ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲՈԼՏՈՆԸ ԿՊԱՀԱՆՋԻ, ԲԱՅՑ ԿՍՏԱՆԱ՞

10.10.2018 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԲՈԼՏՈՆԸ ԿՊԱՀԱՆՋԻ, ԲԱՅՑ ԿՍՏԱՆԱ՞

Այս օրերին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հրաժեշտի հանդիպումներ է իրականացնում մեր երկրի ղեկավարների հետ: Դեսպանն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը, եւ մոտ ժամանակներս Հայաստանը կունենա ԱՄՆ մեկ այլ դեսպան:

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՆ ՈՒ ԲՈԼԹՈՆԻ ԱՅՑԸ ՈՉԻՆՉ ՉԵՆ ՏԱԼԻՍ

 

ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ՍՊԱՍՎՈՂ ԱՅՑԸ

Դեսպան Միլսի հետ կապված մեկ ուշագրավ հանգամանք կա: Այսպես, Միլսը Հայաստանում դեսպան է նշանակվել 2014թ. դեկտեմբերին, այսիքն՝ դեռ Օբամայի օրոք: Ուստիեւ որոշակի աղբյուրներ նրան համարում են ամերիկյան լիբերալ համակարգի կադր: Ամերիկյան իշխանափոխությունից հետո էլ Միլսը, իհարկե, եղել եւ դեռ մնում է Պետդեպարտամենտի, բայց արդյոք նաեւ Թրամփի թիմի՞ ներկայացուցիչ: Այսինքն՝ Միլսը հասցրե՞լ էր սինխրոնիզացվել փոխված Սպիտակ տանը, թե՞ դեռ շարունակում էր գործել Թրամփի հետ կատաղի պայքարի մեջ գտնվող օբամայական կադրի տեսլականով, դա միայն ինքը կիմանա: Բայց ահա նա հեռանում է, եւ այս հարցականը եւս կվերանա. նոր ամերիկյան դեսպանը, անշուշտ, կլինի «մաքուր» թրամփական կադր, ու թե դա ի՞նչ կերպ կազդի Հայաստանի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականության վրա կամ առհասարակ կազդի՞, դեռ կտեսնենք: Համենայնդեպս, գոնե վերջնական հստակեցումներ կլինեն, թեեւ դա կարող է տեղի ունենալ էլ ավելի վաղ, քան նոր ամերիկյան դեսպանի ժամանումն է: Ինչպես նախօրեին տեղեկացրեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, մեկ-երկու շաբաթից Հայաստան կայցելի ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը: Չնայած Հայաստանից զատ, Բոլտոնը կլինի նաեւ ՌԴ-ում, Ադրբեջանում եւ Վրաստանում: Այս վերջին հանգամանքը կարեւոր է այնքանով, որ այն ակնարկ է այն մասին, որ վաշինգտոնյան քաղաքականության ամենազդեցիկ դեմքերից մեկը հանդիսացող Բոլտոնի այցը միտված է ոչ թե կոնկրետ պետության հետ ինչ-ինչ հարցերի լուծման, այլ՝ գլոբալ նշանակության ինչ-որ կարեւոր խնդրի, որը շոշափվում է հիշատակված չորս երկրների հետ: Ամենայն հավանականությամբ, խոսքը Իրանի հետ կապված (Սիրիան չմոռանանք) հայտնի իրավիճակի մասին է: Այն, որ վերջին ժամանակներս Իրանի շուրջ իրավիճակը մեկ կտրուկ սրվում է, մեկ՝ որոշ թուլացում ունենում, խոսում է այն մասին, որ խնդիրն ԱՄՆ-ի հետ ակտիվ քննարկումների փուլում է: Ընդ որում այն, որ իր կոշտ հակառուսական հայացքներով հայտնի Բոլտոնը այցելելու է նաեւ Մոսկվա, նույն բանի մասին է վկայում՝ ինտենսիվ ստվերային բանակցությունների, որոնք կարող են տանել ինչպես կոմպրոմիսի, այնպես էլ ոչ միայն Իրան-ԱՄՆ, այլ նաեւ ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների ծայրահեղ շիկացման: Իհարկե, դժվար չէ հասկանալ, որ այդ մեծ մակարդակի «բազարներում» Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը խոսք չունեն: Փոխարենը Իրանի հետ կապված ունեն կարեւորագույն ռազմավարական դիրք, այսինքն՝ կարող են լինել ինչպես ՌԴ-ից իրան տանող կայուն կամուրջ, բայց նաեւ՝ հակաիրանական պլացդարմ: Հասկանալի է՝ հարավկովկասյան պետություններից յուրաքանչյուրն ինքն է որոշում այդ հարցում իր դերը եւ դրա չափը: Եվ ահա Բոլտոնն Իրանի հետ կապված այս իրավիճակի սուր փուլում, թերեւս, հարավկովկասյան իր այցի ժամանակ կփորձի պարզել, թե ինչ ռեալ սպասելիքներ պետք է ունենա Վաշինգտոնը, նաեւ, թե այդ սպասելիքներն ինչ չափով կարող են իրենց օգտին տեղաշարժել: Նաեւ նկատենք, որ Իրանի հետ կապված իրավիճակի վրա էական ազդեցություն կարող է թողնել նաեւ ղարաբաղյան հակամարտությունը: Եթե իրավիճակն այստեղ հանդարտ լինի, դա մեծապես կնպաստի ՌԴ-Իրան հաղորդակցության անխափան լինելուն, իսկ սրացումների, առավել եւս՝ պատերազմի դեպքում կապը մինչեւ իսկ կանգ կառնի: Այսպիսով, ի՞նչ կարող են սպասել տարածաշրջանային երկրները՝ Բոլտոնի այցից: Հասկանալի է, շատ բան կախված է ՌԴ այցից եւ այնտեղ ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերել-չբերելուց: Սակայն վատագույն սցենարի դեպքում, եթե Վաշինգտոնը որոշի շարունակել Իրանի շուրջ իրավիճակի սրացում, հարավկովկասյան գոտում նա որոշակի ճնշումների գնալու կարիք կունենա:

Բորիս Ջոնսոնը կոչ է արել դիմադրել ԵՄ-ին Brexit-ի շուրջ բանակցություններում

 

ՀԱԿԱՍԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՀՈՐՁԱՆՈՒՏՈՒՄ

Սկսելով Վրաստանից` նկատենք, որ այստեղ թեեւ մեծ է ԱՄՆ-ի գործոնը, սակայն ամենածայրահեղ իրավիճակներում Թբիլիսին հազիվ թե մինչեւ վերջ գնա՝ հաշվի առնելով ռուսական գործոնը: Այսինքն, Վրաստանն ունի անվտանգության ամբողջական երաշխիքի խնդիր, ինչպիսին կարող է լինել, ասենք, ՆԱՏՕ-ին անդամակցությունը: Եվ այս առումով նկատենք, որ հազիվ թե պատահական լինի, որ Իրանի խնդրի վերջին սրացումներին զուգահեռ, կրկին ակտիվացավ Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի անդամակցության հարցը: Սակայն դա էլի իր հերթին կարող է անվտանգության հարցով ավելի սուր իրավիճակ ստեղծել: Այն, որ Մոսկվան ոչ մի դեպքում անտարբեր չի մնա Վրաստանի նատօականացման դեպքում, հասկանալի է, եւ նման նախազգուշացումներ նաեւ վերջին ժամանակներս քանիցս հնչեցին: Առավել եւս, որ Վրաստանի նատօականացումը Մոսկվան հակված կլինի համարել պատերազմի հայտարարման պես մի բան, հաշվի առնելով, որ այդ դեպքում, բացի դեպի Իրան տանող ուղիների փակվելուց, գործնականում կամբողջանա ՌԴ-ի շրջապատումը ՆԱՏՕ-ի բազաներով` դրանից բխող բոլոր ծանրագույն հետեւանքներով հանդերձ: Եվ այս հանգամանքը Թբիլիսին հազիվ թե իրեն թույլ տա աչքաթող անել: Ադրբեջանը, թեեւ վերջին ամիսներին գերակտիվ տեմպերով է ամրացնում հարաբերությունները ՌԴ-ի հետ, սակայն այս ուղղությամբ եւս Վաշինգտոնը ճնշումների մի ամբողջ զինանոց ունի: Մասնավորապես, Ադրբեջանում մեծ են արեւմտյան ներդրումները, որոնց վրա ԱՄՆ-ը խաղալու տեղեր ունի: Նաեւ՝ դրսում ադրբեջանական պետական եւ մասնավոր մեծ ֆինանսական ռեսուրսներ կան, ինչը եւս հարվածի լավ թիրախ է: Սակայն այս ճնշումային ուղղությունները Վաշինգտոնի համար դեռ բավարար չեն՝ Բաքվին ցանկացած ծայրահեղ որոշման մղելու համար: Այդ թվում՝ ադրբեջանական ֆինանսատնտեսական ուղղակի կապերը հիմնականում եվրոպական ուղղությամբ են, մինչդեռ Իրանի հարցում ԱՄՆ-ն Եվրոպայի հետ նույնպես խորը հակասությունների մեջ է: Իհարկե, Ադրբեջանի նկատմամբ ազդեցության լծակ կարող է համարվել նաեւ արցախյան  գործոնը, սակայն տարածաշրջանում Վաշինգտոնը ռազմական առումով գրեթե միջոցներ չունի, այսինքն` արցախյան ուղղությամբ եթե անգամ վիճակը հասնի պատերազմի, էլի առաջնային կմնա, հնարավոր է՝ անգամ մի բան էլ կամրանա ռուսական գործոնը: Նկատենք, որ Հայաստանում եւս Բոլտոնը ղարաբաղյան խաղաքարտը գործարկելու քիչ շանսեր ունի: Վերցնենք, ասենք, նման ծայրահեղ, անգամ ֆանտաստիկ տարբերակ՝ Բոլտոնը Հայաստանին դրդում է՝ հարձակում սկսել արցախյան ճակատում: Սակայն նման դեպքում Հայաստանը հաստատ լավագույն դեպքում կբախվի ռուսական չեզոքությանը (ու կարճ ժամանակ անց անգամ փամփուշտ չի ունենա) եւ թուրք-ադրբեջանական միասնական ուժերին (այդ թվում՝ Նախիջեւանում) ու պարզապես դաժան պարտություն կկրի: Իհարկե, Բոլտոնը կարող է նաեւ արցախյան հարցը քաղաքական հարթակում խաղարկել: Սակայն դրա իմաստը ո՞րն է, եթե այն առաջ չբերի պատերազմ եւ դեպի Իրան կոմունիկացիաների խաթարման: Չնայած, Թրամփի խորհրդականը Հայաստանի վրա ազդելու այլ լծակների պակաս չունի: Ի վերջո, չմոռանանք փաստը, որ հայաստանյան կառավարությունում մեծ թիվ են կազմում, այսպես ասած, ԱՄՆ-ում կրթվածները, որոնք առանց ինչ-որ արտառոց ճնշման էլ կարող են համաձայնել վաշինգտոնյան քաղաքական մեգաաստղի «մանր-մունր խնդրանքները» կատարել: Առավել եւս, եթե այդ «խնդրանքները» համեմվեն, ասենք, ներդրումների մասին խոստումների հերթական չափաքանակով: Միայն թե հարցն այն է, թե ի՞նչ պետք է «խնդրի» Բոլտոնը Հայաստանից, որ դառնա Իրանին ուղղված հարված: Դեպի հյուսիս իրանական ճանապարհները փակե՞լ. բայց դա ի՞նչ վնաս կարող է պատճառել Թեհրանին, հաշվի առնելով, որ հայաստանյան ուղղությունն իրանական բեռնաշրջանառության չնչին մասն էլ չի կազմում: Եվ, փոխարենը, այդ դեպքում ամենամեծ հարվածը հենց Հայաստանն է ստանալու: Փոխարենը, Իրանին ուղղված մեծ հարված կարող էր դառնալ Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրս բերումը: Նման խոսակցություններ, իհարկե, նաեւ առանց Բոլտոնի էլ կան, թեեւ այս «հեղափոխությունից» հետո պարզ դարձավ, որ քանի դեռ Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի հարեւաններն են, ապա անգամ բազայի դուրսբերումը ամիսներ առաջ բարձրաձայն պահանջողներն են ստիպված զգուշանալ, երբ պատասխանատվությունը մնում է իրենց վրա: Ի վերջո, ռուսական բազան հանելու դեպքում, ինչպես պատմությունն է քանիցս ապացուցել, մեծ է հնարավորությունը, որ դրա փոխարեն մի գեղեցիկ օր պարզապես թուրքական բազաներ կհայտնվեն, եւ էլի «բրիտանական նավերը չեն կարողանա լեռները բարձրանալ», ու վերջում հերթը կհասնի «11-րդ կարմիր բանակին», որ Հայաստանից քշի թուրքական բազաները: ճիշտ է, կարող է, որ մեր տեղական ամերիկաներում կրթվածները ցանկանան՝ կրկին փորձել, բայց երբ անգամ հրետանային արկերի արտադրություն կամ զինտեխնիկայի համար սեփական վառելիքի պաշարներ չունես ու ոչ էլ դրանք ձեռք բերելու համար միջոցներ ու տեղ հասցնելու ռեալ ուղիներ, նման փորձը միանգամից կվերածվի գերվտանգավոր «հաճույքի»: Վերջապես, Բոլտոնը կարող է նաեւ Հայաստանից պահանջել՝ ոչ մի դեպքում Սիրիա սակրավորներ, բժիշկներ ու Հայաստանի դրոշը չուղարկել: Բայց չմոռանանք, որ վարչապետ Փաշինյանն ինքն է այս նախաձեռնությանը կողմ գնացել՝ դրանով փորձելով ցույց տալ Մոսկվային, թե հայաստանյան նոր իշխանություններն իրոք Արեւմուտք չեն նայում: Ու եթե հիմա Բոլտոնը նման պահանջ ներկայացնի, հայաստանյան իշխանություններն էլ ընդունեն, դրանից հետո էլ ի՞նչ կմնա հայ-ռուսական հարաբերություններից՝ դրանից բխող հիշատակված բոլոր անվտանգության խնդիրներով հանդերձ: Ու մյուս կողմից, եթե որեւէ էական պահանջ չբավարարվի, Բոլտոնն էլ ինչո՞ւ պետք է խոստանա ամերիկյան ներդրումեր: Կարճ ասած, թեեւ հայաստանյան նոր իշխանությունները շատ էին ցանկանում ինչ-որ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյայի հանդիպել ու բանակցել, սակայն այս բոլոր հակասական շահերի պարագայում հազիվ թե ոգեւորված լինեն Բոլտոնի այցից: Չնայած, ով գիտե, միգուցե ինչ-որ բան փոխվի, ու չգա՞:

Ղազախստանը մերժում է պանթուրքիզմն ու հավակնում դառնալ թյուրքալեզու ազգերի կենտրոնը

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА