ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՌՈՒՍԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՂԱՎՈՐԸ ՕՐԵՆՔԻՑ ԱՆՏԵՂՅԱԿ ՆԱԽԱՐԱՐՆ ԷՐ

17.10.2018 22:40 ՄՇԱԿՈՒՅԹ
ՌՈՒՍԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՂԱՎՈՐԸ ՕՐԵՆՔԻՑ ԱՆՏԵՂՅԱԿ ՆԱԽԱՐԱՐՆ ԷՐ

Գրեթե մեկ տարի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը գործում է  առանց գեղարվեստական ղեկավարի: Հոկտեմբերի 1-ին ՀՀ մշակույթի նախարարությունում կայացած լսումներից հետո որոշում կայացվեց գեղարվեստական ղեկավարի պաշտոնի համար 5 թեկնածուներից 2-ին` բեմադրիչ Սուրեն Շահվերդյանին եւ ռուսաստանաբնակ Կարեն Ներսիսյանին հնարավորություն տալ մեկական բեմադրություններով հանդես գալ, աշխատել ստեղծագործական խմբի հետ, եւ արդեն ներկայացումների հանձնումից հետո ե՛ւ դերասանների, ե՛ւ հանդիսատեսի արձագանքից կորոշվեր, թե, ի վերջո, ում են հանձնելու այսքան չարչրկված գեղարվեստական ղեկավարի աթոռը: Սակայն, այդ ամենը ընտրված ռեժիսորները պետք է իրականացնեին մինչեւ մարտի 1-ը:

Մշակութային ինչ իրադարձություններ են սպասվում այս շաբաթ

Պարզվում է, որ ՀՀ մշակույթի նախարարությունում գարունը շուտ եկավ. երեկ Ռուսական թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանը լրագրողներին հրավիրած մամլո ասուլիսում հայտարարեց, որ արդեն թատրոնն ունի նոր գեղարվեստական ղեկավար` Կարեն Ներսիսյանը:

Ֆ. Դավթյանն ասաց, որ դա իր որոշումն է եղել ու մինչեւ ուշ երեկոն բանակցությունների մեջ է եղել Կ. Ներսիսյանի հետ ու, ի վերջո, երեկ առավոտյան ստորագրել է նրան գեղարվեստական ղեկավար ընդունելու որոշումը. «Ես համապատասխան հրամանագիրն առավոտյան ստորագրել եմ այն բանից հետո, երբ երեկ ստացել եմ Ներսիսյանի պատասխանը, որ նա պատրաստ է ստանձնել թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը»:

Թե ինչու վաղուց չէր կայացնում այդ որոշումը, հատկապես երբ ՊՈԱԿ-ների մասին օրենքն իրեն դա թույլ էր տալիս, Ֆրեդ Դավթյանն ասաց, որ դրա համար ունեն մի քանի պատճառ. «Նախ պետք էր մանրամասն ուսումնասիրել թեկնածուներին եւ հետո` ըստ օրենքի, Մշակույթի նախարարությունը լինելով մեր վերադասը, նույնպես կրում է համապատասխան պարտավորություններ` գեղարվեստական ղեկավար նշանակելու համար, բայց տեղի ունեցավ սխալ` մեկ ամսվա նշանակված նախարարը, որ օրենքից տեղյակ չէր, հայտարարեց, թե այսուհետեւ պետք է ընտրի կոլեկտիվը, ա՛յ, հենց այդտեղից սկսվեց մեր թատրոնի  տարաձայնությունները: Հավատացե՛ք, ինչ-որ ոլորտում, եթե դա հնարավոր է, որ  կոլեկտիվն ընտրի ղեկավար, ապա մեր ոլորտում` անհնար է»:

«Հայաստանում, բառի բուն իմաստով, թքած ունեն իմ գործունեության վրա». Ռիմա Պիպոյան

Ըստ Ֆրեդ Դավթյանի` Մշակույթի նախարարությունում իր այդ որոշման մասին տեղեկացել են   մամլո ասուլիսից: Իր հապճեպ որոշումը Ֆ. Դավթյանը բացատրում է նրանով, որ եթե մեկ ամիս էլ թատրոնը գործեր այնպես, ինչպես այս մեկ տարվա ընթացքում, արդեն մեկ ամիս անց ամեն ինչ ուշացած կլիներ. «Եթե ես մեկ ամիս էլ սպասեի, համոզված չեմ, որ նրանք` երկու թեկնածուները, մեկ ամսում կավարտեին իրենց ներկայացումը: Բոլորս թատրոնի մարդ ենք ու գիտենք, թե ինչպես է ստեղծվում ներկայացումը, կարծես երեխայի ծննդաբերություն լինի` 9 ամիս տաժանակիր աշխատանք է»:

 

ՍՈՒՐԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ ԱՆՀԱՋՈՂ ԿԱՏԱԿՆ ՕԳՏԱԳՈՐԾՎԵՑ ԻՐ ԴԵ՞Մ

Անդրադառնալով վերջին շրջանում թեժ քննարկվող այն թեմային, թե փակվելու է Երեւանում Ռուսական թատրոնը, Ֆ. Դավթյանը ոչ միայն հերքեց այդ խոսակցությունները, այլ նաեւ այն, որ իր ընտրությունը կանգ չի առել Սուրեն Շահվերդյանի վրա, քանի որ վերջինս ցանկանում էր Ռուսական թատրոնը փակել. «Ինչպես Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտայում» է ասվում` մեր ընկերը անհաջող կատակ է արել...»,- ստացվեց, որ Սուրեն Շահվերդյանի «անհաջող կատակն» օգտագործվեց իր դեմ: Այնուամենայնիվ, Ֆրեդ Դավթյանը նաեւ հստակեցրեց իր որոշումը. «Քանի որ Սուրեն Շահվերդյանը պլաստիկ-պարային թատրոնի ոճով է բեմադրություններ անում, իսկ մեր թատրոնը` հոգեբանական թատրոնի ոճն ունի, ուստի այս երկու թեկնածուներից իմ ընտրությունը կանգ առավ հենց Կարեն Ներսիսյանի վրա: Եվ քանի որ ՊՈԱԿ-ների մասին օրենքով իմ լիազորությունների մեջ է միանձնյա ընդունել գեղարվեստական ղեկավարին, ուստի օգտվելով իմ իրավունքներից, եկա այդ որոշմանը, որպեսզի թատրոնը փրկեմ «կործանումից», երկար ժամանակ կոլեկտիվը չի կարող գտնվել օդում կախված, վստահ եմ` տվյալ պարագայում կատարել եմ ճիշտ ընտրություն»:

Ռուսական «Ոչնչից մեծ աղմուկը» կփակի Շեքսպիրյան փառատոնը

 

ՏՆՕՐԵՆԻ ՄԻԱՆՁՆՅԱ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ ՍՎԻՆՆԵՐՈՎ ՉԸՆԴՈՒՆԵՑԻՆ

Թեպետ այս պահին արդեն դերասանական կոլեկտիվը բաժանված է երկու բանակի` Կարեն Ներսիսյանի ու Սուրեն Շահվերդյանի կողմնակիցներով, տնօրենի հայտարարությունից հետո, երբ նա կոչ արեց կոլեկտիվին հարգել իր որոշումը, կարծես թե այն դերասանների կողմից սվիններով չընդունվեց:

Ի ԴԵՊ, Կ. Ներսիսյանի հետ պայմանագիրը կնքվել է մինչ 2019 թվականի վերջը: Ֆ. Դավթյանի փոխանցմամբ, Կարեն Ներսիսյանն այս պահին գտնվում է Վոլգոգրադում եւ նոյեմբերի 6-ին այնտեղ պրեմիերա ունի ու այն հանձնելուց հետո արդեն նոյեմբերի 10-ին կլինի Երեւանում: Ֆ. Դավթյանը հավաստիացրեց, որ Կ. Ներսիսյանը այդ մեկ տարվա ընթացքում կապրի Երեւանում` իր հայրական տանը: Կարեն Ներսիսյանը եղել է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի ուսանողը եւ 90-ականներին երկու բեմադրություն է ներկայացրել Ռուսական թատրոնում: Այժմ Կ. Ներսիսյանն ապրում եւ ստեղծագործում է Ռուսաստանի Դաշնությունում: Նա աշխատել է Մոսկվայի «Ու Նիկիտիխ վառոտ» թատրոնում: 1999-2008թթ. Մոսկվայի «Բուֆ» թատրոնի գեղարվեստական ղեկավարն է եղել: 2002թ. Մոսկվայում հիմնադրել է «Հին թատրոն» անկախ արվեստի միությունը եւ դարձել նրա գեղարվեստական ղեկավարը: 2014-2015 թթ. եղել է Մոսկվայի դրամատիկական թատրոնի գլխավոր տնօրենը: Իսկ 2015-2017 թթ.` Ռյազանի պետական մարզային դրամատիկական թատրոնի գլխավոր տնօրենը: Նա ավելի քան 50 ներկայացում է բեմադրել Ռուսաստանի քաղաքներում, մերձավոր եւ հեռավոր արտասահմանի երկրներում:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА