ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կուսակցությունը դեռ վերջնական որոշում չունի, եւ պարզ է, թե ինչու...»

17.10.2018 21:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Կուսակցությունը դեռ վերջնական որոշում չունի, եւ պարզ է, թե ինչու...»

ՌԴ Դաշնային խորհրդում Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ հոկտեմբերի 29-30-ը Երեւանում նախատեսված ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը կտեղափոխվի Մոսկվա: ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովն էլ մանրամասնել է, թե այս որոշումը պայմանավորված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականով եւ ՀՀ Ազգային ժողովի հնարավոր ազատ արձակման հետ: Այս եւ ներքաղաքական զարգացումների մասին զրուցեցինք ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ հետ:

«Կոչ եմ անում բոլորիս գործել ողջամտության սահմաններում». Վահրամ Բաղդասարյան

«ԱՐՑԱԽԱՖՈՆԻԱՆ ՊԱԿԱՍ ԿԱՐԵՎՈՐ ՉԷՐ»

–Պարոն Աշոտյան, ի՞նչ կասեք ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստի տեղափոխման վերաբերյալ ռուս գործընկերների կողմից արված հայտարարությունների մասին:

– Կարծում եմ` այդ հարցի հետ կապված հիմնական պարզաբանումները պետք է փորձել ստանալ կառավարությունից, որովհետեւ ակնհայտ է, որ ռուսական կողմի հիմնավորման մեջ հիմնաքարը վարչապետի հրաժարականն է եւ այս Ազգային ժողովի լիազորությունների սպառումը մոտ ապագայում: Եթե Նիկոլ Փաշինյանը կարողացավ հետաձգել իր հրաժարականը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման համար, ապա ինչո՞ւ չարեց նույնը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի համար: Ընդ որում` Ֆրանկաֆոնիայի գագաթնաժողովի համար վարչապետը կայացրեց ճիշտ որոշում, սխալ կլիներ հրաժարական տալ մինչեւ մի քանի տասնյակ պետությունների ղեկավարների այցը, բայց ինչո՞ւ այն չարվեց ՀԱՊԿ-ի պարագայում:

– Ի դեպ, ինչպե՞ս կգնահատեք Ֆրանկոֆոնիայի երեւանյան 17-րդ գագաթնաժողովի ավարտին հրապարակված «Երեւանյան հայտարարությունն» ու ընդունված բանաձեւերը` որպես արդյունք:

– Ուրախ եմ, որ մեր իշխանության օրոք նախաձեռնած այդ շատ կարեւոր արտաքին քաղաքական երեւույթը (ես այն երեւույթ եմ կոչում, ոչ թե միջոցառում) տեղի ունեցավ բարձր մակարդակով: Ուրախ եմ նաեւ, որ գործող կառավարությունը կարողացավ այդ տեսակետից էստաֆետը վերցնել նախորդ կառավարությունից: Եվ ուրախ եմ, որ անգամ Արցախյան հակամարտությանը վերաբերող երեւանյան հայտարարություններից մեկի ձեւակերպումները ամբողջությամբ համահունչ էին, եթե չասեմ, որ բառացի կրկնում էին Սերժ Սարգսյանի օրոք տարբեր միջազգային հարթակներում ընդունված փաստաթղթերին: Այսինքն` այս կառավարությունը մեզանից ստացավ ոչ միայն Ֆրանկոֆոնիան` որպես հնարավորություն` Հայաստանն առաջ մղելու, այլ լավ իմաստով օգտագործեց մեր օրոք մշակված արցախյան հակամարտության վերաբերող ձեւակերպումները, բանաձեւերը, որոնք փաստացի շարունակությունն են նախորդ կառավարության արտաքին քաղաքական գերակայությունների:

– Դուք հրավիրվա՞ծ էիք Ֆրանկոֆոնիայի երեւանյան 17-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցող միջոցառումներին:

– Այո, հրավիրված եմ եղել գրեթե բոլոր կարեւոր միջոցառումներին, այդ թվում նաեւ Կանադայի վարչապետի պատվին մատուցված պետական ճաշին եւ Երեւանի քաղաքապետի երդմնակալության արարողությանը: Բացակայությունս պայմանավորված է եղել բացառապես անձնական պատճառներով` երեխաներիս վաղուց խոստացել էի տանել Արցախ, մենք երեք օր ընտանիքով անցկացրել ենք Ացախում: Կարծում եմ` արցախաֆոնիան պակաս կարեւոր չէր, գոնե իմ եւ իմ երեխաների համար:

«ՍԻՄ-ը մասնակցում է ընտրություններին հինգ թեկնածուով». Հ. Բաբուխանյան (Տեսանյութ)

ԱՇՈՏՅԱՆԸ ՃԻՇՏ ԷՐ, ՆԻԿՈԼԸ` ՍԽԱԼ

–Անդրադառնանք ներքաղաքական վերջին զարգացումներին. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հրաժարական տվեց: ՀՀԿ խմբակցությունը կանխավ հայտարարել էր, որ վարչապետ չեն առաջադրելու, այդուհանդերձ բացառո՞ւմ եք, որ այս ընթացքում հնարավոր են նոր անակնկալներ:

– Կարծում եմ` այդ սյուժեն պետք է սպառված համարել, որովհետեւ ՀՀԿ-ն իր բոլոր հայտարարություններին միշտ էլ տեր է եղել, եւ պարոն Փաշինյանի արձագանքը նույնպես ադեկվատ է եղել այդ հայտարարությանը: Ինչ վերաբերում է այդ հայտարարությանը նախորդած իրադարձություններին, ես տեսա, թե ինչ ինտենսիվությամբ իշխանական քարոզչամեքենան փոփոխում էր իմ հայտարարությունն առ այն, որ որոշ պատգամավորների վրա եղել են ճնշումներ: Բայց ի պատիվ Նիկոլ Փաշինյանի` պետք է ասեմ, որ նա այնուհանդերձ, իր յուրահատուկ փաթեթավորմամբ` ընդունեց, որ եղել են ճնշումներ` դրանք վերագրելով ժողովրդի ճնշումներին: Գիտեք, չի կարելի ամեն ինչ վերագրել ժողովրդին` սահմանադրական բարեփոխումների պահանջ, հետո դեկտեմբերյան արտահերթ ընտրությունների պահանջ... Կարծում եմ` ամեն ինչ ժողովրդին վերագրելը մեղք է, այդպիսի քաղաքական գործելաոճը բոլոր դեպքերում մեծ հեռանկարներ չունի:

– ՀՀԿ-ում, կարծես, երկու կարծիք կա` արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ: Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը:

– Այո, կա մոտեցում կուսակցության ներսում, որի ջատագովները, այդ թվում ես, կարծում ենք, որ պետք է մասնակցել ընտրություններին` ունենալով շատ տարբեր քաղաքական հիմնավորումներ այդ տեսակետների համար: Կան նաեւ մեր գործընկերներից ոմանք, որոնք պնդում են, որ այս ընտրական շրջանը պետք է բաց թողնել եւ պատրաստվել հաջորդ քաղաքական զարգացումներին: Կուսակցությունը դեռ վերջնական որոշում չունի, եւ պարզ է, թե ինչու, որովհետեւ դեռ նշանակված էլ չեն արտահերթ ընտրություններ: Այս փուլում ընթանում են վերլուծական, հետազոտական աշխատանքներ, քաղաքական դաշտի, հանրային կարծիքի ուսումնասիրություններ եւ այլն: Երբ նշանակվեցին արտահերթ ընտրություններ, այդ ժամանակ մենք մեր որոշումը վերջնական կհրապարակենք: Ըստ իս, հենց Հայաստանի քաղաքական մշակույթն է պահանջում, որ ցանկացած նախորդ իշխանություն չանհետանա քաղաքական բեմից, որովհետեւ այդ նախորդ իշխանությունը կրում է ինստիտուցիոնալ հիշողություն: Այդ նախորդ իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ, արատավորված չլինելով այս կամ այն սկանդալների մեջ, կարող են օգտակար լինել քաղաքական կյանքում, բազմաթիվ ներկայացուցիչներ պրոֆեսիոնալ են իրենց գործի մեջ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА