ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Համազգային թատրոնի դերասանները վաղվանից անժամկետ գործադուլ են սկսելու

30.11.2018 17:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԴԱԳՐԵՐ
Համազգային թատրոնի դերասանները վաղվանից անժամկետ գործադուլ են սկսելու

Երկու տարի առաջ, չնայած դերասանների բացասական վերաբերմունքին, Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակվեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը, որը մեկ տարի անց` 2017-ին, համատեղելիության կարգով, դարձավ նաեւ թատրոնի տնօրենը: Այսօր թատրոնի ստեղծագործական կազմը պահանջում է որպեսզի Չալդրանյանը հրաժարվի թատրոնում իր զբաղեցրած երկու պաշտոններից: Դերասաններն իրենց պահանջը լիարժեք կատարելու համար վաղվանից անժամկետ գործադուլ են սկսելու:

«Դուխով, ժողովուրդ ջան սաղ լավա լինելու» բառերով մեզ էլ չեն կերակրելու. բողոքի ակցիա

Դեռեւս մեկ տարի առաջ` մինչ Չալդրանյանի տնօրեն նշանակվելը, «Իրավունքը» գրել էր, որ թատրոնի կոլեկտիվում ներքին լարվածություն կա, դերասանները չեն հաշտվում նոր գեղարվեստական ղեկավարի հետ, սակայն այդ մասին, հասկանալի պատճառներով, չեն հանրայնացնում, բայց եւ մասնավոր զրույցների ընթացքում էլ չէին թաքցնում դա: Այնուամենայնիվ, երեկվանից թատրոնն ունի նոր գեղարվեստական ղեկավար, քանի որ Չալդրանյանն օրերս դերասանական կազմի հորդորներով հրաժարական էր տվել գեղարվեստական ղեկավարի պաշտոնից` մնալով միայն տնօրենի պաշտոնում: Եւ օգտվելով օրենքով սահմանված իր իրավունքից (ՊՈԱԿ-ների մասին օրենքով թատրոնում տնօրենն է ընդունում կամ ազատում), հապճեպ ու միանձնյա որոշում է կայացրել` թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակելով Սուրեն Շահվերդյանին:

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս Ս. Շահվերդյանը Կարեն Ներսիսյանի հետ պայքարում էր  Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի աթոռի համար, սակայն տնօրեն Ֆրեդ Դավթյանը միանձնա որոշում կայացրեց ու այդ կռվախնձոր դարձած պաշտոնին նշանակեց Կարեն Ներսիսյանին, քանի որ ստեղծագործական կազմը դեմ էր Ս. Շահվերդյանին: Սակայն, եթե ռուսական թատրոնի դեպքում դերասանները համախմբվել են նոր գեղարվեստական ղեկավարի շուրջ, համազգայինցիները դա չեն խոստանում, քանի որ դեմ են ե՛ւ Չալդրանյանին, ե՛ւ Սուրեն Շահվերդյանին: Ավելին` ստեղծագործական կազմը թատրոնի գեղարվեստական ղեկավար տեսնում է իր կոլեկտիվից  դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանին, իսկ մեկ այլ գործընկեր ՀՀ վաստակավոր արտիստ Արման Նավասարդյանին` թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

ՀԱՄԱԶԳԱՅԻՆՑԻՆԵՐԸ ՄԵՐԺՈՒՄ ԵՆ ՎԻԳԵՆ ՉԱԼԴՐԱՆՅԱՆԻՆ

«Իրավունքի» հետ զրույցում Համազգային թատրոնի դերասան ՍՏԵՓԱՆ ՂԱՄԲԱՐՅԱՆՆ այդ որոշման մասին ասաց. «20 տարի է արդեն թատրոնում ենք եւ մենք մեր ուժերը ճիշտ բաշխել գիտենք, այսինքն` վստահ ենք, թե ով կարող է  ստանձնել այդ երկու պաշտոնները, սա ժամանակավոր որոշում է, որից հետո կա օրինական դաշտ, կա մրցույթ հասկացողություն: Սա պետական թատրոն է, եւ պետության կողմից հայտարարված տնօրենի մրցույթին մասնակցելու իրավունք ունեն շատերը, մենք եւս մասնակցելու ենք այդ մրցույթին` մեր թեկնածուով, եւ կհաղթի արժանավորը: Պարզապես, այլեւս չենք ուզում, որ մեր թատրոնում կիսատ-պռատ, անմարդկային հարաբերությունները շարունակություն ունենան»:

Իսկ մեր այն շեշտադրմանը, թե արդեն նոր գեղարվեստական ղեկավար ունեք, Ս. Ղամբարյանը հստակեցրեց.

«Նիկոլ մեզ բերեցիր, փողոց փակել սովորացրեցիր, իսկ դու լայաղ չես անում կաբինետիցտ դուրս գաս». բողոքի ակցիա

- Մենք չունենք, դա ինքը` Չալդրանյանն ունի, ինքն է նշանակել` տնօրենի իր իրավասությունների շրջանակներում, առանց մեզ հետ խորհրդակցելու, բայց դա իր գեղարվեստական ղեկավարն է, մերը չէ:

- Տնօրենի այդ իրավասություններով նա իրավունք ունի դերասաններին աշխատանքից ազատելու, եթե դուրս գաք գործադուլի, մտավախություն չունե՞ք, որ Չալդրանյանը բոլորիդ հերթով հեռացնի աշխատանքից:

- Չի կարող նման բան անել, կգնանք ծայրահեղ քայլերի, ընդհուպ` կնստենք դռան առաջ ու իրեն ներս չենք թողնի թատրոն:

«ԱՅՆՊԻՍԻ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐ ԼԵՌԱՆ ՍՏՈՐՈՏԻՆ ՆՍՏԱԾ` ԱՄՊԵՐԸ ՀԵՏ Ա ՔԱՇՈՒՄ, ՈՐ ՄԵԶ ՏԵՍՆԻ»

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆՆ իր տնօրեն նշանակվելու մասին ասում է, որ գործընկերներն են եկել այդ որոշմանը. «Մենք երբ հանդիպեցինք մշակույթի նախարարին, գիտեինք, որ ասելու էր, եթե դեմ եք, հապա ո՞ւմ եք ուզում որ լինի տնօրեն ու գեղարվեստական ղեկավար, դրա համար դերասանական կազմի բոլորի առաջարկով եկել ենք այդ որոշմանը, որ ես լինեմ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ Նարինեն Գրիգորյանը` գեղարվեստական ղեկավար, որպեսզի այդպես մեր թատրոնը փրկենք: Չալդրանյանը չի կարողանում հասկանալ, որ մենք իսկապես մի ընտանիք ենք, մի բջիջ ենք: Նա մեզանից բացատրագիր էր պահանջել` «Համլետը» ներկայացման փորձերին չներկայանալու համար, իսկ այդ ներկայացմանը 6  դերասան ենք զբաղված, մենք վեցով մի բացատրագիր գրեցինք, վեցիս ստորագրությամբ: Մենք կպած ենք իրար, միասին ենք, իսկ նա չի հասկանում մեզ, որովհետեւ միշտ մենակ է ապրել, նա կոլեկտիվ մտածող մարդ չէ, ինքն ապրում է իր աշխարհում: Խնդրում եմ, որեւէ մի ստեղծագործողի հարցրեք, ո՞վ է Վիգեն Չալդրանյանը, կասեն` մեծամիտ, ինքնահավան, ինքնասիրահարված, իրենից դենը ոչ մեկին չճանաչող, այնպիսի տպավորություն է` լեռան ստորոտին նստած` ամպերը հետ ա քաշում, որ մեզ տեսնի: Սա թատրոն է, մենք ուզում ենք նորմալ փոխհարաբերություններ»,- ասաց Ա. Նավասարդյանն ու պնդեց. «Մենք պատրաստ ենք փրկել մեր թատրոնը` ցանկացած գնով, դրա համար գործադուլ ենք հայտարարել»,- իսկ իրենց աշխատանքից ազատելու Չալդրանյանի իրավասության մասին հավելեց. «Դրա համար գործադուլի դիմում ենք ներկայացրել, ինչն արդեն օրինական է: Եթե նա որեւէ մեկին հեռացրեց աշատանքից, վիճակն ավելի կթեժանա, դրա համար ավելի լավ կլինի սուս ու փուս, պատվով հեռանա ու թող մեղվի բույնը չփորփրի»,- Չալդրանյանին վրդովված խորհուրդ տվեց Ա. Նավասարդյանն ու հավելեց . «Եթե անգամ, օրենքի կետով բոլորիս հեռացրեց, մենք կբացենք նոր Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն: Սա մեր թատրոնն է, այս բեմի վրա մեր քրտինքն է թափվել, ոչ թե` Չալդրանյանի: Երկու շաբաթ առաջ ասաց` ես կհրաժարվեմ, բայց հետո հետ կանգնեց իր որոշումից, հիմա մենք ասում ենք` եղբայր, գնա՛, մենք չենք ուզում քեզ: Պատկերացնո՞ւմ եք մի միջավայրում, որտեղ ձեզ հետ չեն ուզում նույն օդը շնչել: Լավ կլինի ասի` տղերք, շնորհակալ եմ համատեղ աշխատանքի համար, ես գնացի, ու թեկուզեւ ասի` թքեմ ձեր երեսին, հանուն թատրոնի դրան էլ ենք պատրաստ»:

«Երթեւեկելի հատված դեռ դուրս չենք գալիս». «ՎԵՏՕ» նախաձեռնությունը բողոքի ակցիա է անցկացնում ՍԴ-ի դիմաց (ուղիղ)

ՉԱԼԴՐԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏՐԵԽՆԵՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐ ԵՆ

Դերասանների հիմնական պահանջն այն է, որ ե՛ւ որպես գեղարվեստական ղեկավար, ե՛ւ որպես տնօրեն այս 2 տարվա ընթացքում Չալդրանյանը ճիշտ անիվների վրա դրված թատրոնը գցել է ռելսերից: Ըստ նրանց` այս 2 տարվա ընթացքում նա բեմադրել է միայն մեկը, որն էլ, որակում են` խայտառակ ներկայացում: Թերեւս, աբսուրդ է նաեւ ՀՀ մշակույթի նախարարության դիրքորոշումը, երբ դերասանները փոխնախարար Նազելի Ղարիբյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել են իրենց դժգոհությունները, թե երկու տարվա մեջ մեկուկես ներկայացում է բեմադրել Չալդրանյանը, տիկին Ղարիբյանը աբսուրդ պատասխան է տվել, թատրոններ կան, որ 3 տարվա ընթացքում են 1 նոր ներկայացում բեմադրում... Այսինքն` ստացվում է, նախարարությունը թքած ունի թատրոններին իր կողմից պետական բյուջեից հատկացրած գումարների ճակատագրերի վրա: Դա դեռ բավական չէ, Չալդրանյանի հետ տիկին Ղարիբյանը եկել է համաձայնության ու որոշում կայացրել, որ մտերիմ ընկերոջը` Սուրեն Շահվերդյանին անպաշտոն չթողնեն: Ասում են նաեւ, որ ինքնասիրահարված արտիստը (Չալդրանյանին մշակույթի բնագավառում այդպես են անվանում) իր ներկայացումներից բացի, չի հանդուրժում մյուսները, ավելին` Սոս Սարգսյանի բեմադրություններն անվանել է տրեխներով ներկայացումներ:

Ի դեպ, Չալդրանյանի ինքնասիրահարվածությունն այնտեղ է հասել, որ ասում են իր մասին 4-րդ գիրքն է գրում, իսկ թատրոնի պաշտոնական էջում, ոչ թե թատրոնի գործունեությունն ու դերասաններն են, այլ օգտատերերի կողմից իր մասին գրված դրական կարծիքները, որոնք դրված են վճարովի գովազդների տակ. «Երբեւիցե կտեսնե՞ք թատրոնի ղեկավարի, որը թատրոնի էջում, գումարով գովազդում է իր անձին ուղղված օգտատերերի գովեստի խոսքերը, եթե մի թատրոնի ղեկավարի օրինակ կբերեք, ես կանցնեմ իր կողմն ու դեմ դուրս կգամ իմ ընկերներին, չկա նման բան, նա միակն է եւ անկրկնելին, դա արդեն վատ է»,- մեզ հետ զրույցում ասաց դերասան ԳԱԳԻԿ ՄԱԴՈՅԱՆՆ ու շարունակեց. «Կան մարդիկ, որ իրենց համարում են տղամարդ, որովհետեւ կին չեն, ահավասիկ Վիգեն Չալդրանյանը, իր խոստումները չկատարելով, ասում է` ես արժանապատվություն ունեմ, չեմ գնա, դա ինձ հիշեցնում է Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազարից» այն հատվածը, որ ասում է`  տղամարդ եմ, իմ խոսքի տերն եմ, սեղանի տակից դուրս չեմ գա...»:

Ըստ դերասանների` որպես տնօրեն բազմաթիվ ֆինանսական աջակցությունները չեղարկել է, միայն այն պատճառով, որ չեն համաձայնել իր պիեսները բեմադրել, ավելին` հանդիսատեսին էլ վանել է. «Երբ մարդիկ ասում են` ուզում եմ գալ ձեր թատրոն` այսինչ ներկայացումը նայելու, Չալդրանյանն ասում է` մի արի, ընդեղ նայելու բան չկա... Արդյունքում հանդիսատեսը պակասել է: Հասկացե՛ք, միգուցե, նա շատ լավ գրող է` թող գրի, թող կինո նկարի, ասում է, թե իրեն կանչում են Հոլիվուդից, ինքը չի գնում, եղբայր, գնա, չենք ուզում, թող գնա ու վերջ»:

Թբիլիսիում լրագրողները բողոքի ակցիա են իրականացնում

«ՎԻԳԵՆ, ԴՈՒ ՊԵՏՔ Է ԶԻՋԵՍ, ՊԵՏՔ Է ԳՆԱՍ». ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՅՐԻ

Ի դեպ, դերասանների հետ բողոք-հանդիպմանը ներկա էր նաեւ Սոս Սարգսյանի այրին, տիկին ՆԵԼԼԻ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ով թեպետ շեշտեց, որ Չալդրանյանն իր ընկերն է, բայց նա նույնպես հորդորեց Չալդրանյանին պատվով հեռանալ թատոնից. «Ինձ համար շատ դժվար է, որովհետեւ տեսնում եմ թատրոնը խարխլվել է, կորցրել է հիմքը: Սա Սոս Սարգսյանի ստեղծած երկրորդ տունն է, եւ այս տունը պետք է շարունակի աշխատել: Այստեղ չի կարող ստեղծագործական մթնոլորտ լինել այլեւս, այստեղ չի կարող որեւէ բան ծնվել, ուրեմն նշանակում է` Վիգեն, դու պետք է զիջես, դու պետք է գնաս: Այս երկու տարվա մեջ հասկացել եմ, որ նա թատրոն չգիտի: Գրեթե բոլոր ներկայացումներին գալիս եմ ու տեսնում էի, որ ներկայացումները մաշվում են: Ասում էի` Վիգեն, դու դերասանների հետ աշխատո՞ւմ ես առոգանության, դիկցիայի, ձայնի, ինտոնացիաների վրա... Բայց պարզվում է, որ` ոչ, որովհետեւ նա չգիտի թատրոն, նա պետք է գնա ֆիլմեր նկարահանի»:

Առավել մանրամասն` տեսանյութում

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА