ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գազի գնի բարձացումը և երկրի ներսում սակագնի պահպանումը կարող է ռիսկեր պարունակել. փորձագետ

07.01.2019 16:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Գազի գնի բարձացումը և երկրի ներսում սակագնի պահպանումը կարող է ռիսկեր պարունակել. փորձագետ

Ռուսաստանից ձեռք բերվող գազի սակագնի փոփոխությունը չունի որևէ քաղաքական բաղադրիչ և հիմնականում պայմանավորված է տնտեսական գործոններով. այսօր հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը:

«Իմ խորին համոզմամբ` սխալ է սահմանին գազի գնի վերանայումը դիտարկել ներքաղաքական համատեքստում, կապել միջազգային հարաբերությունների հետ, առանձին քաղաքական կողմնորոշման հետ: ՌԴ-ն իր էներգետիկ քաղաքականության մեջ կտրուկ քայլերի է գնում` միակողմանի հայտարարելով սակագնի կտրուկ բարձրացման մասին, ինչպես օրինակ Վրաստանի դեպքում էր, կամ Ուկրաինայի, այսինքն` տվյալ դեպքում առաջարկում եմ քաղաքական որևէ բաղադրիչ չդիտարկել»,-ասաց նա:

Խոսելով արդեն տնտեսական բաղադրիչի մասին` փորձագետը նշեց, որ վերջին շրջանում համաշխարհային էներգետիկ շրջանում բարենպաստ չէր էներգետիկ ռեսուրսեր ներկրողների համար: «Աշխարհում ձևավորված չէ էներգետիկ շուկա, սակագների գոյացման մեթոդաբանություն չկա և հիմնականում գազի գնի փոփոխության ժամանակ հղում են անում նավթի շուկայի գներին, որոնք փոխկապակցված են»,-ասաց նա և նշեց, որ անցնող տարվա կեսերից նկատելի էր` նավթի շուկայում ինչպիսի փոփոխություններ եղան. նավթի գինն 85 դոլարից իջավ 54 դոլարի:

«Ինչը նշանակում է նավթ արտահանող պետությունները ստիպված էին այն կորուստները, որ ունեն, կոմպենսացնել գազի գնի միջոցով, և ՌԴ-ն ևս ստիպված էր գնալ գազի սակագնի փոփոխությունների»,–ասաց նա:

Հիշեցնենք, որ «Գազպրոմը» հաղորդել է, որ գազի սակագինը Հայաստանի համար թանկանում է 10 տոկոսով՝ գործող 150 դոլարի փոխարեն կլինի 165 դոլար 1000 խմ-ի դիմաց։ Իսկ ըստ ՀՀ  վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի`գազի գնի որոշակի բարձրացում է տեղի ունենալու, բայց ներքին կարգավորումների շնորհիվ հայաստանյան սպառողների համար գազի գնի փոփոխություն տեղի չի ունենալու:

Հայաստանը կարող է կանգնել default-ի առաջ, տնտեսական ցուցանիշներն աղաղակող են․ Մինասյան

Նիկոլ Փաշինյանի խոսքով` սպառողների համար գազի սակագնի պահպանումը կլինի «Գազպրոմ Արմենիա»-ի շահույթի մարժային նվազման հաշվին։

Վահե Դավթյանի խոսքով` սակագնի բարձրացման վրա ազդեցություն ունեցավ ռուս-բելառուսական ճգնաժամը, որն, իհարկե, որևէ խորքային արտահայտում չունեցավ, բայց ազդեց այդ որոշման վրա: «Պաշտոնական Մինսկը պնդում էր, որ ՌԴ-ն պետք է վերանայի սակագնի քաղաքականությունը` գտնելով, որ եթե Սմոլենսկում 70 դոլար է, իսկ սահմանից այն կողմ այն Բելառուսին վաճառվում է 130 դոլարով, Լուկաշենկոն տարբերությունն անընդունելի էր համարում»,-ասաց նա և նշեց, որ ՌԴ-ն համաշխարհային շուկայում մեծ ներդրումային փաթեթ է ձևավորել, ստիպված էր մերժել և բալանսավորված գնի համար նաև ՀՀ–ի համար բարձրացնել գազի գինը, իբրև իրականում պրագմատիկորեն է վերաբերվում դաշնակից երկրների նկատմամբ:

ՀՀ շուկայի մասին խոսելով` նա ասաց, որ երկրի ներսում սակագնի պահպանումը սահմանին բարձրացման ֆոնին, կարող է որոշակի ռիսկեր պարունակել` հղում անելով նախորդ տարիների փորձը, երբ 2011-ին սակագները ներսում պահպանվեցին, բայց համակարգում ձևավորվեց հսկայական բեռ, որը մարելու նպատակով 2013-ին կնքվեց հայտնի գազային պայմանագիրը, համաձայն որի` 20% –ն էլ «Գազպրոմին» տրվեց, ՀՀ–ն զրկվեց ազգային էներգետիկ քաղաքականությունից: «Չեմ բացառում, որ այս տրամաբանության արդյունքում կարող է ձևավորվել նաև ռիսկ, որի արդյունքում ՀՀ-ն 2020-21թթ-ին ստիպված լինի գնալ որոշ ենթակառուցվածքների, գուցե քաղաքական զիջումների»,-ասաց նա:

Իսկ թե ինչ պետք անել, փորձագետը նշեց, որ ՀՀ-ում էներգետիկ հեռանկարային զարգացման ծրագիր կա, որտեղ կա կարևոր դրույթ, ըստ որի` պետք է իրականացվի այնպիսի էներգետիկ քաղաքականություն, որի արդյունքնում ՋԷԿ-երի տեսակարար կշիռը նվազեցվի, հասցվի 18%-ի, որը ոչ թե արևային, և հողմային, այլ միջուկային էներգետիկայի և հողմային էներգետիկայի միջոցով ապահովի ցածր ինքնարժեքով էներգիա, բայց այն մոռացության տրվեց 2016-ին, և հակառակ տենդենցներ են գնում:«Երևանի ՋԷԿ-ի բլոկի շինարարության նոր պայմանագիրն է կնքվել` 300 մլն դոլար ներդումների, ինչը նշանակում է, որ միջնաժամկետ շրջանում ավելի մեծ է լինելու կախվածությունը ՌԴ-ի բնական գազից, քանի որ աշխատելու է բնական գազով»,-ասաց նա:

Իսկ թե հնարավո՞ր է իրանական գազը փոխարինի ռուսականին, փորձագետը նշեց, որ ըստ էության այսօրվա դրությամբ հավասարվեց ռուսական գազի և իրանական գազի սակագները` 165 դոլար։ «Գազատրասպորտային հարաբերությունում, կարևոր է գազի ենթակառուցվածքը, որը ՀՀ-ի դեպքում գտնվում է  «Գազպրոմի» հաշվեկշռին»,-ասաց նա:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА