o C     14. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԱՆԱՔԸ ԴԵՌ ՉԻ ՉՈՐԱՑԵԼ. Հայոց Աշխարհ

14.12.2018 16:08 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԱՆԱՔԸ ԴԵՌ ՉԻ ՉՈՐԱՑԵԼ. Հայոց Աշխարհ

Իսկ Հայաստանն արդեն նահանջի ազդանշաններ է ուղարկում
   
   Խորհրդարանական ընտրություններից ընդամենը մի քանի օր է անցել, պաշտոնական արդյունքները դեռ չեն հրապարակվել, բայց արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ Հայաստանում ավարտված ներքաղաքական գործընթացներին անմիջապես փոխարինելու են գալիս արտաքին-քաղաքական օրակարգերը։ 
   Դեռ նախքան դեկտեմբերի 9-ի քվեարկությունը ինչպես Ղարաբաղի հարցով, այնպես էլ հայ-թուրքական օրակարգի շուրջ տեղի ունեցած հանդիպումներն ու քննարկումները վկայում են, որ սա դեպքերի ու իրադարձությունների պատահական համընկնում չէ։ 
   Այսքան արագ չէին կարող հրատապ դառնալ արտաքին քաղաքական օրակարգի կնճռոտ հարցերը, եթե դրա համար նախապես չէին իրականացվել անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ։ Այդ պատճառով որքան էլ ոմանք պնդեն, թե պարզապես գործ ունենք դեպքերի ու իրադարձությունների պատահական համընկնման հետ, հասարակությանը չեն կարող դնել միամիտ երեխաների տեղ։
   Հայաստանի խորհրդարանական ընտրությունների շուրջ միջազգային արձագանքները եւս հուշում են, որ դրանց արդյունքները խիստ տարբեր, անգամ տրամագծորեն հակադիր վերաբերմունքի են արժանանում հիմնական արտաքին խաղացողների կողմից։ 
   Ո՞վ էր սպասում, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը այդպես օպերատիվ իր հիացմունքը կհայտնի ընտրությունների արդյունքների վերաբերյալ, իսկ այդ գերտերության դեսպանատունը նույնիսկ եռագույն սրտիկներ կուղարկի մեզ։ 
   Ի՞նչն էր խանգարում Ռուսաստանի ղեկավարությանը պաշտոնապես շնորհավորել Հայաստանի ղեկավարին ընտրություններում ձեռք բերած տպավորիչ արդյունքների հետ կապված՝ այն փոխարինելով ԱԳՆ խոսնակի կառուցողական երկխոսության մասին զուսպ գնահատականով։
   Ակնհայտ է նաեւ, որ ամենեւին էլ պատահական չէ Թուրքիայի լրատվամիջոցների դեսանտի հայտնվելը մեր երկրում խորհրդարանական ընտրությունների նախօրեին։ Այդ ե՞րբ է եղել, որ Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները այսքան մեծ հետաքրքրություն են առաջացրել այդ երկրում, որի հետ չունենք անգամ դիվանագիտական հարաբերություններ։ 
   Ուստի ընտրություններից ընդամենը մեկ օր անց՝ դեկտեմբերի 10-ին, վարչապետի պաշտոնակատարի առաջ քաշած Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների վերականգնման պատրաստակամությունը եւ դրան հետեւած Ռ.Էրդողանի վարչակազմի ներկայացուցչի կացնային պատասխանը պարունակում են Նոր Հայաստանի իշխանությունների առաջին քայլերի վերծանման բանալիները։
   Ռ.Էրդողանի վարչակազմի ներկայացուցիչը առաջ էր քաշել ընդամենը երկու նախապայման՝ հրաժարում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու քաղաքականությունից եւ Արցախի հանձնումն Ադրբեջանին։ 
   Ուրեմն՝ պատահականությու՞ն է այս հայտարարություններին նախորդած արտգործնախարար Զ.Մնացականյանի կողմից՝ մեր ժողովրդի մեծագույն ողբերգությունը «անցյալում տեղի ունեցած անցանկալի իրադարձությունների» շարքը դասող գնահատականը, որը լայնորեն օգտագործվում է նաեւ Թուրքիայի ղեկավարության պաշտոնական բառապաշարում։
   Եվ երկրորդ՝ պատահականությո՞ւն են Թուրքիայի երկրորդ պահանջին ի պատասխան Արցախի պաշտպանության նախարարի շուրջ կուտացված մութ ամպերը։
   Եթե առաջին մեսիջը փորձեն վերագրել մեր արտգործնախարարի «դիվանագիտական նրբանկատությանը», ապա ընտրություններից հաշված օրեր անց տեղի ունեցող Արցախի անվտանգության թիվ մեկ պաշտոնյայից ազատվելու փորձը ավելի քան խոսուն է։ 
   Միաժամանակ խիստ մտահոգիչ է նաեւ մեր հակառակորդ երկիր ռուսական բարձրաստիճան պաշտոնյաների՝ իրար հաջորդող այցելությունները։ ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի այցին երեկ հաջորդել է արտգործնախարար Ս.Լավրովի այցը. Ադրբեջանի ղեկավարը խորին գոհունակություն է հայտնել Ղարաբաղի հարցի շուրջ ստեղծվող կացությունից. «Կարծում եմ, այսօր իրադրությունն առավել բարենպաստ է, կան շատ գործոններ, որոնք հիմք են տալիս նման հայտարարությունների համար»։
   Այսինքն՝ խորհրդարանական ընտրությունների թանաքը դեռ չի չորացել, բայց մեր հակառակորդներն արդեն շփում են իրենց ձեռքերը՝ միակողմանի զիջումներ ակնկալելով Հայաստանի ղեկավարից ու նրա քինդերսյուրպրիզների թիմից։ 
   Վերջիններս էլ իրենց հերթին նահանջի պատրաստակամության ազդանշաններ են ուղարկում մեր ոխերիմ հարեւաններին՝ է՛լ ավելի բացելով նրանց առանց այդ էլ մեծացող ախորժակները։ Մինչդեռ, ինչպես ցույց է տալիս ԵԱՀԿ Մինսկի համանախագահների վերջին հանդիպման ժամանակ ընդունված որոշումների բովանդակությունը, միջազգային հանրությունն ակնկալում է, որ առաջիկայում երկու երկրների ղեկավարները կոնկրետ քայլեր ձեռնարկեն իրենց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար։ 
   Այնպես որ Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարության համար այդ կոնկրետ քայլերը Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքականությունից հրաժարումն է եւ Ղարաբաղի հանձնումը, իսկ Հայաստանի համար Հայոց ցեղասպանության վերաբերյալ գնահատականների մեղմացումը եւ Արցախի պաշտպանության բանակի հերոս հրամանատարներ Վ.Բալասանյանից, Ա.Ղարամյանից ու Լ.Մնացականյանից ազատվելը։
   Ուստի, անկախ նրանից՝ պայմանավորվա՞ծ է նրանց հանդեպ ներկայումս իրականացվող բացահայտ հաշվեհարդարը ընտրապայքարի շրջանում Ն.Փաշինյանի զինակից Սասուն Միքայելյանի սկանդալային հայտարարությանը տրված գնահատականներով, թե՞ ավելի խորքային պատճառներ ունի, միեւնույն է, Արցախի հերոս-հրամանատարների արագ ու չհիմնավորված հեռացումը նպաստելու է միայն ու միայն Իլհամ Ալիեւի ախորժակի մեծացմանը։ 
   Եվ այս ամենից հետո թող մեզ նորից չառարկեն, թե՝ անփորձ են մեր նոր ղեկավարներն ու չեն հասկանում այդ նրբերանգները։ 
   Իսկ մեր կարծիքով՝ ինչպես Ղարաբաղի հարցով, այնպես էլ հայ-թուրքական օրակարգի շուրջ Հայաստանի նոր իշխանությունների կողմից վերջին օրերին դրսեւորվող «անհաշվենկատ» կեցվածքը վկայում է, որ նրանք նախապես որոշ երաշխիքներ են տվել արտաքին ուժերին խորհրդարանական ընտրություններում վստահության մանդատ ստանալուց հետո կոնկրետ քայլերի, իսկ ավելի ճիշտ՝ զիջումների գնալու վերաբերյալ։

Աստծո կամոք ու օրհնությամբ լույս աշխարհ եկավ մեր երկրորդ որդին՝ ԹԱԴԷն. Գոհար Գասպարյանը երկրորդ անգամ մայր է դարձել

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА