ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սկզբից ուշադրության պակաս կար, հիմա նաեւ` կոմպետենտության». Արմեն Աշոտյան

05.10.2018 21:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Սկզբից ուշադրության պակաս կար, հիմա նաեւ` կոմպետենտության». Արմեն Աշոտյան

Կառավարության նիստից առաջ երեկ ֆեյսբուքյան հերթական գրառմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե խորհրդարանում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հրապարակած տեղեկություններն այն մասին, որ հոկտեմբերի 2-ի երեկոյան հանրահավաքի ընթացքում ապակիներ են ջարդվել, մեքենաներ են վնասվել, միջադեպեր են եղել, չեն հաստատվում: Գործադիրի ղեկավարը նաեւ առաջարկել էր պարոն Աշոտյանին հատ-հատ հրապարակել դեպքերը, որպեսզի ոստիկանությունը դրանք հետաքննելու հնարավորություն ունենա: Հայտարարությունից ժամեր անց ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ կառավարությունում էր, բայց` այլ նպատակով: Եկել էր մասնակցելու Հայաստան-ԵՄ համաձայնագրի միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին: Առիթից օգտվելով էլ` զրուցեցինք նրա հետ:

«Մի քիչ լրջանանք, որ ազգ դառնանք...». Ռուզան Ասատրյան

«ՆՄԱՆ ՋՂԱՁԻԳ ՌԵԱԿՑԻԱՆ ԱԴԵԿՎԱՏ ՉԷ ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ»

– Պարոն Աշոտյան, ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր հնչեցրած հորդորի վերաբերյալ ՀՀ վարչապետի այսկերպ արձագանքին:

– Ուրախ եմ, որ պարոն Փաշինյանը հետեւողական է, եւ Ազգային ժողովի հարցուպատասխանից հետո` իմ հորդորը տեղ է հասել, պարզապես, վարչապետը պետք է ճշգրիտ լինի, չվերագրի ինձ բաներ, որ չեմ ասել: Նա մասնավորապես իր գրառման մեջ գրել էր, թե իբր ջարդած ապակիների մասին եմ խոսել, իմ ելույթում նման բան չկար, այլ արել եմ երկու հարցադրում, որոնցից մեկը կապված էր պատգամավոր Ռուզան Առաքելյանի հետ տեղի ունեցած միջադեպին: Ընդ որում` չեմ ասել, թե «բռնություն է կիրառվել» եւ մանիպուլյացիա եմ համարում, երբ ե՛ւ ոստիկանությունը, ե՛ւ որոշ լրատվամիջոցներ, «բռնություն» բառն են հերքում: Իմ ելույթում հետեւյալ ձեւակերպումն էր` «տեղի ունեցածով», իսկ բռնության մասին խոսք չի եղել: Իսկ այն, որ միջադեպը տեղի է ունեցել, չի հերքել պատգամավորը, եւ մամուլի հրապարակումները վկայում են, որ Ռուզան Առաքելյանին ներս չեն թողել խորհրդարան, խոչընդոտել են պատգամավորի աշխատանքային պարտականությունների կատարմանը: Պատգամավորը հաստատել է, որ վեճ է եղել, բռնության մասին խոսք չի եղել ո՛չ իմ ելույթում, ո՛չ էլ իր կողմից: Հետեւաբար, բռնությունը պետք չէր հերքել, այլ պետք էր տեղի ունեցածի վերաբերյալ, իրոք, արդար հետաքննություն եւ ուսումնասիրություն իրականացնել, այլ ոչ թե նման ոչ հարիր մանիպուլյացիաներով փորձել բարձրացված խնդիրը քաղաքականացնել:

– Իսկ ի՞նչ կասեք մեքենաների վնասված լինելու մասին, որը եւս, ըստ վարչապետի եւ որոշ լրատվամիջոցների, չի հաստատվել...

– Նախ ես չեմ ասել, թե Ազգային ժողովին պատկանող մեքենաներն են վնասվել, բայց նորից մի շարք լրատվամիջոցներ փորձեցին այդպես ներկայացնել եւ նշել, թե ԱԺ աշխատակազմից Արսեն Բաբայանն ասել է, որ մեքենաներ չեն վնասվել: Ոչ ոք չէր էլ ասել, որ ԱԺ մեքենաներ են վնասվել: Կարծում եմ` չի կարելի այդպես վերաբերվել, իմ բարձրաձայնած խնդիրը հենց այդ պահին ձեւակերպեցի, որպես ոչ քաղաքական խնդիր` խնդրելով վարչապետին տալ ոչ քաղաքական ընթացք: Այն, ինչ կատարվում է իշխանությանը սատարող լրատվամիջոցների կողմից, ինձ համար քաղաքականացնելու միտում է, չգիտեմ` ինչու են այդպես ցավոտ ընկալել խնդիրը: Խոչընդոտվե՞լ է պատգամավորների աշխատանքը եւ մուտքը, այո՛, խոչընդոտվել է, վնասվե՞լ են մեքենաներ, այո, վնասվել են, մասնավորապես` ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանի եւ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վանիկ Ասատրյանի մեքենաների անիվներն են իջեցրել: Եվ ընդամենը հորդորել էի վարչապետին` հանձնարարել ոստիկանությանը զբաղվել այդ հարցերով: Նման ջղաձիգ ռեակցիան ադեկվատ չէ բարձրացված խնդիրներին, որոնք բացարձակ քաղաքական չեն, ուստի` զարմանալի էր նման արձագանքը վարչապետի քաղաքական տեսակետները սպասարկող որոշ ԶԼՄ-ների կողմից: Ինչեւէ, պատրաստ եմ վարչապետին ապագայում եւս աջակցել օրինականության պահպանման եւ տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու հարցում, որովհետեւ զարմանալի էր, որ պարոն Փաշինյանն իր մամուլի ծառայության կողմից ահազանգեր չէր ստացել նման միջադեպերի մասին: Կարծում եմ` հատկապես Ազգային ժողովի գործունեությանը վերաբերող մամուլի հրապարակումները րոպե առաջ պետք է հասնեն վարչապետի ականջին, եւ նա պետք է տեղեկացված լինի: Ազգային ժողովը պետական կառավարման սահմանադրական կարեւորագույն  մարմիններից մեկն է, եւ դրան վերաբերող տեղեկությունները, գործունեության անխափանությունը, օրինականությունը նաեւ ապահովում է վարչապետի սահմանադրական պարտավորությունները:

ԸՕ քվեարկությունն իրականում տապալել է «Ծառուկյան» դաշինքը

«ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՉԷ, ԱՅԼ` ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ»

– Անդրադառնանք նաեւ ՀՀ-ԵՄ համաձայնագրի շուրջ իրականացվող աշխատանքներին: Ժամանակին դժգոհություններ ունեիք համաձայնագրի միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ: Ի՞նչ կասեք հիմա:

– Կարեւոր եմ համարում հանձնաժողովի աշխատանքը, իսկ դժգոհությունս քաղաքական չէ, այլ մասնագիտական է եւ օգնելու իմաստ ունի: Կարծում եմ` մենք ուշացնում ենք, Հայաստանը դեռեւս չունի աշխատանքային պլան` այսպես ասած, ճանապարհային քարտեզ: Հիմա նշվարվում է, բայց էլի դանդաղ է ընթանում: Հանձնաժողովի ղեկավարը նախնական կարծում էր, որ սեպտեմբերի վերջին կունենանք ճանապարհային քարտեզ, այսօր հոկտեմբերի 5-ն է, դեռ չունենք:

– Ինչո՞վ կբացատրեք այսպիսի գործելաոճը:

– Կարծում եմ` սկզբից ուշադրության պակասն էր, հիմա նաեւ` գերատեսչություններում կոմպետենտության: Կարծում եմ` խնդիրը նաեւ այս համաձայնագրով իրականացվող եւ ակնկալվող բարեփոխումների համար ժամանակ չունենալն է: Այն նույն ջանասիրությամբ, որ կառավարությունը աշխատում է իր քաղաքական ընդդիմախոսների դեմ, այդ ջանքերի կեսը դներ ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրակացման բարեփոխումներ անելու վրա, շատ ավելի մեծ արդյունքներ կունենայինք` ավելի կոնկրետ օրինակով:

«ՊԵՏՔ ՉԷՐ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ ՎԱՐՉԱՊԵՏ, ԱՅԼ ՊԵՏՔ ԷՐ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՉԸՆՏՐԵԼ ԵՎ ԳՆԱԼ ԱՐՏԱՀԵՐԹ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ»

– Դե հիմա իշխանություններն ամեն ինչի պատճառը բացատրում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտությամբ...

– Եթե կարծում եք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն են պատճառը, որ կառավարությունը գործ չի անում, ուրեմն` այս կառավարությունը պետք է ընդհանրապես չձեւավորվեր: Եթե այս կառավարությունն ասելու էր, որ ես չեմ աշխատում` մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ չլինեն, ապա մայիսի 8-ին պետք չէր առաջադրվել, այլ պետք էր երկրորդ անգամ չընտրել վարչապետ, եւ ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ այն ժամանակ եւ ունենալ գործ անող կառավարություն: Ոչ թե կառավարություն, որը մայիսին ստանձնել է իր պորտֆելները, ստանում է իր աշխատավարձը, իր լիազորությունների մեջ է, բայց հենց ասում ես` գործ արա, ասում են` մինչեւ ընտրություն չլինի գործ չեմ անելու: Չգայիք կառավարություն, չկազմեիք կառավարության գործունեության ծրագիր...

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

– Ի դեպ, ներդրումների պակասն էլ են պայմանավորում նրանով, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն անցկացվել, եւ ներդրողները վստահություն չունեն այս կառավարության կայունության վրա:

– Մեծ հաճույքով լսել եմ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանի բացատրությանն այն մասին, որ ներդրումների հոսքը բացարձակ կապ չունի արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ: Սիրում եմ ազնիվ մարդկանց, ուրախ եմ, որ կառավարության մեջ կան նաեւ նման մարդիկ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА