o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՅԼԵՎՍ ՉՍՏԱՑՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԹՌԻՉՔԻ ՀԱՐՑՈՒՄ ՈՐԵՎԷ ԱՅԼ ՄԵՂԱԴՐՅԱԼ ՉՈՒՆԻ

12.10.2018 22:00 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՅԼԵՎՍ ՉՍՏԱՑՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԹՌԻՉՔԻ ՀԱՐՑՈՒՄ ՈՐԵՎԷ ԱՅԼ ՄԵՂԱԴՐՅԱԼ ՉՈՒՆԻ

Նախօրեին վարչապետ Փաշինյանը տեւական ընդմիջումից հետո կրկին գերլավատեսական նոտաներով խոսեց հայաստանյան տնտեսության ապագայից: Հիշեցնենք, իր ֆեյսբուքյան գրառմամբ վարչապետը հպարտացել էր բանկային համակարգի ակտիվների 10.5 տոկոս, վարկերի 7.0, ֆիզիկական անձանց վարկերի 10.4 տոկոս, իրավաբանական անձանց վարկերի 4.3, ավանդների 9.2 տոկոս աճով: Եվ այդ փաստերը Փաշինյանին հիմք էին տվել եզրակացնել. «Թափ ենք հավաքում տնտեսական թռիչքի համար»:

ՍԱ՞ ԷՐ ՆԻԿՈԼԻ ԽՈՍՏԱՑԱԾ ԼԱՎ ՈՒ ԱՊԱՀՈՎ ԿՅԱՆՔԸ

 

ԵՎ ՆՈՐԻՑ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ԹՌԻՉՔ»

Կլինի՞ տնտեսական թռիչք, թե՝ չէ, դա ժամանակը ցույց կտա: Այլ բան, որ հիշատակված թվերը, ինչպես ցույց տվեցին նաեւ նախօրեին արված հրապարակային մի շարք վերլուծություններ, ամենեւին էլ նման թռիչքի նախադրյալների ձեւավորման մասին չէ, որ վկայում են: Ընդհակառակը, անգամ ամենապարզունակ հաշվարկները վկայում են, որ այդ թվերը տնտեսական դեպրեսիայի մասին են ակնարկում. մասնավորապես, իրավաբանական անձինք՝ տնտեսվարողները, պարզապես ֆինանսական միջոցներն իրական տնտեսությունից տեղափոխել են բանկեր, այսինքն՝ խուսափում են «ավելորդ» ֆինանսական շրջանառություններից՝ փողն ապահով պահելու եւ գոնե բանկային եկամուտներ ստանալու համար: Եվ երբ տնտեսական դեպրեսիայի պայմաններում մեծանում են ֆիզիկական անձանց վարկերը, կոնկրետացնենք՝ սպառողական վարկերը, ապա դա նշանակում է, որ քաղաքացիները, նաեւ «հեղափոխական» խոստումներից ոգեւորված, նետվել են տարաբնույթ վարկեր վերցնելու ու, չունենալով եկամուտների աճ, վաղը-մյուս օրը փաստի առաջ են հայտնվելու: Այսինքն, եթե ամիսներ առաջ դեռ վարչապետ չդարձած Փաշինյանը բղավում էր, թե բանկերը վարկերի միջոցով շատ շարքային քաղաքացիների հասցրել են ծայրահեղ վիճակի, հիմա արդեն այդ վիճակը կամաց-կամաց դառնում է մահացու: Իսկ որ տնտեսությունն իսկապես դեպրեսիոն փուլում է, փորձել էր հիմնավորել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը (լավ է, գոնե նրան չեն մեղադրի ՀՀԿ-ի թելով թելված լինելով՝ վարչապետին չարախոսելու մեջ)՝ ընդգծելով այս տարվա երկրորդ կիսամյակում ներդրումների ավելի քան 10 անգամ նվազած լինելու, այսինքն՝ գրեթե զրոյական մակարդակի հասած լինելու փաստը: Սակայն ներկայացված այս բոլոր փաստերին, թերեւս նաեւ այս մեկը պետք է ավելացնել: Այստեղ նախ հարկ է ֆիքսել, որ Փաշինյանը տնտեսական այս խայտառակ վիճակի մասին խոսելով՝ հիմնական մեղքը բարդեց «հակահեղափոխականների» վրա՝ դրանց ներկայացնելով դեռ գործող ԱԺ-ի տեսքով: Կարճ ասած, քանի այս ԱԺ-ն է, ներդրումներ չեն լինի: Եվ ահա իրողությունն այն է, որ ԱԺ-ն, որպես այդպիսին, արդեն իսկ չկա. մնացածը, այդ թվում՝ նոր ԱԺ-ի ստեղծումն արդեն այս դեկտեմբերին տեխնիկական հարց է: Այսինքն` այն քաղաքական խոչընդոտը, որն ըստ Փաշինյանի, կանգնած էր տնտեսության զարգացման առաջ, այլեւս չկա: Ավելին, չկա նաեւ այն ուժը կամ կառույցը, որին հետայսու կկարողանաս մեղադրել: Այն է՝ չկան «հակահեղափոխականներ», չկա «նախկին իշխանությունը», բոլոր օլիգարխները հավատարմության երդում են տվել Փաշինյանին, բոլոր կոռուպցիոներներին բռնել-թողել են, եւ այդպես շարունակ: Եվ սա մեկ բան է նշանակում, արդեն գործող իշխանությունները վերջնականապես են ամբողջական պատասխանատվություն ստանձնում տնտեսության հարցում: Լավը, ծաղկող կլինի այն, փառք ու պատիվ իշխանություններին, վատը կլինի՝ հազար ամոթ: Նաեւ մեկ էական փաստ ֆիքսենք. այդ պատասխանատվության «հաշվիչը» հենց այս պահից է միացված, եւ ոչ թե կմիանա սպասվող ընտրություններից հետո: Այսինքն, հենց այս պահին է, որ իշխանությունների ասած` «հակահեղափոխությունը» որեւէ շանս չունի, այսինքն, ըստ պաշտոնական նկարագրությունների, արդեն այս պահից է երկիրը գնում անվերապահ կայունացման ուղղությամբ, ինչը տրամաբանորեն ներդրումների պատրաստ գործարարներին հենց այս պահից պետք է որ ապագայի հանդեպ վստահություն տա, եւ գլխապատառ նետվեն «տնտեսական թռիչքի»: Վերջապես նաեւ նկատենք, որ Փաշինյանն էլ, կրկին անգամ խոսելով տնտեսական թռիչքից, ինքն էլ նույն պահին վերջնական պատասխանատվություն ստանձնեց ողջ իրավիճակի համար:

 

ՄՆՈՒՄ ԵՆՔ ՀԻՆ ԲՅՈՒՋԵԻ ՀՈՒՅՍԻՆ

Այսպիսով, եթե իրոք տնտեսական թռիչքի պետք է սպասենք, այսինքն, եթե կառավարությունը դրանում այդքան վստահ է, հենց այս պահին պետք է մեկ կարեւորագույն քայլի գնար: Ինչպես հայտնի է, դեռ նախագծային փուլում է պետական բյուջեի նախագիծը, որը նախնական տեսքով ամենեւին էլ անգամ չի ակնարկում սպասվող տնտեսական թռիչքի մասին: Դե հասկանալի է, կառավարությունը բյուջեի նախագիծն ընդունեց, երբ «հակահեղափոխության սպառնալիքը» կախված էր գլխին, այսինքն՝ ամեն ինչ հնարավոր էր: Ու հիմա, երբ չկա այդ «սպառնալիքը», հենց առաջին քայլը պետք է լինի պետբյուջեի համապատասխանեցումը նոր իրողություններին: Այն է, եթե էապես կրճատվել է ստվերը, ինչպես որ համոզում են, ներդրողները հերթ կանգնած սպասում են,  ապա դա գալիք տարի պետք է այս տարվա համեմատ առնվազն կեսով ավելի մեծ եկամուտներով բյուջե ապահովի: Սա ամենահամեստ հաշվարկներով, հաշվի առնելով ոչ թե ներդրումներից սպասվող եկամուտները, այլ բացառապես այն հոսքերը, որոնք առաջ պետք է բերեր հարկային ստվերի խոստացված վերացումը: Օրինակ, եթե առաջներում ասում էին, թե, ասենք, Սամվել Ալեքսանյանը հարկերի կեսից ավելին չի տալիս եւ այդ չտված մասի կեսն էլ հասցնում է վերեւներին, ուրեմն հիմա նա պետք է բոլոր հարկերը տեղը-տեղին վճարի, եւ այդպես բոլորը: Սակայն փաստն այն է, որ պետական բյուջեի եւ ոչ մի վերանայում գոնե այս պահին դեռ չկա: Կլինի՞, թերեւս դա էլ է կասկածելի, հաշվի առնելով արդեն հրապարակային դարձած այն պնդումները: Այդ թվում, որ եթե նախահեղափոխական ապրիլին պետության հարկային եկամուտները կազմել են մոտ 152 միլիարդ դրամ, ապա հուլիս-օգոստոսին` հազիվ 136-137 միլիարդ: Այն դեպքում, երբ այս ամառային ամիսները տնտեսապես ավելի ակտիվ ժամանակահատված են եւ պետք է ապրիլից նկատելիորեն ավելի շատ հարկեր հավաքվեին: Իհարկե, այս ցուցանիշները եւս վկայում են տնտեսական խորը դեպրեսիայի մասին: Բայց նաեւ, դրանք գալիս են հուշելու, որ հարկային ստվերի դեմ պայքար նույնպես, որպես այդպիսին, չկա: Իսկ այդ իրավիճակում բյուջեում գալիք տարի հարկային թռիչք սահմանելը աբսուրդի ժանրից կլիներ. եթե անգամ գրվածը կարողանան ապահովել, էլի լավ է: Չնայած, նաեւ այս տարվա բյուջեի կատարումն է կասկածի տակ, եւ գալիք տարի պետբյուջեի եկամուտները 150 միլիարդով ավելացնելը ֆանտազիայի ժանրում է: Մի խոսքով, որ պետության թիվ 1 տնտեսական փաստաթուղթը նախագծային տեսքը կպահպանի, ենթադրելի է: Այդ դեպքում էլ ի՞նչ տնտեսական թռիչքի պետք է պատրաստվել, թողնենք վարչապետի մեկնաբանությանը:

ՀԵՏՈ ԷԼ «ՉԱՐԱԽՈՍՆԵՐԸ» ԱՍՈՒՄ ԵՆ, ԹԵ ՆԻԿՈԼԸ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՓԱՅՏԻԿԸ ԿՈՐՑՐԵԼ Է

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА