ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Յուրաքանչյուր արեւմտյան պետություն կարող է ոչ ժողովրդավար համարել այդ ընտրությունը»

09.10.2018 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Յուրաքանչյուր արեւմտյան պետություն կարող է ոչ ժողովրդավար համարել այդ ընտրությունը»

Նյու Յորք եւ Դուշանբե կատարած պաշտոնական ուղեւորություններից հետո ինչ-ինչ պատճառներով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշեց խախտել մեկ տարվա ընթացքում խորհրդարանական արտահերթ ընտրություններ կազմակերպելու շուրջ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունը եւ առաջ քաշել ամենակարճ ժամկետում արտահերթ ընտրությունների գնալու հարցը: Ըստ էության, Հայաստանի ներքաղաքական զարգացումների հետ կապված գործ ունենք ճգնաժամի հետ, իսկ սեղանին դրված է Նիկոլ Փաշինյանի եւ իր իշխանության լեգիտիմության հարցը: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, ռուս ռազմական փորձագետ ՎԼԱԴԻՄԻՐ ԵՎՍԵԵՎԻ հետ:

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

«ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄԻԱՅՆ ԴԵՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆԸ»

– Պարոն Եվսեեւ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամեն գնով երկիրը որոշել է տանել արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որն, ըստ նրա, պետք է տեղի ունենա մինչեւ այս տարվա դեկտեմբերը: Հետաքրքիր է` Ձեր տեսակետն այս մասին:

– Առհասարակ կան որոշ մտահոգություններ` կապված Հայաստանում կայունության հետ: Սակայն Ռուսաստանը ոչ մի դեպքում չի խառնվելու Հայաստանի ներքին գործերին` համարելով, որ այն ձեր ներքին խնդիրն է: Միեւնույն ժամանակ, ցանկալի կլիներ, որ քաղաքական գործընթացների փոխակերպումներն ընթանային կայուն հունով: Եվ եթե կայունության նկատառումներից ելնելով դիտարկենք, իհարկե, ցանկալի կլիներ, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվեին ավելի խաղաղ պայմաններում: Օրինակ, թեկուզ ոչ թե մյուս տարվա մայիսին, այլ փետրվարին, մարտին: Այստեղ բազմաթիվ հարցեր են ծագում. կա՞ ցանկություն` պատգամավորների կողմից գնալ հրաժարականի ճանապարհով, չկա՞ անհրաժեշտություն, որպեսզի Հայաստանում քաղաքական ուժերին տրվի ժամանակ` պատրաստվել ընտություններին: Չեմ տեսնում այստեղ ֆորսմաժորի անհրաժեշտություն: Իհարկե, Ռուսաստանն ըմբռնումով է մոտենում այն ամենին, ինչ կատարվում է Հայաստանում եւ աշխատում է ու աշխատելու է այն իշխանության հետ, որը դեռ շարունակում է ձեւավորվել: Եվ ինձ թվում է` հավանաբար, որոշ պաշտոնական դեմքեր կփոխվեն: Սակայն Ռուսաստանի համար նախ լավ կլիներ, որ որոշակի կայունություն լիներ, եւ երկրորդ` ցանկալի կլիներ, որ շատ պրոֆեսիոնալներ լինեին: Ես էլ եմ հանդիպել այսօրվա Հայաստանի կառավարության որոշ ներկայացուցիչների հետ, եւ կարծում եմ` լավ կլիներ, որ ամեն դեպքում լինեին մեծ փորձով մարդիկ, կամ եթե իրենք այդ փորձը պետք է ձեռք բերեն` լինելով պաշտոնին, ուրեմն` ինչ-որ ժամանակ է պետք դրա համար:

– Կարծում եք, եթե այս տարի անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, այն կարող է բացասական արձագա՞նք ունենալ ՌԴ-ի կողմից:

– Ամեն դեպքում, Ռուսաստանը որեւէ պարագայում չի պատրաստվում վերանայել դաշնակցային հարաբերություները Հայաստանի հետ, համենայնդեպս, ես այդ մասին չգիտեմ: Ամեն ինչ փաստում է այն մասին, որ Ռուսաստանն ուզում է, որպեսզի Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները պահպանվեն: Բայց դրա համար կարեւոր է, որ Հայաստանում լինի կայունություն: Այո, գուցե, այսօրվա Ազգային ժողովը չի արտացոլում ժողովրդի մեջ առկա տրամադրություններրը, բայց կան ընթացակարգեր այն փոխելու համար: Չեմ տեսնում որեւէ պատճառ` արտահերթ խորհրդարանական ընտրություններն արագացնելու: Բայց եթե Հայաստանի իշխանությունը որոշում ընդունեն այն անցկացնել դեկտեմբերին, եւ այդ որոշումը ստանա ժողովրդի աջակցությունը, Ռուսաստանի համար էլ ընդունելի կլինի: Բայց Ռուսաստանը չի ցանկանում, որ այն ուղեկցվի այնպիսի գործընթացներով, որը կարող է տանել երկիրը որոշակի ապակայունացման եւ կցանկանար տեսնել Հայաստանին` որպես կայուն գործընկերոջ: Հետեւաբար ցանկալի չէ, որ ներքաղաքական իրադարձություներն այդպես արագ զարգանան:

Հ1-ը մերժել է ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված տեսահոլովակը եթեր տալ

«ԱՅՍ ՖՈՐՍԱԺԸ ՀԱՐՑԵՐ Է ԱՌԱՋԱՑՆՈՒՄ` ԿԱՊՎԱԾ ՆԱԵՎ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ»

– Այսօրվա իշխանություններն ուղղակիորեն ասում են, որ ոչ միայն այս տարի պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, այլ որ ՀՀ վարչապետ միայն  Նիկոլ Փաշինյանը պետք է լինի: Չե՞ք կարծում, որ ՀՀ-ում կամաց-կամաց ձեւավորվում է միակուսակցական մենիշխանություն:

– Ստեղծված իրավիճակն այնպիսին է, որ Նիկոլ Փաշինյանը շատ մեծ աջակցություն ունի ժողովրդի կողմից: Սա փաստեցին նաեւ Երեւանի ավագանու ընտրությունները: Բայց անկախ այդ աջակցությունից, ժողովուրդը միշտ պետք է որոշակի այլընտրանք ունենա: Իսկ քաղաքական դաշտը մենաշնորհելը ժողովրդավար չէ: Յուրաքանչյուր պետություն, որը ձգտում ժողովրդավարության, պետք է կարողանա այլընտրանք ունենալ: Թող մրցակիցը վերցնի, ասենք, 5 տոկոս ձայներ, բայց մարդիկ պետք է այլընտրանք ունենան: Եթե ընտրությունները լինում են առանց այլընտրանքի, մարդիկ անգամ ցանկություն էլ չեն ունենում մասնակցել դրան: Ուստի` կարծում եմ` այդպես հարցը չպետք է դնել, բայց հաշվի առնելով, որ վարչապետի ընտրությունը տեղի է ունենում խորհրդարանում, կարող է եւ այդպես լինել: Այս խորհրդարանը լինի, կամ մեկ այլ խորհրդարան, վարչապետի ընտրության ժամանակ լավ կլինի, որ այլընտրանք լինի, ինչը եւս ժողովրդավարության նշան է: Սա շատ կարեւոր է, որովհետեւ այլընտրանքի առկայությունը բարձրացնում է լեգիտիմությունը, բարձրացնում է միջազգային վստահությունը: Այնպես որ, ասել, թե չպետք է լինի այլընտրանք, կարծում եմ` սխալ է:

– Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու այսպիսի հապճեպությունը տարբեր քաղաքական գործիչներ ու փորձագետներ նաեւ պայմանավորում են նրանով, թե Նիկոլ Փաշինյանն այսօր լեգիտիմության պակաս ունի միջազգային ասպարեզում: Ի՞նչ կասեք այս մասին:

– Որոշ մարդիկ էլ համարում են, որ ցանկությունը` անցկացնել ընտրությունը դեկտեմբերին եւ ոչ թե մայիսին, կապված է նրա հետ, որ մայիսին կարող է պակասել Նիկոլ Փաշինյանի հանդեպ վստահությունը: Բայց պետք է մտածել հետեւյալը` եթե հիմա նա ունի, պայմանականորեն ասած, ընտրողների 80 տոկոսի աջակցությունը, ապա մայիսին աջակցությունը կլինի, ասենք, 55 տոկոս, սա կրիտիկական չէ, որովհետեւ էլի հերիք է մեծամասնություն ունենալու համար` չհաշված, որ կարող է կոալիցիա կազմել այլ ուժերի հետ: Ավելին պետք չէ, իմաստը ո՞րն է, եթե, իսկապես, ցանկություն կա, որ բոլոր քաղաքական ուժերը լինեն խորհրդարանում: Դրա համար յուրաքանչյուր արեւմտյան պետություն կարող է ոչ ժողովրդավար համարել այդ ընտրությունը, անգամ Սահմանադրությունը թույլ չի տալիս դա անել: Ի դեպ, բոլորն ասում են` կա՛մ դեկտեմբերին, կա՛մ մայիսին պետք է լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Իսկ ինչո՞ւ ոչ մարտին, սա կլինի մի միջանկյալ որոշում, եւ թույլ կտա մյուս քաղաքական ուժերին լավ պատրաստվել: Իշխանափոխությունը տեղի ունեցավ ապրիլին, գործընթացներն այսօր շատ արագ են ընթանում, եւ քաղաքական ուժերին ժամանակ է պետք տալ: Պետք է հարգանքով վերաբերվել ընդդիմախոսներին կամ նրանց, ովքեր կաշխատեն այդ դաշտում: Իսկ այս ֆորսաժը հարցեր է առաջացնում` կապված նաեւ լեգիտիմության հետ: Որպեսզի նման հարցեր չծագեն, ավելի լավ է ֆորսաժի չգնալ: Ամեն դեպքում, սա Հայաստանի իրավունքն է, ես խոսում եմ` այդ ընտրությունների միջազգային ճանաչման եւ լեգիտմության մասին:

«Ավելի լավ է պրոֆեսիոնալ, բայց ՀՀԿ, քան` դիլետանտ փողոց փակող». Ա. Բաղդասարյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ. - Արցախյան հիմնախնդրի շուրջ ուշագրավ մանրամասների, ինչպես նաեւ Հայաստանի հանդեպ Ռուսաստանի վստահության անկման մասին Եվսեեւի դիտարկումները կներկայացնենք թերթի առաջիկա համարներից մեկում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА