի լինի, բայց երեւի թե ռեստորանների եւ սրճարանների տերերն ուրախ կլինեն չտեսնել այդ անհավասարակշիռ կերպարանքի դեմքը: Կասեմ նաեւ էլ ավելի զարմանալի բան` չնայած այդպիսի օրենքին կտրականապես դեմ եմ, բայց ուզում եմ տվյալ դեպքում ողջունել պարոն Թորոսյանին: Ողջունել այն պարզ պատճառով, որ այդ օրենքով հաստատ լավ էլ մոտիվացնելու է բոլոր ծխողներին` պայքարելու այս թրաշամանուկների ռեժիմի դեմ:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ հիմա` մի զարմանալի եւ տխուր իրականության մասին: ՎԱԼԵՐԻ ՕՍԻՊՅԱՆԻ հմուտ ղեկավարության ներքո մենք, կարելի է ասել, որ փաստորեն ոստիկանություն չունենք: Ճանապարհային ոստիկանության քայքայման հետեւանքով ահա այսպիսի ՃՏՊ վիճակագրություն կա. 2016թ. 266 զոհ, 4452 վիրավոր, 2017թ. 279 զոհ, 5179 վիրավոր, 2018թ. 343 զոհ, 5950 վիրավոր: Այսինքն` կորուստների տեսակետից մեր ավտոճանապարհները հիմա պատերազմի դաշտից էլ վատթար են: Իսկ հիմա լսեք, թե ինչ զազրելի բան կատարվեց դատարանում, երբ Օսիպյանը ցուցմունք էր տալիս ՊՊԾ գնդի գրավման հանգամանքների մասին: Խուլիգան ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը ոստիկանապետին բոլորի աչքի առաջ անվանեց լակոտ, իսկ ծռաշեղվածներն էլ խոստացան ոստիկանությանը սերժանտից մինչեւ գեներալ պառկեցնել գետնին: Այնպես որ, սիրելի, ինչպես հպարտ, այնպես էլ սովորական քաղաքացիներ, այլեւս ինքներդ տեսեք ձեր գլխի ճարը, թե ինչպես պաշտպանվել տարատեսակ հանցագործներից, քանզի ոստիկանության վրա այլեւս հույս դնելը, մեղմ ասած, խելամիտ չէ:

ԶԱՐՄԱՆՔ

Մեզ զարմացրեց տրանսպորտի նախկին փոխնախարար ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆԸ` հանդես գալով հետեւյալ կոչով. «Ինձ կամավորական հիմունքներով մասնագետներ են պետք, որոնք կօգնեն ստեղծել ծովային օրենսդրություն: Խնդրում եմ արձագանքել»: Պատկերացնո՞ւմ եք ինչքան պարապ են մնացել այս թրաշամանուկները, որ բանը հասցրել են ծովային օրենսդրության մշակմանը: Իսկ միաժամանակ արդեն գործող փոխնարարներն ու այլ պաշտոնյաները սկսել են հրաժարականի դիմում գրել` պարզ պատճառաբանելով, որ անհնարին է որեւէ նորմալ ծրագիր իրականացնել: ԱԺ իրավական փորձաքննության վարչության պետ Գարեգին Պետրոսյանն էլ երկար տարիների աշխատանքից հետո որոշեց հրաժարական տալ, թեեւ խոստովանում էր, որ ԱԺ շենքն իր համար շատ հոգեհարազատ է. «Բաղրամյան 19-ի ձգողականության ուժի մասին բոլորին է հայտնի: Թե պատգամավորներից, թե աշխատակազմից շատերն են այստեղից հեռանալուց հետո կրկին վերադարձել (ինքս էլ 2009-2012 թվականներին եւս աշխատել եմ աշխատակազմում): Այնպես որ, կարծում եմ` մի օր կրկին վերադառնալու եմ իմ երկրորդ տուն... Եվ վերջում, իհարկե, խաղաղություն, ներդաշնակություն եւ տրամաբանություն մեր երկրին...»:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА