ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էսօր ամբողջ քաղաքի մեջ խուճապ է, ժողովուրդը չգիտի՝ ինչա լինելու. Ալավերդու գործարանի թնջուկը

20.10.2018 15:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Էսօր ամբողջ քաղաքի մեջ խուճապ է, ժողովուրդը չգիտի՝ ինչա լինելու. Ալավերդու գործարանի թնջուկը

Ալավերդու պնձաձուլական գործարանի շուրջ 630 աշխատակիցներ երեկվանից գործազուրկ են: Գործարանը լուրջ ֆինանսական խնդիրների առաջ է կանգնած:

Նոյեմբերի 15-ը պատմության մեջ

Երեկ գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել, ինչից հետո ակցիա իրականացնող աշխատակիցների խումբը հանդիպում  էր ունեցել Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի հետ: 

Գործարանի աշխատակից Արման Կիրակոսյանը ևս այդ խմբի մեջ է եղել, և նշեց, որ հանդիպումն իրենց մեծ հույսեր է ներշնչել:

«Շատ դրական, կառուցողական  էր: Երկուշաբթի պետք է հանդիպեն մեր ընկերության՝ «Վալլեքս գրուպ»-ի  սեփականատիրոջ Վալերի Մեջլումյանի հետ, սպասում ենք դրական տեղաշարժի: Կառավարությունից մեզ տեղեկացրին, որ բնապահպանական խնդիրներին հնարավոր է ինչ-որ լուծումներ տալ, խնդիրն այս պահին ՎՏԲ բանկի հետ կապված է»:

«SOS Ալավերդի» նախաձեռնության անդամ Օլեգ Դուլգարյանը նշում է, որ գործարանի ղեկավարությունն ազնիվ չի եղել աշխատակիցների հետ և վերջիններս չեն պատկերացնում խնդրի բուն էությունը, քանզի երբ գործարանը անթույլատրելի արտանետումների պատճառով տուգանվել է շուրջ 380 մլն դրամով, այդ ժամանակ գործարանի ղեկավարությունը աշխատակիցներին սկսել է ներկայացնել այլ պատկեր, որ ստիպված են փակել գործարանը, քանզի սահմանված նորմաների մեջ իրենք չեն կարողանում աշխատել, ինչպես նաև չեն կարողանում վճարել տուգանքը:

«Դա բնականաբար ճշմարտության մի շատ փոքր տոկոսն էր, որովհետև գործարանն ունի լրջագույն խնդիրներ կապված ՎՏԲ բանկի հետ և վտանգ կա, որ գործարանը ևս Թեղուտի նման գրավի դիմաց կանցնի բանկին»,- նշում է Դուլգարյանը՝ հավելելով․ «Աշխատակիցների համար հստակ չէ, թե գործարանը բնապահպանական խնդիրների պատճառով է դադարեցրել աշխատանքները, թե բանկի հետ կապված խնդիրներից ելնելով: Խնդիրը մտել է փակուղի և փորձում են մեղավորներ փնտրել, այնինչ դեռևս հոկտեմբերի 10-ին ՎՏԲ բանկի լրատվական բաժնից հայտնել են, որ գործարանն այլևս իրենց սեփականությունն է»:

Նախաձեռնող խմբի անդամի համար կասկածելի է, որ հարցը բնապահպանական ինչ-որ նորմերի փոփոխությամբ կլուծվի. «Եթե կառավարոթյունը երկուշաբթի ասի թույլատրում ենք բնապահպանական շեմը բարձրացնել ինչ-որ ժամանակահատվածի համար, որպեսզի գործարանը կանգ չառնի, դա կլինի հստակ պատասխան: Բայց այս պահին պարզ չէ նույնիսկ, եթե ասենք արտանետումների նորման բարձրացվի, արդյոք դա երաշխիք է, որ գործարանը կաշխատի: Որովհետև կա բանկի խնդիր»,- հավելեց Դուլգարյանը:

Աշխարհագրագետ, «Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության» անդամ Լևոն Գալստյանի կարծիքով՝ այս քայլը «Վալլեքս»-ի կողմից պարզագույն շանտաժ է, քանզի տարիներ շարունակ խախտել են օրենքները և հիմա էլ ուզում են նույն կերպ շարունակել. «Վալլեքս»-ում ուզում են, որ իրենց արտանետումների պաշտոնական թույլատրություն տան, թույլատրվածից 6-7 անգամ ավել: Սա շատ պարզագույն շատնաժ է իրենց կողմից: Իրենք տարիներ շարունակ արտանետել են թույլատրելիից ավել, ոչ մի լումա չեն վճարել դրա համար, ախտոտել են ամբողջ միջավայրը՝ հող, ջուր, անտառ, գետ և այլն։ Մարդկանց առողջությունը կանգնեցրել են լրջագույն խնդիրների առաջ, հիմա էլ խոսում են ինչ-որ տուգանքներից: Տուգանքն ուղղակի այն փաստն է, որ արձանագրվեց, որ իրենց տարիներ շարունակ խախտել են օրենքները, նախորդ կառավարության բարձր հովանու ներքո»:

ՀՀԿ ամբողջական ընտրացուցուցակը

Գալստյանը նշում է, որ աշխատակիցները պետք է ցույցեր կազմակերպեն Վալերի Մեջլումյանի, «Վալլեքս»-ի մյուս ղեկավարների դեմ, ովքեր այդ ամենն արել են և ոչ թե նոր կառավարության դեմ:

«Իրենք հանցագործներ են, ովքեր իրականացրել են էկոլոգիական և տնտեսական հանցագործություններ և՛ Թեղուտում, և՛ Ալավերդիում»,- ասաց աշխարհագրագետը:

Իսկ գործարանի աշխատակիցներն անհամբեր սպասում  են երկուշաբթի օրվան, եթե պատասխանը չբավարարեց, ապա մասշտաբային բողոքի ակցիաները Ալավերդիում շարունակվելու են.

«Եթե երկուշաբթի արդյունք չլինի, ժողովուրդը, գործարանի աշխատողները, քաղաքի ողջ բնակչությունը կվերսկսեն բողոքի ակցիաները, որ արդյունքի հասնենք, որ էս քաղաքը չմեռնի: Քաղաքն էդ գործարանով է ապրում: Միակ աշխատատեղն ա: Մարդիկ խանութից նիսյայով առևտուր են անում հետո ամեն ամսվա 15-ին տանում փողը տալիս են, բայց արդեն երեկվանից խանութները հրաժարվում են ինչ-որ բան նիսյայով տալ: Էսօր ամբողջ քաղաքի մեջ խուճապ է, ժողովուրդը չգիտի՝ ինչա լինելու: Ժողովուրդը չի պատկերացնում առանց էս գործարանի կյանքը, եթե այն փակվի շատ վատ հետևանքներ կլինեն»,- եզրափակեց գործարանի աշխատակիցը:

Shabat.am

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА