o C     24. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

LIST.AM-Ի ՄԱԿԱՐԴԱԿԻ ԱԺ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆՆ ԸՆԴԱՌԱ՞Ջ

16.11.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
LIST.AM-Ի ՄԱԿԱՐԴԱԿԻ ԱԺ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆՆ ԸՆԴԱՌԱ՞Ջ

Ապրանքների եւ ծառայությունների List.am կայքում իրոք հայտնվել է ներկայացված հայտարարությունը պատգամավորության թեկնածու առաջարկելու մասին: Անշուշտ, դա կատակ է, եւ իրականում որեւէ կուսակցություն կամ դաշինք այդ մեթոդով ցուցակ չի հավաքել, սակայն ճակատագրի հեգնանքով որոշ ցուցակներ ավելի թույլ են, քան, եթե հավաքված լինեին վերը հիշատակված կայքի օգնությամբ: Դե, իսկ կայքի հայտարարության տառասխալները թող չզարմացնեն` չէ՞ որ ամբողջ համացանցը քննարկում է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի` մի փոքրիկ տեքստում յոթ ուղղագրական սխալ թույլ տալու հանգամանքը:

«ԳԺԱՊԵՏՈՒԹՅԱՆ» ՍՐԱՑՈՒՄԸ, ԿԱՄ ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ 37 ԹՎԱԿԱՆ

 

ՌՈԲՈՏԱՆՄԱՆ ԿՈՃԱԿԱՍԵՂՄԻՉՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ

Ի դեպ, հայտարարությունով թեկնածու հավաքող կուսակցություն տեսել ենք` դեռ շաբաթներ առաջ «Սասնա ծռերը» մարդկանց առաջարկում էին ռեզյումեներ ներկայացնել ընտրացուցակում ընդգրկվելու համար: Այդպես որեւէ բիզնես-հիմնարկ իր աշխատակազմն է հավաքում կամ համալրում, բայց քաղաքականության մեջ դա, անշուշտ, նորարարություն է, որը կադրային ահավոր դեֆիցիտի վկայություն է: Իսկ հիմա դառնանք իշխանական` «Իմ քայլը» դաշինքի ցուցակին: Եթե առաջին 10-15 հոգուն հանես, որ պատգամավոր եւ նախարար են, տակը բան չի մնում: Անհայտ դեմքեր, ովքեր ճանաչվում են թերեւս միայն ֆեյսբուքյան որոշակի «տուսովկաներում», իսկ եթե բախտ են ունեցել առնչվել գրանտ համտեսելու հետ, ապա գոյություն ունեն որպես անգլալեզու փաստաթղթի տող Սորոսի եւ այլ հիմնադրամներում, գումարած` ԱՄն եւ Եվրոպայի դեսպանատներում: Այնուամենայնիվ, փոքրաթիվ թեկնածուներ ճանաչվում են: Զորօրինակ, քչից-շատից ընկալելի են ցուցակում հայտնված լրագրողները, մեկ էլ աչքի են զարնում ՀՀԿ-ի թիմը լքած որոշակի անձինք, այդ թվում եւ` զուտ տեղերում ճանաչված  ճամբարափոխ չինովնիկներ: Այսինքն` այն կատեգորիան, որին ՀՀԿ-ականներն իրար մեջ անվանում են «ֆելիքսցոլակյան սորտի ճամբարափոխ»: Պարզ է, որ այդ կոնտինգենտից միամտություն կլինի ակնկալել օրինաստեղծ աշխատանք: Ընդամենը կոճակ սեղմողներ: Ռոբոտանման: Այնպիսին, որի համեմատ երբեմնի ՀՀԿ-ական եւ անգամ ՀՀՇ-ական «պատգամավորական ճահիճները» փառք կթվան: Դե, եթե ՀՀՇ-ի օրոք Արշակ Սադոյանի թեթեւ ձեռքով շրջանառության մեջ հայտնվեցին «ՀՀՇ-ի պոլի փետերը», ապա այժմ բարձր տեխնոլոգիաներին համապատասխան այդպիսի կադրերին Արմեն Աշոտյանի թեթեւ ձեռքով կնքեցին «Նիկոլի սելֆիի ձող»: Ի դեպ, Ֆեյսբուքի հայկական հատվածի հնագույն եւ ամենահռչակավոր ֆեյքը, որը կրում է «Անկախ Հայաստան» անունը, հորդորում է ծաղրի եւ ծիծաղի առարկա չդարձնել արդեն իսկ շրջանառվող «Նիկոլ վարչապետ» կարգախոսը, քանզի միայն դրանով կարող են խուսափել շռնդալից տապալումից. «Ասեք գեթ մի այլ կարգախոս, որով, օրինակ, Սփյուռքի նախարարը կարար 7.5 ձայն հավաքեր, ասեք գեթ մեկ կարգախոս, որով, օրինակ, ընտրողը պիտի իր ձայնը տա Հրաչյային, կամ ասեք գեթ մեկ այլ կարգախոս, որ տրանսպորտի նոր նախարարը կարա դրանով առաջ գնա: Սա միակ ճիշտ քայլն ա ու միակ հույսը: Հասկացեք, մի ղժացեք, բացի ցուցակի առաջին համարից` բոլորին էդ կարգախոսի շնորհիվ պիտի ճանաչեն, այլ պարագայում սաղ միասին 1200 ձայն կհավաքեին (հեղինակի ուղղագրությունը պահպանված է-խմբ.)»: Վերջում էլ քաղաքական դաշտի բոլոր հատվածներում սիրված այդ ֆեյքը, մատնանշելով, որ ավելի անգրագետ կարգախոս մոգոնել հնարավոր չէր, շեշտում է. «Էնպես որ, մի խնդացեք, թողեք` երեխեքը ձայն հավաքեն»: Դե, իսկ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ ավելի նրբանկատ է արտահայտվում այդ անորակ ցուցակի մասին. «Կոռեկտ չէ գնահատել ուրիշների ցուցակը, բայց «Իմ քայլի» ցուցակում քաղաքական գաղափարախոսություն չտեսա, ոնց որ քաղաքական աջաբսանդալ լիներ: Ես լավ չեմ պատկերացնում` մարդիկ ամբողջ կյանքում դեմ են եղել ԵՏՄ-ին, բայց այսօր հայտնվել են մի ցուցակում, որի ղեկավարը ԵՏՄ-ի ջատագովն է, մարդիկ ամբողջ կյանքում դեմ են եղել կարմիր գծերին ու կամերաներին, հիմա մի ցուցակում են հայտնվել, որտեղ պաշտպանում են կարմիր գծերն ու կամերաները: Չեմ հասկանում` ինչ սկզբունքով է ստեղծվել իրենց ցուցակը, պետք է լինի հստակ քաղաքական գիծ, ոնց որ հրապարակի միտինգավոր ժողովրդից ընտրել են, եկել են, ասենք թե 80-90 տոկոս հավաքեցին, բայց հետո ի՞նչ են անելու: «Իմ քայլ»-ում չեմ տեսնում քաղաքական գաղափարախոսություն, թե ինչը, օրինակ, կարող է միավորել ցուցակի 2-րդ ու 15-րդ համարին»: 

ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՁԿԱՆԻ ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱԿ

ԸՆՏՐՈՒԹՅԱՆ 11 ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

Խոշոր հաշվով, բացառությամբ ՀՀԿ-ի, մնացյալ բոլոր կուսակցություններն ու դաշինքները անում են «թավշյա, ոչ բռնի հեղափոխության» գովքը եւ հպարտությամբ ու գորովանքով շեշտում սեփական ներդրումը այդ հեղաշրջմանը: Նրանց մեջ փոքր-ինչ առանձնանում են «Սասնա ծռերը», ուր առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանը հասցրել է նաեւ վերջնագիր ներկայացնել Նիկոլ Փաշինյանին` բանտից ազատելու կոնկրետ ոստիկանների սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանին եւ Սմբատ Բարսեղյանին` սպառնալով այդ հարցը լուծել «ժողովրդի կամքով»: Թե ինչպիսին է այդ «ժողովրդի կամքը»` երկու տարի առաջ տեսանք ՊՊԾ գնդում: Այսինքն` դա հեղափոխական տեռորի կուսակցություն է, որը սակայն կարող է շուռ գալ հենց հեղափոխության առաջնորդի դեմ եւ ստիպել փոշմանել ԱԺ դարպասները բաց պահելու համար...
Բայց անդրադառնանք մյուսներին: Զորօրինակ, «Մենք» կուսակցությունների դաշինքը եւ «Լուսավոր Հայաստանը» դժվար է ընկալել այլ կերպ, քան ՔՊ կուսակցության արբանյակներ, որոնք ինչքան էլ ջանան ներկայանալ ընդդիմություն, բայց ընդամենը նպատակ ունեն ձայներ փախցնել իրական ընդդիմությունից: Կան նաեւ լրիվ նոր երկու կուսակցություններ` «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն եւ «Ազգային առաջընթաց» կուսակցություն: Ինչ-որ մեկը ռեսուրս է դրել այդ նոր անունների վրա, ըստ ամենայնի, նույնպես քվեներ փախցնելու նպատակով: Դրան գումարած նաեւ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը, որից հանրությանը հայտնի է միայն հիմնադիր` քաաղաքագետ Լեւոն Շիրինյանը, որն այդպես էլ չմտավ «Սասնա ծռեր»: Խոշոր հաշվով, դժվար է այդտեղ տեսնել այլ նպատակ, քան ընդդիմադիր ընտրազանգվածը փոշիացնելը: Իսկ որ միակ իրական ընդդիմություն ընկալվում է հենց ՀՀԿ-ն, պարզ է թեկուզ նրանից, թե ինչպես մինչեւ հիմա ՔՊ-ն զբաղված է ՀՀԿ-ին «արմատախիլ անելով», իսկ վերը հիշատակված «ընդդիմադիրները» ընդդիմանում են ոչ թե գործող, այլ` նախկին իշխանությանը: Դե, գրպանային ընդդիմության մասին այսքանը բավական է: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին եւը ՀՅԴ-ին, ապա լինելով հանդերձ քաղաքական դաշտի հնաբնակներ, այդ կուսակցություններն իրենց դրսեւորեցին որպես քաղաքական քամիների կուսակցություն, քանզի աջակցում են իշխանությանը կամ ընդդիմությանը, կախված նրանից, թե ուր է փչում քաղաքական քամին: Դե, իհարկե, դա կանդրադառնա եւ նրանց ստացած քվեների վրա, զորօրինակ, մայրաքաղաքային ընտրությունների ժամանակ ընտրողը նրանց առանձնապես չէր զանազանում նիկոլականներից:  Ինչեւէ, նման է, որ ընտրարշավում կրկին աշխատելու է լրիվ բեւեռացված, «սեւի եւ սպիտակի» սխեման, սակայն պետք է նշել, որ այդ բեւեռացումը նպաստելու է նրան, որպեսզի Նիկոլից եւ նիկոլականներից դժգոհ ընտրողները գերադասեն իրենց քվեն տալ հենց ՀՀԿ-ին:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА