ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱ՞ՍՏ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

26.10.2018 21:20 ԶԱՐԿԵՐԱԿ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱ՞ՍՏ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Արդեն  երու տարի է, ինչ մարդիկ գտնվում են քաղաքական ընտրությունների ալիքի տակ: Ընտրական լարված մթնոլորտում շուտով տեղի կունենա նաեւ ԱԺ արտահերթ ընտրությունները: Թե որքանով է հասարակությունը պատրաստ ընտրություններին, այս  հարցին «Իրավունքի» հետ զրույցում իրենց դիտարկումներով հանդես եկան սոցիոլոգը, հոգեբանը եւ քաղաքագետը:

«ԲԱՅՑ Ո՞ՐՆ Է ՕՐԻՆԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԸ...»

«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը կարծում է, եթե ձմռանը ձյուն եկավ, ցուրտ եղավ, ընտրողների ակտիվությունը կտրուկ կնվազի. «Ընտրողների այն հատվածը, որոնք  հիվանդ են, ծեր են կամ կիսահաշմանդամ եւ այլն, նրանք հաստատ չեն գնա ընտրություններին: Հանրային կարծիքի ձեւավորման համար գոնե պետք է կես տարի, որպեսզի մարդիկ կարողանան քննարկեն եւ որոշում կայացնեն: Մարդիկ որոշումներ կայացնում են ոչ թե ԶԼՄ-ներից ստացած տեղեկությունների, այլ՝ հեղինակավոր մարդկանց կարծիքների հիման վրա: Դրա համար այս հապճեպ ընտրությունները ընտրողի համար կլինեն բավականին բարդ, եւ կարող է պատահել, որ ընդհանրապես չմասնակցեն, կամ էլ սխալ ընտրություն անեն: Ավանդական իշխանական ընտրաշերտերի բաժանումը հիմա բավականին անորոշության մեջ է. իշխանականը տեղափոխվել է ընդդիմադիր, ընդդիմադիրը գնում է իշխանական, բայց պահպանում է ընդդիմադիր քաղաքական դաշտի ամբողջ մի բառապաշարի մոդելը: Փաստորեն, ՔՊ փորձում է ամբողջ քաղաքական դաշտը փակել՝ խոսելով բոլորի անունից: Սա էլ է ոչ հստակ կողմնորոշվելու առիթ»:

Իսկ ըստ Հոգեբան Սամվել Խուդոյանի` կապ չունի, որ Նոր տարվա նախաշեմ է լինելու, առավել եւս, որ մարդիկ անընդհատ գտնվել են ընտրությունների մեջ. «Ոչ մի սթրեսային վիճակ էլ չի ստեղծվի, որպեսզի դժվարացնի ընտրություն իրականացնելը: Բոլոր դեպքերում՝ հապշտապություն կա, բայց դա դժվար մարդկանց կողմնորոշման վրա ազդի: Մարդիկ նույն տրամադրվածության տակ են, ինչ հեղափոխության օրերին, հաստատ ոչ մի բան չի փոխվել»:

Իսկ ըստ քաղաքագետ Գարիկ Քեռյանի` մարդիկ, դժվար թե, ճիշտ ընտրություն իրականացնեն«Մարդիկ անընդհատ չեն կարող լինել ընտրությունների մեջ, եւ այդ ամենի հաշվին, բնականաբար չեն էլ կարող սթափ որոշում իրականացնել: Ավագանու ընտրություններ, ՏԻՄ ընտրություններ եւ չհաշված անցած տարվա ընտրությունները: Մարդիկ դեռ այդ ընտրությունների ազդեցության ներքո են, դրան պլյուս, որ արտահերթ ընտրությունները տարվա ավարտին է իրականացվում»:

ՄԱԴԱԹ ՍԱԴՈՅԱՆ

 

Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում իրականացրել է հարցում` պարզելու բնակչության կարծիքը՝ պատրա՞ստ են սպասվող ընտրություններին:

1. Այո, պատրաստ ենք եւ գիտենք` ում ենք ընտրելու- 37%:

2. Ոչ, մեկ է՝ ոչ մի բան չի փոխվում- 35%:

3. Եթե նախընտրելի թեկնածուներ տեսնենք, կմասնակցենք- 12%:

4. Դեռ չենք կողմնորոշվեի- 16%:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА