o C     21. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նոր տնօրենը պահանջում է թատրոնի կնիքը, հինն էլ չի պատրաստվում հանձնել

18.01.2019 15:57 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Նոր տնօրենը պահանջում է թատրոնի կնիքը, հինն էլ չի պատրաստվում հանձնել

ՀՀ մշակույթի նախարարության կողմից Խորեոգրաֆիայի պետական թատրոնում հին ու նոր տնօրենների շուրջ ստեղծված քաոսը դեռեւս շարունակում է չլուծված մնալ. նոր տնօրենը հնից պահանջում է թատրոնի կնիքը, իսկ նախկինն էլ պնդում է, որ չի պատրաստվում թատրոնից հեռանալ եւ հանձնել կնիքը, քանի դեռ նախարարությունից չի ստացել իր ազատման հրամանը:

«Գուցե համազգային ուժերով կառուցենք Համազգային թատրոնը». Արման Նավասարդյան

Մշակույթի նախարարի պաշտոնակատար ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԸ օրերս թատրոնի նոր տնօրենի պաշտոնակատար Լիլիթ Փալանջյանի հետ գնացել էր թատրոն, որպեսզի նրան ծանոթացներ աշխատակազմի հետ, քանի որ նախկին տնօրեն Գայանե Կարապետյանի պաշտոնավարման աշխաանքային պայմանագրի ժամկետն ավարտվել է նախորդ տարվա դեկտեմբերի 28-ին: Սակայն նրանք թատրոն էին ներխուժել միայն Արտակարգ իրավիճակների նախարարության եւ Ոստիկանության միջամտությամբ, քանի որ Գայանե Կարապետյանը ԱՄՆ-ում էր:

Այդ օրը «Իրավունքի» հետ զրույցում Նազենի Ղարիբյանը շեշտել էր. «Նախկին տնօրենին կանոնավոր ժամկետներում զգուշացրել ենք, որ պայմանագիրը ավարտին է մոտենում, եւ հնարավոր է, որ չշարունակվի, այսինքն` Գայանե Կարապետյանը տեղյակ էր»:

Սակայն, երեկ «Ազդակ» լրագրողական ակումբում թատրոնի նախկին տնօրեն ԳԱՅԱՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ կտրականապես հերքեց օրեր առաջ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանի այն տեղեկությունը, թե ինքը նախապես տեղեկացված է եղել իր աշխատանքից ազատվելու մասին. «Լրատվամիջոցներից եմ տեղեկացել, որ ազատված եմ աշխատանքից, ես երեկ առավոտյան եմ եղել Մշակույթի նախարարությունում եւ թատրոնի տնօրենի պաշտոնից ինձ ազատելու հրաման չկա, նույնիսկ մինչեւ այսօր: Միայն երեկ, երբ ոստիկանությունը եկավ թատրոն, նրանց մոտ տեսա իմ ազատման հրամանը»,- ասաց թատրոնի նախկին տնօրենն ու լրագրողների այն պնդմանը, թե Նազենի Ղարիբյանն ասել է, որ դուք պատշաճ տեղեկացված եք եղել, եւ աուդիտ պիտի արվի թատրոնում, տիկին Գայանեն վրդովված ասաց. «Նազենի Ղարիբյանը «ղալլաթ» է արել, ներողություն, իսկ Նազենի Ղարիբյանն ո՞վ է, որ ինձ աուդիտով ահաբեկի, ինձ ծանուցվել է, որ հնարավոր է  չերկարացվի ձեր պայմանագիրը, բայց որ ազատվել եմ` չի ծանուցվել: Մշակույթի նախարարությունն ասում է, որ թատրոնի տարածքն էլ է իրենցը, բայց փաստաթղթերով իրենցը չէ, Պետգույքինն է, ու այդ տարածքում ոչ մեկը պայմանագիր չունի այդտեղ գոյատեւելու, 8 տարի «պատերազմ» է գնում այդ տարածքի վրա»:

Թատրոնի գլխավոր ռեժիսոր ՍԱՄՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԻ խոսքերով` թատրոնի տարածքը եղել է ավերակ, որը կարգի է բերվել ողջ կոլեկտիվի ուժերով. «Մեր զբաղեցրած տարածքը եղել է կաթսայատուն, որը սարքվել է ամբողջ կոլեկտիվի ուժերով, եւ հիմա ինչ-որ մեկը որոշել է ինչ-որ մեկի հրամանով ներս մտնել ու տիրանալ…»: 

Լրագրողների այն դիտարկմանը, թե թատրոնը պատկանում է Մշակույթի նախարարությանը, Ս. Սարգսյանը հակադարձեց. «Իսկ Մշակույթի նախարարությունը մինչ այդ երբեւէ ոտք դրե՞լ է այդ թատրոն` հարցնի` ո՞նց եք, ինչո՞վ օգնենք»:

Թատրոնի դերասանուհի ՄԵՐԻ ՀԱԿՈԲՅԱՆՆ էլ դերասանական կազմի անունից հայտարարեց, որ իրենք չեն ցանկանում աշխատել նոր տնօրենի հետ, ավելին` ըստ նրա, եթե թատրոնը մյուզիքլից վերափոխվի բալետայինի, ապա իրենք բոլորն էլ գործազուրկ կմնան:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ.  «Ազդակ» ակումբում կայացած հանդիպման տեսագրությունն ամբողջությամբ կարող եք դիտել ստորեւ, իսկ լուսանկարները` հետեւյալ հղումով.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА