ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մշակույթը կանցնի Արայիկ Հարությունյանի ղեկավարման տակ

11.01.2019 14:54 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ
Մշակույթը կանցնի Արայիկ Հարությունյանի ղեկավարման տակ

Արդեն հայտնի է, որ Կառավարության ձեւավորվելուց հետո ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը չի վերադառնա իր պաշտոնին, այլ Ազգային ժողովում կլինի «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը: Երեկ պատգամավորի մանդատը ստանալուց հետո` «Իրավունքի» հետ զրույցում Լիլիթ Մակունցը վստահեցրեց, որ ԱԺ գնալով` մշակույթը չի տուժի, այլ, ըստ նրա, հուսալի ձեռքերում է. «Համոզված եմ, որ մշակույթը լինելու է հուսալի ձեռքերում: Ինքս, իհարկե, լիազորություններ չունեմ որոշելու, թե ովքեր են լինելու հաջորդ գերատեսչությունների պատասխանատուները, բայց եթե, այնուամենայնիվ, օպտիմալացման նախագիծը հաստատվի, ուրեմն` Մշակույթը կլինի միավորված` Կրթության եւ գիտության նախարարության հետ մեկտեղ, նախարարն էլ կլինի Արայիկ Հարությունյանը: Իսկ թե այդ «բլոկն» ով կհամակարգի որպես փոխնախարար, դա արդեն պետք է հարցնեք Արայիկ Հարությունյանից` նախագիծը հաստատվելուց հետո»:

«Ամեն ինչ չի, որի մասին կարելի է խոսել և պրեզենտացիաներ անել».Ս. Բագրատյանը նոր պատգամավորներին

Լ. Մակունցը նաեւ խոստացավ, որ ե՛ւ որպես խմբակցության ղեկավար, ե՛ւ որպես պատգամավոր մշակույթից անմասն չի լինելու. «Որպես խմբակցության ղեկավար եւ իհարկե ուղղակի պատգամավոր, իմ լիազորությունների շրջանակներում անելու եմ ամեն ինչ, որ այն ծրագրերը ու հատկապես օրենսդրական նախագծերը, որ այս ընթացքում մեկնարկ ենք տվել եւ դեռ մշակման փուլում են, նախանձախնդիր եմ լինելու, որպեսզի անպայման կյանքի կոչվեն»,- հույս հայտնեց Լ. Մակունցն ու հավելեց, որ ԱԺ ամբիոնից կբարձրաձայնի իր համար մշակութային առաջնային ամենացավոտ խնդիրները. «Դրանք Թանգարանների նախագիծն ու թատրոնի եւ կինոյի մասին օրենքներն են: Կարծում եմ` այն աշխատանքային խմբերը, որոնք այսօր Մշակույթի նախարարության շրջանակներում համակարգում են, պատշաճ կներկայացնեն իրենց փաթեթը, մենք էլ պիտի հիմնվենք հենց այդ փաթեթի վրա, որի շուրջ էլ աշխատում են ոլորտի լավագույն մասնագետները, խորհրդակցում եւ ներգրավում են նաեւ փորձագետների: Այնպես որ, անպայման պետք է հենց դա լինի մեր հենքը»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА