ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԳՆԱԼ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՍՐՄԱՆ»

28.09.2018 21:20 ԶԱՐԿԵՐԱԿ
«ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԳՆԱԼ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՍՐՄԱՆ»

Երեկ աշխատանքային այցով Բաքու է ժամանել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Նախապես հայտարարություն էր տարածվել, որ Պուտինը Բաքու կգնա սեպտեմբերի 25-ին` երկօրյա այցով, սակայն այդպես չեղավ: Պուտին-Ալիեւ հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները մասնակցել են ռուս-ադրբեջանական միջտարածքային ֆորումին, որի շրջանակներում ստորագրել են մի շարք փաստաթղթեր: Օրեր առաջ ակտիվ խոսակցություններ էին շրջանառվում, որ ՌԴ նախագահը Բաքու կատարելիք այցից հետո կժամանի նաեւ Հայաստան, սակայն Մոսկվան պաշտոնական հայտարարություն տարածեց, որ այս տարի Վ. Պուտինը Հայաստան չի այցելի: Ի՞նչ մեսիջներ է պարունակում Պուտինի ադրբեջանական այցն ու հայաստանյան այցի հետաձգումը, ի՞նչ սպասել այդ ամենից: Թեմայի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

ՆԱԽԻՋԵՎԱՆԻՑ ՈՉ ՄԻԱՅՆ ՀՀ-ԻՆ Է ՎՏԱՆԳ ՍՊԱՌՆՈՒՄ, ԱՅԼԵՎ՝ ՌԴ-ԻՆ

 

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ.

-  Կար նախնական պայմանավորվածություն, որ ՌԴ նախագահ Պուտինը սեպտեմբերի վերջին այցելելու է Ադրբեջան ու Հայաստան, որից հետո նախատեսվում էր նրա այցելությունը Միջին Ասիայի որոշ երկրներ: Սակայն Ռուսաստանի պաշտոնական աղբյուրից ստացած տեղեկատվության համաձայն՝ Հայաստան այցը հետաձգվել է եւ, ըստ ամենայնի, կկայանա արդեն հաջորդ տարի: Կարծում եմ` այցելության հետաձգման հանգամանքը ռուսական կողմը պայմանավորում է հայ-ռուսական հարաբերություններում վերջին շրջանում տեղ գտած անհամաձայնություններով: Այստեղ առկա է քաղաքական ենթատեքստ: Այս ամենում շատ ավելի մտահոգիչ է այն, որ հետաձգվում է միայն հայաստանյան այցը: Հաշվի առնելով այն, որ ՌԴ նախագահը փաստացի հարավկովկասյան այցը նախատեսում էր իրականացնել Ադրբեջան ու Հայաստան` առանց Վրաստանի, սա թույլ է տալիս հաստատելու, որ հանդիպումների օրակարգային հիմնական հարցերից մեկը, անշուշտ, առնչվելու էր Արցախի հիմնախնդրին ու ընթացիկ բանակցություններին: Այս առումով՝ հայաստանյան այցի հետաձգումը դրական մեսիջներ չի ենթադրում հայկական կողմի համար: Ավելին` այս ամենից Ալիեւը ավելորդ ինքնավստահություն է ստանում, մի բան, ինչն ուղղակիորեն իր հետեւանքները կթողնի հայ-ադրբեջանական, արցախա-ադրբեջանական սահմանի ուղղությամբ: Նշեմ նաեւ, որ վերջին շրջանում հաճախակիացել են այցելությունները Ադրբեջան, այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության հետ ամենաբարձր մակարդակի հանդիպումները: Վերջերս տեղի ունեցավ Էրդողանի այցը, որը համընկավ Իսրայելի ՊՆ նախարար Լիբերմանի այցի հետ Բաքու: Կարեւոր պետք է համարել նաեւ սեպտեմբերի սկզբին կայացած Պուտին-Ալիեւ հանդիպումը: Կարծում եմ` այս հանդիպումները եւ փոխայցելությունները խոսում են Ադրբեջանի տարածաշրջանային կշռի մեծացման մասին, ինչը տրամաբանորեն ամրացնում է Ալիեւի դիրքերը  հայ-ադրբեջանական դիմակայությունում եւ Արցախի բանակցային գործընթացում: Կարելի է ենթադրել, որ Բաքու` Պուտինի այցելությամբ հայաստանյան այցելության հետաձգման ֆոնի ներքո, հոկտեմբերից ադրբեջանական կողմը կարող է գնալ լարվածության անհամեմատ սրման:

 

Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար, ադրբեջանագետ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆ.

«ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԴԵՂԻՆ ՔԱՐՏ Է ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»

- Հաշվի առնելով վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններում տեղի ունեցած իրադարձությունները եւ որոշակի լարվածությունը, կարելի է ենթադրել, որ այս քայլը ուղիղ մեսիջ է ուղղված Հայաստանին: Ինչ վերաբերում է Բաքու կատարած այցին, ապա Ադրբեջանն ամեն ինչ անում է՝ Ռուսաստանի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու եւ Արցախի հարցում առավելագույնս օգուտներ քաղելու համար: Ադրբեջանը երբեք էլ չի թաքցրել, որ այդ հարցի լուծումը տեսնում է միայն ռազմական ճանապարհով, ուստի այսօր ոչնչի առաջ կանգ չի առնում՝ պատերազմը սկսելու համար:

 

Քաղաքական եւ միջազգային հարցերով փորձագետ ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎՐՑՅԱՆ.

- Սա հստակ մեսիջ է ուղղված ՀՀ իշխանություններին, զուտ այն բանի համար, որ հասկանան, որ չպետք էր ՀԱՊԿ-ի նման կառույցի անվան շուրջ այդպիսի աղմուկ հանեին` մեղադրանք ներկայացնելով գլխավոր քարտուղար Խաչատուրովին: Բաքու կատարած այցի ընթացքում գուցե ձեռք բերվեն շատ պայմանավորվածություններ, որոնց մասին մենք այդպես էլ չենք իմանա: Այլ հարց է, որ Բաքու կատարած այցից հետո ՌԴ նախագահը այցելեր նաեւ Հայաստան, հավասարակշռությունն այսպես կպահվեր: Չպետք է մոռանանք, որ ՌԴ-ն ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից է, այլեւ ՀՀ ռազմավարական դաշնակիցը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում իրականացրել է հարցում, պարզելու բնակչության կարծիքը Պուտինի Բաքու կատարած այցի վերաբերյալ:

1. Պուտինի Բաքու գնալն ու Երեւան չգալը Հայաստանի համար վտանգավոր ակնարկ է- 46%:

2. Թերեւս, Հայաստան չգալը Պուտինի աշխատանքային գրաֆիկի հետ էր կապված, հաշվի առնելով, որ ադրբեջանական այցը եւս կրճատվեց- 23%:

3. Չպետք է մտահոգվել, առավել եւս, որ այս տարի նախատեսված են մի քանի միջոցառումներ, որոնց ընթացքում Պուտինը նաեւ Փաշինյանի հետ կհանդիպի- 17%:

4. Դժվարանում են պատասխանել- 14%:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА