ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գազի գնի բանակցությունները շարունակվում են

13.12.2018 14:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Գազի գնի բանակցությունները շարունակվում են

Սանկտ Պետերբուրգում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև եղել է զրույց՝ ՌԴ-ից Հայստան գազի գնի մատակարարման ու դրա գնի շուրջ, տեղեկությունն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հաստատեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյան։

Գազի գինը հնարավոր է բարձրանա մայիսից.«Փաստ»

«Բանակցություններն այս փուլում դեռևս շարունակվում են։ Դեռևս պայմանավորվածություն չի եղել», - լրագրողներին ասաց Գ. Բաղրամյանը։

Դիտարկմանը, որ տարեվերջին ավարտվում է ներկայիս պայմանագիրը, նախարարի պաշտոնակատարն արձագանքեց, որ դա խնդիր չէ և այն ավտոմատ կերկարաձգվի։

«Պայմանագրի ավարտվելը խնդիր չէ, որովհետև այն կերկարաձգվի այնքան ժամանակ, մինչև բանակցությունները կավարտվեն, որովհետև դրանք բավականին ծանր և երկարատև ժամանակ պահանջող բանակցություններ են և պայմանագրի ավարտվելը խնդիր չէ։

Քանի դեռ պայմանավորվածություն չկա, կմնա այն, ինչ ունենք այսօր, նենց չի, որ հունվարից գազ չենք ստանալու», - ասաց Գարեգին Բաղրամյանը։

Ինչ վերաբերում է գազի գնին, վերջինս նշեց, որ այն պարզ կլինի, երբ բանակցությունները կավարտվեն:

«Հունվարի մեկից գազի գինը կպահպանվի։ Կրկնում եմ՝ եթե բանակցություններն ավարտված չլինեն, պահպանվելու է այն, ինչ այսօր ունենք», - ասաց նախարարի պաշտոնակատարը։

Ինչ վերաբերում է տարվա կեսին գազի գինը փոփոխելու հնարավորությանը, վերջինս նշեց, որ բանակցությունների ավարտը ցանկացած ժամանակ հնարավորություն է տալիս սկսել գնի վերանայման գործընթաց։

Հարցին՝ ի վերջո, ի՞նչ տրամադրվածություն կա կողմերի մոտ ու կբարձրանա արդյոք գազի գինը Հայաստանի համար, նախարարի պաշտոնակատարն արձագանքեց՝ «բնականաբար, բանակցում ենք նվազեցնելու շուրջ, ոչ մեկ չի բանակցում բարձրացնելու շուրջ»:

«Տրամադրվածությունը երկու կողմի շատ փոխշահավետ և բարեկամական հարաբերություներ են», - ասաց Գարեգին Բաղրամյանը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА