o C     13. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՊԵՏՔ Է ԲԱՑԱՌԵՆՔ ԱՆՁԵՐԻ  ՄԻՋԵՎ ՊԱՅՔԱՐԸ»

15.03.2016 18:01 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«ՊԵՏՔ Է ԲԱՑԱՌԵՆՔ ԱՆՁԵՐԻ   ՄԻՋԵՎ ՊԱՅՔԱՐԸ»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ այլեւս իր քաղաքական ապագան չկապող, խիստ լռակյաց արտաքին գործերի նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը այսօր արդեն բլբուլ է կտրել` հայտարարելով իր նոր կուսակցության ստեղծման մասին: Ավելին` որպես նոր քաղաքական ուժի հիմնադիր` վերջինս սկսել է առավել ինտենսիվ քննադատել իշխանությանն ու հաճախ հիշել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այս, ինչպես նաեւ հարակից հարցերի շուրջ, ճեպազրույցի ժամանակ որոշ մեկնաբանություններ ստացանք ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀԿ խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻՑ:

«Փաստ». Վերջապես ո՞ւմ թեկնածուն է Վահե Գրիգորյանը, ով «պետք է տնօրինի մեր դատաիրավական համակարգը»

«ԵԹԵ ՊԱՐՈՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԴԱՎԱՃԱՆՈՒՄ»

-Պարոն Շարմազանով, Վ. Օսկանյանը բարձրաձայնելով նոր կուսակցություն ստեղծելու իր մտադրության մասին` զուգահեռ քննադատել է իշխանությանն ու մասնավորապես նշել, թե բավական է նայել այս իշխանության եւ Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակահատվածի տնտեսական ցուցանիշներն: Ի՞նչ կասեք այս մասին:

- Շատ մեծ հարգանք ունենալով` թե՛ երկրոդ նախագահի, թե՛ նախկին արտգործնախարար, պատգամավոր Օսկանյանի անձի նկատմամբ, պետք է նշեմ` եթե պարոն Օսկանյանի հիշողությունը չի դավաճանում, նա պետք է հիշի, որ Հանրապետականը 1999 թվականից մինչեւ օրս Հայաստանում ընթացող բոլոր քաղաքական գործընթացների` թե՛ դրականի, թե՛ բացասականի պատասխանատուն է: Ավելին` Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում կառավարության ղեկավարը երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանն էր, որը Հանրապետական կուսակցության նախագահն էր: Պետք է մի փոքր օբյեկտիվ լինել եւ հիշել, որ եթե 1998-2007 թթ.-ը ունեցել ենք տնտեսական հաջողություններ, ապա դրանք ինչքան իրենցն են համարում, այնքան էլ Հանրապետական կուսակցությանն են եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կառավարությանը: Այնպես որ, կարիք չկա արհեստականորեն բաժանում կատարել: 

- Կարելի՞ է ասել, որ Վ. Օսկանյանի կուսակցությունը ՀՀ երկրորդ նախագահի քաղաքական ծրագրերի մասն է կազմում:

- Դա Ռոբերտ Քոչարյանի եւ Վարդան Օսկանյանի խնդիրն է: Յուրաքանչյուր պաշտոնաթող ղեկավար, նախագահ, յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր քաղաքական ծրագրերը որոշելու եւ իրականացնելու: Հանրապետական կուսակցությունն ունի իր քաղաքական օրակարգը` անկախ մեկի կամ մյուսի քաղաքական ծրագրերից: 

- Ձեզ չի՞ մտահոգում Ռ. Քոչարյանի վերադարձը ակտիվ քաղաքականություն:

- Մեզ մտահոգում են ավելի լուրջ հարցեր` երկրի սոցիալ-տնտսական իրավիճակը, Ցեղասպանության ճանաչումը, հայ-ռուսական, հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը: Այսինքն` գլոբալ խնդիրները, մենք անձերի դեմ չենք պայքարելու: Եվս մեկ անգամ կրկնում եմ` թե՛ պարոն երկրորդ նախագահի, թե՛ երկրի առաջին նախագահի, թե՛ մնացած բոլոր քաղաքական գործիչների հետ մենք չունենք որեւէ խնդիր: Ուստի` հորդորում եմ լրատվամիջոցներին, որ քաղաքական պայքարը չտանեն անձերի պայքարի: Մենք անձերի պայքարին դեմ ենք ու պատրաստ ենք գնալ գաղափարական պայքարի հունով:

«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ ՈՐՈՇԱԿԻ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՑԻԱ ԿԼԻՆԻ»

-Այնուամենայնիվ, ի դեմս Վ. Օսկանյանի ստեղծվելիք կուսակցության` իշխող կուսակցությունը ուժեղ մրցակից տեսնո՞ւմ է:

- Չեմ կարող գնահատական հնչեցնել մի քաղաքական ուժի մասին, որը դեռեւս ձեւավորման փուլում է, եւ չգիտենք` ինչ գաղափարախոսություն է դավանելու, ովքեր են լինելու նրա առանցքային դեմքերը: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի քաղաքական օրակարգով եւ ինչպիսի քաղաքական թիմով քաղաքական դաշտ կմտնի Վարդան Օսկանյանի գլխավորած ուժը: Հիմա սրանք ընդամենը փիառ կոմբինացիաներ են, որի մասին մենք լսում ենք, բայց դեռ չենք տեսել այդ քաղաքական թիմի իրական գործունեությունը քաղաքական դաշտում: Միգուցե, նախընտրական փուլում կտեսնենք եւ այն ժամանակ կարող ենք խոսել: Ամեն դեպքում, մենք այսօր այլեւս սահմանադրական բարեփոխումներից հետո թեւակոխել ենք մի շրջան, որտեղ պետք է բացառենք անձերի միջեւ պայքարը: Պետք է լինեն կուսակցությունների, այսինքն` գաղափարների պայքարներ ու պետք է գնանք կուսակցությունների կայացման ճանապարհով: Եվ մենք` որպես հանրապետականներ, որեւէ մեկին մեզ հակառակորդ չենք համարում: Սա չի նշանակում, որ մենք ամենաուժեղն ենք եւ վերջ, պարզապես մենք հակառակորդներ չունենք Հայաստանի հանրապետությունում, այլ ունենք գործընկերներ:

- Դուք խոսում եք կուսակցությունների կայացման մասին, բայց հանրությունն ականատեսն է լինում ընդդիմադիր դաշտում կուսակցական պառակտումների...

- Առանց որեւէ մեկին վիրավորելու, ասեմ, որ ընտրություններից առաջ որոշակի տրանսֆորմացիա կլինի: Եվ առանց որեւէ մեկին մատնանշելու, պետք է ասեմ` կուզենայի, որ նոր ստեղծվելիք կուսակցությունները կամ առհասարակ քաղաքական ուժերը ոչ թե լինեին միանգամյա գործունեություն իրականացնող ՍՊԸ-ներ, այլ, իրոք քաղաքական կուսակցություններ, որոնք կլինեին երկարաժամկետ, որոնք կունենան հստակ դրույթ, օրակարգ: Ու երբ մեր հասարակությունը գնա ընտրությունների, իմանա, որ այս կուսակցությունը ազգային պահպանողական է, այն մեկը` սոցիալիստական, մյուսը` դեմոկրատական:

Սա դիլետանտների կառավարություն է. Վահան Բաբայան

- Ի դեպ, ընտրությունների մասին. որքանո՞վ Ընտրական նոր օրենսգիրքը կարող է բարձրացնել հանրության վստահությունը ընտրությունների նկատմամբ:

- Դեռեւս Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկում չի եղել, եւ կոռեկտ էլ չէ, որ հիմա մտնեմ նման քննարկումների մեջ: Մարտի 18-ին կլինեն առաջին քննարկումները, իսկ մարտի 22-ին կլինեն լսումներ: Այն ժամանակ բոլորս միասին առիթ կունենանք նախագիծը քննարկելու ու տեսակետներ արտահայտելու, որովհետեւ ամեն ինչ լինելու է հրապարակային: Այնպես որ, ոտքի վրա նման լուրջ հարցի վերաբերյալ պատասխաններ պահանջելը ճիշտ չէ: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА