ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉՊԵՍ ՍՈՐՈՍԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ 2022 ԹՎԱԿԱՆԸ ՏԵՂԱՓՈԽԵԼ 2018

28.09.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԻՆՉՊԵՍ ՍՈՐՈՍԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ 2022 ԹՎԱԿԱՆԸ ՏԵՂԱՓՈԽԵԼ 2018

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները այն աստիճանի են դարձել Նիկոլ Փաշինյանի իդեա-ֆիքս, որ այդ մասին նա խոսեց անգամ համամոլորակային ամբիոնից` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Նա ոչ մի կերպ չի ուզում հաշտվել այն մտքի հետ, որ, ըստ Սահմանադրության, ԱԺ ընտրությունները պետք է տեղի ունենան 2022-ին: Իսկ մայրաքաղաքի ընտրություններում արձանագրելով 81 տոկոս դիկտատորական թիվը` նա որոշեց, որ անգամ իր կողմից նշված նախկին ժամկետը` 2019-ի գարունը, չափազանց ուշ է, եւ պետք է հասցնել նոր խորհրդարան ունենալ մինչեւ այս տարվա վերջ:

ԵՐԲ ԿՈԿՈՐԴԻԼՈՍՆԵՐԸ ԹՌՉՈՒՄ ԵՆ, ԿԱՄ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆԱՔԱՆԴՈՒԹՅՈՒՆ

 

ՎԱՐՉԱՊԵՏԸ` ՈՐՊԵՍ ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ԿԵՆԴԱՆԻ ԳՈՎԱԶԴ

Ուշագրավ է, որ մեր թավշակրոն ֆյուրերը ՄԱԿ-ի իր ելույթի գրեթե հալալ կեսը նվիրեց «սիրո եւ համերաշխության» թավշյա հեղափոխությանը` մանրամասն խորանալով ե՛ւ դրա ընթացքին, ե՛ւ ապագա հեղափոխական ծրագրերին: Մինչդեռ պարզ է, որ համամոլորակային այդ դահլիճում, ուր հավաքվում են աշխարհի գրեթե բոլոր պետությունների ղեկավարները, եւ որը նախատեսված է գլոբալ հարցերի քննարկման համար, դժվար թե, որեւէ մեկին հետաքրքիր լիներ, թե ինչպես է Հայաստանում իշխանություն փոխվել, երբ են լինելու ընտրությունները, որ ուժերն են մեր երկրում սեւ, եւ որոնք` սպիտակ: Եվ, ի դեպ, նաեւ այլ պետությունների այն առաջնորդները, ովքեր իշխանության են եկել հեղափոխության արդյունքում, ՄԱԿ-ի ամբիոնից հեքիաթ չէին պատմում իրենց հեղափոխության ընթացքի մասին: Օրինակ, արդյո՞ք Ֆիդել Կաստրոն այդ ամբիոնից երբեւէ երկար ու բարակ պատմել է, թե ինչպես է Կուբայում տապալել բռնապետությունը եւ սկսել կոմունիստական ապագա կառուցելու ուղին: Կամ որեւէ մեկը հիշո՞ւմ է, որ, ասենք, Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդներն այդ ամբիոնից պատմեին, թե ինչպես են տապալել իրենց շահնշահին...

Նույնը վերաբերում է եւ այլ հեղափոխական վարչակարգերին, բայց մերոնք որոշել են առաջնորդվել «Մերն ուրիշ է» կարգախոսով: Եվ, բնականաբար, հարց է ծագում` արդյո՞ք մեր երկրի վարչապետը, Ռոբերտ Քոչարյանի ասած,         «ուրիշ մասնագետի» կարիք ունի, թե՞ այդպիսի «նորարարությունը» այլ նպատակներ եւ ինչ-ինչ շրջանակների չհայտարարված շահեր է սպասարկում: Մենք չենք խոսում բազում քաղաքագետների, դոկտոր-պրոֆեսորների, անգամ պրոֆեսիոնալ դիվանագետների մասին, ովքեր սազը վերցրած սկսեցին գովերգել Նիկոլ Փաշինյանի ՄԱԿ-ի ելույթը, թեեւ մասնագիտական խիղճը նրանց պետք է հուշեր, որ այդ գովերգելու համար պետք է  գետինը մտնեն: Դե հասկանալի է, մարդիկ անձնական շահագրգռվածություն  ունեն, ակնկալիքներ ունեն դեպի դիկտատուրա սրընթաց գնացող թավշակրոն ֆյուրերից, մի մասն էլ, միգուցե, ամբոխից են վարակվել կույր պաշտամունքով եւ անմեղսունակությամբ: Իսկ մենք հակված ենք այն  ենթադրությանը, որ որոշակի շրջանակների էր անհրաժեշտ Նիկոլ Փաշինյանի ելույթի այդ հատվածը: Անհրաժեշտ էր որպես պետական հեղաշրջման` իր եզակի արդյունավետությունը ցույց տված տեխնոլոգիայի գովազդ: Ու փույթ չէ, որ ՄԱԿ-ի ամբիոնում հակապետական հեղաշրջման տեխնոլոգիայի կենդանի գովազդային վահանակի դեր ստանձնած պետության ղեկավարը ե՛ւ ինքն իրեն է հեղինակազրկում, ե՛ւ իր ներկայացրած պետությունը: Իսկ ինչ անուն ունեն այդ շրջանակները` մենք պայմանականորեն դրանց կկոչենք հավաքական Սորոս, թեեւ այդ անդրկուլիսյան համակարգում Ջորջ Սորոսն իր հիմնադրամով թեեւ խոշորագույն, բայց ամենեւին էլ ոչ միակ խաղացողն է: Դե, իսկ ինչպիսին էր Սորոսի եւ այլ` գրանտ բաժանող հիմնադրամներով սնվող կառույցների դերը թավշյա հեղափոխությունում, դրա մասին շատ-շատ է խոսվել:

 

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԱԿ-Ի ԱՄԲԻՈՆԻՑ «ՔՑԵՑ» ԲՈԼՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ

Գյումրիից դեպի մայրաքաղաք քայլերթի մանրամասները մի կողմ դնենք, հիշատակենք միայն ժողվարչապետի կարեւոր գովազդային ֆրազը. «Մենք հաջողեցինք` հակառակ բոլոր կանխատեսումների. նույնիսկ հայտնի փորձագետները թերահավատ էին մեր հաղթանակի նկատմամբ»:

Իսկ հիմա ուշադիր կարդացեք այս երկու-երեք նախադասությունը. «Այդուհանդերձ, ես ընտրվեցի վարչապետ: Ես ընտրվեցի մի խորհրդարանում, որտեղ ունեի ընդամենը չորս վստահելի ձայն, այդ թվում` իմ սեփականը: Սակայն դա հնարավոր եղավ: Դա տեղի ունեցավ, քանի որ մարդիկ պահանջատեր էին, եւ ընդամենը մեկ տարի առաջ ընտրված խորհրդարանն անսաց ժողովրդի կամքին` չունենալով այլընտրանք»: Այսինքն` ի՞նչ է ասում` որ ոչ միայն ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ի շուրջ մեկտասնյակ պատգամավորները իրեն ձայն են տվել ամբոխի ուժային ճնշման ներքո, այլեւ իր «Ելք» դաշինքի գործընկերները: Ըստ էության, նա ապերախտություն դրսեւորեց զանգվածներ հրապարակ բերող ԲՀԿ-ի նկատմամբ, ապերախտ եղավ անգամ «Ելքի» իր գործընկերների հանդեպ, ովքեր թեեւ սկզբում համաձայն չէին հեղափոխական տարբերակին, բայց հետո բովանդակ ուժերով լծվեցին դրան: Էլ չենք խոսում Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի հանդեպ նրա ապերախտության մասին` Նիկոլը չի էլ ցանկանում հիշել, որ արյունահեղության ռիսկից խուսափելու համար երկրի ղեկավարը եւ իշխող կուսակցությունը հրաժարվեցին իշխանությունից: Թեեւ փողոց դուրս բերած զանգվածներին ուժային միջոցներով ցրելը ամենեւին էլ անլուծելի խնդիր չէր: Իսկ ընդհանուր առմամբ, ինչպես բացահայտորեն հետը համագործակցած, այնպես էլ ստվերային պայմանավորվածությունների դաշտում գործող գործընկերներին  Նիկոլի կողմից «քցելու» մասին կարելի է հատորներ գրել: Եվ կարծում եք, օրինակ, ինչո՞ւ նրա հավաստիացումներին չեն հավատում ռուսները: Ո՛չ, այն  պատճառով չէ, որ նա մեկ տարի անց հրապարակավ փոխեց իր աշխարհաքաղաքական նախապատվությունները, այլ նրա համար, որ շատ լավ տեղյակ են` այդ գործիչը «քցող» է եւ ցանկացած պահի կարող է դրժել ցանկացած պայմանավորվածություն: Եվ, ի  դեպ, նույն պատճառով նրա «սֆաթը» տեսնելու ցանկությամբ չեն այրվում նաեւ ամերիկացիները:

ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ Է ԱՆԴՐԱԶԳԱՅԻՆ ԳԱՂՈՒԹԱՐԱՐՆԵՐԻՆ ԴԻՄԱԳՐԱՎԵԼԸ

ՎԱՏ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԽՈՐՀԴԱՐԱ՞ՆՆ Է ԽԱՆԳԱՐՈՒՄ

Բացի նրանից, որ Նյու Յորքում հայտարարվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու մասին, Փաշինյանը նաեւ շեշտեց այլ կարեւոր պահ. «Ցանկանում եմ շեշտել, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը սոսկ կառավարության կամ իշխող կուսակցության փոփոխություն չէ: Ստեղծվում է նոր քաղաքական եւ կառավարման համակարգ, որը մենք կոչում ենք ժողովրդի ուղղակի, անմիջական իշխանություն եւ կառավարում»: Այսինքն` նա ի լուր աշխարհի ու նաեւ հավաքական Սորոսի, հայտարարեց, որ շարունակելու է բացարձակ ամբոխապետություն ստեղծելու հրեշավոր էքսպերիմենտը, որի արդյունքներին անհամբեր սպասում են ոչ այնքան ուղեղն ամբողջովին անջատած «ազատ եւ հպարտ քաղաքացիները», որքան Երեւանից հազարավոր կիլոմետրեր հեռու բնակվող շատ լուրջ եւ ազդեցիկ այրերը: Սպասում են, որպեսզի հաջողության դեպքում դա այլ երկրներում էլ կիրառվի: Իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տնտեսական գործոնով պայմանավորելը շատ դիպուկ բնութագրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակությամբ իշխանական քարոզիչներն արտահերթ խորհրդարանական ընտրությունների գաղափարը հիմնավորելու համար հիմա էլ փորձում են առաջ բերել տնտեսական փաստարկներ: Զարմանալի չէ, որ այդ հակասահմանադրական մտահղացումն առաջ մղելու համար նրանք չեն խորշում բոլոր հնարավոր հնարքներից: Առաջին հայացքից ծիծաղաշարժ է նաեւ այդ փաստարկը: Սակայն երկարաժամկետ քաղաքական պլանավորման տեսակետից վարչապետը փորձում է հեռահար նպատակներ հետապնդող խաղ խաղալ: Վստահ լինելով, որ հանրային կարծիքի ձեւավորման վրա ինքը մեծագույն ազդեցություն ունի, մյուս կողմից էլ` հասկանալով, որ ժողովրդի սոցիալ-տնտեսական խնդիրներն իշխանափոխությունից հետո ոչ միայն չեն լուծվում, այլեւ սրվում են եւ ավելանում, Նիկոլ Փաշինյանը փորձում է մարդկանց աչքերում տպավորություն ստեղծել, թե, ժողովուրդ, դուք վատ եք ապրում, ես ձեր կյանքը չեմ կարողանում լավացնել, գների աճը զսպել չեմ կարում, տնտեսությունը զարգացնել չեմ կարում, ներդրումներ բերել չեմ կարում, որովհետեւ ԱԺ-ում չունեմ իմ սեփական մեծամասնությունը»:

ՀԱՅ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ԹՈԹԱՓԵՑ «ԴԸՄՓ-ԴԸՄՓ ՀՈ՛Ւ»-Ն

Իսկ պետականաքանդ եւ հակասահմանադրական այդ նախաձեռնությունը «հիմնավորելու» գործին լծված են բազում քարոզիչներ, այդ թվում եւ մասնագիտական խիղճը ծախած փորձագետները: Զառանցանք հիշեցնող փաստարկների մեջ շատ չենք խորանա, կնշենք միայն այն, որ ասում են` գործադիր իշխանությունը չի կարող արդյունավետ աշխատել, եթե չունի խորհրդարանական մեծամասնություն: Մինչդեռ ներկայիս ԱԺ-ն ոչնչով չի խոչընդոտել կառավարության աշխատանքին, չի փորձել զբաղվել կառավարության մշակած օրենքների տապալումով: Իսկ, այ, գործադիր իշխանությունը վարչապետով հանդերձ, զբաղված է օրենսդիր իշխանության սանձարձակ մրոտման գործով, ու հիմա էլ սպառնում է շաբաթներով փողոցները լցված ամբոխով պարտադրել խորհրդարանին, գնալ ինքնալուծարման սցենարներից մեկով: Այսինքն` պետք է փաստենք, որ հենց վարչապետն է մտադիր ամեն կերպ կազմալուծել խորհրդարանի բնականոն աշխատանքը: Եվ տրամաբանական է ոչ թե խորհրդարանի լուծարումը, այլ վարչապետի հեռացման միջոցով այդ «բալանսի» վերականգնումը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА