ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՅՍ ՎԻՃԱԿԸ, ԻՀԱՐԿԵ, ՊԱՐՏԱԴՐՈՒՄ Է ՄԵՂԱՎՈՐՆԵՐ ՓՆՏՐԵԼ

26.09.2018 22:30 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՅՍ ՎԻՃԱԿԸ, ԻՀԱՐԿԵ, ՊԱՐՏԱԴՐՈՒՄ Է ՄԵՂԱՎՈՐՆԵՐ ՓՆՏՐԵԼ

Նախօրեին ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հնչեցրած առնվազն տարօրինակ մտքերով վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ մեսիջների, ակամա խոստովանեց, որ լրջորեն մտահոգված է հայաստանյան տնտեսության վիճակով: Այսպես, եթե «հեղափոխությունից» անմիջապես հետո նա խոստանում էր ներդրումային հոսքեր եւ տնտեսության բարգավաճում, ապա, մեկ-երկու ամսից հպարտանում էր ոչինչ չասող Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) վիճակագրական երկնիշ աճով, ապա արդեն ամերիկահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նա արդեն բողոքում էր ներդրումների պակասից եւ Հայաստանի տնտեսության «որեւէ լավատեսության հիմք չտող կառուցվածքից»: Ավելին, ակտիվորեն «փնտրում է», թե ում վրա կարելի է մեղքը բարդել, եւ գտավ՝ մեղավորը խորհրդարանն է, պետք է ցրել:

«Ինչու՞ է Կառավարությունը ‹‹կտրում այն ճյուղը, որի վրա նստած են բոլորը››

Այսպիսով, եթե բանը հասել է տնտեսական վիճակի հարցում մեղավորներ փնտրելուն, ուրեմն դա ամենից առաջ մեկ բան է հուշում՝ վիճակն այնպիսին է, որ արդեն մեղավորներ գտնելու անհրաժեշտություն կա: Ասենք, օրերս հրապարակվեց նաեւ պաշտոնական վիճակագրության՝ օգոստոս ամսվա ցուցանիշները, որոնք, ինչքան էլ գեղեցկացված, բայց էլի լուրջ մտահոգություններ առաջացնում են: Սկսենք նույն ՏԱՑ-ի ցուցանիշից, որով դեռ մեկ-երկու ամիս առաջ այդքան հպարտանում էր Փաշինյանը: Եվ ահա, եթե հունիսին՝ նախորդ տարվա եւ նախորդող ամսվա համեմատությամբ, վիճակագրությունը ներկայացրել էր ՏԱՑ-ի համապատասխանաբար 109.6 եւ 112.4 տոկոս աճ, հուլիսին՝ 111.1 եւ 108.0 տոկոս, ապա օգոստոսին պատկերը կատաստրոֆիկ է: Այսպես, նախորդ օգոստոսի համեմատ` աճն ընդամենը 100.6՝ դրանից մեկ ամիս առաջվա 111.1 տոկոսի դիմաց: Ի՞նչ է դա նշանակում. կոպիտ ասած, եթե հուլիսին՝ հախորդ տարվա նույն ամսվա համեմատ հայաստանյան տնտեսությունն ակտիվացել էր 11.1 տոկոսով, ապա օգոստոսին այդ ակտիվությունը կտրուկ ընկել է՝ դառնալով գրեթե 0: ՏԱՑ ասվածը կոնկրետ ցուցանիշ չէ, այն հուշում է, թե տնտեսությունն ինչ սպասելիքների մեջ է: Այսինքն, եթե մի ամսում 11.1 տոկոսը դառնում է 0.6, ապա դա նշանակում է, որ տնտեսվարողների մոտ սպասելիքների կտրուկ, ավելի կոնկրետ՝ կատաստրոֆիկ անկում է եղել: Եվ այս պարագայում առնվազն տարօրինակ է, որ վիճակագիրները համառորեն ֆիքսում են, թե չէ, հուլիսի համեմատ ՏԱՑ-ն ավելացել է 7.9 տոկոսով: Իհարկե, կարելի է ամեն մի թիվ էլ գրել, սակայն դրանից խնդրի էությունը չի փոխվի: Գանք այլ` ավելի ռեալ ուղղություններին: Արդյունաբերությունում, եթե ողջ տարվա ընթացքում, բացի՝ ապրիլից («հեղափոխության» պատճառով) ամսական կտրվածքով, մշտապես աճի միտում էր եւ հաճախ՝ բավականին բարձր (17 տոկոս, 13, 7 տոկոսի կարգի), օգոստոսին արդեն 2.6 տոկոս անկում է արձանագրվել: Գյուղատնտեսությունում 12-ամսյա կտրվածքով անկումը 16.7 տոկոս է, այն դեպքում, երբ տարվա կեսերին գյուղնախարարությունը հպարտորեն ներկայացնում էր տասնյակ տոկոսներով արտահանված գյուղմթերքների աճ: Եվ այս իրավիճակում իսկական ֆանտաստիկա է, որ վիճակագրությունը ներկայացրել է անցած օգոստոսի եւ այս հուլիսի համեմատ` համապատասխանաբար  14.7 եւ 4.4 տոկոս առեւտրաշրջանառության աճ: Բացատրելու համար, ներկայացնենք այլ ցուցանիշներ եւս: Այսպես, այն չարաբաստիկ գնաճը, որը բոլորն էլ տեսնում են, վիճակագրական տեսք ստացավ: Անցած օգոստոսի համեմատ ունենք 3.3 տոկոս թանկացում, իսկ հուլիսի համեմատ՝ 0.6: Որպեսզի չթվա, թե դրանք փոքր թվեր են, նշենք, որ մեկ տարի առաջ նախորդող օգոստոսի համեմատ ունեինք 0.9 եւ հուլիսի համեմատ՝ 0.4 տոկոս գնանկում: Այսինքն՝ 12-ամսյա գնանկման տեմպերը աճել են մոտ 3.5 անգամ, իսկ ամսական կտրվածքով՝ մոտ 3: Եվ սրա հետ մեկտեղ՝ վիճակագրությունն արձանագրել է բնակչության գնողունակության անկում՝ միջին աշխատավարձը օգոստոսին՝ հուլիսի համեմատ նվազել է 5.1 տոկոսով: Թե սոցիալական առումով ինչ է նշանակում եկամուտների անկմանը զուգահեռ արձանագրվող թանկացումը, բացատրել պետք չէ, ամեն մեկն էլ իր գրպանի վրա կզգա: Սակայն խնդիրն այլ կողմ ունի. ինչպե՞ս է ստացվում, որ գներն ավելանում են, մարդկանց եկամուտները՝ պակասում, այսինքն՝ գնողունակությունը նվազում է, եւ մյուս կողմից՝ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը մտնում է անկման փուլ, այսինքն՝ տնտեսվարողներն ավելի քիչ գնումներ են կատարում, իսկ առեւտրաշրջանառությունը երկրում ավելանում է: Թերեւս, կբացատրեն, թե դա ստվերից հանված շրջանառություն է. առաջ ցույց չէր տրվում, հիմա՝ տրվում է, եւ արձանագրվել է տարեկան մոտ 15 տոկոսանոց աճ: Հնարավոր է: Բայց այս դեպքում մեկ այլ ցուցանիշ հիշեցնենք. վերջերս ՊԵԿ նախագահը ներկայացնում է հարկահավաքման ավելացման մոտավորապես 15 տոկոսանոց ցուցանիշ: Այսինքն, եթե հարկերն ավելացել են հիմնականում ստվերում եղած առեւտրի հաշվին, նշանակում է՝ տնտեսական աճի պատճառով ավելացում չկա: Այսինքն՝ ունենք զրոյական տնտեսական աճ, թեեւ եթե մանրամասն հաշվենք, կստացվի բացասական: Հաշվի առնելով, որ առնվազն տարակուսանքի տեղիք է տալիս նաեւ վիճակագիրների պնդումը, թե՝ անցած օգոստոսի համեմատ ծառայություններն ավելացել են 20.5 տոկոսով: Ինչ է դա նշանակում. երկրում թանկացումներ են, մարդիկ ունեն գնողունակության անկում եւ մի կերպ կենտրոնացել են առաջին անհրաժեշտության ապրանքների վրա: Բայց չէ, պարզվում է, որ ունեցած վերջին կոպեկներն անգամ չեն խնայում ծառայություններ ձեռք բերելու համար: Իսկ ավելի ռեալ, եթե ծառաայությունների այդ ցուցանիշը վիճակագրականից մոտեցվի իրական կյանքի, ապա հիշատակված ՏԱՑ-ի 0.6 տոկոսից, ավելի կոնկրետ՝ տնտեսական աճի դեռ չներկայացված ցուցանիշից բան չի մնա: Դե այսքանից հետո, իհարկե, մեղավորներ փնտրելու ժամանակն է, բա հո չեն ասի, թե մեր հարգարժան երիտասարդ կառավարությունը տնտեսությունից գլուխ չի հանում:

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԳԵՐԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻՑ ՀԱՍՏԱՏ ՉԵՆՔ ԽՈՒՍԱՓԻ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА