ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Քուչի տղերքը» որպես սահմանադրագետներ կամ սահմանադրագետները որպես  «քուչի տղերք»

05.10.2018 18:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
«Քուչի տղերքը» որպես սահմանադրագետներ կամ սահմանադրագետները որպես  «քուչի տղերք»

Սույն գրառման առիթը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «սահմանադրագետ» Վարդան Այվազյանի արտահայտած կարծիքն է առ այն, որ «ժողովուրդն ինքն է իշխանության միակ և անփոխարինելի սեփականատերը, և ժողովուրդն էլ ցանկացած պահի, եթե գտնում է, որ Ազգային ժողովի պատգամավորները չպետք է մտնեն իրենց աշխատավայր և նիստ գումարեն, ուրեմն դա օրինական պահանջ է»:

Գիշերը Դավթաշենի կամրջին պայթուցիչով նռնակ է հայտնաբերվել

Հարց է ծագում՝ եթե ժողովուրդը որոշի, որ, օրինակ, Քրեական օրենսգրքում գողության համար նախատեսված չէ ցմահ ազատազրկում, սակայն դա անհրաժեշտ է գողերի «հախից գալու» համար, ապա դատարանները պարտավո՞ր են գողերին ցմահ ազատազրկել: Կամ եթե ժողովուրդը որոշի, որ պետք է մահապատիժ սահմանել և հրապարակներում գնդակահարել «սևերի» առաջնորդներին, դատարանները կամ ժողովրդի կողմից հրապարակում ընտրված դահիճնե՞րը պետք է ի կատար ածեն այդ որոշումը:

Վերջին շրջանում չափից ավելի են ակտիվացել  տարաբնույթ «սահմանադրագետները», «իրավագետները» կամ նույնիսկ քաղաքագետները, որոնք հավակնում և ձգտում են տալ Սահմանադրության իրենց միակ մեկնաբանությունը, չնայած որ ավելի հաճախ նպատակները Սահմանադրության մերժումն է կամ դրա ապալեգիտիմացումը:

Եթե «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումը համապատասխանում է իրականությանը, ինչին փոքր-ինչ դժվարանում ես հավատալ, ապա սույն «սահմանադրագետն» անգամ իրավաբան կամ իրավագետ կոչվելու իրավունք չունի և հաջորդ իշխանափոխությունից առաջ պետք է շտապ այրի իր դիպլոմը, որովհետև չգիտի կամ ձևացնում է, թե չգիտի, որ պետությունը և նույնիսկ «ժողովուրդը» (չզարմանաք, ժողովուրդ) սահմանափակված են մարդու բնական և անօտարելի իրավունքներով, ինչպես նաև Սահմանադրության այլ նորմերով: Բացի այդ, ժողովրդի անունից որոշումներն ընդունվում են չափահաս Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից՝ կամ ընտրություններում, կամ հանրաքվեներում, ուստի սույն «սահմանադրագետը» պետք է հասկանա, որ անգամ եթե ԱԺ դռները փակելու նպատակով երեք միլիոն մարդ դուրս գա փողոց կամ եթե նրանք բոլորը միահամուռ «կողմ» լինեն այս կամ այն անձին հրապարակում գլխատելուն կամ քառատելուն, միևնույն է, նրանք ժողովուրդ չեն, այլ բազմամարդ հավաքի մասնակիցներ են: Եթե նույնքան մարդ պահանջի դատարանից կամ դատախազությունից որևէ մեկին կալանավորել կամ «նստցնել», միևնույն է, դա իրավաչափ պահանջ չէ, և պահանջողներն էլ ժողովուրդ չեն ոչ Սահմանադրության, ոչ էլ անգամ քաղաքագիտական իմաստով, քանի որ, նախ՝ չեն հայտնել իրենց կամքը լեգիտիմ և լեգալ եղանակներով (ժողովրդավարությունը հատկապես նաև ժողովրդի կամքը արտահայտելուն ուղղված և արդյունքների ամրագրման թափանցիկ և արդարացի ընթացակարգերի մեջ է, հակառակ դեպքում ամեն «քուչի տղա» կամ «աղջիկ», անգամ իրավաբանի դիպլոմով, որի համար մեր «հերոսի» դեպքում բուհը զղջալու բոլոր հիմքերն ունի, կարող է խոսել ժողովրդի անունից, բացի այդ, հավաքի մասնակիցների մեջ կարող են շատ լինել քվեարկելու իրավունք չունեցող անձինք, օրինակ, մանկահասակներ և անչափահասներ, օտարերկրացիներ, իսկ մեր «սահմանադրագետն» ինչպե՞ս է արձանագրելու ժողովրդի ձայնը, պարզ չէ):

ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 43.28 %-ը կամ 94.222 քաղաքացի

Հիմա հարցազրույցի բուն թեմայի մասին: Օրինագծի հեղինակները բոլորովին կարիք չունեին հապճեպ առաջ մղելու այն՝ ստեղծելով հակասահմանադրականության պատրանքներ, քանի որ պարզից էլ պարզ է, որ Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում (հենց վարչապետի հրաժարականի դեպքում) խոսք է գնում թե խմբակցությունների սահմանադրական իրավունքի մասին՝ առաջադրելու վարչապետի թեկնածուներ, թե նաև Ազգային ժողովի լիազորության մասին՝ առաջադրված թեկնածուներից ընտրելու վարչապետին: Այսինքն, ավելի պարզ բացատրենք «սահմանադրագետին», որ եթե Ազգային ժողովի դռները փակ են պատգամավորների առջև կամ խմբակցության նիստը, որում պետք է առաջադրվեր վարչապետի թեկնածու, ընդհատվել է սենյակ ներխուժած անձանց կողմից, կամ եթե Ազգային ժողովում վարչապետի ընտրության ժամանակ ցուցարարները հարձակվել են պատգամավորների վրա և կապել են նրանց ձեռքերը կամ Լենա Նազարյանը փուչիկներ է պայթեցրել և խարույկ է վառել ԱԺ լիագումար նիստերի սրահում, որպեսզի քվեարկությունը չկայանա, ապա ոզնուն էլ հասկանալի է, որ խմբակցությունը կամ Ազգային ժողովը չեն կարողացել իրականացնել իրենց սահմանադրական լիազորություններն օբյեկտիվ խոչընդոտների բերումով, այլ ոչ թե ունակ չեն եղել դա անելու իրենց կամքով: Նույնն է թե՝ եթե անձը չի ներկայացել աշխատանքի, քանի որ պահակը իր գործընկերների հետ միասին չի բացել մուտքի դուռը, ուրեմն նա պետք է դիտվի անհարգելի բացակայող և ազատվի աշխատանքից: Պարզ է, որ այս տրամաբանության ներքո ցանկացած խոչընդոտ կարող է դիտվել որպես խոչընդոտվողի սեփական անգործություն, ինչը հիմարության բարձրագույն ձևերից է: Որպեսզի ԱԺ-ն լուծարվի, պետք է կարողանա իրականացնել իր լիազորությունը և չանի դա, այլ ոչ թե արհեստականորեն մատնվի անգործության, որպեսզի լուծարվի: Եթե, օրինակ, մի խումբ քաղաքացիներ, ենթադրենք, մի 2-3 հազար մարդ, որոնք ընդդիմանում են ԱԺ մեծամասնության կողմից ընտրված վարչապետին, իմանալով, որ նա այսինչ օրը պետք է ԱԺ-ին ներկայացնի Կառավարության ծրագիրը, ներխուժեն Կառավարության շենք, դրսից փակեն դռները և փակած պահեն մինչև Սահմանադրությամբ սահմանված 20-օրյա ժամկետի ավարտը, դա, իհարկե, չի նշանակի, որ Ազգային ժողովը հավանություն չի տվել Կառավարության ծրագրին, ինչը պարտադիր հիմք է Կառավարության հրաժարականի համար:

Կարծում ենք, մեր «սահմանադրագետը» կառարկի և կասի, որ նկատի չի ունեցել մարդու հիմնական իրավունքների վերաբերյալ ժողովրդի որոշումները: Բայց մի՞թե Սահմանադրությունը, որին նա հղում է անում, միայն իր կողմից հիշատակված դրույթներից և մարդու իրավունքներից է բաղկացած: Հիշեցնենք, որ իրավական և ժողովրդավարական պետությունում ժողովուրդը կաշկանդված է իր իսկ պետության Սահմանադրությամբ: Այդ տեսանկյունից ավելի ազնիվ են այն անձինք, որոնք պարզապես մերժում են Սահմանադրությունը, չնայած որ մերժելու մասին ճամարտակելու իրավունքը երաշխավորված է հենց այդ Սահմանադրությամբ (ինչ արած, խոսքի ազատությունը բնական իրավունք չէ):

«Զուգադիպությունների» քանակը հուշում են վտանգավոր զարգացումների մասին

Սակայն հասկանալի է, երբ Սահմանադրությունը մերժում են դրա հետ չհամաձայնող քաղաքական գործիչներ (պետական այրերի դեպքում դա պետք է դառնա պաշտոնանկության հիմք): Հասկանալի է, երբ քաղաքական գործիչները Սահմանադրության դրույթները գործիքավորում են իրենց քաղաքական նպատակների համար: Անհասկանալի և անընդունելի է, երբ սահմանադրագետները կամ ուղղակի «հասարակ» իրավաբաններն իջնում են պնակալեզության և կենցաղային աշխարհընկալման այնպիսի մակարդակի, որ ուրանում են անգամ առաջին կուրսի ուսանողին հայտնի ճշմարտությունները:

Սույն գրառմամբ չենք ցանկանում թիրախավորել կոնկրետ անձի, քանի որ խոսքը մի կարծես թե մասնագետների մի ամբողջ շերտի մասին է, որն ինքնամոռաց հաճոյանում է ներկայիս գործադիր իշխանությանը, ինչը խթանում է այդ իշխանության հակասահմանադրական և հակաօրինական վարքագիծը՝ պատրանք ստեղծելով, որ խոսքը օրինական քայլերի մասին է: Որևէ դատարանում, նույնիսկ ամենաարդար, որևէ ժամանակ դատվելու պահին կամ պարտվելուց առաջ, նման իշխանավորները հիշելու են նման իրավաբան-«փորձագետների» կարծիքները, եթե լսեն դրանք:

Ա.Հովհաննիսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА