ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ինչպես կարելի է մեր հավատը քաղաքային իշխանության հանդեպ մեկ օրում զրոյացնել»

11.01.2019 01:51 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ինչպես կարելի է մեր հավատը քաղաքային իշխանության հանդեպ մեկ օրում զրոյացնել»

Ազատության հրապարակի հարակից տարածքներում տեղակայված սրճարանների տնօրենները ծանուցագիր են ստացել Երեւանի քաղաքապետարանից: Ծանուցագրում մասնավորապես ասված է, որ քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ ԱՐՍԵՆ ԱՄՅԱՆԸ լիազորվում է Երեւանի քաղաքապետի անունից ծանուցել, որ Ազատության հրապարակում տեղակայված սրճարանների տնօրինությունները վարձակալական իրավունքով տրամադրված հողամասերի համար կնքված վարձակալության պայմանագրերից մասնակի հրաժարվեն:

Երևանի քաղաքապետը օրակարգից հանեց ՀՀ նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու մասին հարցը

Այս մասին «Իրավունքը» զրուցեց սրճարանի տնօրեններից ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ հետ: Նա նախ հայտնեց, որ ողջ անձնակազմով միացել էին «թավշյա, ոչ բռնի հեղափոխությանը», ապա ընդգծեց. «Եթե նախկին քաղաքային իշխանությունները թույլ չէին տալիս տնտեսվարողները զարգացնեն իրենց տնտեսությունները, ապա հույս ունեինք, որ նոր իրողությունում պետք է էլ ավելի արագ տեմպերով զարգանար սրճարանային մշակույթը, որը բոլոր առաջադեմ երկրներում տուրիզմի, քաղաքային կյանքի կարեւոր բաղադրիչներից է: Գաղտնիք չէ, որ երեւանցիների եւ քաղաք ժամանած  հյուրերի համար հանդիպման  եւ հանգստի լավագույն վայրերից մեկը հենց Օպերայի հարակից սրաճարաններն են: Եվ վերջապես  այս սրճարանների աշխատելու շնորհիվ  հարյուրավոր մարդկանց աշխատատեղերի հարցն է լուծված: Ինչպե՞ս կարելի է  մեկ օրում այսքան  արագ եւ անհեռատես որոշում կայացնել` առանց խորհրդակցելու, առանց վարձակալողների կարծիքը հաշվի առնելու, առանց  բուն խնդիրների մեջ խորանալու  եւ լուծումներ տալու: Ինչպե՞ս կարելի է մեր հավատը քաղաքային իշխանության հանդեպ մեկ օրում զրոյացնել ու նման կերպ ոտնահարել մեր իրավունքները»:

Թե ինչ են պատրաստվում անել սրճարանների տնօրենները, մեր զրուցակիցը նշեց. «Մեր պահանջը հետեւյալն է`չենք ուզում ո՛չ փոխհատուցում, ո՛չ էլ որեւէ այլ առաջարկ: Մենք ցանկանում ենք հանգիստ ու անխափան  աշխատել մեր երկրում, էլ ավելի զարգացնել այս ոլորտը: Մենք չենք ցանկանում հազարավոր քաղաքացիների նման ստիպված լքել Հայրենիքը` մեր միտքն ու գաղափարները օգտագործելով օտար երկրներում: Հուսով ենք` մեր ձայնը լսելի կդառնա քաղաքային իշխանությունների մոտ  եւ լիահույս ենք, որ այս խնդրին կարձագանքի մեր կողմից ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Լավատես ենք, արդարությունը կհաղթի»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА