ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞ՆՉ ԿԼԻՆԻ, ԵԹԵ ՄՆԱՆՔ ԱՌԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ

17.10.2018 22:20 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Ի՞ՆՉ ԿԼԻՆԻ, ԵԹԵ ՄՆԱՆՔ ԱՌԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ

Վերջին օրերին գնալով թափ է հավաքում այս ափալ-թափալ արտահերթ ընտրությունների հետ կապված հերթական աղմկոտ թեման: Խոսքն այն մասին է, որ 20019թ. Հայաստանը, մեծ հավանականությամբ, կդիմավորի առանց պետական բյուջեի:

ԱՆԳԱՄ ՎԱՐՉԱՊԵՏՆ Է ԴԺԳՈՀ ԻՐ ԻՍԿ ՊԵՏԲՅՈՒՋԵԻՑ, ԲԱՅՑ ԱՎԵԼԻ ԼԱՎԸ ՉՈՒՆԻ

Այսպես, քննարկումները պետք է սկսվեին հոկտեմբերի վերջերից: Թեմայից շեղվելով նկատենք, որ նշված փաստը եւս հաստատում է, որ կառավարությունում բյուջեի նախագիծն ընդունելու պահին, այսինքն, երբ զուգահեռաբար Փաշինյանը մեկնեց Նյու Յորք, արտահերթ ընտրությունների մասին միտք անգամ չկար: Հակառակ դեպքում, եթե մտածում էին դեկտեմբերին արտահերթ ընտրությունների մասին, որը ձախողման էր տանելու պետբյուջեի քննարկումները, այնտեղ լուրջ քննադատությունների ենթակա ցուցանիշների փոխարեն, միանգամայն չքնաղ «հեղափոխական» թվեր կներառեին՝ մի 50-100 տոկոսանոց թոշակ-աշխատավարձերի բարձրացմամբ եւ այլն: Նախ՝ քննադատական ալիքից խուսափելու համար, հետո ցույց տալու, թե տեսեք, «հեղափոխությունն» ինչեր է տալիս: Մեկ է, նախագիծը ձախողվելու էր, ու այդ բոլոր խոստումներն էլ «կջրվեին»: Ինչեւէ, լավ թե վատ, նախագիծը հաստատված էր եւ պետք է այս ամսվա վերջերին մտներ խորհրդարան: Այնտեղ արդեն օրացույցային ընթացակարգեր են՝ ԱԺ հանձնաժողովներում երկշաբաթյա քննարկումներ, որից հետո նախագիծը պետք է ներկայացվեր ԱԺ նստաշրջանին եւ սահմանված կարգով հաստատվեր: Բայց ահա մեյդան եկավ ԱԺ ընտրությունների անհրաժեշտությունը, որի պարագայում ամսվա վերջերին պարզապես խորհրդարան չենք ունենա, որ պետբյուջեն քննարկվի: Ըստ ամենայնի, դեկտեմբերի կեսերին խորհրդարան կունենանք: Բայց եթե անգամ ընդունվի քաղաքական որոշում՝ նոր խորհրդարանին պարտադրել՝ «հեղափոխական» տեմպերով սկսել բյուջեի քննարկումները, էլի մինչեւ տարեվերջ բյուջե ընդունել հնարավոր չէ: Նոր խորհրդարանը նախ պետք է ինքնակազմավորվի, սկսեն գործել հանձնաժողովները, որ դրանք բյուջե քննարկեն: Հետո գալիս է նոր վարչապետ եւ նոր կառավարություն հաստատելու հերթը: Կարճ ասած, անգամ «հեղափոխական» տեմպերը բյուջեի հարցով բան չեն փոխի: Լուծում իհարկե կա. Սահմանադրությունը նոր բյուջեի բացակայության դեպքում նախատեսում է, կոպիտ ասած, նախորդ տարվա բյուջեի կրկնօրինակումը: Դա, միգուցե, գործող իշխանությունների համար ավելի լավ. արդեն հրապարակային խոսակցություններ կան, որ այդ կերպ նույնը կմնան նաեւ գալիք տարվա թոշակ-աշխատավարձերը, իսկ կառավարությունն էլ կարդարանա՝ տեսաք, ուզում էինք բարձրացնել, բայց չստացվեց, «հեղափոխությունն» էինք ավարտին հասցնում: Միգուցե, ոմանց համար ընդունելի կլինի, ոմանց համար՝ ոչ, եւ դրանից Փաշինյանի վարկանիշը մի քիչ կնվազի, թեեւ ընտրություններից հետո դա շատ էական չէ: Բայց ամբողջ խնդիրը միայն դա չէ: Նոր բյուջեի բացակայությունը նշանակում է, որ նույն ծավալներով են գործելու ոչ միայն ծախսերը, այլ նաեւ՝ եկամուտները: Բայց ամբողջ խնդիրն այն է՝ այս տարվա ծախսերը գալիք տարի պահելու համար եղած եկամուտները կբավարարե՞ն: Նախ, դեռ հարց է, թե ինչ ավարտ կունենա այս տարին, արդյոք կկատարվի՞ պետական բյուջեի եկամտային մասը: Օրինակ, եթե «նախահեղափոխական» ապրիլին հավաքագրված հարկերն ու տուրքերը մոտ 152 միլիարդ դրամ էին, անգամ խիստ «հեղափոխականացված» մայիսին՝ 126.4 միլիարդ, ու հունիսին էլ դեռ նախկին տեմպերը կային, ապա սեպտեմբերին ունեցել ենք մոտ 150 միլիարդ (միայն այդ շատ ավելի փոքր թվեր էին), այն դեպքում, երբ սեպտեմբերը պետք է տնտեսապես շատ ավելի ակտիվ ամիս լիներ: Ինչ պատկեր կլինի տարեվերջին, դեռ կտեսնենք: Սակայն նաեւ մեծ հարցական կա, թե գալիք տարի գոնե այս թվերը կպահպանվե՞ն: Իրողությունն այն է, որ տարվա երկրորդ կեսին սկսված ներդրումային գերանկումները մեծապես ազդելու են նաեւ բյուջետային եկամուտների վրա: Ընդ որում, դրանց բացասական ազդեցությունը զգացվում է աստիճանաբար, եւ իր գագաթնակետին կհասնի գալիք տարվա սկզբներին: Փոխարենը, նաեւ մեծ հարցական կա, թե այս խորհրդարանական ընտրություները խոստացվածի պես կբերե՞ն ներդրումների եւ տնտեսության ակտիվացման: Իրողությունն այն է, որ անկախ Փաշինյանի վարկանիշից, ներդրողների առաջնային հետաքրքրության հարցերից է կոնկրետ պետության Չառավել եւս՝ փոքրներիՃ կառավարման համակարգի կառուցվածքը: Հայաստանում, մեծ հավանականությամբ, նորից ստեղծվելու է բացարձակ միակուսակցական համակարգ, որն ինչքան էլ «հեղափոխական» համարեն, մեկ է՝ քիչ բանով է ներդրողների համար հրապուրիչ: Այն պարզ պատճառով, որ նման համակարգում ամեն ինչ կախված է մեկ մարդու ցանկություններից, ամեն ինչ կառուցված է նրա շուրջ: Եվ երբ այդ համակարգի օրոք արդեն իսկ սրա-նրա սանիկ-բարեկամին են նշանակում բարձր պաշտոնների, ինչքան էլ խոսես արդարություններից, դա ներդրողների համար գերզգուշավորության ազդակ է: Կկարողանա՞ Փաշինյանը հետընտրական փուլում խորքային փոփոխությունների գնալ՝ հրաժարվելով նախկին այդ բոլոր վատագույն ավանդույթներից, դա էլ է հարց, որին ներդրողները հաստատ կարձագանքեն: Եթե ոչ, ապա պարզապես իրավիճակը կընկալվի, որպես մի բացարձակ իշխանությունը մյուսով փոխելու փաստ, եւ վերջ, եղածն էլ չի լինի: Առավել եւս, որ նաեւ հայաստանյան թիվ 1՝ արցախյան հարցի հետ կապված են լուրջ անորոշություններ պահպանվում, որոնք կարող են գալիք տարի տանել ցանկացած ներքին զարգացումների: Եվ ասել, թե սեփական փողերը վտանգող ներդրողներն այդ բոլոր նրբություններին մանրակրկիտ ուշադրություն չեն դարձնում, միամտություն կլիներ:

ՎՏԲ -Հայաստան Բանկը սահմանել է անվանական կրթաթոշակ Վանաձորի Պետական համալսարանի լավագույն ուսանողի համար

Արդյունքում, ի՞նչ փաստացի բյուջետային պատկեր կունենանք այս տարեվերջին ու, առավել եւս, գալիք տարի, դեռ շատ հարցականներից են կախված, սակայն գործարար տրամադրությունները, ելնելով առկա իրողություններից, դեռ մնում են բացասական հատվածում: Եվ այս իրավիճակում նոր բյուջե՞... Միգուցե, նաեւ պետության համար ավելի լավ կլիներ դրա բացակայությունը: Բայց չեղած բյուջեի պարագայում ի՞նչ են լինելու այն ծրագրերը, որոնք ֆինանսավորվել են եւ ավարտվել: Դրանցից հավելյալ փողերն ո՞ւր են գնալու. ոչ մի տեղ: Ուրեմն, որքա՞ն գումար է արհեստականորեն դուրս գալու շրջանառությունից, ի՞նչ հավելյալ բացասական հետեւանք դա կունենա, այդ թվում՝ դրամի փոխարժեքի վրա: Մի խոսքով, մտահոգվելու տեղ շատ ունենք:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА