o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ազգային ժողովն ուտել-խմելու տեղ չէ». Գոհար Ենոքյանի վերջին պատգամը

25.01.2019 03:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
«Ազգային ժողովն ուտել-խմելու տեղ չէ». Գոհար Ենոքյանի վերջին պատգամը

77 տարեկանում ծանր հիվանդությունից հետո մահացավ Գերագույն խորհրդի պատգամավոր ԳՈՀԱՐ ԵՆՈՔՅԱՆԸ: Նա եղել է «Գարուն» ԲԲԸ խորհրդի նախագահ եւ գործադիր տնօրեն, Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կանանց խորհրդի նախագահը…Այս բոթը հայտնվեց օրվա լրահոսում եւ օրվա լրահոսի պես էլ մնաց լուսանցքում: Մինչդեռ պետք էր կանգ առնել ու ոչ հիշեցնելու համար, որ այսօր արդեն հանգուցյալ Յուվեցի Կարոյի՝ ԲՀԿ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի թեթեւ ձեռքով 2015 թվականի մայիսի 4-ին նա ձերբակալվել էր՝ սպանության նախապատրաստությանը մասնակից լինելու կասկածանքով, սակայն ավելի ուշ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր: Իրականում Գոհար Ենոքյանը նորանկախ Հայաստանի արտաքին քաղաքականություն կերտողներից մեկն էր ու առնվազն արժանի էր, որ կանգ առնեինք, գնահատեինք իր կենսագրությունն ու հարգանքի վերջին տուրքը մատուցեինք…

Ազգային ժողովից անգամ Արարատ Միրզոյանն է ամաչում

«ՇԱՏ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՏՂԱՄԱՐԴ ԷՐ»

Թե ով էր Գոհար Ենոքյանը իր հուշերում դեռեւս տարիներ առաջ անդրադարձել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, գրող, հրապարակախոս ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆԸ. «…Գերագույն խորհրդի նստաշրջանի նիստին մասնակցելու գնացող շատ հայ պատգամավորներ սկզբում այցելում էին մեզ: Լյուդմիլա Հարությունյանն աշխատում էր նախապես մշակված ծրագրով: Նա հաճախ էր Գոհար Ենոքյանի հետ հանդիպումներ ունենում Գերագույն խորհրդի նախագահ Լուկյանովի, պաշտպանության նախարար Յազովի, ներքին գործերի նախարար Բակատինի, ՊԱԿ-ի նախագահ Կրյուչկովի, Գորբաչովի հետ: Պատմում էր նրանց մեր հացադուլի նկատմամբ հասարակայնության արձագանքի մասին, դնում գործնական հարցեր, կապված, այսպես կոչված, անձնագրային ռեժիմի ստուգման հետ, որից հետո Ղարաբաղի յուրաքանչյուր գյուղից Շուշի էին տանում հայ երիտասարդությանը: Մեր անունով հեռագրեր էին գալիս ԼՂԻՄ բոլոր գյուղերից, եւ Լյուդմիլան Հենրիկի, Սերգեյ Համբարձումյանի, Բորիս Դադամյանի եւ այլ գործընկերների հետ դրանք տանում էր պառլամենտ: Եթե մեկն իմանա՜ր, թե քանի անգամ է մեզ հաջողվել կանգնեցնել բազմաթիվ հրեշավոր գործողությունների իրականացումը, այդ թվում եւ մահաբեր «Կոլցոն», երբ հայկական գյուղերն օղակի մեջ առած խեղդում էին բանակի ստորաբաժանումները, ներքին զորքերը, ազերական ՕՄՕՆ-ը եւ կողոպտիչները»: Իսկ ՀՅԴ-ական նախկին պատգամավոր, Համազգային հայ կրթական եւ մշակութային հիմնադրամի նախագահ ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ գրում է. «Ցավում եմ… Տիկին Գոհարին հարգում էի, նրան շատերն էին հարգում, նրան չէր կարելի չհարգել. լավ հայ էր, տաք մարդ էր, անտարբեր չէր, արդարություն փնտրող էր… Շատ էր լռում՝ շատ բան հասկանալուց էր, կյանքը ճանաչելուց էր ու շատ տղամարդկանցից տղամարդ էր: Ձեզ միշտ հիշելու եմ, Տիկին Գոհար»:

«ԵՍ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԴ ԵՄ»

Այո՛, Գորբաչովի եւ այլոց հետ բարձր ամբիոններից «մարտնչած» կին-տղամարդ տեսակ էր Գոհար Ենոքյանը՝ այդպիսին էր քաղաքականության մեջ, այդպիսին էր նաեւ, որպես գործարար: 1989 թվականի նոյեմբերի 28-ին ԽՍՀՄ ԳԽ նիստում քննարկվում էր Արցախի հարցը: Լյուդմիլա Հարությունյանը տեղը փոխում է, որ հեշտ հասնի տրիբունա՝ ադրբեջանցիներին լռեցնելու. Բայց… «Սրանց պատասխանը ես պիտի տամ, դու սպասիր, Լյուդա»,- ասում է Գոհար Ենոքյանն ու առանց թույլտվություն խնդրելու Լուկյանով չեղածից, սլանում դեպի ամբիոն, թե ինչ եղավ հետո հուզիչ է… Ավելի ուշ, նիստից հետո, երկար ժամանակ չեն կարողանում ուշքի բերել նյարդային ցնցումների մեջ հայտնված Գոհար Ենոքյանին: Ասում են՝ մեկ շաբաթ անկողնուց չկարողացավ վեր կենալ: Նա էր այն համարձակ կինը, որը Մոսկվայում պատգամավորների համագումարին Գորբաչովին հուժկու ապտակ հասցրեց՝ երեսին շպրտելով. «Քո ձեռքերը հայերի արյան մեջ են թաթախված...»։ Ականատեսները պատմում են, որ տղամարդիկ անգամ նայելիս դողում էին, ոչ ոք չէր համարձակվում ձայն հանել: 

Նրա հետ կապված բազմաթիվ հուշեր կան նաեւ «Իրավունքի» էջերում եւ երբեմն մեզ հաջողվում էր խախտել նրա լռությունը: Վերջին տարիներին խուսափում էր խոսել քաղաքականությունից, բայց եթե խոսում էր էլ, խոսքն ուներ թրի ուժգնություն՝ ուժեղ կնոջ յուրահատուկ նրբերանգներով: Մի օր զանգահարեցինք նրան, սիրով պատասխանեց, այն ժամանակ դեռ չարաբաստիկ քրեական գործն էլ չկար, պարզապես երկրի իրավիճակի մասին կարեւորում էինք նրա տեսակետը եւ փորձեցինք պատասխաններ «կորզել» նրանից:

– Տիկին Ենոքյան, նախեւառաջ անդրադառնանք մի քանի ներքաղաքական հարցերի...

– Կարող ենք եղանակից խոսել, կյանքից խոսել, բայց ոչ քաղաքականությունից: Արդեն երեք տարի է` չեմ զբաղվում քաղաքականությամբ:

– Փաստորեն, կուսակցությունի՞ց էլ եք դուրս եկել:

11 ամսում ընդամենը 4 նիստ. հանձնաժողովն անգործության է մատնվել

– Քաղաքականությամբ այլեւս չեմ զբաղվում ու չեմ էլ զբաղվելու:

– Ինչո՞վ է պայմանավորված, հիասթափություն կա, թե՞...

– Ես արտադրության մարդ եմ ու զբաղվելու եմ իմ գործով: Հիմա այնքան աջից-ձախից քաղաքականությամբ զբաղվողներ կան, թող այնքան զբաղվեն, մինչեւ այս երկիրը լրիվ վաճառեն ու վերջացնեն: Չեմ զբաղվում նման հարցերով եւ վերջ:

– Այնուամենայնիվ, երկար տարիներ լինելով կուսակցական եւ նաեւ պատգամավոր` ինչպե՞ս եք գնահատում ԲՀԿ-ի գործունությունն այսօր:

– Որեւիցե մի հարցի չեմ ուզում պատասխանել, չեմ ուզում քաղաքականության վերաբերյալ նույնիսկ մեկ բառ լսել: Ես իմ աշխատանքն ունեմ ու զբաղվում եմ իմ գործով:

«ՑԱՆԿԱՑԱԾ ՄԱՐԴ ՊԵՏՔ Է ԶԲԱՂՎԻ ՆՐԱՆՈՎ, ԻՆՉԸ ԳԵՐԱԶԱՆՑ ԳԻՏԻ»

Մենք համառեցինք, ինքն էլ էր համառ, շատ արագ իրար հասկացանք ու շարունակեցինք զրույցը.

–Բայց չէ՞ որ այսօր էլ կարեւոր են Ձեր քաղաքական տեսակետներն ու գնահատականները` նաեւ որպես արտադրության ներկայացուցիչ:

– Իմ գործունեությունը կարեւորում եմ արտադրության մեջ, չնայած արտադրությունն առանց քաղաքականության զրո է: Ինչպես ռուսը կասեր. «անտեսանելի տեսանելիությունը կապված է քաղաքականության հետ»: Ուզես, թե չուզես, դու քաղաքականության մեջ ես, որովհետեւ արտադրության ղեկավար ես, եւ պետք է իմանաս բոլոր օրենքները, որպեսզի չգան խփեն արտադրողի գլխին: Չէ որ եթե լավ օրենք դուրս եկավ, արտադրությունը լավ կլինի, վատը դուրս եկավ` վատ կլինի: Այնպես որ, ցանկացած արտադրող արդեն քաղաքականության մեջ է: Բայց այլ խնդիր է դա, ուրիշ հարց է, երբ անմիջապես զբաղվում ես քաղաքականությամբ` օրենսդրական հարցերով եւ այլն:

– Այսինքն` դուք համամիտ եք, որ այսօր բիզնեսն ու քաղաքականությունը պետք է հստակ տարանջատվե՞ն:

– Հնարավոր չէ այդպես: Հասկանում եմ Ձեր հարցի ենթատեքստը: Դուք ուզում եք, որ պատասխանեմ, թե արդյոք ճիշտ է, որ բիզնեսմենները պատգամավոր են եւ պառլամենտում տեղ են զբաղեցնում: Չեմ ուզում որեւիցե մեկին նեղացնել, բայց պիտի ասեմ, որ ցանկացած մարդ պետք է զբաղվի նրանով, ինչը գերազանց գիտի: Եթե բիզնեսմենը գալիս է Ազգային ժողով, բայց պառլամենտական աշխատանքից բացարձակ ոչինչ չի հասկանում ու իրեն հետաքրքրում է միայն իր անձը, անձեռնմխելիությունը ու իր բիզնեսը պահպանելը, հարամ լինի այդպիսի բիզնեսմենի գտնվելը պառլամենտում: Բայց եթե այդ բիզնեսմենը բացի իր բիզնեսից, գրագետ գիտի ինչ է իրենից ներկայացնում պառլամենտական աշխատանքը, օրենքներից բան է հասկանում, ունի մեծ պրակտիկա եւ կկարողանա օգուտ տալ մյուս բիզնեսմեններին` ճիշտ օրենքներ հնարելով, բարով գա Ազգային ժողով ու բարով աշխատի: Եթե բիզնեսմենն ուզում է գնալ խորհրդարան ու ինչ-որ օգտակար գործ անել, թող գոնե գնան նրանք, ովքեր լեզու-բերան ունեն, գիտելիք ունեն: Ես իմ հինգ տարվա խորհրդարանական գործունեության ժամանակ տեսա 15-20 տարվա պատգամավոր-բիզնեսմենների, ովքեր մի բառ ու տառ դեռ ասած չկային Ազգային ժողովում: Ինչի՞ համար են գնում խորհրդարան...

«ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՆԱՄՈՒՍ-ԹԱՍԻԲ ՈՒՆԵՆԱՆ ՈՒ ՉԳՆԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ»

–Երեւի, որպեսզի իրենց բիզնեսները պահպանեն...

– Առանց այդ էլ, եթե ինքը լավ բիզնեսմեն է, ոչ մեկը չի ասի` քո աչքի վերեւը հոնք կա: Եթե մենք ուզում ենք ճիշտ երկիր կառուցել, գրագետ մարդիկ պիտի մտնեն պառլամենտ: Չի կարելի ասել, բոլոր բիզնեսմեններին հանեք խորհրդարանից դուրս: Ո՛չ, բայց թող գա նա, ով մեծ պրակտիկա ունի, խելք ունի, ով օրենք գրելուց բան է հասկանում, եւ այդ գրած օրենքը հետագայում ժողովրդին, մանավանդ փոքր ու միջին բիզնեսին օգուտ կտա: Ի վերջո, մեր բյուջեն ո՞վ է լցնում, էլի այդ բիզնեսմենները չե՞ն լցնում: Պիտի այդ բիզնեսմենին հնարավորություն տաս աշխատի, փող վաստակի, որպեսզի այդ գումարները հարկերի տեսքով գնան բյուջե: Ազգային ժողովը ուտել-խմելու տեղ չէ, դա շենք է, որտեղ օրենք են գրում, ու այդ օրենքներն էլ պիտի նպաստեն հօգուտ ազգի, հոգուտ բիզնեսի: Բիզնեսմենը, բնականաբար, պիտի լավ աշխատի, որ փոխանցումներ շատ անի ու լցնի բյուջեն, բյուջեն էլ բժիշկ ու դասատու կերակրի: Մինչդեռ բիզնեսին խեղդում են, գումար չի գալիս բյուջե, հետո էլ թոշակառուն, բժիշկն ու դասատուն ողբում են, որ փող չունեն: Բայց որտեղի՞ց լինի, եթե բիզնեսը խեղդեք ու չաշխատի: Այնպես որ, եթե Ազգային ժողովը ճիշտ լուծումներ գտնի, որով նպաստի բիզնեսմենի աշխատանքին, բնական է, բյուջեն էլ շատ փող կլցվի, բյուջեից աշխատավարձ ստացողներն էլ գոհ կմնան: Այդ պարագայում կուզեմ խելացի բիզնեսմենը մտնի խորհրդարան, իսկ եթե պետք է գան 15-20 տարով նստեն ԱԺ-ում դիրք ընդունեն, թե իրենք անձեռնմխելի են ու իրենցից ինչ-որ բան են ներկայացնում, այնինչ դատարկություն են, ավելի լավ է նամուս-թասիբ ունենան ու չգնան խորհրդարան:

Ազգային ժողովը կառավարության հետ կքննարկի, թե ինչու է գաղտնի բարձրացրել նախարարների աշխատավարձը

Հանգչիր խաղաղությամբ, սիրելի տիկին Ենոքյան…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА