ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉՈՒ Է ՎԱՐՉԱԽՈՒՄԲԸ «ՄՐՍՈՒՄ» ՔՈՉԱՐՅԱՆՆԵՐԻ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑԵՐԻՑ

26.09.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԻՆՉՈՒ Է ՎԱՐՉԱԽՈՒՄԲԸ «ՄՐՍՈՒՄ» ՔՈՉԱՐՅԱՆՆԵՐԻ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑԵՐԻՑ

Այսօր ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների սկանդալային գաղտնալսման առնչությամբ ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովը գումարելու է իր հերթական նիստը: Ընդ որում, միջազգային փորձագետներն այդ դեպքի առնչությամբ զուգահեռներ են տանում Վրաստանի հետ, ուր համանման սկանդալի արդյունքում գլխավոր դատախազը հրաժարական տվեց: Նրանք նաեւ նշել են, որ շատ ու շատ երկրներում այս տեսակ միջադեպերը կարող են հանգեցնել անգամ ամբողջական իշխանության հրաժարականի, «էլ չենք խոսում նման սկանդալների մեջ ներգրավված իրավապահների մասին»:

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՑՈՒԳՑՎԱՆԳԸ ԵՎ ՄԵԽԻ ԳԼՈՒԽՆԵՐԸ

 

ԵՐԲ ՍԵՓԱԿԱՆ ԼԵԶՈՒՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՎ ՎԱՆԵՑՅԱՆԻ ԹՇՆԱՄԻՆ Է

Սակայն ոչ միայն սկանդալային գաղտնալսումն է դարձել վարչախմբի գլխացավանք: Այդ գաղտնալսման առնչությամբ ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի համատեղ ասուլիսին այնքան բաներ հնչեցին, որ այդ պաշտոնյաները դեռ շատ երկար պետք է մտահոգվեն դրա տակից դուրս գալու մասին: Մասնավորապես ՀՀ երկրորդ նախագահի որդին` Սեդրակ Քոչարյանը, Արթուր Վանեցյանին դատի է տվել զրպարտության համար, նկատի ունենալով այն դրվագը, ուր ԱԱԾ տնօրենը Ռոբերտ Քոչարյանին կապեց «Կոնգրես» հյուրանոցի կաշառքով վերցնելու ինչ-որ պատմության հետ: Այդ հայցից հետո պարոն Վանեցյանը պարզաբանեց, որ ասուլիսին արագ խոսելու պատճառով արտահայտվեց այնպես, որ իրեն սխալ հասկացան...

Այսինքն` երկրի ազգային անվտանգության համար պատասխանատու այդ պաշտոնյան պարզվում է ոչ միայն ՀՔԾ պետի հետ զրուցել է չպաշտպանված հեռախոսակապով եւ գաղտնալսվել, ոչ միայն այդ զրույցի ընթացքում այնպիսի նյութ է քննարկել, որ նրանց արտաբերած յուրաքանչյուր գաղտնալսած նախադասություն մի քրեական հոդվածի քաշող բան է, այլեւ խոստովանեց, որ իր լեզուն ուղեղից առաջ է ընկել, եւ նա չի անսացել վարչապետ Փաշինյանի հորդորին` խոսելուց առաջ մտածել: Իսկ այն, որ պարոն Վանեցյանը փորձեց սեփական խոսքից հետ քաշվել, վկայում է, որ Քոչարյանների ընտանիքի` դատարան ուղարկած դիմումները այս վարչախմբի համար, ժողովրդի խոսքով ասած` հանաք-մասխարա չեն: Հիմա էլ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին, ըստ ամենայնի, վերջինիս փարիզյան ելույթի առնչությամբ, ուր թավշյա հեղափոխության ֆյուրերը իրեն ավելորդ բաներ է թույլ տվել: Իսկ սա արդեն անկախ դատավարության ելքից, աշխատելու է ի վնաս Նիկոլ Փաշինյանի վարկանիշի: Եթե դատարանը բավարարեց Ռոբերտ Քոչարյանի հայցը, ապա Նիկոլը հարկադրված կլինի կամ հրապարակավ ներողություն խնդրել Քոչարյանից, կամ հրաժարվել դատարանի որոշումը կատարելուց, եւ երկու դեպքում էլ դա բավականին ծանր հարված է վարչապետի վարկանիշին: Իսկ եթե դատարանը մերժեց հայցը, ապա դրանով էլ ավելի հիմնավոր կդառնան գաղտնալսումից եւ Նիկոլի հրապարակային ելույթից բխող իրողությունները, որ անձամբ վարչապետն է կարգավորում, թե որ դատավորն ինչպես պետք է վարվի, ու հետեւաբար արդարադատություն գոյություն չունի: Իսկ արդարադատության եւ դատական իշխանության չգոյության պատճառով է, որ ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովը անելիք է գտել Հայաստանում...

Ու թեեւ Ռոբերտ Քոչարյանի հայցը դատարան է ուղարկվել Երեւանի ավագանու ընտրություններից առաջ, սակայն այդ լուրը հանրության սեփականություն դարձավ արդեն ընտրություններից անմիջապես հետո: Այսինքն` այն պահին, երբ ակնհայտ դարձավ, որ Նիկոլն իր հեղափոխությունով հանդերձ, վայելում է երեւանցիների ընդամենը 1/3-ի վստահությունն ու ժողովրդի անունից խոսելու մանդատ չունի:

 

ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՐՏԱԴՐԵԼԸ ԽԱՂՈՒՊԱՐ ՉԷ

Պարզ է, թե ինչու թավշակրոն վարչախումբը ընտրություններից անմիջապես հետո հայտարարեց, որ մտադիր է մինչեւ տարվա վերջ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մայրաքաղաքում ընդամենը 1/3 վստահություն ունենալը, իսկ մարզերում դրանից էլ զգալիորեն քիչ, հուշում է, որ ձմռանից հետո (իսկ ձմեռը դժվար թե նպաստի հեղափոխական էյֆորիային), այդ վարկանիշը շատ էական կպակասի: Առավել եւս, որ Հայկ Մարությանի պես քաղաքապետն արդեն հասցրած կլինի երեւանցիների մեղադրանքների թիրախ եւ աչքի գրող դառնալ: Եվ եթե հիմա դեռ կա հնարավորություն` բազմահազարանոց «ամբոխերը խելագարված» հանել փողոց եւ մղել ցանկացած անհեթեթության, գարնանը, դժվար թե, դա հնարավոր լինի` նույնիսկ տեսականորեն: Իսկ ՀՀԿ-ն, թեեւ կողմ է իշխանության հետ քաղաքական երկխոսության, սակայն պարզ ասում է, որ որեւէ հիմք եւ անհրաժեշտություն չի տեսնում արտահերթ ընտրությունների համար: Նույն տրամադրությունն էլ ունի եւ ԲՀԿ-ն, որի լեզուն թեեւ կարճացել է մայրաքաղաքային ընտրական էքսպերիմենտից հետո, բայց այդ կուսակցության եւ վերջինիս առաջնորդի կենսական շահերից է բխում արտահերթ ընտրությունների բացառումը: Ի դեպ, հետաքրքրական է ՀՀԿ-ի շնորհավորական տեքստի բովանդակությունը. «Հուսով ենք, որ նորընտիր քաղաքապետը եւ ավագանու անդամները կիրականացնեն ընտրարշավի ընթացքում տրված խոստումները, որոնց լիարժեք կատարման նկատմամբ վերահսկողությունը լինելու է ողջ հասարակության խնդիրը: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չմասնակցեց Երեւանի ավագանու ընտրություններին` հասարակությունը ծայրահեղ բեւեռացման վտանգից զերծ պահելու համար: Ցավոք, «Իմ քայլը» դաշինքը եւ անձամբ վարչապետ Փաշինյանը քարոզարշավը կառուցեցին հասարակությունը «սեւերի եւ սպիտակների» բաժանելու մոտեցմամբ»: ՀՀԿ-ն նաեւ շեշտում է սեւ ու սպիտակի առնչությամբ. «Ակնհայտ է, որ մայրաքաղաքի բնակիչների գերակշռող մեծամասնությունը չսատարեց այդ մոտեցումը»:

ՀՈԳՈՎ ՍՈՎԱԾ ԻՇԽԱՆԱԶԱՎԹԻՉՆԵՐԸ ԳԱՀԱՎԻԺՈՒՄ ԵՆ

Սեւ ու սպիտակի բաժանման բացասականությունը մատնանշված է եւ ԲՀԿ հայտարարությունում: Ճիշտ է, ընտրություններից հետո ԲՀԿ-ն ու առավել եւս ՀՅԴ-ն, զգուշավոր են իրենց արտահայտություններում, որպեսզի Նիկոլը նրանց նախարարներին ու մարզպետներին խցանի պես չթռցնի, բայց նաեւ հասկանում ենք, որ արտահերթ ընտրությունն իրենց ոչ մի լավ բան չի բերի, անգամ եթե զերծ  մնան հեղափոխական ռեպրեսիաներից: Այնպես որ, թավշակրոն ֆյուրեր Փաշինյանը չի կարող հույս ունենալ,  որ հեշտ ու հանգիստ կպարտադրի շտապ արտահերթ ընտրություններ: Առավել եւս, որ մեծ հարցական է` արդյո՞ք գերտերությունները բարի աչքով կնայեն ամբոխային ճնշումներով օրենսդիր իշխանության հարց լուծելու փորձերին, թե` լրիվ ընդհակառակը: Դրան գումարած նաեւ այն, որ Երեւանում «սեւերի» 2/3 լինելը նույնպես վարչախմբի համար շատ մտահոգիչ է: Չէ՞ որ նրանք հասկանում են, որ դա այն դեպքը չէ, երբ մարդիկ անտարբեր են, ու ընտրությունները բոյկոտելու լռությունը վարչախմբի համար նաեւ չարագուշակ է: «Սեւ» որակված մեծամասնությանը ինքնահռչակ «սպիտակների» պորտը տեղը դնելու համար ընդամենը առաջնորդ է պակասում: Եվ «սպիտակները» սարսափում են այն մտքից, թե հատկապես ով հանկարծ կարող է լինել այդ առաջնորդը...

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА