ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

21.12.2018 19:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Երբ տնտղեցինք առողջապահության նախարար ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ֆեյսբուքյան էջը, ոչ միայն զարմացանք, այլեւ մի պահ սեփական աչքերին չհավատացինք, քանզի այդտեղ հայտնաբերեցինք հետեւյալ գրառումը. «Առողջապահության նախարարությունը եւ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը սկսում են «Հայկական գենոմ» նախագիծը` միտված մեր երկրում գենետիկայի զարգացմանը, ինչը դրական ազդեցություն կունենա այդ ոլորտում կիրառական գիտության եւ առողջապահական ոլորտի վրա»: Թե ի՞նչ է դա նշանակում, դժվարանում ենք ասել, քանզի Թորոսյանը միշտ էլ աչքի է ընկել չհայի պահվածքով եւ սիրել է ծաղրել հայի գենը: Եթե իրոք հայկական գենոմն ուսումնասիրելու ռեալ ծրագիր կա, դա անշուշտ լավ է, բայց լավ ճանաչելով, ինչպես վարչախմբին, այնպես էլ կոնկրետ այս թրաշամանուկ նախարարին, մի տեսակ մտածում ես` իսկ արդյո՞ք դրա տակ ինչ-որ վատ բան չեն քողարկել:

ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, Էջմիածնի քաղաքապետ ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ թավշակրոն վարչախմբի ամենեւին վատագույն համայնքապետը չէ: Զորօրինակ, վերջերս նա ադեկվատության կոչ էր հնչեցրել` հորդորելով չուրախանալ ՀՀԿ-ի ԱԺ չանցնելով եւ չլցվել ատելությամբ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ: Եվ ահա հայտնաբերում ենք շատ զարմանալի տեղեկություն: Էջմիածնի քաղաքապետի ընտրություններից առաջ այն ժամանակ թեկնածու, այժմ քաղաքապետ Դիանա Գասպարյանի մասին համացանցում տարածված տեսանյութերը համարվել են պոռնկագրական եւ այդ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատեցին տեղեկությունը եւ նշեցին, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «պոռնկագրական նյութեր կամ առարկաներ, այդ թվում` տպագիր հրատարակություններ, կինոյի եւ տեսաֆիլմերի նյութեր, պատկերներ կամ պոռնկագրական բնույթի այլ առարկաներ տարածելը, գովազդելը, իրացնելը, ինչպես նաեւ այդ նպատակով պատրաստելը»: Ճիշտ է, ներկայումս ՀՀ քաղաքական դաշտը ու հատկապես իշխող վերնախավը գրեթե չի տարբերվում պոռնոգրաֆիայից, բայց, այնուամենայնիվ...

ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ե՛ւ հեղաշրջման օրերին, ե՛ւ հիմա մեծ սիրով է լցված «Մարիոթ» հյուրանոցի հանդեպ: Պարզվում է` «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի կառավարիչները հեղափոխության օրերին անուրանալի ծառայություն են մատուցել Նիկոլ Փաշինյանին, եւ դա էր պատճառը, որ նրանք արժանացան մեծ պատվի` հրապարակում հանրահավաքի հարթակից Նիկոլ Փաշինյանը «Մարիոթը» հռչակեց «ազգային բրենդ»` շարժմանը միացած «Գրանդ հոլդինգի» կողքին: Այդ դեպքերից ամիսներ անց պատմեցին, որ այդ օրերին «Մարիոթում» կարեւոր փակ հանդիպումներ անող Նիկոլ Փաշինյանին հյուրանոցի ղեկավարությունը հուշել է` վերջին պահին փոխել բանակցությունների սենյակը, քանի որ այն «լսվել է»: Նոր սենյակը, որն ընտրվել է ադմինիստրացիայի ուղղորդմամբ, գաղտնալսման տակ չի եղել, եւ հենց այնտեղ են կարեւոր որոշումներ կայացվել, որոնք վճռորոշ են եղել հեղափոխության հաղթանակի հարցում: Եվ պատահական չէ, որ այս ողջ ընթացքում Փաշինյանը պարբերաբար լինում է «Մարիոթում», իսկ «Իմ քայլը» ֆրակցիայի առաջին նիստն է անցկացրել «Մարիոթում»: Ահա այդպիսի զարմանալի բաներ...

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА