o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զուտ` ընդ որում անօրինական հետաքրքրություն, թե՞ մամուլի հանդեպ վերին ճնշման փորձ

21.12.2018 12:49 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Զուտ` ընդ որում անօրինական հետաքրքրություն, թե՞ մամուլի հանդեպ վերին ճնշման փորձ

Նախօրեին լրատվական դաշտում տեղեկություններ տարածվեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը վերջին մի քանի օրերի ընթացքում զանգահարում է տարբեր լրատվամիջոցների խմբագիրների եւ հետաքրքրվում նրանց ֆինանսական շարժով` տպագրել են տարեկան հաշվետվությունները, թե` ոչ: Նույն լուրերի համաձայն, այդ «օպերացիային» զույգ աչքերով հետեւում է նաեւ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի պատասխանատու Աննա Կարապետյանը: Համապատասխանո՞ւմ է վերոհիշյալ տեղեկությունը իրականությանը, ի՞նչ իրավասությունների հիման վրա է վարչապետի մամուլի խոսնակը հետաքրքրվում լրատվամիջոցների ֆինանսական շարժով: Այս հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ ԱՐՄԱՆ ԵՂՈՅԱՆԻՑ.
- Կարող եմ ասել, որ, այ՛ո, ես հետաքրքրվել եմ այդ հարցով ԶԼՄ-ների մասին օրենքի 12-րդ հոդվածի համաձայն, ըստ որի, լրատվամիջոցները ներկայացնում են տարեկան հաշվետվություն: Հետաքրքրվել եմ, թե արդյոք լրատվամիջոցները ներկայացրե՞լ են օրենքի այդ պահանջը տարվա ընթացքում: Պարզվել է, որ չեն հրապարակել, խնդրել եմ, հիշեցրել եմ, որ գոյություն ունի օրենքի դրույթ, որին պետք է հետեւել, եւ հորդորել եմ կատարել օրենքի պահանջը, ինչի իրավունքն ունի ցանկացած քաղաքացի, ինչպես նաեւ իրենց ընթերցողները, որոնցից մեկը նաեւ ես եմ: Դա կարող է անել ցանկացած քաղաքացի, ինչպես, ասենքª ցանկացած քաղաքացի կարող է հետաքրքրվել պաշտոնյաների գույքի եւ եկամուտների մասին հայտարարագրերով: Այս պարագայում եւս ցանկացած քաղաքացի կարող է հարցնել, թե այս կամ այն լրատվամիջոցը հրապարակե՞լ է արդյոք իր տարեկան ֆինանսական հաշվետվությունը: Ըստ էության, պետք է հարցնեմ նաեւ ձեր թերթի մասին: Ձեզ էլ եմ խնդրում հրապարակել` արդյոք "Իրավունք" թերթը տպագրե՞լ է տարեկան հաշվետվությունը, թե՞ ոչ: Խնդրում եմ, եթե Դուք ինքներդ ունեք տեղեկություն, ինձ տրամադրեք (շտապենք տեղեկացնել պարոն Եղոյանին, որ «Իրավունքը» մշտապես իր պարտականությունները ժամանակին եւ օրենքով նախատեսված կարգով կատարում է, եւ հերթական տարեկան հաշվետվությունը հրապարակելուն պես, մեկ օրինակ պարտավորվում են նվիրել նրան` մեզ այդ հարցով զանգահարելու ժամանակի կորստից եւ չարչարվելուց ազատելու համար- Խմբ.):
- Իսկ ի՞նչ սկզբունքով եք որոշում, թե որ լրատվամիջոց պետք է զանգահարեք:
- Այն լրատվամիջոցները, որոնց հաշվետվություններն ինտերնետային որոնմամբ կան, տպագիր տարբերակով չեմ տեսել: 
- Որպես քաղաքացի, հասկանալի է: Իսկ որպես վարչապետի պաշտոնակատարի մամուլի պատասխանատու, արդյոք դա մտնո՞ւմ է ձեր իրավասությունների մեջ` զանգել լրատվականներ եւ հետաքրքրվել նրանց ֆինանսական շարժերով:
- Այն իրավունքները, որոնք որ ունի ՀՀ քաղաքացին, նույն իրավասություններն ունի նաեւ ՀՀ վարչապետի մամուլի պատասխանատուն, որի իրավունքները չեն կարող լինել ավելի քիչ, քան ՀՀ քաղաքացիներինը: Ասեմ ավելին, կլինեմ վարչապետի մամուլի քարտուղարը, թե կլինեմ մեկ այլ աշխատանքի, այո, կրկին զանգահարելու եմ այս կամ այն լրատվամիջոցներին, որոնք հայտարարագրերը չգտնեմ առցանց կամ  տպագիր տարբերակով, եւ կհետաքրքրվեմ` արդյոք հրապարակելո՞ւ են իրենց հայտարարագրերը, թե` ոչ (տարօրինակ է, որ առ այսօր դեռ նման զանգ պարոն Եղոյանից չենք ստացել եւ ոչ մի տարի-Խմբ.): 
- Իսկ այդ դեպքում ինչո՞ւ եք զանգահարելով` լրատվամիջոցներին ներկայանում որպես վարչապետի մամուլի քարտուղար, այլ ոչ թե պարզապես Արման Եղոյան:
- Ես հենց այդպես էլ ներկայանում եմ` Արման Եղոյան եւ մեղավոր չեմ, որ բոլորն ինձ ճանաչում են: Ես նախկինում էլ միշտ հետաքրքրվել եմ այն լրատվամիջոցների հաշվետվություններով, որոնք ընթերցել եմ: Իսկ հիմա, քանի որ ես ընթերցում եմ ավելի շատ, ուստի եւ ավելի շատ եմ հետաքրքրվում: 
- Ըստ էության, ֆինանսական հաշվետվությունները ներկայացվում են հարկային մարմիններին, եւ նման կերպ ապահովված է թափանցիկությունը: Երբվանի՞ց նման ցանկություն առաջացավ` անձամբ հետաքրքրվել լրատվամիջոցներից:
- Հետաքրքրվել եմ միշտ, եթե կա առցանց, նայում եմ, եթե չկա, զանգում եւ հետաքրքրվում եմ, դա մեծ աղետ չէ: 
- Պարոն Եղոյան, կան մարդիկ, ովքեր կատարում են այդ պարտավորությունը` ելնելով օրենքի պահանջից....
- Այո, տվյալ պատասխանատուները կարող են օրենքի պահանջը չկատարելու պարագայում տույժի ենթարկվել, իսկ ես ընդամենը հետաքրքրվող եմ:
- Իսկ պարոն Փաշինյանը տեղյա՞կ է ձեր հետաքրքրությունից, զեկուցե՞լ եք:
- Իմ հետաքրքրությունների մասին պարոն վարչապետին չեմ զեկուցում: 
- Ձեր կարծիքով` պարոն վարչապետը կողջունի՞ ձեր այս հետաքրքրությունը: 
- Կարծում եմ` յուրաքանչյուր քաղաքացի կողջունի լրատվամիջոցների բաց ու թափանցիկ գործունեությունը: Սա վարչապետի հանձնարարական չէ: Մյուս տարվա մարտ ամսին կրկին սպասելու եմ եւ հետաքրքրվելու եմ: 
- Բայց դեռ մարտ ամիսը չի եկել:
- Դե, ես սպասելու եմ մինչեւ մարտ:
- Ասում են, որ Դուք կոնկրետ ԶԼՄ-ների ցուցակ ունեք:
- Ո՛չ, ինձ ուղղակի հետաքրքրում է, թե հայաստանյան լրատվամիջոցները ինչպես են կատարում իրենց եզակի պարտավորությունները:
- Կա՞ն լրատվամիջոցներ, որոնք բավարարել են Ձեր հետաքրքրությունները:
- Այո, կան: Դա Դուք էլ կարող եք զանգել եւ հետաքրքրվել:
- Չե՞ք կարծում, որ անկախ նրանից, թե Դուք զանգում եք որպես մամուլի խոսնակ, թեª?պարզապես քաղաքացի` միեւնույնն տպավորությունն է, որ Դուք այս կերպ ճնշում եք փորձում գործադրել մամուլի նկատմամբ:
- Բնավ, բնավ: Ես նորից եմ կրկնում, ես դա անում եմ, որպես ՀՀ քաղաքացի:

«Մի՛ մտածեք, թե ամեն անգամ Երևան գալուց ինձ դիմավորում է Հայաստանի նախագահը». Իվան Ուրգանտի կազմակերպած «հայկական երեկոյի» հյուրերի թվում է եղել նաև Գարիկ Մարտիրոսյանը (տեսանյութ)

Հ.Գ. Ի դեպ, զարմանալին եւ ուշագրավն այն է, որ մամուլի աշխատանքներին` թեկուզ հետաքրքրությունների մակարդակով, փորձում է միջամտել իշխող կուսակցության ներկայացուցիչը (դե այդպես ենք ասում, որովհետեւ պարոն Եղոյանը հավաստիացնում է չէ՞, ոոր ինքը ի պաշտոնե դա չի անում. Ի.Ա.) , որի քաղաքական թիմը` ջանք չի խնայում ապացուցելու,. որ նրանք ժողովրդավարության, ազատ խոսքի ջատագովն են:

Հույս ունենք, որ այնումանայնիվ այս «հետաքրքրություններին»` ի պաշտոնե կարձագանքի Նիկոլ Փաշինյանը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА