o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Արդարադատության շահը չպետք է փոխկապակցվի այս կամ այն պաշտոնյայի դիրքորոշման հետ»

28.09.2018 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Արդարադատության շահը չպետք է փոխկապակցվի այս կամ այն պաշտոնյայի դիրքորոշման հետ»

Որքան էլ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները մոռացության տվեցին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված զրույցի շուրջ ստեղծված աղմուկը, սակայն այդ զրույցի բովանդակության մեջ ուշագրավ մանրամասներ կային, որոնք օրակարգային են եւ, մեղմ ասած, մտահոգիչ այսօրվա դատական համակարգի առումով, քանի որ տպավորություն են թողնում համակարգի խոցելիության եւ անկախ չլինելու մասին: Այս ամենի վերաբերյալ «Իրավունքը» զրուցեց ՀՀ արդարադատության նախկին նախարար, Բարձրագույն դատական խորհրդի անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ:

Կարեն Զադոյանը դադարեցրել է Հանրային խորհրդում իր անդամակցությունը

«ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆԱՑՎԵԼ ԵՆ ԱՌԵՐԵՎՈՒՅԹ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՐԺԵՔ ՈՒՆԵՑՈՂ ՀԱԿԱՍԱԿԱՆ ՓԱՍՏԱՐԿՆԵՐ»

– Պարոն Դանիելյան, ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հայտնի գաղտնալսման բովանդակության վերաբերյալ Դատական դեպարտամենտը հանդես եկավ հայտարարությամբ, որում նշվում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը վարող դատավորը չի զանգահարել ԱԱԾ տնօրենին եւ առհասարակ չի ճանաչում նրան անձնապես: Այս դեպքում կարելի՞ է ասել, որ ամենաբարձր մակարդակով փորձ է արվում զրպարտել դատավորին:

– Հայտարարության այդ հատվածը թերեւս համահունչ էր ինչպես դատավորի, այնպես էլ ԱԱԾ տնօրենի հրապարակային հավաստիացումներին, ուստի` այս համատեքստում դատավորին զրպարտելու փորձի մասին դատողությունները տեղին չեն: Ինչեւէ, հրապարակայնացվել են առերեւույթ իրավական արժեք ունեցող հակասական փաստարկներ, որոնց առնչությամբ հարուցվել է քրեական գործ, եւ պետք է հուսալ, որ կընթանա գործի հանգամանքների լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն:

– Այդուհանդերձ, դատավորի հայտարարությունը ԲԴԽ-ն ընդունել է ի գիտությո՞ւն, թե՞ այնուամենայնիվ, ծառայողական քննություն իրականացվել է դատավորի վերաբերյալ, քանի որ նրա զանգահարելու մասին փաստել են ԱԱԾ եւ ՀՔԾ պետերը, ինչպես նաեւ ՀՀ վարչապետը:

– Հանրության շրջանում Բարձրագույն դատական խորհրդի կարգավիճակի ու գործառույթների առնչությամբ պատկերացումները դեռեւս համարժեք չեն: Խնդիրն այն է, որ խորհուրդը չի կարող հարուցել կարգապահական վարույթ եւ ինքն էլ քննել այն ու պատասխանատվության ենթարկելու որոշում կայացնել, դա զուրկ կլիներ որեւէ տրամաբանությունից: Կարգապահական վարույթ հարուցելու լիազորությունը վերապահված է միայն Արդարադատության նախարարին եւ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ձեւավորված կարգապահական հանձնաժողովին: Այս նկատառումով էլ Բարձրագույն դատական խորհուրդը ձեռնպահ է մնում դատավորի կողմից որեւէ իրավախախտում թույլ տալու առնչությամբ հաղորդումների մեկնաբանությունից` դա նույնն է, որ դատարանը նախապես դիրքորոշում հայտնի իր կողմից քննվելիք գործի արդյունքների առնչությամբ: Բնական է, որ այս բնույթի լռությունը շատերի համար անհասկանալի է թվում, սակայն հենց սա է գործնականում դատական իշխանության անկախության փաստացի երաշխիքը: Ընդհանրապես, արդարադատության հարցադրումների առնչությամբ հարկ է ծայրահեղ շրջահայաց լինել, չտարվել անհարկի հրապարակային ելույթների գրավչությամբ, այս ոլորտին բնավ բնորոշ չէ դատական ակտերի գնահատման ու վերջնագրերի ոճաբանությունը:

«ՑԱՎՈՔ, ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ, ԻՄ ԿԱՐԾԻՔՈՎ, ՀԻՇՅԱԼ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ ԽՈՑԵԼԻ ԵՆ»

– Հանրության շրջանում փաստացի ձեւավորել է տեսակետ, որ դատավորը կարող է զանգել եւ իր վարույթում գտնվող գործի վերաբերյալ զեկուցել ԱԱԾ տնօրենին եւ իրենից կամ երկրի ղեկավարից ցուցումներ ստանալ: Երկար տարիներ քաջածանոթ լինելով ոլորտին` կարծո՞ւմ եք, որ դատական իշխանությունում այդպիսի մարդիկ շատ կան:

– Վիճակագրություն կամ ենթադրություն հրապարակելը կհակասեր քիչ առաջ իմ հայտնած մտքերին: Ինձ ավելի շատ մտահոգում է այն, որ այդպիսի յուրաքանչյուր դեպք իրավասու կառույցների կողմից պետք է լրջագույն քննության նյութ դառնա:

– Իսկ առհասարակ դատավորը իրավունք ունի՞ իր վարույթում գտնվող գործի շուրջ մանրամասներ հայտնել ԱԱԾ տնօրենին եւ լսել նրա հորդորները:

– Հարցեր կան, որոնք անգամ լրագրողի կողմից հնչեցնելն է տարակուսանք հարուցում, քանի որ յուրաքանչյուրին պետք է պարզ լինի, որ դատավորը չպետք է որեւէ արտաքին շփում ունենա եւ արդարադատության շահը փոխկապակցի այս կամ այն պաշտոնյայի դիրքորոշման հետ: Դատավորը չի կարող անգամ նախաձեռնել եւ թույլ տալ վերադաս այն դատավորի հետ խորհրդակցելը, որին տվյալ գործով կարող է ներկայացվել բողոք կամ որն ինքնաբացարկ է հայտնել տվյալ գործով: Բարդ հարցադրումների առնչությամբ դատավորը կարող է խորհրդակցել գործի ելքում չշահագրգռված մասնագետի հետ, սակայն առաջին իսկ հնարավորության դեպքում պարտավոր է կողմերին տեղեկացնել այդ մասնագետի ինքնության, ներկայացված հարցի վերաբերյալ ստացված կարծիքի մասին եւ հնարավորություն տալ նրանց այդ կապակցությամբ ներկայացնելու իրենց դիրքորոշումը: Ի դեպ, այս կապակցությամբ մամուլում արդեն իսկ տեսակետ եմ հայտնել, որ առավել նախընտրելի կլիներ, որ դատական իշխանության նկատմամբ վստահության տեսանկյունից այս խիստ բարդ ու հակասական մթնոլորտում, հնարավորինս սեղմ ժամկետում ձեւավորվեր միջազգային փորձագետներից բաղկացած հանձնախումբ, որին միանգամայն իրավաչափ ընթացակարգով կկարողանային դիմել դատավորները եւ իրենց տրամադրության տակ ունենալ հիրավի արհեստավարժ ու անաչառ դիրքորոշումներ: Ցավոք, հայրենական մասնագետները, իմ կարծիքով, հիշյալ չափանիշներով խոցելի են: Ինձ համար առնվազն անընդունելի են վերլուծությունները, որոնցում անգամ անթաքույց փորձ չի արվում զերծ մնալ անմեղության կանխավարկածի շրջանցումից:

​​​​​​​«Վալերիանկա տուր...». Ռոբերտ Ամիրխանյանը հուզվեց նախարարի անակնկալ այցից (Տեսանյութ)

«ԱՅՍ ԴԵՊՔՈՒՄ ԻՄ ԿՈՂՄԻՑ ԿԱՐԾԻՔ ՀԱՅՏՆԵԼՆ ԻՐԱՎԱՉԱՓ ՉԷ»

– Չե՞ք կարծում, որ նսեմացնելով մերօրյա դատական համակարգը` փորձ է արվում արդարացնել անցումային արդարադատություն ստեղծելու անհրաժեշտությունը: Ըստ Ձեզ, ի՞նչ հետեւանքներով է հղի այս ամենը:

– Այդ երկու հարցադրումների միջեւ ներքին կապ չէի կամենա տեսնել, ավելին, եթե կիրառվեն անցումային արդարադատության այնպիսի խորհրդատվական ինստիտուտներ, որոնց արդեն մի առիթով անդրադարձել եմ, ապա դատավորներն առավել պաշտպանված կլինեն հնարավոր ապօրինի միջամտություններից: Այսինքն` անցումային արդարադատությունը հարկ է ընկալել ոչ թե որպես դատական իշխանության հակակշիռ ու այն իշխանության այլ ճյուղերի կողմից վերահսկելի դարձնելու լծակ, այլ նույն արդարադատությանն օժանդակելու հուսալի համակարգ: Ես հետեւում եմ այդ առնչությամբ հայրենական մասնագետների հրապարակումներին, տեղյակ եմ, որ ոմանք անհարկի հրապուրված են ակնհայտ ծայրահեղ ու, մեղմ ասած, խնդրահարույց տարաբնույթ, թերեւս, հնչեղ ու խոստումնալից անվանումներով կառույցների շուտափույթ ձեւավորմամբ, սակայն կրկնում եմ` այդպիսի բարդ հարցերով առավել նախընտրելի է միջազգային փորձագետների անաչառ ու արհեստավարժ դիրքորոշումը: Հավելեմ, որ նախընտրելի է, որպեսզի դատական համակարգում կիրառման ամուր հենք ապահովվի` ՄԻԵԴ-ից բարդ եւ հակասական հարցերով խորհրդատվություն ստանալու պրակտիկայի համար, ինչն արդեն միանգամայն հնարավոր է, եթե նկատի ունենանք, որ ներկայումս գործում է այդպիսի իրավական հնարավորություն երաշխավորող Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիային կից 16-րդ արձանագրությունը:

– Վերադառնալով հայտնի գաղտնալսման բովանդակությանը` հետաքրքիր է` Ձեր գնահատմամբ` խախտվե՞լ է Սահմանադրության հոդված 26-ը, որը հռչակում է` «Ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգման, անմարդկային, կամ նվաստացնող վերաբերմունքի, կամ պատժի», երբ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտնում է գաղտնալսված ձայնագրության մեջ, որ կալանավորելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին` ցանկացել է, որ երկու օր նստի, որպեսզի ,խելքը գլուխը գա» եւ նրանից կորզի իրեն անհրաժեշտ ցուցմունքը:

– Ձեր նախորդ հարցերից մեկին պատասխանելիս, անդրադարձա արդեն իսկ հարուցված քրեական գործին, ինչպես նաեւ Խորհրդի անդամի կարգավիճակի համատեքստում հրապարակային տեսակետ հնչեցնելու հնարավորությանը, ուստի` այս դեպքում իմ կողմից կարծիք հայտնելն իրավաչափ չէ:

– Այսօր մտավախություն ունե՞ք` դատական համակարգի վրա գործադրվող ճնշումների եւ դատարանի որոշումների անաչառության առումով:

– Նախ` հարկ է նկատել, որ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, յուրաքանչյուր պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին կամ պաշտոնատար անձ պարտավոր է ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել կամ վնասել դատավորի անկախությունը: Բացի այդ, անձամբ իմ խնդիրն եմ համարում ոչ թե միջամտության տարածվածության աստիճանի վերաբերյալ ենթադրություններ անելը, այլ կոնկրետ փաստերով արդարացի քննություն ապահովելը այն դեպքում, երբ արդարադատության նախարարի կամ կարգապահական հանձնաժողովի կողմից կներկայացվեն նշված փաստերով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ համապատասխան միջնորդություններ: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА