ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅՈՑ ՊԱՌԼԱՄԵՆՏԱՐԻԶՄԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԸ

02.11.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՈՑ ՊԱՌԼԱՄԵՆՏԱՐԻԶՄԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԸ

Եվ այսպես, ԱԺ-ում վարչապետի չընտրության ներկայացման վերջին արարը կայացավ: Զրո կողմ, զրո դեմ եւ 13 ձեռնպահ քվեներով Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ, եւ դրանով արդեն իրավաբանորեն միացվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամացույցը: Ի դեպ, ուշագրավ է, որ հենց այդ օրով Զարուհի Փոստանջյանի կուսակցությունը տարածեց սուր հայտարարություն հետեւյալ վերնագրով. «Երկիր ծիրանի» կուսակցությունը դատապարտում է կեղծ (fake) հեղափոխությունը եւ Նիկոլ Փաշինյանի կեղծ (fake) պաշտոնավարումը»:

ՏԵՍՆԵԼ ՓԱՐԻԶՆ ՈՒ ՆՈ՞Ր ԿՈՐԾԱՆՎԵԼ

 

ԲԱՐԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀ

Վոժդի խորհրդարանական ելույթը, որի մեծ մասը նվիրված էր տնտեսությանը, այս անգամ բավականին հղկված էր: Կարելի է ասել, որ նրա ասածների շուրջ 80 տոկոսը այնպիսին էր, որին չհամաձայնել չէր լինի: Եվ սկզբունքորեն պարզ է մի բան` այդ ելույթն արդեն, որպես այդպիսին, նրա ընտրարշավի մեկնարկային ծրագրային ելույթն էր: Ու նա փորձում էր տպավորություն թողնել ոչ միայն կույր պաշտամունքով տառապող զոմբիների վրա (այդպիսիններին ինչ կեր էլ կերցնես` կուտեն ու էլի կուզեն), այլ նաեւ այն մարդկանց վրա, ովքեր կարոտ են քչից-շատից տրամաբանված խոսքի: Իսկ քչերը կհիշեն, որ նույն Փաշինյանի կառավարությունը իր հեղափոխական խոստումները ուրացավ: Այդ չհիշողների ուղեղները թարմացնելու գործն էլ ստանձնեց Էդուարդ Շարմազանովը, ով հիշեցրեց, որ հեղափոխականները ժամանակին տեսախցիկները ներքնաշորով էին փակում, իսկ հիմա հանկարծ պարզվում է, որ կարմիր գծերը շատ լավ բան են, տեսախցիկներն էլ քիչ են: ԱԺ փոխխոսնակը շատ բաներ հիշեցրեց, բայց նաեւ շեշտեց, որ բյուջեի նախագծով նախատեսված է 5 տոկոս աճ, 3,5 տոկոս գնաճ եւ աշխատավարձերի զրո բարձրացում: Իսկ ինչը ոչ պակաս կարեւոր է. «10-15 աշխատատեղ բացում եք, «Հայլուրը» մի շաբաթ ցույց ա տալիս, այն դեպքում, որ Ալավերդիի պղնձաձուլական գործարանը փակվում է, 650 աշխատող մնում է առանց աշխատանքի»:

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԱՀԵՏԸ

Բայց սպասելի է, որ վոժդը ընտրարշավի ընթացքում կրկին կվերադառնա սեւի ու սպիտակի հռետորաբանությանը: Թեեւ, ըստ Ալեն Սիմոնյանի, բացի Նիկոլից, բոլորի թեկնածությունները դրվելու են ռեյտինգային ցուցակներում, բայց պարզ է, որ կոնկրետ տեղանքներում անծանոթ թրաշամանուկներին ձայն տալու մոտիվացում քաղաքացիները չունեն, եւ Նիկոլին այլ բան չի մնա, քան դա լրացնել մաքուր բոլշեւիկյան հռետորաբանությամբ եւ ատելության հրահրումով: Ի դեպ, քաղաքական մենաշնորհի հաստատման մեխանիզմը շատ պարզ ձեւով բացատրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը. «Խոսելով մենաշնորհացման մասին` ես նկատի ունեմ մեկ կուսակցության ակնհայտ գերակայությունը, ինչը խոսում է հասարակության քաղաքականապես անառողջ լինելու մասին: Ամեն ինչ ավելի վատ է երկրի քաղաքական կյանքի բովանդակային մասով: Չեն քննարկվում ծրագրեր, գաղափարական պայքար չկա: Դուք գիտե՞ք, թե ինչ գաղափարախոսություն ունի վարչապետի կուսակցությունը: Դուք ճանաչո՞ւմ եք այդ կուսակցության անդամներին, գիտե՞ք նրանց մասնագիտական որակները, անցած ուղին: Ընտրությունների ընթացքում հազիվ թե քննարկվեն երկրի կառավարման սկզբունքները եւ մեխանիզմները, տնտեսական քաղաքականությունը, զարգացման արտաքին եւ ներքին ուղղությունները: Գերակշռելու է քո հեղափոխականության աստիճանը: Դա իրականության սեւ-սպիտակ ընկալում է, որը հնարավոր է միայն հասարակության ծայրահեղ էմոցիոնալ գրգռված վիճակում: Այսպիսի իրավիճակում քաղաքական մենաշնորհի ձեւավորման սպառնալիքը գրեթե անխուսափելի է»:

ԷԺԱՆ ԹԱՏՐՈՆ, ՈՐ ՀՈՐՋՈՐՋՎԱԾ Է «ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

Այնպես որ, ուրվագծվում է բոլշեւիկյանի տիպի խորհրդարանի ուրվականը, ուր անպակաս են միաձայն քվեարկությունները եւ բուռն ու որոտընդոստ ծափահարությունները: Ճիշտ է, սահմանադրորեն առնվազն 34 մանդատ պետք է պատկանի ընդդիմությանը, սակայն ընդդիմադիրների ռեպրեսիաների ենթարկելու արվեստը վոժդը այնքան լավ է սովորել, որ միգուցե շուտով Լավրենտի Բերիան իր գերեզմանում նախանձից շուռ գա:

ԽՍՀՄ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՍՏՎԵՐԸ

ՉԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՈՒՐՄՈՒՆՔՈՎ

Անշուշտ, բուռն քննարկումների արժանացավ համաներման մասին օրենքը: Այն ունիկալ էր  նրանով, որ պարունակում էր 11-րդ կետը, որը հատուկ «Սասնա ծռերի» համար էր, որպեսզի քրեական հետապնդումից ազատվեն բոլորը, բացի անմիջապես սպանություն կատարողներից: Բնական է, որ ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը առաջարկեց, որ, եթե համաներվում են ՊՊԾ գունդ գրաված եւ պատանդներ վերցրած «Սասնա ծռերը», ում գործողությունների հետեւանքով 3 ոստիկան էր զոհվել, ապա տրամաբանական կլինի համաներել եւ Նորք-Մարաշի զինված խմբին, որը  նույնպես պատրաստվում էր իշխանափոխության նպատակ հետապնդող զինյալ գործողությունների, բայց ի տարբերություն «ծռերի», դեռ բան չէր հասցրել անել: Ոչ արդարադատության նախարարը, ոչ էլ ՔՊ անդամ պատգամավորները հոդաբաշխ բացատրություն չունեին, թե ինչու  «ծռերը» համաներվում են, իսկ Նորք-Մարաշի զինված խումբը` ոչ: Մինչդեռ, թերեւս, բացատրությունը շատ պարզ է: «Սասնա ծռերը» քեռի Սեմի հովանավորությունն ու գործուն աջակցությունը վայելող քաղաքական նախագիծ են, ում Վաշինգտոնում թերեւս շատ են ձգտում խորհրդարանում ներկայացված տեսնել, իսկ Նորք-Մարաշի զինված խմբի հետ կապված այդպիսի քաղաքական ծրագրեր չկան: Պարզ է, որ նույն վոժդի համար շատ վտանգավոր են այնպիսի տղերքը, ովքեր զենքի միջոցով քաղաքական հարց են փորձել լուծել, կամ նախապատրաստվում էին դրան: Ու դրանով պետք է բացատրել նաեւ այն, որ նույն «Սասնա ծռերը» կոչով դիմել են Փաշինյանին` իրենց զերծ պահելու ոստիկանության եւ ԱԱԾ-ի ճնշումներից` վկայակոչելով կոնկրետ դեպքեր: Բայց կա հետեւյալ հանգամանքը` թեեւ վոժդը հաճույքով «ծռերին» կպահեր ճաղերի հետեւում, սակայն չի կարող մերժել քեռի Սեմին: Իսկ Նորք-Մարաշի զինյալների համար այդպիսի աշխարհաքաղաքական բարեխոս չկա: Հետեւաբար կարելի է անցկացնել այդպիսի ծայրահեղորեն քաղաքականացված համաներումԻ դեպ, Բոլթոնի այցից հետո, ու թերեւս դրա հետեւանքով, Փաշինյանը ԱԺ իր ելույթում հնչեցրեց շատ վտանգավոր արտահայտություն, Իրանի հետ սահմանը փակելու հնարավորության մասին, եւ այդ խոսքից շատ-շատերի մազերը բիզ-բիզ կանգնեցին: Դրա առնչությամբ Արմեն Աշոտյանն իրավացիորեն նկատեց. «Հայ-իրանական սահմանի դե ֆակտո հնարավոր փակման մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը աննախադեպ է եւ վտանգավոր: Աշխարհաքաղաքական զարգացումների հորձանուտում, անգամ ամենասուր իրավիճակներում այդ սահմանը միշտ բաց է մնացել: Հիշեք, նաեւ որ 90-ականներին այդ սահմանը պատերազմող եւ շրջափակված Հայաստանի համար «կյանքի ճանապարհ» էր: ԱՄՆ-ով, կամ որեւէ այլ երկրով, պայմանավորել Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունները խստագույնս դատապարտելի կլինի»:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՐԿԵՍԻՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵԼՈՈՒԻՆ

Բայց վերադառնանք չարդարադատությանը: Այդտեղ եւս շատ ցցուն է Ռոբերտ Քոչարյանի գործը: Իր քրգործի առնչությամբ ՀՀ երկրորդ նախագահը մասնավորապես նշել է. «Քննության տրամաբանությունը կառուցվում է ընտրողաբար, այդ «սարքված» գործի նյութերն ամբողջացվում են, որպեսզի բոլորն անցնեն նախապես ընտրված մեղադրանքի եւ նրանց կողմից «նշանակված» մեղավորների սխեմայով: Ես վստահ եմ, որ մոտ ապագայում նրանք, ովքեր զբաղվել են մեղադրանքը «սարքելով», հենց իրենք պատասխան կտան օրենքի առաջ»: Իսկ որ Ռոբերտ Քոչարյանից վոժդը եւ վերջինիս թրաշամանուկները շատ են վախենում, երեւում է այն հանգամանքից, որ հենց վարչապետի չընտրության օրը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, ով վաղուց կնքված է Սորոսիչ մականունով, շեշտեց, որ չի բացառում, որ 2008թ. մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի ղեկավարությամբ ապացույցների կեղծման վերաբերյալ փաստացի ապացույցների արդյունքում որոշում կայացվի լրացնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը: Եվ անհապաղ էլ գումարվեց դատական նիստը, որը պետք է քններ Վահագն Հարությունյանին կալանավորելու հարցը: Դե ինչ, գործնականում այժմ հրոսակախմբերից չտարբերվող նախկին իրավապահ մարմինները թերեւս ունեն ընդամենը մեկ խնդիր` ձեւակերպել այն, ինչը որպես հրաման չեն ստացել թավշակրոն խունտայից:

ՕՏԱՐԻ ԿԱՄՔԻՆ «ԿՈՒ» ԱՍՈՂ ՎԱՐՉԱԿԱՐԳԸ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА