o C     14. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

27.07.2016 12:54 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ


Կեսգիշերին ուղիղ եթերով ականատես եղանք Խորենացու փողոցում մի բավականին տհաճ բանի` հարթակ բարձրացավ եւ ելույթ ունեցավ ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ: Այն  Լեւոն Բարսեղյանը, ով տարիներ առաջ տխրահռչակ Գեորգի Վանյանի հետ Գյումրիում փորձում էր ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնել, սակայն չստացվեց, քանի որ ժողովուրդը նրանց մի լավ թքեց-մրեց: Իսկ հիմա ապշեցուցիչ է, թե ինչպիսի կարճ հիշողություն ունեն մեր քաղաքացիները: Լավ, դեռ համացանցում լիքն են այդ թքել-մրելու  տեսանյութերը, այսինքն` հիշողություն թարմացնող տեխնիկական միջոցների պակաս էլ չկա... Բայց, գրողը տանի, դուք գետինը չե՞ք մտնում, որ այդպիսի կերպարանքին ողջույններով եք ընդունում:
Սակայն, բարեբախտաբար, մեր հանրության իմունային համակարգը դեռ գործում է: Այսպես, երբ զարմանալի լպիրշությամբ Ադրբեջան փախած դավաճան ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ հայտարարություն տարածեց` ի պաշտպանություն զինյալ խմբի, դա հավասարապես վրդովեցրեց ե՛ւ նրանց, ովքեր զինյալ խմբին համարում են ահաբեկիչներ, ե՛ւ նրանց, ովքեր զինյալ խմբին հերոսացնում են: Դա շատ լավ է, որ տրամագծորեն հակառակ կարծիքներ ունեցող մարդիկ լիովին համակարծիք են դավաճանի հարցով, եւ այդ համակարծիքությունը հաճախ արտահայտում են նաեւ ոչ կոնվենցիոնալ բառապաշարով: Սակայն արդյո՞ք զինված խմբի անդամներին չի մտահոգում, որ իրենց պաշտպանողների շարքում ոչ միայն ինչ շունուշանգյալ ասես կա, այլ անգամ այդ դավաճանն է ռեխը բացել: 
Զարմանալի է նաեւ զինյալ խմբի կողմից ոստիկանական ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ հրկիզումը:  Ասում են, թե դա անում են` ի նշան բողոքի, քանի որ դադարեցվել է սննդի մատակարարումը, եւ անջատվել է էլեկտրաէներգիան: Սակայն էլ ի՞նչ էին սպասում, եթե, ի խախտումն պայմանավորվածության, մամլո ասուլիսի եկել էին լիցքավորված զենքերով, վերջում էլ սկսել էին օդ կրակել: Բայց զարմանալի է եւ որոշ լրագրողների մուննաթը Վիտալի Բալասանյանի հասցեին, քանի որ նա որոշակի պահի հրամայեց «շուրջ դարձ, քայլով մարշ»: Բայց մի՞թե մուննաթ եկողների մտքով չի անցնում, որ հենց գեներալն էր պատասխանատու` իրենց իսկ անվտանգության համար, հետեւաբար, բոլոր հրամանները պետք էր կատարել առանց քննարկման: Իսկ զինված խմբի անդամներին մի պարզ ճշմարտություն պետք է հիշեցնել` եթե, ինչպես պնդում եք, ձեր նպատակը նոր ավելի լավ իշխանություն ունենալն է, ապա, գրողը տանի, մի՞թե այդ իշխանությանը պետք չի գալու այն պետական գույքը, որն այժմ ոչնչացնում եք` «ի նշան բողոքի»: 
Ի դեպ, բողոքների եւ ցույցերի մասին: Այժմ զինված խումբը դժգոհություն է հայտնում, թե ինչու անկարգությունների գիշերը անկարգություններ անող վայ-ցուցարարներին ցրեցին: Բայց արժե հարցնել Պավլիկ Մանուկյանին` իսկ ինչո՞ւ նա 2008 թվականին Ապարանում ցրել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի ցույցը: Ինչեւէ, ցույցերի թեման եզրափակենք ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ` ցուցարարաներին ուղղված զգուշացումով. ««Զգույշ եղեք այն հին դեմքերից, ովքեր հիմա հանդես են գալիս այդ հարթակում, որոնք ոտքից գլուխ բարոյական իրավունք չունեն ընդհանրապես խոսել երկրի բարեփոխման մասին, նրանք արդեն մի անգամ ապացուցել են: Զգույշ եղեք, որ  չկրկնվեն նույն սխալները. գալիս են հերոսական կոչերով, բայց հետագայում այդ նույն գաղափարները զավթում են պղտոր, ամենեւին հասարակական, քաղաքական շահով չմտահոգված մարդիկ»: Ի դեպ, հիշեցնենք, որ ժամանակին Լարիսա Ալավերդյանի հիշատակած կատեգորիային կոչում էին «ՀՀՇ-ի արտադրական թափոններ»: 

ԶԱՐՄԱՆՔ


 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА