o C     09. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Էյֆորիան դեռ կա, եւ այն վերածեց այս ընտրությունները քաղաքական ընտրությունների»

25.09.2018 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Էյֆորիան դեռ կա, եւ այն վերածեց այս ընտրությունները քաղաքական ընտրությունների»

Երեւանի ավագանու ընտրություններին բացարձակ մեծամասնությամբ հաղթեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը, իսկ «Բարգավաճ Հայաստանը» մի կերպ կարողացավ հաղթահարել անցողիկ շեմը: Երրորդ տեղում էլ հայտնվեց «Լույս» դաշինքը, որի հավաքած ձայները, թեպետ անցողիկ չէին, բայց մյուսների համեմատ, ավելի բարձր լինելու շնորհիվ մի կերպ Երեւանի ավագանիում 3 մանդատ ունենալու հնարավորություն ընձեռեցին: Իսկ մնացյալ 9 քաղաքական ուժերը, որոնք մասնակցում էին ընտրություններին, մնացին ձեռնունայն: Ամփոփելով Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների ընդհանուր պատկերը` զրուցեցինք «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ հետ: Նրա գնահատմամբ` Երեւանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին քաղաքական կուսակցությունների բացակայությունը:

Այսօր Նիկոլը շատ լավ հասկանում է, որ այլևս մարդիկ չեն ասելու՝ «լավ, արի ընտրենք». Միքայել Գրիգորյան

«ԵԹԵ ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ ՏԵՂԸ ՑԱՆԿԱՑԱԾ ՄԵԿԸ ԼԻՆԵՐ, ԿՈՒՆԵՆԱՅԻՆՔ ՆՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ»

- Իշխող քաղաքական ուժի հիմնական հակառակորդները, այսինքն` ՀՀԿ-ն ու Ռոբերտ Քոչարյանը, չէին մասնակցում ընտրություններին, իսկ ովքեր մասնակցում էին, մասնակցում էին զուտ «սոցիոլոգիական սխալմունքի» մակարդակում, ինչը ցույց է տալիս, որ ոչ թե թույլ է կուսակցական համակարգը, այլ կոլապսային վիճակում է գտնվում: Արդյունքում էյֆորիան դեռ կա, եւ այն վերածեց այս ընտրությունները քաղաքական ընտրությունների: Պատահական չէ, որ ընտրություններին իշխող ուժը մասնակցեց «Իմ քայլը», այլ ոչ «Քաղաքացիական պայմանագիր» անվան ներքո: ՔՊ-ն պահեցին: Սա երկրի առաջին դեմքի ընտրություններն էին: Ընտրություններն իր վրա էր կրում ոչ թե քաղաքական ուժը, այլ անձը` Նիկոլ Փաշինյանը: Եվ եթե Հայկ Մարությանի տեղը ցանկացած մեկը լիներ, էլի կունենայինք նույն արդյունքը: Սա ցույց է տալիս, որ խորհրդարանական համակարգով երկրում զարգացած քաղաքական ուժեր չկան:

«ԲՀԿ-Ի ՑԱԾՐ ԱՐԴՅՈՒՆՔԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԷՐ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ»

– Պարոն Իսկանդարյան, ըստ Ձեզ, ինչո՞վ էր պայմանավորված, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը երկրի թիվ երկրորդ քաղաքական ուժն էր համարվում, հիմա հազիվ անցողիկ շեմը հաղթահարեց:

– Ես ակնկալում էի մոտավորապես այնպիսի արդյունք, ինչպիսին գրանցվեց: Իհարկե, մի փոքր ավելի էի գնահատում ԲՀԿ-ի հնարավորությունները եւ մի քիչ պակաս արդյունք էի սպասում «Իմ քայլը» դաշինքից: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության իմ կանխատեսածից մի փոքր ցածր արդյունքը ավելի շատ պայմանավորված էին վերջին 1-2 օրերի իրադարձությունների հետեւանքով` խոսքը ԲՀԿ-ի գրասենյակներում կատարված խուզարկությունների մասին է: Բայց սա չէ կարեւոր, այլ այն, որ սա զուտ քաղաքային ընտրություններ չէին, այլ վստահության ընտրություններ էին, եւ այն գործադիր իշխանությունների փոփոխությունից հետո ապացուցեց, որ առնվազն երեւանցիները հաստատում են նոր իշխանությունների բարձր վարկանիշը:

– Բայց ընտրության իրավունք ունեցող երեւանցիներից միայն 1/3-ն է իր ձայնը տվել «Իմ քայլը» դաշինքին: Ինչպե՞ս կբացատրեք սա:

– Ես սպասում էի նման մասնակցություն: Առհասարակ քաղաքային ընտրություններին բարձր մասնակցություն չի գրանցվում: Նախորդ ընտրություններին մասնակցությունն ավելի քիչ էր: Բայց կրկնեմ` սա միայն քաղաքային ընտրություններ չէին եւ նաեւ մրցակցային ընտրություններ չէին, քանի որ բոլորը գիտեին, թե ինչ արդյունք է լինելու: Իսկ դա, որպես կանոն, ազդում է մասնակցության վրա: Այն հատվածը, որը չի հավատում իր թեկնածուի հաղթանակին, չի գնում ընտրության:

«ՔՊ-ԻՆ ԴԺՎԱՐ ԿԼԻՆԻ ՄԻՆՉԵՎ 2022 ԹՎԱԿԱՆՆ ԱՅՍՔԱՆ ԲԱՐՁՐ ՎԱՐԿԱՆԻՇ ՊԱՀԵԼԸ»

– ՀՀ վարչապետը դեռեւս քարոզարշավի ժամանակ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներն արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ քաղաքական կուսակցությունների հետ բանակցելու համար իր մանդատն էր համարում, այժմ նա արդեն նշում է, որ շուտով սկսելու է բանակցություններ ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ: Ի՞նչ կասեք այս մասին:

– Հնարավորինս շուտ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հավանականությունը բավական մեծ է: Այս տեսքով խորհրդարանը պահելը նախ հեշտ չի լինի, դրանից բացի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը դժվար կլինի մինչեւ 2022 թվականը այսքան բարձր վարկանիշ պահելը: Արտահերթ ընտրությունների անցկացման հետ կապված այն խնդիրները, որոնք կանգնած են Նիկոլ Փաշինյանի ու իր կողմնակիցների առջեւ, տեխնիկական են: Այնպես որ, եթե քաղաքական վերնախավի մոտ լինի արտահերթ ընտրություններ անցկացնելու կամքը, ապա տեխնիկական խնդիրները լուծելի են: Սակայն Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական ուժերը վերակազմակերպվելու անհրաժեշտություն ունեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА