o C     09. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԼՈՒՍԱՅԻՆ ՍԱՐԴՈՍՏԱՅՆԻԿ

15.03.2016 18:07 ԻՐԱՎՈՒՆՔ
ԼՈՒՍԱՅԻՆ ՍԱՐԴՈՍՏԱՅՆԻԿ

Նյութը համարում եմ հրատապ, իսկ նրա մեջ տրվող իրավական գնահատականը՝ համարձակ: Հրավիրում եմ ոչ միայն պետական մարմինների ուշադրությունը՝ քնարկելու սույն խնդիրը, այլեւ պատրաստակամ եմ լսել տվյալ ոլորտի պատասխանատուների կարծիքը:Բազմաթիվ են ահազանգերը, որով քաղաքացիները բողոքում են, որ էլեկտրաէներգիայի տեսուչները սպառնում են հոսանքազրկել քաղաքացիների տները, եթե մեկ-երկու օրվա մեջ վճարումները չկատարեն: «Այնքան սարսափելի չէ դրանից հետո մթին, նոր ծնված երեխայի հետ սենյակի մի անկյունում կուչ գալը, ինչքան վիրավորական է այդ անձանց սպառնալիքները, ձայնային ինտոնացիան»,- ահազանգում են քաղաքացիները:

Բազմիցս տարբեր առիթներով ասել եմ, որ Հայաստանում արտագաղթը խթանում է ոչ այնքան նյութական պայմանները, որքան յուրաքանչյուր քայլափոխի երկրի քաղաքացու արժանապատվությունը վիրավորելը, պետական չինովնիկի պաշտպանությունը ոչ միայն չգտնելը, այլ նաեւ՝ նրա անտարբերությունը, անգործությունը: Դա էլ սերմանում է անվստահության մթնոլորտ դեպի պետությունն ու պետական ապարատը:

Ասվածի լավագույն ապացույցն է ՀՀ կառավարության եւ ՀՀ նախագահի պալատի մոտ բազում ցույցերն ու պիկետները, որոնց գերակշռող մասից կխուսափեինք, եթե պետական չինովնիկը ոչ միայն իր տեղում լինի, այլեւ գիտակցի, որ իր անգործության ու անվստահության պատճառով կարող է ենթարկվել ընդհուպ քրեական պատասխանատվության... 

Վերադառնանք կոմունալ վարձավճարներին. ինչ խոսք, յուրաքանչյուր հիմնարկի ներկայացուցիչ, լինի լույսի, թե այլ ծառայության «մարդ», ունի սպառողի կողմից ծախսածի դիմաց վճարումները ժամանակին հավաքագրելու պարտավորություն, բայց ոչ ՀՀ քաղաքացու արժանապատվության հաշվին: Ավելին, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 550-570 հոդվածները վերաբերելի են էներգամատակարարմանը, որի հիմնական կանոնները տարածվում են նաեւ ջրի, գազի եւ այլ ապրանքների մատակարարման հետ կապված հարաբերությունների նկատմամբ, եթե օրենքով այլ բան սահմանված չէ: Օրենսդիրը (558 հոդված) պարտադիր պայման է դիտում, որ առանց աբոնենտի հետ համաձայնեցնելու եւ նրան նախազգուշացնելու` էներգիայի եւ այլ ծառայությունների մատուցման ընդհատում կամ դադարեցում թույլատրվում է միայն տվյալ կազմակերպության համակարգում վթարները վերացնելու կամ կանխելու համար անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտության դեպքում` աբոնենտին անհապաղ տեղեկացնելու պայմանով: Այսինքն` տեսուչի թեթեւ ձեռքով աբոնենտի հոսանքն անջատելը` պարտավորությունները ուշ կատարելու հիմքով, առանց պայմանագիրը վաղաժամկետ լուծելու, գործող իրավանորմով նախատեսված չէ: Մինչդեռ տեսուչները, սպառողներից գումարները գանձելու համար, ոչ միայն սպառնում են անջատել հոսանքը, այլ նաեւ հաճախ այդ սպառնալիքը կիրառում են: Իսկ կոմպետենտ պետական լիազոր մարմինները, որոնք այնքան շատ են, որ սպառիչ դժվար է թվարկել, թե որոնք են, տվյալ պահին ուղղակի պարտավոր են կանգնել իրավունքը խախտված սպառողների կողքին, եւ օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել ոչ միայն տեսուչներին, այլ նաեւ նրանց նման անօրինական հրաման տվող պետերին, իմ կարծիքով, մատնված են անգործության:

Սույն դրվագով անհրաժեշտ է կամ վերացնել այն ներպետական իրավանորմը, որի ուժով, ինչպես վերը նշեցի, առանց դատ ու դատաստանի արգելվում է սպառողին բերել անակնկալի եւ հոսանքազրկել, կամ էլ հետամուտ լինել ու պատասխանատվության ենթարկել քաղաքացու արժանապատվության ու ներվերի հաշվին նման եղանակով գումարի գանձումը:

Վստահ եմ, որ եթե սպառողը գիտակցի, որ չվճարման դեպքում վաղը դատական կարգով վճարելու է նաեւ դատական ծախսերն ու տույժ-տուգանքները, ավելի կանոնավոր ու ճշգրիտ եղանակով կկատարի իր պարտավորությունները:

Ընկերությունը նախաձեռնում է իրավական գործընթաց` վիճարկելու համար պետական լիազոր մարմնի անգործությունը, ինչպես նաեւ տվյալ ընկերությունների անօրինական գործողությունները, որի հիմքով այն անձինք, որոնց գազը եւ լույսը անջատել են վճարման պարտավորությունները չկատարելու պատճառաբանությամբ, կարող են դիմել ընկերության գրասենյակ` տալով համապատասխան տեղեկատվություն:

ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

«Լեւ գրուպ» փաստաբանական 

գրասենյակի հիմնադիր նախագահ

www.levgroup.am

Հարցեր կարող եք ուղարկել նաեւ 

iravunk@iravunk.com հասցեով

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА