ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՆԳԱՄ ՎԱՐՉԱՊԵՏՆ Է ԴԺԳՈՀ ԻՐ ԻՍԿ ՊԵՏԲՅՈՒՋԵԻՑ, ԲԱՅՑ ԱՎԵԼԻ ԼԱՎԸ ՉՈՒՆԻ

02.10.2018 21:00 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԱՆԳԱՄ ՎԱՐՉԱՊԵՏՆ Է ԴԺԳՈՀ ԻՐ ԻՍԿ ՊԵՏԲՅՈՒՋԵԻՑ, ԲԱՅՑ ԱՎԵԼԻ ԼԱՎԸ ՉՈՒՆԻ

Նախօրեին լրագրողների հետ զրույցում հերթական ցնցող հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա. «2019թ.-ի բյուջեն գնահատում եմ իներցիոն, որովհետեւ դա դեռեւս մեր կառավարության բյուջեն չէ: Դա ինչ-որ առումով նախկինից եկած իներցիայի բյուջեն է: Դա նախկին կառավարության բյուջեի ուրվականն է: Մեր տրամադրությունն այն է, որ ընթացքում այդ բյուջեն պետք է շատ լուրջ փոփոխությունների ենթարկվի»:

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ, ԹԵԵՎ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼ, ԲԱՅՑ ԿԱՐԾԵՍ ՉԻ ՍՏԱՑՎԵԼՈՒ

Բայց ի՞նչ կապ ունի նախկին կառավարությունը գալիք տարվա բյուջեի հետ: Փաշինյանը երեւի մոռացել է, որ մայիսից սկսած ՀՀ վարչապետն է, իր ղեկավարած կառավարության հետ պատասխանատու է նաեւ այս տարվա տնտեսական իրողությունների եւ, մասնավորապես, պետբյուջե-2018-ի կատարման համար: Ինչ վերաբերում է պետբյուջե-2019թ.-ին, դա առանց որեւէ անհասկանալի «իներցիաների», հենց իր իսկ ստեղծագործությունն է: Ի՞նչ ասել է՝ «ընթացքում այդ բյուջեն պետք է շատ լուրջ փոփոխությունների ենթարկվի». եթե այս պահին փոխելու խնդիր եք տեսնում, միանգամից այդ փոխված տարբերակովն ընդունեք, ձեռքներդ ո՞վ է բռնել: Չնայած, հասկանալի է նաեւ, թե Փաշինյանն ինչու է փորձում հեռու քաշվել իր իսկ պետբյուջեի նախագծից: Դեռ միտինգների ժամանակներից սկսած` ինչ ճոխ-ճոխ խոստում ասես, որ չտվեց, այդ թվում՝ տնտեսության, աշխատավարձ-թոշակների թռիչք, Հայաստանում դրախտային պայմանների ստեղծում: Բայց եկել է դրանց իրականացման պահը, իսկ երկրի վիճակը, մեղմ ասած, որեւէ ռեալ տեղաշարժ չունի: Ճիշտ է, դեռ շատերն են գալիք տարվա հետ հույսեր կապում, սակայն, թե ինչ ռեալ սպասելիքներ պետք է ունենալ, դա շատ բանով ցույց կտա, թե 2019թ.-ին ինչ պետբյուջե կունենանք, այն ինչ հեռանկարներ կմատնանշի: Մինչդեռ, եթե երկրում առաջընթաց չկա, չի կարող նաեւ պետբյուջեի համար թռիչք լինել: Բայց այս իրողության պարագայում նաեւ պետք է փորձել վարկանիշ պահել: Մի խոսքով, մի քանի իրար հակասող խնդիրներ են, որոնցից «ելքը»` քո իսկ սեփական պետբյուջեն, ասենք, նաեւ չիրականացված տնտեսական խոստումները նախորդ իշխանությունների հետ կապելու փորձն է: Մի խոսքով, միայն փաստը, որ Փաշինյանը սկսում է քիչ-քիչ ետ քաշվել իր իսկ բյուջեից՝ նաեւ փորձելով դրան ընթացքից «լուրջ փոփոխությունների ենթարկելու» խոստումներ կպցնել, արդեն իսկ շատ բան է ասում բյուջե-2019թ.-ի մասին: Չնայած, այդքան վատատեսության հիմք էլ չկա. բյուջե-2019թ. նախագիծը այն է, ինչի ռեալ հույսեր կարող էին լինել, հաշվի առնելով  այն իրողությունները, որոնք ստեղծում է ընթացիկ պետբյուջեն: Այսպես,  2018թ.-ին ունենք մոտ 1. 31 տրիլիոն դրամ (2017-ին՝ 1. 21  տրիլիոն) դրամ եկամուտներ, մոտ 1. 46 տրիլիոն դրամ (2017-ին՝ 1. 36  տրիլիոն) ծախսեր եւ 157 միլիարդ դրամ դեֆիցիտ ունեցող (2017թ.՝ 150 միլիարդ) ենթադրող պետբյուջե: Իսկ ահա 2019թ.-ի համար նախատեսվում է եկամուտները հասցնել 1. 462 տրիլիոն, ծախսերը՝ 1. 614 տրիլիոն եւ դեֆիցիտը՝ 151.6 միլիարդի: Մի կողմ թողնենք ծախսերը, դրանք գալիս են սպասվող եկամուտներից: Իսկ ահա եկամուտների պատկերը հետեւյալն է. եթե «ոչ հեղափոխական» 2017-ի համար 2018թ.-ին ունեինք (եթե, իհարկե, այս տարվա բյուջեն կատարվի) մոտ 100 միլիարդ դրամանոց աճ, ապա գալիք տարի այդ աճը կհասնի մոտ 150 միլիարդի: Խոստովանենք, չնչին տարբերություն է, առավել եւս, որ Փաշինյանը խոստանում էր «ծայրահեղ կոռումպացված» հին տնտեսությունը ազատագրել բոլոր արատներից, առավելագույնս վերացներ տնտեսության մոտ 40-50 տոկոսանոց «ստվերը», որի պարագայում, տրամաբանորեն, պետք է ունենային գոնե կեսով ավելացած պետբյուջե:

Բայց ունենք հազիվ 50 միլիարդ դրամի ավելացում: Ընդ որում, սրանում էլ արտառոց բան չկա. մոտավորապես այդ կարգի ավելացում նախատեսում էր նաեւ նույն նախկինների ստեղծած 2019-2021թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (ՄԺԾԾ): Ընդ որում, այս ծրագիրը, եթե կազմվել էր նախորդ կառավարության, ապա ընդունվել էր նոր կառավարության կողմից, ինչը նշանակում է, որ դեռ էն գլխից էր գործող կառավարությունը հավանություն տվել այդ ֆինանսատնտեսական իրավիճակին: Վերջապես, եթե նախկինների բյուջեն այս տարվա համար ենթադրում է ՀՆԱ-ի 4.5 տոկոս աճ, ապա գալիք տարվա համար այդ ցուցանիշը կանխատեսվում է 4.9 տոկոս: Եվ դա այն դեպքում, երբ ՄԺԾԾ-ով այդ ցուցանիշը 5.3 տոկոս է: Այսինքն՝ ՄԺԾԾ-ի ընդունումից՝ հուլիսից հետո տնտեսական զարգացումների մասին պաշտոնական կանխատեսումները դեռ մի բան էլ նվազել են: Իսկ ո՞ւր մնացին ներդրումային հեղեղի մասին տրված խոստումները: Այսպիսով, եթե կատարվեն ինչպես այս, այնպես էլ գալիք տարվա բյուջեներով կանխատեսված ցուցանիշները, դա կնշանակի մեկ բան՝ որեւէ տնտեսական թռիչք չկա, այսինքն՝ տնտեսությունը զարգանում է նույն հունով եւ տեմպերով, ինչ «հեղափոխությունից» առաջ էր: Իսկ այդ դեպքում մեկ պարզագույն հարց անմիջապես մտնում է շրջանառության մեջ՝ իսկ ի՞նչ տվեց «հեղափոխությունը» Հայաստանի տնտեսությանը: Նաեւ՝ քաղաքացիներին, հաշվի առնելով, որ բյուջեն աշխատավարձերի կամ թոշակների որեւէ ավելացում չի ենթադրում: Ավելին, ամիսներով սրան-նրան էին բռնում-բաց թողնում՝ կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ: Ուրեմն՝ այդ ամենը, ստացվում է, ոչինչ չի՞ տալու տնտեսությանը եւ քաղաքացիներին: Եթե ոչ, ուրեմն հետեւությունը սա է. իրականում այդ բռնել-բաց թողնելն ուղղված էր ոչ թե կոռուպցիայի, «ստվերի» եւ տնտեսական այլ երեւույթների դեմ պայքարին, այլ՝ չգիտես ինչին: Ընդ որում, ասվածի հետ կապված բան չի փոխվի, եթե անգամ իրոք գալիք տարի, ինչպես որ Փաշինյանն ասում է` «բյուջեն շատ լուրջ փոփոխությունների ենթարկվի»: Նկատի ունենք, որ արդեն ամիսներով են խոսում կոռուպցիայի դեմ պայքարից, եւ եթե դա էֆեկտիվություն ունենար, ապա արդեն իսկ այն պետք է տեսանելի լիներ եւ արտացոլվեր գալիք տարվա բյուջեում: Բայց, ֆիքսենք, արտացոլված չէ, այսինքն՝ նման էֆեկտ այս պահին պարզապես չկա: Մի խոսքով, սրանք այն իրողություններն են, որոնք էապես հակասում են գործող կառավարության միտինգային խոստումներին՝ դրանցից սպասվող քաղաքական հետեւանքներով հանդերձ:

«Ծրագրային դրույթների անորոշությունը կառավարության լավագույն հնարավորությունն է»

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА