ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կարգին Հայկոյին ընտրեց «Կարգին հաղորդման» տակ մեծացած սերունդը

25.09.2018 22:00 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
 Կարգին Հայկոյին ընտրեց «Կարգին հաղորդման» տակ մեծացած սերունդը

Երեկվանից 2800-ամյա մայրաքաղաք Երեւանը նոր ղեկավար ունի` հումորի, ծամածռությունների վարպետ կարգին Հայկոն` Հայկ Մարությանը: ՈՒՀԱ-ում եւ իր կերտած կերպարներում գրեթե միշտ պաշտոնի ձգտած Մարությանի երբեմնի երազանքը Նիկոլ Փաշինյանի շնորհիվ արդեն իրականություն է, այժմ իրականում կխաղա թալանող պաշտոնյայի կերպարը: Հատկանշական է, որ ամիսներ առաջ, հեղափոխության օրերին, երբ խոսվում էր Մարությանի` ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցնելու մասին, նա բառացիորեն հայտարարել էր. «Այս ամենը ես պաշտոնի համար չեմ անում»:

ՆՈՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՑ ՊՈՊՈՒԼԻՍՏԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ, ԱՐԴԵՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ

ԱՄԵՆ ԻՆՉ ՊԼԱՆԱՎՈՐԱԾ ԷՐ Ի ՍԿԶԲԱՆԵ

Ու թեպետ կտրականապես հերքել էր, որ պաշտոնի համար չէ կանգնած հեղափոխության հիմքերում, բայց հակառակը փաստեց, որ այս կյանքում պատահական ոչինչ չի լինում: Հեղափոխության օրերին պատահական չէր, որ Հայկոն Փաշինյանի անբաժան մասնիկն էր դարձել, եւ վերջապես պատահական չէր, որ Փաշինյանը հեղափոխության վերջին օրերին հեղափոխական հարթակում Կարգին Հայկոյի ձեռքը բռնեց ու բարձրացրեց վերեւ` տողատակում հանրության ապագա քաղքապետի նկարագիրն էր: Ինչու, ասենք, այդ օրերին Փաշինյանը նույն կերպ չվարվեց հարթակում իր կողքին կանգնած այլ հավատարիմների հետ, օրինակ` ասենք, Ալեն Սիմոնյանի, քանի որ ամեն ինչ պլանավորած էր ի սկզբանե: Այնուամենայնիվ, շատ չանցած Կարգին Հայկոն արդեն անդամագրվեց Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ու այդ մասին իրազեկեց իր ֆեյսբուքյան էջով, որտեղ մասնավորապես գրել էր. «Հենց նոր ստորագրեցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը անդամակցելու դիմումը: Բոլորդ գիտեք, որ ես երբեւէ ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել: Բայց մեր պայքարը դրսում ավարտվել է, եւ եկել է ժամանակը համախմբվել Հայաստանը ավելի բարեկեցիկ եւ ուժեղ դարձնելու գաղափարի շուրջ: Պայքարը շարունակելու եմ քաղաքական դաշտում... Միշտ ձեզ հետ եմ, միշտ ձեր կողքին. Կաշը գնաաաաաց...»: 

Արդյունքում, իբրեւ պաշտոնի չձգտող Կարգին Հայկոն առաջադրվելուց հետո անհանգստացած դիմեց հանրությանը. «Հանկարծ չքաշեք` չգաք ընտրության»: Իրականում Հայկոյի մտավախությունները տեղին էին, նրան քաշեց ու ընտրության չներկայացավ Երեւանի ընտրողների կեսից ավելին` մոտ 57 տոկոսը:

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկին իշխանություններին մեղադրում էր ընկեր-խնամի-ծանոթ-բարեկամներին պաշտոններ շռայլելու մեջ, բայց ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց առ այսօր` Կառավարությունում արդեն նաեւ Քաղաքապետարանում պաշտոններ շռայլեց իր ընկեր-խնամի-ծանոթ-բարեկամներին: Կառավարության կազմի հետ Փաշինյանի  ընկերական ու այլ կապերի մասին բազմիցս ենք գրել, իսկ արդեն Երեւանի քաղաքապետ ընտրված Հայկ Մարությանի հետ ընտանեկան մտերմության մասին խոսել է անձամբ Հայկ Մարությանը, երբ վարչապետ ընտրվելուց հետո Փաշինյանի հետ ուղղաթիռով ուղեւորվել էր Արցախ ու իր ներկայությունն արդարացրել այս կերպ. «Ընդհանրապես ուղղաթիռով գնալու միտք չկար, պարոն վարչապետը գիշերը գնում էր Արցախ, ես նրան ճանապարհում էի, եւ արդեն պայմանավորվածություն կար, որ ես էլ իմ մեքենայով պետք է գնամ եւ այնտեղ միգուցե եւ կտեսնվեինք: Ես մենակ պետք է գնայի, եւ պարզվեց, որ ուղղաթիռում ազատ տեղ կա, ինձ առաջարկեցին` ուղղաթիռով գնալ, քանի որ դրանից ո՛չ պետական բենզինն էր ավելի ծախսվելու, ո՛չ էլ ուղղաթիռին էր ինչ-որ բան լինելու: Ես որպես քաղաքացի եմ գնացել, ոչ թե պաշտոնական այցի մի մաս: Բացի այս ամեն ինչից` պարոն Փաշինյանն իմ ընկերն է, եւ մենք ընտանիքներով ընկերություն ենք անում»,- այստեղ հարց է առաջանում, հարգարժան Հայկ Մարությանն ինչու նախկինում, թեկուզ մենակ, չէր նստում իր ավտոմեքենան ու գնար Արցախ, եթե գնում էր, ապա ինչու այդ մասին չէր հանրայնացնում...

«Գիժ անտերը»` նոր քաղաքային իշխանության խոսելաոճի էտալոն

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՇԵՆՔԸ ՀԱՅԿՈՆ ԿՎԵՐԱԾԻ «ԱԶԻԶՅԱՆՆԵՐԻ» ՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ՞

Կարգին Հայկոյին իր քվեն փաստացի տվեց այն սերունդը, որ 20 տարի ակամայից դաստիարակվել ու մեծացել, ցավոք, հայկական կինեմատոգրաֆիայի մասին պատկերացում է կազմել Կարգին Հայկոյի կիսագողական ու ծամածռված կերպարներով` «Կարգին մուլտերով», «Կարգին հաղորդման մանրապատումներով», «Կարգին սերիալով», «Սուպեր մամաներով» եւ վերջապես «Ազիզյաններով»: Եվ իհարկե այդ սերնդին միացավ նաեւ դերասանական այն մասսան, որը նկարահանվել է Կարգին Հայկոյի հետ, կամ` նրա նկարահանած «ֆիլմերում» ու սիթքոմներում, եւ վաղն էլ ակնկալում են, որ Ազիզյաններ սիթքոմում կերպար կունենան: Հա, ի դեպ, հետաքրքիր է` այսուհետ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որ խոստացել է Երեւանի բնակիչներին «թեւերը քշտած» գործի անցնել, ինչպե՞ս է համադրելու Ազիզյանի եւ քաղաքապետի կերպարը, հավանաբար, հանուն Ազիզյաններին փրկելու Քաղաքապետարանի շենքը կօգտագործվի որպես նկարահանման հրապարակ, չէ որ ե՛ւ ընդարձակ է, ե՛ւ գեղեցիկ ճարտարապետական կառույց:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА