ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Եկեղեցին պետք է մշտարթուն լինի` առկա խնդիրներին դիմագրավելու համար»

18.01.2019 20:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Եկեղեցին պետք է մշտարթուն լինի` առկա խնդիրներին դիմագրավելու համար»

Նախորդ տարին լի էր քաղաքական վայրիվերումներով, եւ ժամ առ ժամ իրավիճակ փոխվող Հայաստանում գրեթե աննկատ մնացին մի շարք կարեւոր իրադարձություններ, այդ թվում հոկտեմբերին Գարեգին Բ ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի եղբայրական այցը Վատիկան, որտեղ նա հանդիպում ունեցավ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ: Այս մասին ուշագրավ մանրամասներ է պարզել «Իրավունքը» Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդ միավորման հոգեւոր տեսուչ եւ Կենտրոնական գրասենյակի նորանշանակ տնօրեն Հոգեշնորհ ՏԵՐ ԹՈՎՄԱ վարդապետ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՑ, որը վերջերս է վերադարձել Իտալիայից` լինելով տեղի Հայոց հոգեւոր հովիվը եւ Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի փոխանորդը:

«Հիմա ո՞վ է լկտի ստեր հեղինակում` պաշտպանական կո՞ղմը, թե՞ հենց դու, հարգելի՛ պատգամավոր»

«ՊԱՊԸ ԵՎ ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԸ ՇԱՏ ԼԱՎ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ ԵՆ»

- Հայր Սուրբ,  նախ անդրադառնանք Վեհափառ Հայրապետի հանդիպումներին Հռոմի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ի՞նչ կասեք այս մասին:

- Վեհափառ Հայրապետը անցած տարվա հոկտեմբեր 22-25ճը Իտալիա հովվապետական այցի շրջանակներում հանդիպումներ ունեցավ ոչ միայն Միլանի, այլեւ Հռոմի հայ համայնքի հետ: Հիմնականում Վեհափառ Հայրապետի հովվապետական այցի մեխը կարող ենք ասել Միլանի Սուրբ Քառասուն մանկունք եկեղեցու 60-ամյակն էր: Դեռեւս մեկ տարի առաջ էինք հրավիրել Հայոց Հայրապետին Իտալիա եւ որդիական երախտագիտությամբ ենք անդրադառնում, որ լինելով սփյուռքի ամենափոքր համայնքերից մեկը՝ մեր համայնքային տոնակատարութունները վայելեցին Վեհափառի հանդիսապետությունն ու հայրական օրհնությունը: Ընդհանրապես՝ Միլանն է կենտրոնը, բայց կան նաեւ այլ առաքելական համայնքներ, որոնցից են Բարին, Բոլոնիան, Ֆրիուլի-Վենետիկի համայնքը: Հռոմ քաղաքը կարեւոր է հատկապես նրանով, որ նախորդ տարվա սեպտեմբերից սկսած՝ այնտեղ Արեւմտյան Եվրոպայի պատվիրակի նստավայրն է՝ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի: Եվ այս իմաստով, բնականաբար, շատ ջերմ հանդիպում էր նաեւ Հռոմի համայնքի ներկայացուցիչների հետ:

– Հայաստանում շատ քիչ վերլուծվեց Վեհափառ Հայրապետի այցը: Ձեր գնահատմամբ` այցն ինչո՞վ առանձնացավ:

– Կարծում եմ` ոչ բոլոր իրադարձություներն են, որ մեր ԶԼՄ-ների կենտրոնում են լինում, ցավոք: Համենայնդեպս, Իտալիայում շատ լայն վերլուծվեց, բազմաթիվ թերթեր` կաթոլիկ, եկեղեցական եւ ոչ եկեղեցական անդրադարձան: Իտալական եւ Կաթոլիկ միջազգային ԶԼՄ-ները առանձնացրին հատկապես Վեհափառ Հայրապետի` ամենաբարձր պաշտոնական մակարդակով Իտալիայում ընդունվելու հանգամանքը: Անկախ նրանից, թե որքանով է վերլուծվել, այս այցի ընթացքում առաջին հերթին կարեւոր էր Սփյուռքի հայ հավատացյալը` Իտալիայում բնակվող, թե վարչական խորհրդի անդամներ, ծխականներ, բարերարներ եւ թե հավատարիմ իրենց ուխտին եկեղեցական դասը, որոնք Վեհափառ Հայրապետի ուշադրությանն արժանացան, եւ երկրորդն այն, որ, կարծում եմ, Կաթոլիկ եկեղեցու հետ հարաբերությունները եւս մեկ քայլով խորացան: Պապը եւ Վեհափառ Հայրապետը նաեւ շատ լավ բարեկամներ են, մտերիմներ, հոգեւոր եղբայրներ, ամեն անգամ մենք ականատեսն ենք այդ հոգեւոր ջերմագին հարաբերությունների:

«ԵԿԵՂԵՑԻՆ ԱՄԵՆ ԲԱՆ ԱՆՈՒՄ Է, ՈՐՊԵՍԶԻ ԼԱՎԱԳՈՒՅՆՍ ԾԱՌԱՅԻ ԻՐ ՀԱՎԱՏԱՑՅԱԼ ՀՈՏԻՆ»

– Ի դեպ, Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպումներ է ունեցել նաեւ Կաթոլիկ եկեղեցու Արեւելյան եկեղեցիների ժողովի նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրիի եւ Քրիստոնեական միության քահանայապետական խորհրդի նախագահ Նորին Սրբազնություն կարդինալ Կուրտ Կոխի հետ: Գաղտնիք չէ, որ Ուղղափառ-Կաթոլիկ երկխոսության շրջանակներում էլ կան եկեղեցիների շահեր, որոնք երբեմն չեն համընկնում: Ի՞նչ մթնոլորտ է եղել հանդիպման ժամանակ:

– Վեհափառ Հայրապետին եւ իր ողջ պատվիրակությանը հյուրընկալեցին Սանտա Մարտայում, որտեղ եւ Պապն է բնակվում: Այնտեղ Վեհափառ Հայրապետին այցի եկան կարդինալներ Լեոնարդո Սանդրին եւ Կուրտ Կոխը: Երկուսի հետ հանդիպումներն էլ, բնականաբար, ջերմ մթնոլորտում անցան, եւ Վեհափառ Հայրապետը մեծապես կարեւորում է այս երկու բաժինների հետ կապերի խորացումը, որովհետեւ երկուսն էլ ինչ-որ ձեւով առնչվում են մեր Եկեղեցու միջեկեղեցական հետաքրքրությունների հետ: Ինչ վերաբերում է Ձեր դիտարկմանը` եկեղեցիների հայացքն է դեպի այն խոստումնալից, օրհնաբեր ապագան, երբ բոլորը կրկին մեկ կլինեն` Հիսուս Քրիստոսով եւ Ավետարանի պատգամի շուրջ: Իհարկե, հիմա էլ մեկ է ընդհանրական եկեղեցին, որի համար մեր Առաքելական եկեղեցիներում աղոթք է բարձրացվում: Այնուամենայնիվ, կան պատմական կամ վարդապետական չլուծված եւ չհարթված հարցեր, խնդիրներ: Ամենակարեւորը, որ կա առաջընթաց այդ հարաբերություններում, եւ հույս ունենք, աղոթում ենք, որ մեկ օր իրապես բոլորի այդ տեսիլքը, այդ երազը կիրականանա` անշուշտ, Հիսուս Քրիստոսի շնորհով:

Ի՞նչ է ուզում Փաշինյանի իշխանությունը եկեղեցուց

– Լուրեր կան, որ այսօր Իտալիայում կտրուկ նվազել է կաթոլիկների թիվը, ինչո՞վ է սա պայմանավորված եւ ի՞նչ վտանգներով է հղի:

– Գիտեք, եթե ես պատասխանեմ այս հարցին, կարծում եմ` կլինի որեւէ ձեւով քաղաքական կամ կիսաքաղաքական գնահատական, ուստի` չէի ցանկանա մեկնաբանել: Տարբեր թերթեր, տարբեր թվեր եւ իրողություններ են ներկայացնում: Այսօր ամբողջ արեւմտյան երկրներում Կաթոլիկ եկեղեցին բազմաթիվ խնդիրներ ունի, այդ թվում` հիմնականում լիբերալիստական, պոստմոդերնիստական տարբեր նեոլիբերալ  հայացքների լույսի ներքո:  Անգամ Կաթոլիկ եկեղեցու ճեմարաններն են փակվում, ամեն տարի կրճատվում են հոգեւորականների թիվը,  եկեղեցիներ են փակվում: Այսպիսի ճգնաժամային իրավիճակներ հաճախ են լինում, բայց եկեղեցին ամեն բան անում է, որպեսզի իր դիրքերը չզիջի եւ ծառայի իր հավատացյալ հոտին:

«ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻ ԴԵՄ ՍԿՍՎԱԾ ՀԱԿԱԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԵՐԵՎՈՒՅԹ ՉԷՐ»

– Հայր Սուրբ, նախորդ տարի կաթողիկոսի դեմ սկսված հակաեկեղեցական շարժումը մեզ թվում էր, թե աննախադեպ մի երեւույթ է: Սակայն, որքանով տեղյակ ենք, անգամ Հռոմի Պապը մեր օրերում զերծ չէ իր դեմ սկսված տարբեր արշավներից` սկսած նրանից, որ մի քահանա շարժում է սկսել նրա դեմ: Հետաքրքիր է` որեւէ տեղեկություն ունե՞ք այս մասին, եւ ի՞նչ ավարտ այն ունեցավ:

– Ոչ միայն մեկ քահանա, այլ նաեւ կարդինալներ կային, արքեպիսկոպոսներ ու եպիսկոպոսներ, որոնք մերժում էին Պապին: Խնդիրները տարբեր են. որոշակի վարդապետական հարցեր կան ամուսնաընտանեկան դոկտրինի վարդապետության վերաբերյալ: Հիմնականում կա որոշակի հասարակական լուռ կրավորական կեցվածք այն բանի հանդեպ, որ եկեղեցին խրախուսում է, որպեսզի Եվրոպան ընդունի փախստականներին: Իսկապես, մեր Վեհափառ Հայրապետի դեմ սկսված հակաեկեղեցական շարժումն աննախադեպ երեւույթ չէր, կարծում եմ` այսօր շատ եկեղեցիներում այս խնդիրը կա: Ընդամենը վերջերս ականատես եղանք, թե ինչպես բարդացան եւ աննախադեպ կերպով լարվեցին միեւնույն եկեղեցական ընտանիքին պատկանող երկու կարեւոր` Հույն Տիեզերական եւ Ռուս Ուղղափառ եկեղեցիների հարաբերությունները: Այս հարցերը կարծում եմ` ամեն դեպքում պատահում են, եւ եկեղեցին պետք է պատրաստ լինի, մշտարթուն լինի` զորացած աղոթքով, որպեսզի ոչ միայն նմանատիպ, այլեւ առկա բոլոր խնդիրներին կարողանա դիմագրավել` Տիրոջ շնորհով եւ իր հավատավոր զորակիցների նախանձախնդիր աջակցությամբ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА