ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

31.10.2018 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը հանրության ուշադրությունն է գրավել մի զարմանալի հանգամանքի վրա ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ վարքագծում. «Էդ ո՞նց է լինում, որ Պուտինի հետ 4 րոպե տեւած հանդիպման մասին 4 շաբաթ խոսում են, Ալիեւի հետ քայլելով մեկ րոպե տեւած զրույցից օրերով խոսում են, բայց ոչինչ չի խոսվում Բոլթոնի հետ երկարատեւ առանձնազրույցից»: Եվ նա գալիս է տրամաբանական եզրակացության, որ այդտեղ Արցախի հարցը կապ ունի եւ հիշեցնում, որ այդ հարցում նախորդ իշխանությունները ոչ մի կորուստ չեն տվել. «Շատ կարեւոր է, որ այդ գիծը Նիկոլ Փաշինյանը կարողանա շարունակել, որ ոչինչ չկորցնի, այնպես, ինչպես չկորցրեցին Քոչարյանն ու Սարգսյանը»: Ու նաեւ (ձայն բառբառո անապատի) հորդորում է սեփական քայլերը չգցել ժողովրդի ցանկության վրա. «Հիմա, եթե հողերը հանձնեք, նշանակում է ժողովուրդն է ուզե՞լ»:

ԶԱՐՄԱՆՔ

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի բեմադրած` հրաժարական-առաջադրում-չընտրություն քաղաքական կրկեսային խաղում ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆՆ է հայտնաբերել մի զարմանալի հանգամանք` որ Սահմանադրության մեջ պաշտոնակատարի կատեգորիա չկա. «Ես իրեն այսօր ասում եմ, լսի՛ր, շուտ արա, դիմի՛ր Սահմանադրական դատարան` պարզելու համար արդյոք իրավունք ունե՞ս լինել վարչապետի պաշտոնում, ոչ ոք դա չի զգում, բայց երբ նախընտրական ժամանակահատվածը սկսի, եւ ինքը լինի վարչապետ, դա նշանակում է` պայքարող ուժերից մեկի ապօրինի գերակայություն մյուսների նկատմամբ: Սահմանադրության մեջ պաշտոնակատար բառը չկա, կառավարության մասին օրենքում էլ չկա: Ինքը ապօրինի է էդ պաշտոնին, հրաժարականը հավասարազոր է մահվան: Կառավարության մասին օրենքում նույնիսկ այդպիսի դրույթ կա: Ինքը, երբ հրաժարական տվեց, Սերժ Սարգսյանի նման պիտի գնար եւ պիտի գոնե առաջին փոխվարչապետը շարունակեր, որովհետեւ կառավարության որոշման հավելվածում դրա մասին դրույթ կա»: Ի դեպ, Հայրիկյանը նաեւ զգուշացնում է, որ հենց այդ պահի կապակցությամբ հետագայում կարող են լինել դիմումներ ՍԴ` Սահմանադրության 2-րդ հոդվածը խախտելու համար ուզուրպատոր ճանաչելու, բայց արդյո՞ք Փաշինյանը ականջ կդնի զգուշացումներին:

ԶԱՐՄԱՆՔ

Շատերի վրա տհաճ տպավորություն թողեց այն, որ իր ընկերոջ` Նարեկ Վանեսյանի, ծայրահեղ լկտի պահվածքի առնչությամբ աղմուկից հետո առողջապահության նախարար ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ասուլիսում ցույց տվեց բանակից ազատվելու հիվանդության պատմությունը եւ դեղերը, որոնք խմում է: Մի կողմ թողնենք, թե ինչքանով է հարիր արական սեռին պատկանողին հանրային խղճահարություն հարուցելու գրեթե անթաքույց փորձը, եւ զուտ գործի տեսանկյունից մեջբերենք քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի նկատած զարմանալի հանգամանքները. «Թեեւ Դուք ազատեցիք աշխատանքից Ձեր ընկեր Նարեկ Վանեսյանին, սակայն ոչ թե դատապարտեցիք նրա լկտի պահվածքը բժշկական համալսարանում, այլ մի բան էլ մուննաթ եկաք բաց նամակ գրողների վրա, որ «այդ քայլը Ձեր դեմ էր ուղղված»: Կարծում եմ, որ Ձեր դեմ ուղղված էին բացառապես Ձեր ընկերոջ քայլերը... եւ ուրիշ ոչ մեկինը: Ես արդեն մի քանի ամիս է` ուշադիր հետեւում եմ կառավարության գործունեությանը եւ, հավատացեք, այնքան բողոք, ինչքան Ձեր գործունեության հետ կապված է եղել (հատկապես ոլորտի մասնագետների կողմից), ոչ մի նախարարի կամ ոլորտի ղեկավարի հետ կապված չի եղել: Նման պարագայում երեւի թե արժե հիշել Չերչիլի խոսքերը, որ. «Աշխարհը, երկիրը կամ ընտանիքը փոխելու փոխարեն, նման իրավիճակում միգուցե արժե փոխել Ձեզ»: Եվ, իրոք, հատկապես այդ նախարարին փոխելը վաղուց հասունացել է:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА