o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՐԿԵՍԻՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵԼՈՈՒԻՆ

31.10.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՐԿԵՍԻՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵԼՈՈՒԻՆ

Այսօր մութն ընկնելուն պես հայոց մայրաքաղաքը հեղեղվելու է սարսափազդու դիմակներով` չարքեր, սատանեք, քայլող մեռելներ, վամպիրներ եւ այլն: Անգլոսաքսոնական տոնն է` հելոուին: Եվ որպեսզի այդ օտար բառի վրա լեզուներս չկոտրենք, կօգտագործենք հայերեն բառը` դդմատոն: Խոշոր հաշվով, այդ տոնին դեմ չենք, ում մոտ որ ավանդական է` թող տոնեն, բայց իրենց երկրներում: Իսկ մեր երկրում այն ավելորդ է, քանի որ մերը չէ:

ՈՒՆԵՆՔ ԵՐԿՈՒ ԱԺ` ՎՏԱՐԱՆԴԻ ԱԺ ԵՎ ՈՉ ԼԵԳԻՏԻՄ ԱԺ

 

ՏՈՏԱԼ ԱՄԵՐԻԿԱՆԱՑՈՒՄԸ ԹԱՓ Է ՀԱՎԱՔՈՒՄ

Ի դեպ, դդմատոնի հետ եւս մեկ անուղղակի առնչություն: Ազգային ամեն ինչի դեմ պայքարող, ռազմահայրենասիրական դաստիարակությունը դպրոցից հանող, ազգ-բանակը ատող ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին Ֆեյսբուքի հայկական հատվածում վաղուց կնքել են «թավշյա դդում» մականունով: Այնպես որ, այդ անգլոսաքսոնական դժվար արտասանելի տոնին հանգիստ կարելի է նաեւ կրել սույն նախարարի դիմագծերով դիմակներ: Հատկապես դպրոցականները դրանցով կարող են վախեցնել այն ուսուցիչներին, ում չեն սիրում...

ԻՆՉՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՉԵՆ ՏԵՍՆՈՒՄ, ՉԵՆ ԼՍՈՒՄ, ՉԵՆ ԽՈՍՈՒՄ

Ինչեւէ, այդ նախարարին հիշեցինք նաեւ գիտությանը վերաբերող խնդրի առնչությամբ: Որովհետեւ հունվարի 1-ից չի գործելու մի շատ կարեւոր գիտական կենտրոն` «Նորավանք» հիմնադրամը, որը երկար տարիներ որակյալ հետազոտություններ էր ապահովում արտաքին եւ ներքին քաղաքականության ամենատարբեր ասպեկտների վերաբերյալ: Արմեն Աշոտյանը` որպես ԱԺ գլխադասային հանձնաժողովի նախագահ, «Նորավանքի» վերաբերյալ դիմել էր ժողվարչապետի պաշտոնակատարին, եւ ահա ստանալով փաշինյանական ստորագրությամբ պատասխանը, նա տարակուսանքով գրում է. «Անհասկանալի է, թե որն է «նոր կառավարության ընդհանուր օպտիմալացման քաղաքականության» տրամաբանութունը, երբ փակվում է Հայաստանի միակ պետական ուղեղային կենտրոնը (think-tank)»: Այնուհետ ընդդիմադիր պատգամավորը շարունակում է. «Ուշադրություն դարձրեք, որ Փաշինյանի նամակում չկա որեւէ այլ հիմնավորում, դժգոհություն կամ քննադատություն հիմնադրամի աշխատանքների հասցեին: Հարց է առաջանում նաեւ, թե եթե ընդունում եք հիմնադրամի ներուժը եվ իբր պատրաստ եք այն օգտագործել այլ ձեւաչափով, ինչո՞ւ եք նման հարված հասցնում Հայաստանի փորձագիտական-վերլուծական համակարգին կամ ինչո՞ւ լուծարելուն զուգահեռ չեք մտածել միանգամից նոր ձեւաչափի մասին: Այսպես, միայն իրենց հասանելի տրամաբանությամբ վերացվում է միջազգային ճանաչում ունեցող, կայացած ու երկրի համար շատ կարեւոր մի հաստատություն: «Փակենք հետո կմտածենք» սկզբունքով պետություն չեն կառավարում»:

ԹԱՎՇՅԱ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ` ՄԻ ՈՏՔԸ ԿԱՂ

Բայց, խոշոր առումով, փակելու պատճառների պատասխանը բավականին պարզ է: Որովհետեւ պետական է, որովհետեւ աշխարհաքաղաքական առումով չեզոք է: Սորոսածին չէ: Հետեւաբար թավշակրոն թրաշամանուկների աչքի գրողն է: Բայց, այնուամենայնիվ, այնպես չէ, որ փակում են` տեղը ոչինչ չստեղծելովԱհա առկա է հաղորդագրություն «Հայաստանում նոր Think tank կստեղծվի` 200 հազար ԱՄՆ դոլար նախնական ֆինանսավորմամբ» վերնագրով. «Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի, «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի (ՄՍՀ) ներկայացուցիչ Քրիսթին Սիմոնի եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանի համագործակցության եւ ջանքերի շնորհիվ հոկտեմբերի 10-ին ՀԱՀ-ն համաձայնագիր է ստորագրել ՄՍՀ-ի հետ` 200 հազար ԱՄՆ դոլար նախնական ֆինանսավորմամբ «Մանուկյան Սիմոն» հետազոտական հիմնադրամ (ՄՍՀՀ) ստեղծելու մասին: Այս մասին տեղեկացնում է Տիգրան Ավինյանի գրասենյակը»: Այսինքն` տեղը ստեղծեցին ուղեղային կենտրոն, բայց ոչ պետական, ըստ ամենայնի, ամբողջովին ամերիկյան վերահսկողության ներքո: Դե, եթե հիշենք, որ հայրենի գիտության զգալի մասը վաղուց նստած է Սորոսի գրանտների վրա, ապա չպետք է զարմանանք, որ հիմա էլ նաեւ կինտենսիվանա այն «գիտական» հետազոտությունների արտադրությունը, որոնցով կեղծվում է, մասնավորապես, հայոց պատմությունը, իսկ խեղճ Չարենցին վերագրվում է համասեռամոլություն ու սույն ոչ աստվածահաճո փոքրամասնության հանդեպ ջատագովություն...

ԴԵՄՔԵՐ ԵՎ ԴԻՄԱԿՆԵՐ. ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Բայց վերադառնանք ուղեղային կենտրոնի հարցին: Այժմ նույն պետությունն արդեն սկսելու է ստանալ ոչ թե օբյեկտիվ, իրականությունն արտացոլող հետազոտություններ, այլ արտադրանք, որը հարմարեցված է ամերիկյան շահերին:

 

ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ` ԻՆՉՈ՞Ւ ԱՅԴՊԻՍԻ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ՌԵՅՏԻՆԳԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՐԳԻ ՀԱՆԴԵՊ

Հիշո՞ւմ եք, թե թավշակրոնները ինչպես էին կատաղել, երբ Մոսկվայից եկավ ՌԴ նախագահի հրապարակային շնորհավորանքը Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրվա կապակցությամբ: Հիմա էլ նույն Մոսկվայից եկավ ազդակ, որը դժվար թե դուր գա թրաշամանուկներին: Էդուարդ Շարմազանովը Մոսկվայում ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի շրջանակներում հանդիպել է Ռուսաստանի խորհրդարանի «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Սերգեյ Նեւերովի հետ: Մասնավորապես «Էդուարդ Շարմազանովը եւ Սերգեյ Նեւերովը, անդրադառնալով կուսակցությունների փոխգործակցությանը, այդ թվում նաեւ կարեւորել են ՀՀԿ-ի եւ «Եդինայա Ռոսիա» կուսակցության միջեւ խորհրդարանական եւ կուսակցական կապերի զարգացումն ու ամրապնդումը` հավաստիացնելով, որ պատրաստ են ջանքեր գործադրել այդ ուղղությամբ»: Այսինքն` թեեւ ՀՀԿ-ն դարձել է ընդդիմադիր, այնուամենայնիվ, Ռուսաստանի իշխող կուսակցությունը գերադասում է միջկուսակցական կապեր զարգացնել հենց այդ, այլ ոչ թե, ասենք, Նիկոլի ՔՊ կուսակցության հետ...

«ԱՓԱԼ-ԹԱՓԱԼ» ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԱՔՆՎԱԾ ՇԵՐՏԸ

Բայց անդրադառնանք հապճեպ եւ ճնշումների ուղեկցությամբ խորհրդարան բերված Ընտրական նոր օրենսգրքի շուրջ կատաղի կռիվներին: Այդ ինչո՞ւ այդքան ջանք գործադրեցին` անպայման ձերբազատվելու ռեյտինգային ընտրակարգից, թեեւ նույն Նիկոլը պնդում էր, որ անկախ ընտրակարգից, վստահաբար կվերցնեն մեծամասնությունը, եւ նույնը պնդում է նաեւ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը: Սույն տիկինը մասնավորապես ասում է, որ առանց ռեյտինգային ցուցակների, կստացվի քաղաքական թիմ եւ. «Ափսոսում եմ, որ մարդիկ, ովքեր շատ լավ են պատկերացնում այս տարբերությունը, անտեսեցին մեր ջանքերը` քաղաքական խորհրդարան ունենալու ուղղությամբ եւ չմատնանշեցին իրական խոչընդոտողներին»: Այդ օրենսգրքի հեղինակ Դանիել Իոաննիսյանն էլ ասում է, թե ռեյտինգայինով ԱԺ կգան թաղային հեղինակություններ, այդ թվում եւ ՔՊ ցուցակով: Անշուշտ, տեղերում առկա հեղինակությունների ցանկում ՔՊ-ն կարող է ստիպել գոնե մասամբ աշխատել իրենց վրա` չէ՞ որ նրանցից ցանկացածի նկուղում ԱԱԾ-ն երբ որ հարկն է, կարող է հայտնաբերել, «մարտի 1-ին» մասնակցած զենք կամ տուշոնկա: Այլ հարց է, որ ժամանակի սղության պատճառով չեն հասցնի ամբողջ ցանցն իրենցով անել, ու ռեյտինգայինը որոշակի մասնակի օգուտներ կտա նաեւ ՀՀԿ-ին եւ ԲՀԿ-ին: Բայց չզարմանաք, եթե պնդենք, որ անգամ այդ ընտրակարգով ՔՊ-ի հաջողության դեպքում դա նույն թրաշամանուկներին եւ իրենց հոգեւոր հայրիկ Սորոսին չբավարարող տարբերակ է: Ինչո՞ւ են այդպիսի չարությամբ շրջանառում «թաղային հեղինակություն» պիտակը եւ դա ձգտում նույնացնել թաղային խուժանի հետ, եւ անգամ խոսում են ՔՊ անդամ թաղային խուժանի մասին: Այստեղ շան գլուխը լիովին այլ տեղ է թաղված: Մաքուր համամասնական ցուցակով Նիկոլի անվան պոչին կպցնելով կարող են խորհրդարանը հեղեղել լրիվ նոր թրաշամանուկներով, ում սեփական բակում կամ թաղում չեն էլ ճանաչում, բայց ովքեր Սորոս հայրիկի ուսմունքին համապատասխան ատելով ատում են ցանկացած ազգային եւ ավանդական արժեք: Իսկ ռեյտինգային ցուցակով եկող մարդիկ, ում անվանում են «թաղային հեղինակություն», նույն բակում, թաղում, բնակավայրում մշտապես երեւալուց անպակաս են, ու հատկապես դա վերաբերում է մարզերին: Ու ինչ անուն էլ նրանց չդնեն, դա, ի վերջո, հողուջրին կապված եւ ավանդույթը ուզած, թե չուզած հարգող կոնտինգենտ է: Այդ կոնտինգենտին ավելի դժվար է համոզել կամ պարտադրել, ընդունել ընտանիքաքանդ, ազգային մշակույթը պղծող եւ դեստրուկտիվ փոքրամասնություններին արտոնություն տվող օրենքների օգտին, առավել դժվար է ստիպել, որ իրենց քվեարկությամբ, կոպիտ ասած, դառնան հողատու: Մինչդեռ մաքուր համամասնականով հեշտությամբ ԱԺ բերված թրաշամանուկները հեշտությամբ կքվեարկեն ցանկացած պղծության օգտին եւ օֆ էլ չեն քաշի: Ահա եւ պարզ տրամաբանություն, թե ինչու այդպիսի արտակարգ ջանքեր էին գործադրվել թավշակրոն ուզուրպատորների կողմից, որպեսզի անպայման ապահովեին 63 ձայն, որը չստացվեց: Չէ՞ որ Ջոն Բոլթոնը, որ եկել էր, պատկերավոր ասած` նրանց բոլորի «բոլտերը ձգել» էր եւ հիշեցրեց, թե ընդհանրապես ինչի համար են իրենց պահում: Եվ քանի որ պետական իմունային համակարգից բան չի մնացել, հիմա մեր իսկ տարածքում աշխարհաքաղաքական ծանր մարտեր են գնում ռուսների եւ ամերիկացիների միջեւ, որոնցում մեր պետության նույնիսկ սիմվոլիկ մասնակցությունը չկա:

ՓՈՂՈՑԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՖԵՆՈՄԵՆԸ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА