o C     24. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՆԾՐԱԳԻՐ ԱՆՁՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԿԱՆԸ

02.10.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱՆԾՐԱԳԻՐ ԱՆՁՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԿԱՆԸ

Այն, ինչ չէինք տեսել,  դրան էլ ականատես դարձանք` Գյումրի-Վանաձոր մայրուղու կողքը ծլել է Նիկոլ Փաշինյանի արձանը: Եվ դա` սիրելի վոժդի դիմանկարների դեմ կեղծավոր պայքարի խորապատկերի վրա... Արդեն մոտենում ենք Ադրբեջանին, պարզապես «մեծն առաջնորդ» Հեյդարի առաջին արձանն այդտեղ ծլեց, երբ վերջինս արդեն հոգին Ալլահին էր ավանդել... Իսկ մեզանում եթե հաշվենք Նիկոլի պատկերներով հագուստեղենը, կենցաղային իրերը, անգամ սրբապատկերները` մազութային սուլթանատին տվել-անցել ենք:

«ԳԺԱՊԵՏՈՒԹՅԱՆ» ՍՐԱՑՈՒՄԸ, ԿԱՄ ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ 37 ԹՎԱԿԱՆ

Այսինքն` շտապ եւ ամբոխի ճնշման ներքո գործընթացով սրընթաց գնում ենք դեպի անհատի պաշտամունք: Դրա առնչությամբ հայտնի հայագետ Արթուր Արմինը, որը ՀՀԿ-ի հանդեպ սիրով, մեղմ ասած, երբեք աչքի չէր ընկնում, զգուշացնում է. «Ամբոխակերտ ժողովուրդը միավորվում է ԸՆԴԴԵՄ-ի համար` ՎՈԺԴԻ շուրջ: Ազգը միավորվում է ՀԱՆՈՒՆԻ համար` գաղափարի շուրջ: Կործանարար քաղաքական ԿՌԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ, որը ենթադրում է անհատի` ՎՈԺԴԻ աստվածացում, բացառում է գաղափարական եւ ծրագրային պայքար: Եվ այս առումով մենք նորից կանգնած ենք 1988-1990թթ. ելակետին: Սա ցուցում է, որ բնության օրինաչափությամբ պայմանավորված ՊԱՀԱՆՋԱՐԿ-ԱՌԱՋԱՐԿ բանաձեւով, մեր հասարակությունը գաղափարական եւ ծրագրային պահանջարկ, ինչպես անցած 30 տարիներին, այնպես էլ այսօր` չի՛ ներկայացրել»:

Այսպիսով, կռապաշտության անժխտելի իրողություն  ունենք: Իսկ թե ո՞ւր է դա տանելու, գիտնականը պարզ մատնանշում է. «Նիկոլ Փաշինյանի թիմը, ցավոք, ընդհանրապես չունի տեսաբանական աշխարահայացք` երբեք չի մտածել ֆունդամենտալ տնտեսաքաղաքական համակարգերի, հասարակության զարգացման եւ անկման օրինաչափությունների մասին: Գուցե իրենց համար էլ անսպասելի էր հաղթանակը հին ռեժիմի նկատմամբ, սակայն, Նյու Յորքում հնչած Ն. Փաշինյանի ելույթը ենթադրում է, որ այս նոր իշխանական ուժերն առջեւում դեմ առ դեմ կանգնելու են Հայաստանի խոշոր եւ միջին կապիտալը ներկայացնող կուսակցությունների դեմ` պատերազմական իրավիճակում»: Այո, դա չափազանցություն չէ` իրոք պատերազմական իրավիճակ, քանզի օդը ներծծված է թունդ ատելությամբ: Հանրության այն հատվածը, որը պաշտում եւ զորակցում է վոժդին, ռացիոնալ ամեն ինչից այնքան է հեռու, որ լիովին տեղավորվում է «խաժամուժ» եզրույթի ներքո: Իսկ ընթերցողը համացանցում կարող է ինքնուրույն նայել, թե ինչ են նշանակում «խաժ» եւ «մուժ» բառարմատները: Այո, հենց այդ խավար ուղղությամբ է գործն ընթանում, քանզի ֆեյսբուքյան զոմբիների մոտ արդեն կարելի է գրառումներ տեսնել, թե` Շառլ Ազնավուրը մահացավ, քանի որ ահավոր դառնացած էր, որ ՀՀԿ-ն չի թողնում ԱԺ-ն լուծարել...

ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՁԿԱՆԻ ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱԿ

Ինչ վերաբերում է Փաշինյանի եւ քաղաքական ուժերի  բանակցություններին, ապա առաջին փուլը կայացել է` ի դեմս ՀՀԿ խմբակցության ղեկավարի եւ վոժդի հանդիպման, եւ բանակցությունների առնչությամբ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շեշտել է հետեւյալը. «Բոլոր դեպքերում կարեւոր է, որ քաղաքական օրակարգը 3 կարեւոր սկզբունքների հիման վրա խարսխված լինի` առաջինը սահմանադրականություն, երկրորդը` Հայաստանի ներքին կայունություն, երրորդը` Հայաստանի անվտանգային միջավայրի ամրապնդում»:

Մինչդեռ վոժդի եւ նրա ֆանատիկոս (ինչպես նաեւ պատեհապաշտ) հետեւորդների մոտ նկատվում է այդ երեք սկզբունքների խախտում` հիմնական հակումը գնում է դեպի ԱԺ-ի հակասահմանադրական մեթոդներով լուծարում, եթե փողոցային ամբոխը վարչապետի կողմից պետք է օգտագործվի որպես ճնշման գործիք, ապա հրաժեշտ տվեք կայունությանը: Եվ վերջապես` թավշակրոնների գործունեությունն ու քարոզչությունը այն աստիճանի պացիֆիստական է եւ հակաբանակային, որ փորձագետներն արդեն արձանագրում են` հնարավոր բավականին ծանր պատերազմին պատրաստվող բանակի եւ ադեկվատությունից զուրկ քաղաքական իշխանության շահերը հակադիր են: Երեւում են նաեւ թավշակրոնների` քաղաքացիական պատերազմին պատրաստվելու նշանները: «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադրումը ոչ այլ ինչ է, քան հեղափոխական տեռորի կուսակցության հայտնություն: Որը ենթադրաբար օգտագործվելու է կեղտոտ աշխատանքը կատարելու համար, եւ որը նույն Նիկոլը գեղջկական խորամանկությամբ ե՛ւ հանրությանը, ե՛ւ ռազմավարական դաշնակցին ներկայացնելու է որպես վատագույն այլընտրանք ինքն իրեն: Այնքան էլ հասկանալի չէ եւ մերօրյա Աթարբեկովի` ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից Ֆուտբոլի ֆեդերացիան գլխավորելը: Մրցավարների հետ հանդիպման ժամանակ նա հասցրել է վերջիններիս ականջները լցնել նոր թավշյա Հայաստանի վերաբերյալ ինչ-ինչ ֆրազներ, որոնք կարող են դրսում ընկալվել որպես ֆուտբոլի քաղաքականացում: Եվ ամենակարեւորը` արդյո՞ք երաշխիք կա, որ ի հայտ չեն գա ֆուտբոլային ֆանատների վայրագ ջարդարար հրոսակներ, այն էլ այդպիսի բարձր հովանու տակ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА